Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.12.2018
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Պառլամենտարիզմը՝ անկախ պետության կարեւորագույն հայտանիշ

Խորհրդարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Ազգային ժողովում

ՀՀ Ազգային ժողովի բակում երեկ նշվել է խորհրդարանի ձեւավորման 100—ամյա հոբելյանը։ Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի եւ Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Բակո Սահակյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների նախագահները, ինչպես նաեւ ՀՀ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորներ, ՀՀ գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, բարձրաստիճան հոգեւորականներ, պաշտոնատար անձինք։
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո տրվել է ընդունելության մեկնարկը։
Միջոցառմանը ելույթներ ունեցան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ Աժ նախագահ Արա Բաբլոյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախկին պատգամավոր Թաթուլ Մանասերյանը։
Հոբելյանական միջոցառման շրջանակում ցուցադրվեց Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100–ամյակին նվիրված տեսաֆիլմ, որում ներկայացված էր խորհրդարանի ստեղծման եւ գործունեության պատմությունը։
Այնուհետեւ հյուրերը այցելեցին ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքում տեղակայված Ազգային ժողովի նորաբաց թանգարան, ներկա գտնվեցին նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպված ֆոտոցուցահանդեսին։

Խորհրդարանի լեգիտիմության աղբյուրը ժողովրդի կամքն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Վեհափառ տեր,
Տիկնայք եւ պարոնայք,
Այսօր մենք նշում ենք Հայոց խորհրդարանի կամ Հայոց խորհրդարանական ավանդույթի 100—ամյակը, եւ սա նշանակալի իրադարձություն է, չնայած մի քանի հազար տարվա պետական ավանդույթ ունեցող ժողովրդի համար 100 տարին երեւի թե եւ ակնհայտորեն այդքան շատ չէ։ Բայց այս 100 տարին շրջադարձային նշանակություն ունի մեր պետական գիտակցության համար, որովհետեւ ունենալ խորհրդարան որպես բարձրագույն օրենսդիր մարմին՝ նշանակում է, որ այլեւս պետական կառավարման առանցքային շարժիչ ուժը ժողովրդի կամքն է, ժողովրդի ընտրությունը, ժողովրդի կամարտահայտությունը։ Սա է որեւէ պետությունում խորհրդարանի գոյության ամենակարեւոր իմաստը, երբ ժողովուրդը հանդիսանում է իշխանության միակ, անփոխարինելի եւ բացառիկ աղբյուր։ Այս առումով, մենք իսկապես մի կարեւոր ժամանակաշրջան ենք թեւակոխել, երբ ժողովրդի նոմինալ իշխանությունը վեր է ածվում նաեւ ժողովրդի իրական, դե ֆակտո իշխանության։ Հայոց խորհրդարանների դերը երեք հանրապետությունների պատմության ընթացքում, իհարկե, հնարավոր չէ գերագնահատել, այդ խորհրդարաններն ունեցել են իրենց բացառիկ դերը, առավել եւս Հայաստանի առաջին հանրապետության պատմության մեջ եւ առավել եւս Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում։ Շատ կարեւոր է արձանագրել, որ որեւէ խորհրդարանի գործունեության արդյունավետության եւ լեգիտիմության կարեւորագույն աղբյուրն իսկապես ժողովրդի կամքն է, եւ խորհրդարանը պետք է արտահայտի այն տրամադրությունները, այն մտադրությունները, այն երազանքները, այն ընտրությունը, որ կատարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Եվ ես այս առումով շատ կարեւոր եմ համարում, որ Հայաստանի խորհրդարանները երբեք չունենան այնպիսի խնդիր, երբեք իրենց գլխավերեւում չունենան այնպիսի հարցադրում, թե որքանով են այդ խորհրդարաններն արտահայտում ժողովրդի ընտրությունը եւ ժողովրդի կամքը։ Սա կարեւորագույն խնդիր է մեր իրականությունը եւ պետական կառավարման համակարգը սինխրոնացնելու, նույնականացնելու գործում, եւ ես համոզված եմ, որ մենք իսկապես որպես մի հանրություն, որպես մի պետություն, որպես մի ժողովուրդ, որ կարողացանք իրականացնել մարդկության պատմության համար աննախադեպ եւ բացառիկ քաղաքական հեղափոխություն, ի վիճակի կլինենք, այո, նաեւ Ազգային ժողովի նախագահի հնչեցրած սկզբունքների եւ մոտեցումների շրջանակներում լուծել այն խնդիրները, որոնք առկա են ներքաղաքական կյանքի ընթացիկ օրակարգում։

Ես ուզում բոլորիս շնորհավորել Հայոց խորհրդարանի, խորհրդարանական ավանդույթի 100—րդ տարեդարձի կապակցությամբ եւ ցանկանալ ու համոզմունք հայտնել, որ խորհրդարանական մեր ավանդույթը դեռ շատ ու շատ երկար շարունակություն է ունենալու, եւ երկու զրոյի կողքին ունենալու ենք նաեւ երրորդ զրո եւ այդպես շարունակ։ Հայաստանի Հանրապետությունը, Հայոց խորհրդարանը պետք է գոյություն ունենան հավիտյան, եւ ես համաձայն եմ բոլոր այն շեշտադրումների հետ, որ մենք մեր պատմությանը, մեր առաքելությանը, մեր գործունեությանը պետք է նայենք ոչ թե մեկ օրվա, ոչ թե մեկ ամսվա, ոչ թե մեկ տարվա կամ տասնամյակի կտրվածքով, այլ հարյուրամյակների կտրվածքով, որովհետեւ այն, ինչ մենք անում ենք այսօր, իր արձագանքն է գտնելու նաեւ 100, 200, 300 տարի հետո։ Եվ ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի քաղաքական այրերի մոտ, հայ ժողովրդի շրջանում կա բավարար հմտություն, կամք, իմաստնություն, որպեսզի մենք մեր երկիրը, մեր պետությունը, մեր Սահմանադրությունը, մեր ժողովրդին դնենք զարգացման անբեկանելի ռելսերի վրա, ինչը կապահովի մեր ժողովրդի եւ մեր պետության, մեր լինելիության հավիտենականությունը։ Շնորհավորում եմ բոլորիս Հայոց խորհրդարանի 100—րդ տարեդարձի կապակցությամբ։
Շնորհակալ եմ»։

Պետականության գաղափարը մեր հոգու եւ մտքի մեջ է եղել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան.
«Նախ թույլ տվեք միանալ բոլոր այն շնորհավորանքներին, որոնք այսօր հնչում եւ հնչելու են հայոց խորհրդարանի 100—ամյակի առթիվ։
Մի քանի ամիս առաջ հանդիսավորությամբ նշեցինք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100—ամյակը։ Իսկ վաղը, վերստին հանդիսավոր մթնոլորտում, տոնելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձը, ինչը յուրովի է իմաստավորում այսօրվա արարողությունը։
Դարերի միջով կարողացել ենք հավատարիմ մնալ մեր ինքնությանն ու արժեքներին։ Պետություն ունենալու երազանքը անթեղել ենք մեր մեջ եւ, ի վերջո, իրականություն դարձրել։ Հայոց պետականությունը, որը հռչակված է պատմական Հայաստանի այս տարածքում, բացարձակ արժեք է։ Բացարձակ արժեք է ոչ միայն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների, այլ նաեւ՝ աշխարհի բոլոր հայերի համար։
Մեզնից յուրաքանչյուրի մեջ հայի ինքնության գիտակցման հետ մեկտեղ, նաեւ պետականության մասնիկը կա։ Պատմության տարբեր փուլերում պետականության գաղափարը մեր հոգու եւ մտքի մեջ եղել է առանց ընդհատվելու, անգամ եթե պետություն չենք ունեցել։ Այդ գաղափարը մեր մեջ ուժեղ է եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք մաս էինք կազմում զանազան կայսրությունների։
Պետության բացակայության ժամանակ պետականությունը գոյություն է ունեցել ազատության մեր որոնումների, հավատքի, եկեղեցու, պայքարի եւ հաճախ ընդվզումների ձեւով։ Մենք երբեք չենք հրաժարվել այդ գաղափարից՝ իրավամբ համարելով, որ այն մեր արժեհամակարգի անբաժանելի մասն է։
Իհարկե, ժամանակը փորձության է ենթարկում թե՛ մեզ՝ որպես ժողովուրդ, թե՛ մեր պետությունը, եւ թե՛ մեր արժեհամակարգը։ Արժեհամակարգի ճգնաժամը կարող է հանգեցնել նաեւ պետականության ճգնաժամի։ 100 տարի առաջ, երբ հռչակվում էր Հայաստանի առաջին հանրապետությունը, պետականության հետ մեկտեղ թիրախավորված էին նաեւ մեր դավանած արժեքները, մեր ինքնությունը, եկեղեցին, լեզուն, մեր երազանքը։
Աշխարհում սեփական տեղի, դերի, ասելիքի եւ ազգային ինքնության խորին գիտակցումով պետք է առաջ մղենք մեր պետությունը։ Հայաստանը աշխարհի բոլոր հայերինն է՝ Երեւանից Ստեփանակերտ, Փարիզից Վաշինգտոն, Մոսկվայից Բեյրութ, Կալկաթայից Բուենոս Այրես եւ այլուր։
Սիրելի գործընկերներ,
100 տարի առաջ՝ 20—րդ դարի սկզբին, պատմական դեր էր վիճակված Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանին։ Անկախ Հայաստանի պատմության մեջ այն միակ օրենսդիր մարմինն էր, որը ձեւավորվեց ոչ թե ընտրությունների, այլ՝ քաղաքական պայմանավորվածության արդյունքում եւ դարձավ հայկական պառլամենտարիզմի արժանապատիվ առաջնեկը։
20—րդ դարի վերջին կարեւոր առաքելություն էր վերապահված Հայաստանի Գերագույն խորհրդին, որը հաջորդեց Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդին։ Ավելի քան մեկ տարի՝ մինչեւ առաջին նախագահական ընտրությունները, այն պետական կառավարում էր իրականացնում Հայաստանի երրորդ հանրապետությունում։
21—րդ դարում, Հայաստանի երրորդ հանրապետության օրոք, մենք վերստին ընտրել ենք խորհրդարանական կառավարման ուղին։ Ներկայիս Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է։ Ազգային ժողովին վիճակված է կարեւորագույն դերակատարություն եւ, իհարկե, առաքելություն, որը նաեւ նրա սահմանադրական պարտականությունն է։
Հարգելի գործընկերներ,
Զարգացած պառլամենտարիզմը ներկայացուցչական ժողովրդավարության կարեւորագույն վկայություններից մեկն է։ Պառլամենտարիզմը չի կարող զարգանալ առանց քաղաքացիական հասարակության զարգացման։
Գարնանային վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան ազդեցիկ կարող է լինել փոփոխությունների հասարակական պահանջը։
Այսօր պետականության բովանդակությունն անհրաժեշտ է լրացնել նոր Հայաստանի եռանդով, նպատակասլացությամբ եւ ապագայի հանդեպ կայուն հավատով ու հաստատուն կամքով։ Թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է դառնան պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր երկրում։ Պատասխանատվության գիտակցումը, թե՛ իշխանության եւ թե՛ քաղաքացիական հասարակության եւ թե՛ մեր ողջ ժողովրդի իմաստնության վկայությունն է։
Կրկին շնորհավորում եմ հայոց խորհրդարանի 100—ամյա հոբելյանի առթիվ։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, աշխարհի բոլոր հայերին, Հայաստանի բոլոր բարեկամներին շնորհավորում եմ վաղվա լուսավոր տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ, մաղթում խաղաղություն, առաջընթաց եւ լավատեսություն»։

Իրավունք չունենք բաժանարար գծեր գծելու մեր եւ մեր միջեւ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյան.
«Այս տարի մենք տոնում ենք հայոց անկախ պետականության վերականգնման, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի կազմավորման եւ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի հաստատման 100—րդ տարեդարձերը։ Ժողովրդի ազատ կամքի արտահայտման եւ պետական կառավարման համակարգի զարգացման ասպարեզում մեզ համար դար է փոխվում։ Խորհրդարանական կառավարման ուղին մենք ընտրեցինք 1918 թվականի մայիսյան հաղթանակներից անմիջապես հետո՝ ծանր ու քաոսային մի ժամանակաշրջանում։ Հայությունը, հանդես բերելով իրավական բացառիկ բարձր գիտակցություն, ընդունեց իր քաղաքական պատմության շրջադարձային որոշումներից մեկը։
Գոյություն ունեցող ազգային—քաղաքական իրողությունների հիման վրա ձեւավորվեց Հայաստանի խորհուրդը, որն իր անդրանիկ նիստը գումարեց 1918 թվականի օգոստոսի 1—ին։ Կազմված լինելով հիմնական քաղաքական ուժերի եւ ազգությունների ներկայացուցիչներից՝ այն դարձավ hայոց առաջին խորհրդարանը։ Գործունեության հազիվ մեկ տարվա ընթացքում սովի ու համաճարակների դժվարին ամիսներին այն ընդունեց հարյուրից ավելի օրենք եւ օրենսդրական ակտ։ Գործելով պետական իշխանության մարմինների դեռեւս ձեւավորված չլինելու պայմաններում՝ իր հանձնաժողովների միջոցով հաճախ կատարեց նաեւ գործադիր իշխանության աշխատանքը։ Հայաստանի խորհուրդը բացառիկ դեր ունեցավ ազգային օրենսդրության մշակման, դատական համակարգի ձեւավորման, Հայաստանի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման գործում, ինչպես նաեւ մշակեց միանգամայն ժողովրդավարական ընտրական օրենք եւ 1919 թվականի ամռանը կազմակերպեց նոր խորհրդարանի ընտրությունները։
Պատմական ու քաղաքական պայմանների բերումով ցավալիորեն կարճ եղավ Հայաստանում պառլամենտարիզմի հաստատման առաջին շրջանը։ Այնուամենայնիվ, ընդունվեցին ավելի քան երեք հարյուր օրենքներ եւ իրավական փաստաթղթեր, հարյուրավոր հրահանգներ ու որոշումներ։ Ստեղծվեցին խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթներ, ձեւավորվեց քաղաքական կառավարման մշակույթ։
Բարդ էր նաեւ խորհրդարանական ղեկավարման երկրորդ շրջանը, երբ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը գործում էր պետական կառավարման միակուսակցական համակարգի պայմաններում։ Սակայն հսկայական աշխատանք կատարվեց խորհրդային իրավակարգին համապատասխանող, բայց Հայաստանի պայմանները ճիշտ արտացոլող օրենդրության ստեղծման եւ իրավական հարաբերությունների կարգավորման ասպարեզներում։ Լինելով իրապես ներկայացուցչական մարմիններ, որոնց կազմում ընդգրկված էին հասարակության բոլոր շերտերը, Հայաստանի խորհուրդների համագումարը եւ ապա Գերագույն խորհուրդը յոթ տասնամյակ շարունակ հսկայական դեր ունեցան Հայաստանի տնտեսության, կրթության, գիտության ու մշակույթի զարգացման օրենսդրական ապահովման գործում։
Անկախ ժամանակներից Հայաստանի խորհրդարանը միշտ եղավ հայ ժողովրդի շահերի եւ ձգտումների արտահայտիչը։ Դա հստակ դրսեւորվեց հատկապես Ղարաբաղյան շարժման ընթացքում, երբ 11—րդ գումարման Գերագույն խորհուրդը բացահայտ հակամարտության մեջ մտավ միութենական իշխանությունների հետ։ Գերագույն խորհուրդն ընդունեց 1988 թվականի հուլիսի 15—ի եւ 1989 թվականի դեկտեմբերի 1—ի հայտնի որոշումները, որոնցով Հայաստանն իրավական հիմնավորում տվեց արցախահայության պայքարին։ Նույն Գերագույն խորհուրդն էր, որ 1988—ի նոյեմբերի 24—ի անավարտ մնացած նիստում դրեց անկախության առաջին հիմնաքարը՝ հայտարարելով, որ Հայաստանում այսուհետ գործում են միայն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի հավանությանն արժանացած օրենքները։ Իսկ հաջորդ տարի 1918 թվականի մայիսի 28—ը ճանաչեց հայկական պետականության վերականգնման օր։ Այս ամենը վկայում էր, որ Հայաստանը ոտք է դնում ներկայացուցչական ժողովրդավարության զարգացման երրորդ շրջափուլ։
Հարգելի ներկաներ,
Հայոց պետականության վերականգնման եւ արցախյան ազատամարտի դժվարին տարիներին երկրի ժողովրդավարացման, տնտեսական հարաբերությունների նոր մոդելի ստեղծման եւ բոլորովին նոր իրավակարգ կառուցելու անդրանիկ քայլերի ողջ ծանրությունը բաժին ընկավ 1990 թվականին առաջին անգամ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձեւավորված Գերագույն խորհրդին։ Այդ խորհրդարանն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, կազմակերպեց 1991 թվականի սեպտեմբերի 21—ի հանրաքվեն եւ Հայաստանը հռչակեց անկախ պետություն, ձեռնարկեց Հայաստանի ազգային օրենսդրության մշակումն ու առաջին միջպետական պայմանագրերի կնքումը։ Այդպես սկսվեց Հայաստանում պառլամենտարիզմի զարգացման երրորդ շրջանը։
Ցավոք, խորհրդարանը ունեցավ նաեւ կորուստներ. արցախյան ազատամարտում ընկան Վիգեն Շիրինյանը եւ Սամվել Շահմուրադյանը։ Իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27—ի ահաբեկչության ժամանակ զոհվեցին խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Արմենակ Արմենակյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը։
Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք մեր ընկերների պայծառ հիշատակը։
Շնորհակալություն։
Սիրելի բարեկամներ,
1990 թվականին Հայաստանում սկսվեց խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման երրորդ փուլը, որը շարունակվում է առայսօր։ Այդ օրերից ի վեր հայոց խորհրդարանի պատմությունը դարձավ Երրորդ հանրապետության հռչակման, կայացման ու զարգացման պատմություն։ Այսօր Հայաստանի խորհրդարանը մեզ առաջնորդում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն կառուցելու ճանապարհով։
Անցած հարյուրամյակն ապացուցեց, որ ներկայացուցչական ժողովրդավարությունն արտահայտել է հայ ժողովրդի ազատ կամքը, անհատի իրավունքները, հայության ազգային ու պետական շահերը։ Այսինքն՝ այն լիովին համապատասխանում է մեր ազգային հոգեբանությանն ու մտածողությանը։
Մենք՝ որպես հասարակություն, իսկապես կարողանում ենք պատվիրակել եւ արդյունքներ պահանջել։ Մենք իսկապես կարողանում ենք բանավիճել ու լուծումներ գտնել, մշակել հանրային կյանքն ուղղորդող օրենքներ ու կյանքի կոչել դրանք։
2018 թվականի ապրիլ—մայիս ամիսներին հայ ժողովուրդը եւ Հայաստանի իշխանություններն աշխարհին եւս մեկ անգամ ցույց տվեցին հանդուրժողականության եւ երկիրն ավելորդ ցնցումների չտանելու բացառիկ օրինակներ։ Խաղաղ ցույցերի արդյունքում հրաժարական տվեց երկրի վարչապետը, խորհրդարանն ընտրեց նոր վարչապետ, հաստատեց կառավարության ծրագիրը, եւ կյանքը վերադարձավ բնականոն հուն։ Սակայն վերջին շաբաթներին Հայաստանի ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է, եւ, ցավոք, յուրաքանչյուր ցնցմանը հաջորդում է մյուսը՝ բեւեռացնելով հասարակությանը։
Սիրելի բարեկամներ,
Մենք ուղղակի իրավունք չունենք բաժանարար գծեր գծելու մեր եւ մեր միջեւ։
Հայկական պառլամենտարիզմի հարյուրամյա ընթացքի հիմնական դասը միասնությունն է, միշտ դեպի առաջ նայելն ու կյանքի բոլոր շրջապտույտներում ուժերը համադրելը։ Համոզված եմ, որ բոլոր մտքերն ու գաղափարները քննարկելու լավագույն վայրը մեր երկրի քաղաքական հարթակն է՝ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը։ Ուստի, պետք է հավաքվենք այստեղ, ամեն ինչ ծանր ու թեթեւ անենք եւ հարցերը լուծենք համաձայնության՝ կոնսենսուսի հասնելու միջոցով, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում։
Սիրելի հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի խորհրդարանի հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ։
Մաղթում եմ, որ նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների հասնենք Հայաստանում ու Արցախում խորհրդարանական ժողովրդավարության հետագա ամրապնդման ճանապարհին։
Շնորհակալություն»։

«Օրենքի իմացությունը մտքի բարիք է»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոս.
«Ուրախ ենք այսօր միասնաբար մասնակցելու ՀՀ խորհրդարանի հիմնադրման 100—ամյակին նվիրված միջոցառմանը եւ բերելու ձեզ եւ մեր ողջ բարեպաշտ ժողովրդին հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքները։
Մեկ դար առաջ՝ մեր պատմության վճռորոշ ժամանակաշրջանում ազգիս զավակների տեսիլքով, վճռականությամբ եւ հերոսական պայքարով վերականգնվեց հայկական անկախ պետականությունը։
Երջանկահիշատակ Գեւորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոչով Արարատյան դաշտավայրի եկեղեցիներում ղողանջող զանգերի զորությունն էր, որ ոգեշնչեց ու գոտեպնդեց մեր ժողովրդին հաղթանակով պսակելու հայրենիքի պաշտպանության մարտերը եւ ամուր կանգնելու մեր հողի վրա։ Արդարեւ, անցյալ դարասկիզբը եղավ փորձության, բայց եւ հերոսության ու անօրինակ խիզախ իրագործումների ժամանակաշրջան, երբ մեր ժողովուրդը, քաղաքական այրերը եւ Հայ եկեղեցին լծվեցին անկախ պետականության կերտման նվիրական գործին։ Հիմնվեց առաջին խորհրդարանը, քայլեր ձեռնարկվեցին պետությունը զորացնելու, քաղաքացիական հասարակություն ձեւավորելու ուղղությամբ, ջանքեր գործադրվեցին ապահովելու խաղաղ ու անվտանգ կյանքը մեր ժողովրդի։ Հայաստանի առաջին Հանրապետության երախտավորների ազգային մտածողությունը, մեր դարավոր արժեքներին հավատարմությունը, հայրենանվիրումը եւ պետության զորացման համար ջանքերը մեկտեղելու բացառիկ նախանձախնդրությունը օրինակ են եւ այսօր ազգային, քաղաքական ու հասարակական մեր գործիչների համար։
Սիրելիներ, «Օրենքի իմացությունը մտքի բարիք է», ասում է Սուրբ Գիրքը (Առակ. 13.5)՝ կարեւորելով օրենքի դերը հասարակությունների կյանքում։
Հայաստանի Հանրապետության օրենսդիր բարձրագույն մարմնի՝ Ազգային ժողովի առաքելությունը բարիք արարելն է մեր պետության հզորացման, հայրենական կյանքի շենացման համար։ Մեր ժողովրդի ակնկալիքն է, որ խորհրդարանը լինի արտահայտողը ժողովրդի սպասումների, մտահոգությունների եւ տեսիլքների, լինի մանրակերտը մեր հասարակության։ Ազգային ժողովին ներկայիս նույնպես բաժին է ընկել մեծ պատասխանատվություն՝ օրենսդրական արդյունավոր գործունեությամբ նպաստել պետական—հասարակական կյանքի առաջընթացին։ Օրենքի առջեւ բոլորի հավասարության, արդարության, հասարակական համերաշխության ժողովրդավարական սկզբունքներն իրագործելով, միմյանց հանդեպ քրիստոնեական սիրո ոգով ու ավետարանական պատգամներով է, որ կարողանալու ենք բարի արդյունքներ բերել մեր հայրենիքին ու ժողովրդին։
Մեծարգո պատգամավորներ, ձեր քաղաքական դիրքորոշումների ու հայացքների տարբերություններով հանդերձ՝ կոչված եք գործելու հանուն նույն նպատակի՝ հայրենիքի զորացման, պետականության ամրապնդման, մեր ինքնության անխաթար պահպանության եւ մեր ժողովրդի բարօրության ու առաջընթացի համար։ Մեր ազգային միասնությունը ապահովելը եւ մեր ժողովրդի եռանդն ու կարողությունները դեպի հայրենիքի շենացում ու զարգացում առաջնորդելը այսօր բոլորիս ամենօրյա աշխատանքը պետք է լինի, բոլորիս բարձր պատասխանատվությունը։ Այսպես պիտի կարողանանք հաղթահարել մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներն ու խնդիրները, պաշտպանել մեր հայրենյաց սահմանները, մեր կյանքի խաղաղությունն ու անվտանգությունը։
Հայրապետական մեր հորդորն է ձեզ, որ առ հայրենիքը սիրով եւ ազգանվիրումի ոգով շարունակեք արդյունավորել ձեր ծառայությունը մեր պետությանը եւ ժողովրդին՝ բարի գործակցությամբ ձեռքբերումներ արձանագրելով։
Աղոթում ենք, որ Ամենակարող Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը եւ Իր Սուրբ Աջի հովանու ներքո հավատքի, սիրո, միաբանության մեջ պահպանի մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփյուռս՝ այսօր եւ հավիտյանս. ամեն»։

21-09-2018





08-12-2018
Կձեւավորվի աշխատանքային խումբ
Աղետի գոտու խնդիրների իրական պատկերը հստակեցնելու նպատակով

Գյուրմրիի ...


08-12-2018
Աշխատանքով լուծենք մեր երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եղել է Շիրակի եւ ...


08-12-2018
«Մարդասիրության հզոր ուժը»
Հիշատակի միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցին

Նախօրեին ...


08-12-2018
Բացառիկ կարեւորության մշակութային արժեք
Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ



08-12-2018
Գրառում ԱՄՆ դեսպանատանը բացված սգո մատյանում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ երեկ ...


08-12-2018
Գյումրի, ես քեզ գիտեմ ու սիրում եմ
Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից

Սիրելի՛ ...


08-12-2018
Աջակցության առավել արդյունավետ պայմաններ
Երեւանում ստորագրվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ ...



08-12-2018
Ինչ են հուշում անցյալի դառը դասերը
Արցախում հարգանքի տուրք է մատուցվել ...

08-12-2018
Երբ լռել են թնդանոթները
Ծնվել են պատերազմի մասին արժեքավոր ...

08-12-2018
«Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողություն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ...

08-12-2018
«Պետք է վերականգնել մարդկանց հույսը եւ լավատեսությունը»
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO