Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2018
ԵՐԵՎԱՆ


Քաղաքապետի երդմնակալության արարողությունը՝ հոկտեմբերի 13—ին

Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստում ընտրվել են մշտական հանձնաժողովների կազմերը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 30—ի «Երեւանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23—ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N79—Ա որոշումը եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 4—ի «Երեւանի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N1 արձանագրությունը, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17—րդ հոդվածի 6—րդ մասի եւ Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգի 102—րդ կետի համապատասխան՝ գումարվել է Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ավագանու 65 անդամներից նիստին ներկա են եղել 60—ը։
Նախքան նիստը սկսվելը, սահմանված կարգով գրանցվել են Երեւանի ավագանու «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» եւ «Լույս» խմբակցությունների անդամները։
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նորընտիր ավագանու անդրանիկ նիստը նախագահող, ավագանու տարիքով ավագ անդամ Լիլիթ Պիպոյանը ներկայացրել է, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44—րդ հոդվածի համաձայն՝ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքով ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ստացած «Իմ քայլը կուսակցությունների դաշինքի» համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Հայկ Մարությանը օրենքի ուժով ընտրվել է Երեւանի քաղաքապետ։ Ըստ այդմ, նիստը վարելու իրավունքը, օրենքով սահմանված կարգով, փոխանցվել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին։
Նախքան օրակարգային հարցերին անցնելը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է բոլորին աշխատանքային առաջին օրվա առթիվ եւ համոզմունք հայտնել, որ ավագանու այս կազմով, միասնական աշխատանքի արդյունքում կարվի հնարավորը, որպեսզի երեւանցիների բոլոր խնդիրներին լուծումներ տրվեն։
«Սա շատ հուզիչ պահ է, եւ ես իրոք երջանիկ եմ, որ մենք՝ ավագանու անդամներս, այսօր ներկայացնում ենք մեր Երեւանի բնակիչներին, եւ այս ամենը տեղի է ունեցել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների միջոցով։ Մենք բոլորս միասին ունենք պատմական հնարավորություն՝ ի կատար ածելու այն բոլոր երազանքները, որ մենք տարիներ շարունակ ունեինք, որ ունեն մեր Երեւանի բնակիչները՝ մեր հարազատ երեւանցիները։ Եվ ես վստահ եմ, որ այս ավագանու կազմով, անկախ կուսակցական պատկանելիությունից, մենք կանենք այնպես, որպեսզի երեւանցիներն ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե եւ ամեն վայրկյան ժպտան։ Երեւանի ավագանու ամբողջ կազմը ես դիտարկում եմ որպես մեկ մարմին եւ չեմ տարբերակում ըստ խմբակցությունների, որովհետեւ մենք բոլորս՝ ավագանու 65 անդամներով պետք է աշխատենք միասին, պետք է ամեն վայրկյան մտածենք մեր քաղաքի մասին, մեր երեւանցիների մասին։ Ես խնդրում եմ ավագանու բոլոր անդամներին միշտ ուշադիր լինել մեր Երեւանի բնակիչների բոլոր խնդիրներին, բոլոր ահազանգերին անհապաղ արձագանքել եւ բոլոր հարցերը քննարկել ու անհապաղ լուծումներ տալ դրանց»,–նշել է Հայկ Մարությանը։
Օրակարգի համաձայն, Երեւանի ավագանին հաստատել է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը։ Քվեարկության արդյունքում ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամներ են նշանակվել «Իմ քայլը» խմբակցությունից Էդուարդ Ավետիսյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Մարկոս Հարությունյանը եւ «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը։
Օրակարգի հաջորդ հարցով Երեւանի ավագանին հաստատել է Երեւանի քաղաքապետի երդմնակալության առթիվ ավագանու նիստ գումարելու օրը։
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47—րդ հոդվածի համաձայն՝ Երեւանի քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում՝ Երեւանի բնակիչներին տրված երդմամբ։ Ավագանու որոշմամբ՝ Երեւանի ընտրված քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13—ին, ժամը 12—ին Երեւանի ավագանու հատուկ հրավիրված նիստում։
Երեւանի ավագանին քվեարկությամբ հաստատել է նաեւ մշտական հանձնաժողովների կազմը։ Կանոնակարգի համաձայն՝ ավագանու մշտական չորս հանձնաժողովներից, քվեարկության համաձայն, ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Աշոտ Մնացականյանը, տեղակալ՝ Լեւոն Հովհաննիսյանը, մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Սաթենիկ Մկրտչյանը, տեղակալ՝ Հակոբ Մելիքյանը, քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Արսեն Կարապետյանը, տեղակալ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Մարկոս Հարությունյանը, ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Արուսյակ Ջուլհակյանը, տեղակալ՝ Գայանե Մելքոմ Մելքոմյանը։
Երեւանի ավագանին որոշել է ավագանու հերթական նիստը հրավիրել նոյեմբերի 13—ին։
Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշման համաձայն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ընտրությունների արդյունքում ստացել է 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5 եւ «Լույս» դաշինքը՝ 3 մանդատ։
Նիստի ավարտից հետո Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել է լրագրողների հարցերին։
Հայկ Մարությանը լիազորությունները ստանձնելուց հետո առաջինը լուծում է տալու քաղաքային տնտեսությանն ուղղված խնդիրներին, մասնավորապես՝ աղբահանությանը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նորընտիր ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մարությանն ասաց, որ անհրաժեշտ է բանակցել մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերության հետ եւ պահանջել իրենցից գործողությունների պատշաճ կատարում։ «Ես համարում եմ, որ առնվազն երկու օպերատոր է անհրաժեշտ աղբահանություն իրականացնելու համար, բայց կա գործող պայմանագիր»,– ասաց նա։
Քաղաքային տրանսպորտին անդրադառնալով՝ Երեւանի նորընտիր քաղաքապետն ասաց, որ պետք է հարգվեն բոլոր այն պայմանագրերը, որոնք արդեն կնքվել են։ «Քանի որ Երեւանի տրանսպորտի հետ կապված բրիտանական ընկերությունը ծրագիր է մշակել, գումարներ են ուղղվել Երեւանի բյուջեից, մենք պետք է օգտագործենք այս ծրագիրը՝ վերանայելով այն՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար»,—ասաց նա։
Հայկ Մարությանը վստահեցրեց, որ եթե մինչ այս կնքված պայմանագրերի պայմանները խախտվեն եւ դրանից տուժեն Երեւանի բնակիչները, ապա դրանք կվերանայվեն ի շահ երեւանցիների։
Երեւանի քաղաքապետը պատրաստ է աշխատել բոլոր այն կադրերի հետ, ովքեր կկարողանան եւ պատրաստ են աշխատելու նոր Հայաստանում։
Երեւանի վարչական շրջանները շուտով նոր ղեկավարներ կունենան։ «Մենք ունենք վարչական շրջանների ղեկավարների թեկնածուներ, որոնց մասին շուտով կիմանաք»,—ասաց Հայկ Մարությանը։
Նա վստահեցրեց նաեւ, որ մայրաքաղաքում հանրային պահանջներին չհամապատասխանող ոչ մի շինություն այլեւս չի լինելու։ «Մնացած շինությունների մասով ուսումնասիրություններ կանցկացվեն»,—ասաց նա։
Երեւանի նորընտիր քաղաքապետը չի փոխելու իր կենսակերպը։ Նա հեծանիվով, երթուղայիններով, ոտքով շրջելու է մայրաքաղաքում, ինչպես եւ նախկինում։
«Մարդիկ քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ ինձ ոչ թե շնորհավորում, այլ ցավակցում են։ Ես գիտեմ, որ մեզ շատ ծանր աշխատանք է սպասվում։ Կլինեն կոնֆլիկտներ, բանակցություններ»,– ասաց նա։
Հայկ Մարությանը հավաստիացրեց, որ իր համար ավագանու 65 անդամները մեկ թիմ են, ովքեր մի նպատակ ունեն՝ բարեկարգել մեր Երեւանը։ «Նրանց կողմից յուրաքանչյուր լավ առաջարկ ընդունվելու եւ ի կատար է ածվելու»,—հավելեց նորընտիր քաղաքապետը։

11-10-2018





13-10-2018
Ձգտել միասնության՝ պահպանելով բազմազանությունը
Ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

Ֆրանկոֆոնիայի միջազգային ...


13-10-2018
«Արմենպրեսը»՝ արդեն հինգ լեզվով
Ներկայացվեց կայքի ֆրանսերեն բաժինը

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության ...


13-10-2018
«Մենք այս հրաշալի միջոցառման էջը պատվով կփակենք»
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՖՄԿ գագաթնաժողովի արդյունքները



13-10-2018
Երկկողմ հանդիպումներ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում հանրապետության նախագահ Արմեն ...


13-10-2018
Հայ–կանադական բարեկամությունը շատ ավելի մեծ ապագայի ներուժ ունի
Հանրապետության նախագահի նստավայրում երեկ կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի ...


13-10-2018
ՀՀ վարչապետի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում ...


13-10-2018
Մենք պետք է ապրենք՝ շրջապատված իրական բովանդակությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի ...



13-10-2018
Ջիվան Գասպարյանը դեռ 90 տարեկան է
Երեւանում տեղի կունենա համերգ՝ նվիրված ...

13-10-2018
Ֆրանսերեն լեզվով, բայց հայկական սրտով
Հայերի ներդրումը ֆրանսագիր գրականության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO