Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2019
ԼՂՀ


Հյուրերին գոհացրել է ֆրանսերենի իմացությունը

Արցախում է ֆրանսիական Վալանս քաղաքի պատվիրակությունը

Երեք տարի առաջ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ժամանակ Արցախի Հանրապետության արտգործնախարարը Վալանսի քաղաքապետի հետ համագործակցության եւ բարեկամության հուշագիր ստորագրեց, որի համաձայն Ստեփանակերտն ու Վալանսը հռչակվեցին քույր քաղաքներ։ Ծրագրվել էր Վալանսի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցը Արցախ, սակայն 2016թ. հակառակորդի սանձազերծած ապրիլյան պատերազմը ժամանակավորապես խոչընդոտեց այդ պայմանավորվածության իրագործումը։ Այնուամենայնիվ, հարցն օրակարգում էր մնում եւ հարմար պահ էր «որոնվում» դրա համար։
Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովի կազմակերպումը Հայաստանում լավ առիթ էր իրականացնելու վաղեմի ցանկությունը։ Եվ ահա մեծածավալ միջոցառման շրջանակում Արցախ է ժամանել Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերի առաջին հանդիպումը, բնականաբար, կայացել է գործընկերոջ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ։ Քաղաքապետարանի, բոլոր ստեփանակերտցիների անունից ողջունելով մայրաքաղաք ժամանած բարեկամներին, նա համոզմունք հայտնեց, որ ներկայացուցչական ընդգրկուն կազմով պարոն Դարագոնի այցը կնպաստի համագործակցության խորացմանը եւ գործընկերային հարաբերությունների սերտացմանը, երկու ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդմանը։ Պատվիրակության կազմում են նաեւ քաղաքապետի տեղակալ Ֆրանկ Դիրածոնյա—Դոմասը, քաղաքային խորհրդի անդամներ, կրթության, մշակույթի եւ արվեստի ոլորտների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ։
Կարեւորելով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում, քաղաքապետ Ս. Գրիգորյանը բարձր գնահատեց կառույցի դերը համամարդկային արժեքների ամբողջացման, ֆրանսախոս երկրների մերձեցման, կրթության եւ մշակույթի զարգացման գործում։ Նա ուրախությամբ նշեց, որ այդ տեսակետից հայ եւ ֆրանսիացի ժողովուրդներն ընդհանուր շատ բան ունեն։ Այն իրողությունը, որ ֆրանսերենի նկատմամբ Արցախում տարեցտարի աճում է հետաքրքրությունը եւ ավելի մեծ թվով պատանիներ ու երիտասարդներ են ընդգրկվում կառավարության կողմից խրախուսվող դասընթացներին, խոսում է բարեկամ երկրի ու նրա ժողովրդի հանդեպ մարդկանց ունեցած համակրանքի եւ խոր հարգանքի մասին։ Անշուշտ, դա է փաստում եւ վիճակագրությունը։ Մայրաքաղաքում գործող հանրակրթական 12 դպրոցներից 9—ում՝ մյուս առարկաների հետ աշակերտները նաեւ ֆրանսերեն լեզու են անցնում։
Անդրադառնալով համագործակցության խորացմանը միտված քայլերին, Սուրեն Գրիգորյանը գոհունակությամբ խոսեց սկզբնավորված այն ավանդույթների մասին, որոնք «ուրվագծվում» են ամենատարբեր ոլորտներում։ Այդ առումով անուրանալի է Ֆրանսիայի հայկական համայնքի կողմից ցուցաբերվող աջակցությունը պատերազմի հետեւանքների հաղթահարմանը, տնտեսության վերականգնմանն ու զարգացմանը։ Հատկանշական է այն հանգամանքը, որ այդ առաքելության մեջ իրենց մասնաբաժինն ունեն նաեւ ֆրանսիացիները։ Ու այդ շարքում քաղաքապետն ամիսներ առաջ Ստեփանակերտում շահագործված հանդբոլի նոր հրապարակի օրինակը բերեց, որը կառուցվել է գործարար, «Պրոկոս» ընկերության ղեկավար Ժիլ Իտանժեի ֆինանսական միջոցներով, եւ այսօր այն որպես մարզադաշտ ծառայում է երիտասարդներին։ Ընդ որում, հանդբոլի Արցախի թիմն ընկերական հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայում, իսկ բարեկամ երկրի մարզիկները հյուրընկալվել են Ստեփանակերտում։
Ս. Գրիգորյանը պատրաստակամություն հայտնեց անձնապես խթանել «քույր քաղաքների միջեւ բարեկամության կամրջի ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը»։
Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նիկոլա Դարագոնը շեշտեց, որ «Ֆրանկոֆոնիայի օրերի» շրջանակում կազմակերպված ներկա այցը պարտավորեցնելու հետ մեկտեղ, լայն հեռանկարներ է բացում համագործակցության հետագա խորացման ուղղությամբ։ «Ուրախ ենք այստեղ գտնվելու համար։ Թեպետ տարածության առումով հեռու ենք իրարից, բայց մեր արժեքներով շատ ենք մոտ։ Ուզում եմ հավաստիացնել, որ մեր կողմից եւս ջանքեր չեն խնայվի ընդհանուր նպատակների իրագործման համար։ Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ապրած իմաստալից կյանքով եւ հասարակական գործունեությամբ մեզ սովորեցրել է, թե ինչպես պետք է պայքարել համամարդկային արժեքների համար եւ հասնել փայփայած երազանքներին ու իղձերին։ Նա հավասարապես ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի ժողովրդի հարազատ ու սիրված զավակն է, ով կյանքում միայն բարության սերմեր է ցանել եւ հավերժել բոլորիս սրտերում, ինչպես իր սքանչելի երգերն են»,–նշեց Ն. Դարագոնը, որպես ասվածի ապացույց հավելելով, թե իր քաղաքում եւս, որպես խոր հարգանքի նշան, հրապարակներից մեկը կրում է Շառլ Ազնավուրի անունը։ Նա իր անունից ստեփանակերտցի գործընկերոջը հրավիրեց աշխատանքային այց կատարել Վալանս, ինչը Ս. Գրիգորյանի կողմից սիրով ընդունվեց։
Հանդիպման վերջում երկու քաղաքապետները հուշանվերներ փոխանակեցին։
Պատվիրակության անդամների այցի հերթական կանգառը մայրաքաղաքի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցն էր, ուր տանտերերը հյուրերին անհամբերությամբ էին սպասում։ Ազգային տարազով տղաներն ու աղջիկները դպրոցի բակում նրանց ողջունեցին հայկական շուրջպարերով։ Ֆրանսիացիները՝ տնօրեն Ժաննա Բալայանի ուղեկցությամբ շրջեցին կրթօջախի ընդարձակ սրահներում, ծանոթացան Ֆրանկոֆոնիայի օրերի կապակցությամբ ցուցադրված նյութերին եւ հավաքածուներին, ներկա գտնվեցին ֆրանսերենի բաց դասին։ Նրանց հաճելիորեն ուրախացրին, որ կրթօջախում շուրջ 1750 աշակերտ է սովորում՝ 52 դասարանների ընդգրկմամբ, ու երեխաների եւ ուսուցիչների թվով ամենամեծ դպրոցն է համարվում հանրապետությունում։
Հյուրերին մասնավորապես գոհացրել էր ֆրանսերենի ուսուցման բարձր մակարդակը։ Վալանսի քաղաքապետն ու նրան ուղեկցող անձինք զարմացած էին երեխաների՝ ֆրանսերեն լեզվի իմացությամբ եւ հետաքրքրությունից հաճախ էին հարցեր ուղղվում նրանց ու պատասխաններից ոգեւորվում։
«Մենք համոզվեցինք, որ այստեղ տաղանդավոր երեխաներ են կրթվում ու դաստիարակվում, ովքեր բարությամբ ու սիրով են լցված ոչ միայն հարազատ երկրի, այլեւ Ֆրանսիայի ու նրա ժողովրդի հանդեպ,– զրույցի ժամանակ նշեց Ն. Դարագոնը։–Դասը վարող ուսուցչուհին՝ «Պոլ Էլյուարի տուն—Ֆրանկոֆոնիայի կենտրոնի» տնօրեն Նելլի Ավանեսյանը, հիանալի տիրապետում է իր մասնագիտությանը եւ իրենից կախված ամեն ինչ արեց, որպեսզի հետաքրքիր անցնի պարապմունքը։ Բոլորն էլ ակտիվ էին դասին եւ աչքի ընկան բացառիկ ընդունակություններով, նախասիրություններով, այն կարծիքին եմ, որ նրանցից յուրաքանչյուրն այցելելով Ֆրանսիա, ազատ ու անկաշկանդ կարող է հաղորդակցվել ոչ միայն իրենց հասակակիցների, այլեւ ցանկացած նախասիրության տեր անձանց հետ։ Իմ սպասելիքները լիովին արդարացված են, եւ շատ ուրախ եմ այս այցի համար»։
Իսկ երբ դասամիջոցի զանգը հնչեց, ու երեխաները պատվավոր հյուրերի հետ սելֆի էին անում, հարեւան դահլիճում հնչող երգ—երաժշտության նկատմամբ ոչ ոք անտարբեր չմնաց։ Այստեղ պատվիրակության անդամների հետ շուրջպար էին բռնել դպրոցականները՝ «օղակի» մեջ առնելով Վալանսի քաղաքապետին։
Այցի շրջանակում ֆրանսիացի բարեկամները եղան նաեւ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ու մինչ այնտեղ կայանալիք հանդիսություններին մասնակցելը, ծաղիկներ խոնարհեցին Ֆրանսիայի պուրակում՝ հայ—ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող քանդակի մոտ տեղադրված մեծ շանսոնյեի մեծադիր նկարի առաջ։ Կենտրոնի սաները նկարներ, ձեռքի աշխատանքներ, հայկական ու ֆրանսիական մշակույթին վերաբերող հավաքածուներ, կենցաղային իրեր էին ներկայացրել հյուրերին՝ շարժելով նրանց հետաքրքրությունը։ Եվ, բնականաբար, այդ աշխատանքներից, որպես նվեր, բաժին հանվեց պատվիրակության անդամներին։ Իսկ վերջիններիս առավել հուզել էին երեխաներից ստացած ջերմ, անկեղծ գրառումներով բացիկները, որոնցում բարեմաղթանքի խոսքեր էին հասցեագրված ֆրանսիացի բարեկամներին՝ նոր, պայծառ օրերի ակնկալիքով։
Մշակույթի կենտրոնի սաները՝ ուսուցիչների ուղղորդմամբ, համերգային հագեցած ծրագիր էին պատրաստել հյուրերի համար՝ երգացանկում ընդգրկելով հայ եւ ֆրանսիացի կոմպոզիտորների, այդ թվում՝ երկու ժողովուրդների ազգային հպարտությունը համարվող Շառլ Ազնավուր անմահ ստեղծագործությունները, որոնք ներկաների կողմից ընդունվեցին ջերմությամբ եւ հուզմունքով։
Ի դեպ, պատվիրակության անդամները հյուրընկալվել են նաեւ երկրի նախագահ Բակո Սահակյանին։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

11-10-2018





16-02-2019
Մեր արտաքին քաղաքականությունը պետք է կերտենք Երեւանում
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը հանդիպել է ...


16-02-2019
Հայ կոմպոզիտորական արվեստի նոր տոն
Փառատոնը նվիրված է Ավետ Տերտերյանի 90—ամյակին

«Արամ Խաչատրյան» ...


16-02-2019
Համակողմանի միջոցառումների ակտիվացման անհրաժեշտություն կա
Ասում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

Անցած ...


16-02-2019
Թբիլիսին՝ թումանյանական եւ կոմիտասյան շնչով
Փետրվարի 19-ին կտրվի հոբելյանական տարվա մեկնարկը

Հայ մեծանուն ...


16-02-2019
Անսպառ ժառանգություն
Թումանյանագիտության ոլորտի արված ու չարված աշխատանքները

Հովհաննես Թումանյանի ...


16-02-2019
Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր
Նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան

Հայաստանի Հանրապետության ...


16-02-2019
Մյունխենում բացվել է անվտանգության համաժողովը
ՀՀ նախագահը երկկողմ հանդիպումներ է ունեցել

Աշխատանքային այցով ...



16-02-2019
«Թումանյանը պետություն էր անպետություն ժողովրդի մեջ»
Ամբողջ տարին հագեցած կլինի ...

16-02-2019
Ինչ է լինելու կրճատված մարդկանց հետ
Պարզաբանում է կառավարության աշխատակազմի ...

16-02-2019
Տարեսկիզբը հուսադրող է
Հայ հրաձիգները բավականին աշխույժ են սկսել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO