Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Շարունակել ապրել միասին

Երեւանում տեղի ունեցավ ՖՄԿ 35—րդ նախարարական համաժողովը

Հոկտեմբերի 8-9-ը Երեւանում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35—րդ նախարարական համաժողովը, որին մասնակցում էին կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարներ եւ պատվիրակությունների ղեկավարներ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ Բացման խոսքով հանդես եկավ նախարարական համաժողովի նախագահ, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Ողջունելով ներկաներին՝ նախարարը, մասնավորապես, նշեց, որ Հայաստանի համար մեծ պատիվ է 3 տարի անց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը կրկին հյուրընկալելը։ Այդ առնչությամբ Զոհրաբ Մնացականյանը բարձր գնահատեց Հայաստանի նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ջանքերը Հայաստանի կողմից համաժողովի նախագահության ստանձնման գործում։
ՀՀ ԱԳՆ ղեկավարի կոչով համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին «մեծ ֆրանսիացու, մեծ հայի, աշխարհի մեծն քաղաքացու, աշխարհից էլ մեծ Շառլ Ազնավուրի հիշատակը, ով մարմանավորում էր Ֆրանկոֆոն արժեքների հիմք հանդիսացող մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը եւ մարդասիրությունը»։
Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի աշխատանքների արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը։ Տեղի ունեցավ քննարկում ֆրանկոֆոն աշխարհում ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ։ Նախարարական համաժողովի մասնակիցները նաեւ անդրադարձան 17—րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35—րդ համաժողովի ընթացքում մասնակից պետությունների ներկայացուցիչները հանդես եկան ազգային ելույթներով։
Կայացավ ոչ պաշտոնական խորհրդակցություն եվրոպական հաստատություններում ֆրանսերեն լեզվի եւ բազմալեզվության տարածման հետ կապված հարցերի շուրջ։
Հոկտեմբերի 9—ին իր եզրափակիչ խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ներկա պատվիրակություններին իրենց ակտիվ մասնակցության եւ ծավալված համապարփակ քննարկումների համար։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիայի ընդհանուր արժեքների տարածումը, տարածաշրջանային եւ միջազգային արդի մարտահրավերների եւ խնդիրների խաղաղ հանգուցալուծումը շարունակում են մնալ ՖՄԿ օրակարգում։ Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու ակտիվ մասնակցությունը Կազմակերպության շրջանակներում ընթացող բոլոր գործընթացներում՝ ուղղված համերաշխության, խաղաղության եւ հանդուրժողականության տարածմանն ու ամրապնդմանը Ֆրանկոֆոն տարածաշրջանում։
«Փոխանակումներով հարուստ այս երկու աշխատանքային օրերից հետո կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ ակտիվ մասնակցության եւ մեր քննարկումներում ունեցած նպաստի համար։
Այն առաջարկությունները, որոնք մենք պատրաստվում ենք անել պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, կխթանեն մեր կազմակերպության գործունեությունը եւ կուրվագծեն գալիք տարիների գերակայությունները։
Առաջին հերթին ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեր կողմից վավերացված տեքստերի կարեւորության վրա՝ նախեւառաջ Երեւանի հռչակագրի նախագիծը «Ապրել միասին» կարգախոսի վերաբերյալ, ինչպես նաեւ ֆրանկոֆոնների «Միասին ապրելու» կոչը։
Պետք է ընդգծել թեմայի կարեւորությունն ու արդիականությունը։
Իրապես, շատ կարեւոր է պոպուլիզմի եւ ծայրահեղականության աճի, ատելության քարոզչության եւ անհանդուրժողականության դրսեւորումների տարածման, անհավասարության աճի, կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունների համատեքստում հակադարձել խաղաղության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների արժեքների նկատմամբ հարգանքի ուժով՝ գործելով ի նպաստ մշակութային եւ լեզվական բազմազանության եւ ամրապնդելով հանդուրժողականության սկզբունքը, որը կենսական նշանակություն ունի ֆրանկոֆոն տարածության տարբեր հատվածների միջեւ հարաբերությունների հավասարաչափ զարգացման համար։
Ինչպես նշեցի երեկ, «Ապրել միասին» մոտեցումը պետք է առաջին հերթին վերաբերի ֆրանկոֆոն տարածության ժողովուրդներին։ Այսպիսով, մենք պետք է ականջալուր լինենք մեր ժողովուրդներին եւ հաշվի առնենք նրանց՝ ավելի արդար ու մարդասիրական հասարակությունում ապրելու ակնկալիքները։
Ցանկանում եմ անդրադառնալ դռնփակ նիստի ժամանակ բազմակողմանիության վերաբերյալ ունեցած մեր բեղմնավոր քննարկումներին։
ՖՄԿ—ի կողմից տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային կազմակերպությունների հետ արդեն իսկ ձեւավորված համագործակցությունն, անշուշտ, ուղենշում է այն ճանապարհը, որին պետք է նախապատվություն տալ բազմակողմանիությանը նոր խթան հաղորդելու նպատակին հասնելու համար։
Անշուշտ, մեր քննարկումներում արտահայտված մոտեցումները պետք է կատարելագործվեն եւ արդյունավետ կիրառում գտնեն։
Անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության հայտերը եւս մեկ անգամ ի ցույց են դնում Ֆրանկոֆոնիայի գրավչությունը. աշխարհին բացվելու կարողությունը վերջինիս արժանիքն է։ Այդ գրավչությունը վկայում է միջազգային մակարդակում Ֆրանկոֆոնիայի զբաղեցրած առանցքային դիրքի մասին։
Այս առնչությամբ պետք է նկատի ունենանք անդամակցության հայտերով զբաղվող հատուկ կոմիտեի սահմանափակ խմբի կողմից արված առաջարկությունները, մասնավորապես՝ չափորոշիչների եւ անդամակցության պայմանների վերաբերյալ։
Ի դեպ, ինչպես առաջարկում է սահմանափակ խումբը, մենք նույնպես համոզված ենք, որ ատյանների աշխատանքների արդիականացման ու ակտիվացման, դիտորդ պետությունների եւ կառավարությունների դերի եւ դիրքի, Ֆրանսիայում հատուկ ՖՄԿ—ի համար դիվանագիտական ներկայացուցչությունների ստեղծման, ոչ անդամ պետություններին հարակից կառավարությունների՝ ՖՄԿ—ին անդամակցության վերաբերյալ մտքերի փոխանակումը շարունակվելու է նաեւ Մոնակոյի նախարարական համաժողովում։
Ես նաեւ ողջունում եմ Ֆրանկոֆոնիայի ռազմավարության ընդունումը՝ ուղղված կանանց եւ տղամարդկանց հավասարության, կանանց իրավունքների եւ անկախության խթանմանը։ Այս կարեւոր փաստաթղթի ընդունումը մեր կազմակերպության առաջնահերթությունների առանցքում է դնում կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության գաղափարը։
Հայաստանի համար մեծ պատիվ է այս ռազմավարության ընդունումը երեւանյան գագաթնաժողովի շրջանակներում։ Այն առանձնակի կարեւորություն ունի, քանի որ մենք գիտակցում ենք «հայկական թավշյա հեղափոխության» մեջ կանանց կարեւոր դերը։
Ուրախ եմ թվային հարցերի պատասխանատու ֆրանկոֆոն նախարարների ցանցի ստեղծման կապակցությամբ, ինչը տեղի կունենա հոկտեմբերի 10—ին Երեւանում։ Այդ կապակցությամբ շնորհակալություն ենք հայտնում Բենինի մեր գործընկերներին՝ թվային տնտեսության ոլորտում իրապես կարեւոր այս նախաձեռնությամբ հանդես գալու համար։
Ցանկանում ենք նաեւ մեր երախտագիտությունը հայտնել այսօր մեր ուշադրությանը ներկայացված 2019—2022թթ. ծրագրավորման նախագծի համար։ Այդ նախագծի, ինչպես նաեւ 2019—2022թթ. բյուջեի ընդունումը թույլ կտան քայլեր ձեռնարկել համագործակցության հաստատման ուղղությամբ՝ ի նպաստ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների։
Եզրափակելով խոսքս՝ նշեմ, որ համոզված եմ՝ մեր կողմից հաստատված եւ Ֆրանկոֆոնիայի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին փոխանցվելիք տեքստերը կնպաստեն կազմակերպության ձեռքբերումների ավելացմանը։
Կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ եւ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին եւ ՖՄԿ—ին կատարված աշխատանքի համար։
Ֆրանկոֆոնիայի 35—րդ նախարարական համաժողովի նիստը հայտարարում եմ ավարտված»,–նշել է արտգործնախարար Զ. Մնացականյանը։

11-10-2018





13-10-2018
Ձգտել միասնության՝ պահպանելով բազմազանությունը
Ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

Ֆրանկոֆոնիայի միջազգային ...


13-10-2018
«Արմենպրեսը»՝ արդեն հինգ լեզվով
Ներկայացվեց կայքի ֆրանսերեն բաժինը

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության ...


13-10-2018
«Մենք այս հրաշալի միջոցառման էջը պատվով կփակենք»
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՖՄԿ գագաթնաժողովի արդյունքները



13-10-2018
Երկկողմ հանդիպումներ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում հանրապետության նախագահ Արմեն ...


13-10-2018
Հայ–կանադական բարեկամությունը շատ ավելի մեծ ապագայի ներուժ ունի
Հանրապետության նախագահի նստավայրում երեկ կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի ...


13-10-2018
ՀՀ վարչապետի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում ...


13-10-2018
Մենք պետք է ապրենք՝ շրջապատված իրական բովանդակությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի ...



13-10-2018
Ջիվան Գասպարյանը դեռ 90 տարեկան է
Երեւանում տեղի կունենա համերգ՝ նվիրված ...

13-10-2018
Ֆրանսերեն լեզվով, բայց հայկական սրտով
Հայերի ներդրումը ֆրանսագիր գրականության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO