Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հեղափոխության կարեւոր նվաճումը

Իշխանությունը կրկին քաղաքական կերպարանք է ստանում

Հայաստանում թավշյա հեղափոխության ամենակարեւոր ձեռքբերումը թերեւս իշխանության կրկին քաղաքական կերպարանք ստանալն է։ Տարիներ ի վեր Հայաստանի իշխանության բարձրագույն օղակները խուսափել են քաղաքական տեքստերով հանդես գալուց։ Այսօր քաղաքականությունը կրկին դարձել է իշխանության հրապարակային դեմքը, ինչը խոշոր ձեռքբերում կարելի է համարել։ Եվ եթե ներկայիս իշխանությունը կարողանա պահել այդ բարձր նշաձողն անխուսափելիորեն ցավոտ ռեֆորմների շրջանում եւ մասնավորապես՝ դրանից հետո, Հայաստանում թերեւս էությամբ քաղաքական իշխանություն ունենալը անշրջելի կլինի։
Հայաստանում քաղաքական բանավեճի, որպես այդպիսին, թերեւս վերջին օրինակը 1997թ. ԼՂ հակամարտության վերաբերյալ ընթացած քննարկումներն էին։ Թեպետ այնժամ իշխանությունը խոսում էր քաղաքական տեքստով, սակայն ընդդիմախոսությունը առավելապես կրում էր զգացական բնույթ։ Այդ պայմաններում իշխանությունն անկարող եղավ իր ընդդիմախոսներին բերել քաղաքական տրամաբանության դաշտ ոչ միայն վերջիններիս անհամաձայնության պատճառով, այլեւ՝ պայմանավորված բանավեճի առարկայի առանձնահատկությամբ։ Արցախի հարցը, առավել եւս պատերազմից անմիջապես հետո, օրինաչափորեն չէր կարող ոչ հասարակության լայն շրջանակների, ոչ էլ քաղաքական միավորներ վաստակելու խնդիր ունեցող ընդդիմության համար լինել լուծման կարոտ սոսկ քաղաքական խնդիր։ Տրամադրությունների նույնօրինակ կրկնությունը դրսեւորվեց նաեւ 2016թ. ապրիլյան քառօրյայից հետո, երբ բանավեճի արդյունքում ներհայաստանյան իրականությունում կրկին չստացվեց հակամարտության լուծման վերաբերյալ քաղաքական տարբերակներ ուրվագծել։ Այդ խնդիրը, իրավամբ, չափազանց բարդ է՝ հաշվի առնելով ինչպես դրա աշխարհաքաղաքական բնույթը, այնպես էլ համազգային ընկալումը։ Ուստի 1997–1998 թթ. իշխանությունը, մինչ այդպիսի ծանր թեմայով քաղաքական խորհրդակցություններ սկսելը, պետք է փորձեր քաղաքական համակարգի կայացմանն ուղղված գործուն քայլեր ձեռնարկել։ Քանի որ, եթե չկա քաղաքական համակարգ, ապա քաղաքական տեսանկյունից որտե՞ղ պետք է քննարկվեր այդ հարցը, եւ ավելին՝ կոնկրետ ի՞նչ քաղաքական սուբյեկտ պիտի վերցներ իշխանության նետած ձեռնոցն ու կառուցեր քաղաքական դիսկուրսը՝ կրելով դրա պատասխանատվությունը։ Թեպետ 1990—ական թթ. սկզբում միջկուսակցական հարաբերությունները որակապես այլ մակարդակի վրա էին՝ հաշվի առնելով թե՛ կուսակցությունների նշանակությունը քաղաքական հարաբերությունների առարկայացման գործում, թե՛ դրանց գաղափարաբանական յուրահատկությունը, դրանք դեռեւս չէին հանգել ինստիտուցիոնալ բնույթի։ Ըստ հայտնի ասույթի՝ իրավիճակը նման էր սայլը ձիուց առաջ կապելու փորձին։ Ուստի, Արցախի հարցի կարգավորման քաղաքական մարտահրավերը, որ բերեց իշխանությունը 1997թ., պիտի չենթարկվեր քաղաքական առողջ բանավեճի կանոններին՝ հանգելով մենախոսության կամ ավելի սարսափելիորեն՝ բազմախոսության։ Անկախ նրանից, թե որքանով էր ընդունելի—անընդունելի իշխանության առաջարկած տարբերակը, փաստ է, որ բովանդակային քննարկում դրա շուրջ տեղի չունեցավ՝ արձանագրելով քաղաքական համակարգի առնվազն թերակատարությունը։
Այլ առիթի թողնելով վերջինի պատճառները՝ նշելի է, որ քաղաքական համակարգի դեգրադացիան խորացավ 2000—ական թթ., երբ իշխանությունն այլեւս հրաժարվեց քաղաքական տեքստով հարաբերվելուց։ Ժամանակի հասարակական—քաղաքական քննարկումներում տիրակայող էին դառնում ոչ թե իշխանության բարձրագույն ներկայացուցիչների քաղաքական մտքերը, այլ սխալ արտասանված խոսքերը, բարբառային ձեւակերպումները, գռեհկաբանությունները։ Այսժամ իշխանության խնդիրը քաղաքական հարաբերությունները ապաքաղաքական դաշտ տեղափոխելու միջոցով իշխանավարության ապահովումն էր, որն իր հետ բերում էր անձնական անվտանգություն, աստիճանաբար ընդլայնվող ունեցվածքի անձեռնմխելիություն եւ այլն։ Դրա համար, բնական է, կիրառվում էր պայմանավորվածությունների մեթոդը՝ կանխատեսելի իրավիճակ ունենալու համար։ Իհարկե, ֆորս—մաժորներ պատահում էին, որոնք հնարավոր էր լինում զսպել ու լուծել կա՛մ մաֆիային, կա՛մ ավտորիտարիզմին բնորոշ գործիքներով։ Այսպիսով, նախորդ մոտ 20 տարիներին իշխանությունն իր առաջ խնդիր չէր դրել կայացնելու քաղաքական համակարգը, հետեւաբար չէր փորձում խոսել քաղաքական տեքստով՝ պետական իշխանության համապարփակ լծակները ծառայեցնելով ընտրական գործընթացի էությունը խեղելու, «կուսակցություն» երեւույթն արժեզրկելու եւ վերջապես քաղաքականությունը ապաքաղաքականացնելու գործին։
2018թ. մայիսը հանգեցրեց իշխանության քաղաքականացմանը։ Դա դրսեւորվեց դեռ մայիսի 1—ին վարչապետի ընտրության օրը, երբ թե՛ իր հիմնական ելույթում, թե՛ եզրափակիչ խոսքում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ քաղաքական ձեւակերպումներով։ Տարիներով խորհրդարանի ամբիոնը իշխանության առաջին դեմքից քաղաքական ուղերձներ չէր լսել, եւ այս փաստն ինքնին պատմական նշանակություն է ստանում։ Փաշինյանը քաղաքական տեքստը պահեց նաեւ նախորդ ամիսներին՝ հանրահավաքների, հարցազրույցների, ուղերձների, կառավարության ու խորհրդարանական նիստերի ժամանակ։ Դրա վերջին դրսեւորումը դարձավ հոկտեմբերի 24—ին վարչապետի (չ)ընտրության ժամանակ Ն. Փաշինյանի ելույթը, որն աչքի ընկավ քաղաքական բնույթի ուղերձներով թե՛ մրցակիցներին, թե՛ միջազգային հանրությանը, թե՛ հայ հասարակությանը։ Կրկին արձանագրենք՝ խնդրո առարկան ոչ թե ուղերձների ընդունելիությունն է, այլ դրանց առկայությունը, հրապարակային հնչեցումն ու խորհրդարանի ամբիոնից դրանց մատուցումը։
Քաղաքական համակարգի ձեւակերպումն ու զարգացումը այսօր ողջ հասարակության խնդիրն է՝ ընդդիմության ու իշխանության գործնական ներգրավվածությամբ։ Սակայն դրա պատասխանատվությունն առաջին հերթին ծանրանում է իշխանության ուսերին, որը ոչ միայն պետք է իրացնի կառավարման իր պարտականությունը, այլեւ սահմանի քաղաքական ու պետական կառավարման կյանքի կազմակերպման ավանդույթներ, որոնք էլ պիտի ցեմենտեն գործող ինստիտուտները։ Այդ պատասխանատվության իրացումը սկսվում է ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններով՝ հիմք դնելով քաղաքական համակարգի ձեւակերպմանը։ Վերջինիս սնուցողը իշխանության քաղաքական կերպն է, որը դրսեւորվում է իշխանության բարձրագույն օղակների մատուցած տեքստի եւ ընկալումների քաղաքական բնույթով ու բովանդակությամբ։ Արձանագրելով նշյալ երկու պայմանների առկայությունը՝ հարկ է փաստել Հայաստանում քաղաքական առողջ համակարգի ձեւավորման պատմական պատեհությունը, որից չօգտվելու շքեղություն իրենց թույլ չպետք է տան քաղաքական իշխանությունն ու ընդդիմության պատվանդանին հավակնողները։ Ֆունկցիոնալ քաղաքական համակարգը իմպերատիվ նշանակություն ունի կենսունակ պետության համար, եւ առկա ներուժը պիտի նպատակաուղղվի նաեւ այդ խնդրի լուծմանը։
Նժդեհ ՀՈՎՍԵՓՅԱՆ

08-11-2018





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO