Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Քանդակների վարպետը

Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ

Լրացավ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ճանաչված քանդակագործ Արշամ Շահինյանի ծննդյան 100—ամյակը։ Սա առիթ է անդրադառնալու վարպետի հոբելյանին։ Զրուցակիցս է վաստակաշատ քանդակագործ Տարիել Հակոբյանը՝ Արշամ Շահինյանի վաղեմի բարեկամն ու սանը։ Նրան էլ խնդրեցի տարիների հեռվից գնահատել Արշամ Շահինյան մարդուն եւ ստեղծագործողին։
«Նրա հետ ծանոթացել եմ նախորդ դարի հիսունականների վերջին։ 1957—ին Լենինականից տեղափոխվեցի Երեւան եւ բնակվում էի Թերլեմեզյան ուսումնարանին հարակից սեփական տներից մեկում, մի սենյակ էի վարձակալել։ Նրան հաճախ էի հանդիպում, շրջապատից առանձնանում էր խոհուն եւ կիրթ նկարագրով։ Երբ արդեն ուսանում էի Թերլեմեզյանում, Արշամ Շահինյանին հանդիպեցի արդեն որպես դասատուի։ Սովորում էի քանդակագործության բաժնում, որը ղեկավարում էր Ադիբեկ Գրիգորյանը՝ իմ առաջին ուսուցիչը։ Ադիբեկ Գրիգորյանը, Արշամ Շահինյանը, Թերեզա Միրզոյանը Թերլեմեզյան հաստատության առաջին սաներից էին, կարելի է ասել՝ Հայաստանի կերպարվեստի առաջին ուսումնական կենտրոնի հիմնադիրները։
Արշամ Շահինյանը քաջածանոթ էր հայ կյանքին, գրականությանը, մեր դասական գրողներին։ Առհասարակ ստեղծագործող անհատը որեւէ պատմական կամ մշակութային կերպար ստեղծելուց առաջ պետք է այն ուսումնասիրի բազմակողմանիորեն։ Թորոս Ռոսլինը Մատենադարանի առջեւի արձանաշարում, Վահան Տերյանը եւ Րաֆֆին համանուն դպրոցների առջեւ առաջնակարգ աշխատանքներ են։ Ի դեպ, նախորդ դարի 60—ականներին զարմանալի մի հալոցք էր սկսվել, արժեւորվում էին հայ երախտավորները ոչ միայն իրենց նշանակալից ներդրումով, այլեւ արձանի ու քանդակի տեսքով։ Երկար տարիների արգելանքից հետո, 1956—ին հրատարակվեց Րաֆֆու ակադեմիական տասնհատորյակը։ Կարելի է ասել՝ ողջ ժողովուրդն էր կլանված Րաֆֆի կարդում։ Եվ ահա պետական պատվերով արարվեց եւ տեղակայվեց Րաֆֆու կիսանդրին, գործը վստահվեց արդեն կայացած վարպետի անուն ունեցող Արշամ Շահինյանին։
Պատասխանելով Ձեր հարցին՝ անդրադառնամ նրա արվեստի առանձնահատկություններին։ 1952—ին հանրապետական ցուցահանդեսում ներկայացվեց «Կոլտնտեսուհին» կոմպոզիցիոն քանդակը. սա Շահինյանի երախայրիքն էր։ Քանդակն այժմ զարդարում է Երեւանի երկաթուղային կայարանի սպասասրահը։ Սա անսահման դաշտերի տիրակալուհու բանաստեղծական կերպար է, որում նկատելի է երիտասարդ աղջկա հարուստ ներաշխարհը։ Հեղինակին հաջողվել է պլաստիկական արտահայտչամիջոցներով բացահայտել իր հերոսին։ Նման գործեր տակավին երիտասարդ արվեստագետը շատ է ստեղծել, հիշենք թեկուզ «Մտորումներ» (1957), «Զարթոնք» (1963), «Հարդարանք» (1965) խորհրդանշական, միաֆիգուր քանդակները։
Նրան հոգեհարազատ էր մայրության թեման։ Ահա «Ամառ» երկֆիգուր գործը, որ մոր եւ մանկան անհոգ ու երջանիկ կերպարներ են, կոմպոզիցիան չնայած տարածքային է, սակայն ճիշտ է գտնված մոր եւ երեխայի ծավալային ու ներքին հոգեբանական կենդանի կապը։ Այստեղ հայ կնոջ եւ մոր կերպարը համակված է հավատով ու անդորրով։
Միջնադարյան հայ մշակույթի երեւելիների կերպարները վարպետի առանձնահատուկ հաջողված գործերից են (Ֆրիկ, Խորենացի, Ռոսլին)։ Ֆրիկը լարված է, ցասում կա նրա դինամիկ շարժման մեջ։ Ֆրիկին հակառակ, Խորենացին հառնում է մեր առջեւ հանդիսավոր զսպությամբ։ Զի գիտակցում է իր գործի վեհությունն ու կարեւորությունը։
Թորոս Ռոսլինը հնարավորություն է ընձեռում լիարժեք տեսակետ ձեւավորելու Ա. Շահինյանի մոնումենտալ—դեկորատիվ քանդակագործության մասին։ Նա գտել է այստեղ այնպիսի ծավալաձեւային ընդհանրացումներ, որոնք համահունչ են Մատենադարանի ճարտարապետական համույթին, միաժամանակ ծավալային լուծմամբ հակադրվում են փառահեղ շենքի ճակատային հարթությանը՝ ստեղծելով ակտիվ լուսաստվերային խաղ, նպաստելով արձանի ցայտունությանը ընդհանուր միջավայրում։
1968—ի մայիսի 25—ին մեծ հանդիսավորությամբ բացվեց Սարդարապատի հերոսամարտին ձոնված հուշարձանային համալիրը։ Մեր վարպետը հեղինակային մի խմբում էր, որը գլխավորում էր ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ Նրանք կարողացան կերտել ինքնատիպ մտահղացված մի համադրություն, որտեղ հավասար ներուժով եւ իրավունքով երեւութանում են ճարտարապետությունն ու քանդակագործությունը։ Նրանց հաջողվեց հայ քանդակագործության բազմադարյա ավանդույթների օգտագործմամբ ստեղծել գեղարվեստական բարձր արժանիքներով եւ հուզականությամբ հագեցած հոյակերտ հուշարձան—կոթող։
1974—ին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ հեռավոր Օրենբուրգ քաղաքում տեղադրվեց Վահան Տերյանի հուշարձանը։ Այստեղ Շահինյանը բացահայտել է նրբագեղ քնարերգուի կերպարի մյուս, ոչ այնքան ծանոթ կողմը. Տերյանը լուրջ պետական այր էր, կոմունիստական կուսակցության ռոմանտիզմի շրջանի փայլուն դեմքերից մեկը»։
Արշամ Շահինյանի անզուգական կերպարի բացահայտմանը նպաստում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղայանի հետեւյալ բնութագրումը. «Ա. Հարությունյանի, Ս. Մանասյանի եւ Ա. Շահինյանի ստեղծագործության մոնումենտալ—դեկորատիվ պոտենցիալն ամբողջ ուժով դրսեւորվեց Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրի քանդակակերտման ընթացքում։ Ծավալային—պլաստիկ ու տարածական կառուցիկ ձեւերն այստեղ համադրվել են՝ ստեղծելով գեղարվեստական—գաղափարական կուռ, միասնական կերպար, որը բացահայտվում է ժամանակային ու տարածական շատ որոշակի, տրամաբանված հերթագայությամբ։ Համալիր տանող լայն աստիճանները հաղթահարած այցելուներին մուտքի մոտ դիմավորում են կարմիր տուֆից քանդակված, խոշոր գլուխները խոնարհած թեւավոր ցուլերի վիթխարի ֆիգուրները, որոնք հստակորեն ուրվագծվում են երկնքի ֆոնին…
Ճարտարապետական եւ քանդակային, տարածական եւ ծավալային, մոնումենտալ եւ դեկորատիվ ձեւերի այդօրինակ համադրման տեսակետից Սարդարապատի հուշահամալիրն իրավամբ դիտվում է որպես նոր եւ նորագույն շրջանների հայ կերպարվեստում իր նախադեպը չունեցող ու ցայսօր չգերազանցված կոթող» («Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19—20—րդ դարերում»)։
Վերջերս Երեւանի Կիեւյան 24 շենքի պատին տեղադրվեց Արշամ Շահինյանի հուշաքարը։ Նա, ի թիվս հայ կերպարվեստի այլ նշանավորների (Գրիգոր խանջյան, Սուրեն Սաֆարյան, Մկրտիչ Սեդրակյան…), 1958—2004 թվականներին ապրել եւ արարել է մայրաքաղաքի այս եզակի կառույցում։ Հավերժ հիշատակ նրանց։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

15-11-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO