Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Հանրային շահը՝ գերակա

Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը։
Փաստաթղթի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները եւ նախարարների պաշտոնակատարները։ Սպարտակ Սեյրանյանը ներկայացրել է իր մտահոգությունները՝ կապված գալիք տարվա պետական բյուջեի տրամաբանության եւ մեթոդաբանության հետ։ Նա կարեւորել է աշխատանքի խրախուսմանն ուղղված կառավարության քաղաքականությունը՝ նշելով, որ այն պետք է լինի չափելի եւ համակարգված։
Ռուզաննա Առաքելյանը եւս անդրադարձել է աշխատանքի խրախուսման քաղաքականությանը՝ նշելով, որ մինչ որեւէ սկզբունքի ձեւավորումը պետք է պարզել, թե ինչպիսին է իրականությունը։ Ըստ նրա՝ այդ քաղաքականությունը կարող է խնդիրների բախվել մարզերում, քանի որ շատ համայնքներում գերակշռում են տարեցները։ Պատգամավորն այս համատեքստում անհրաժեշտ է համարել հայրենադարձությանն ուղղված հայեցակարգի մշակումն ու աշխատատեղերի ստեղծումը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու առաջիկա ծրագրերը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ունենալ մրցունակ, գիտելիքահեն եւ արդյունավետ գյուղատնտեսություն։ Նախարարի պաշտոնակատարը նշել է, ոլորտի որոշ ծրագրեր ուղղված են հանրապետության 40 տոկոս չօգտագործվող հողերի մշակմանն ու ոռոգման նոր համակարգերի ներդրմանը։ Իրականացվելու են միջոցառումներ, որոնք ուղղված են լինելու արտահանման խթանմանը, գյուղմթերքների վերամշակմանը, գինեգործության զարգացմանը եւ այլն։ Մարզերում ներդրվելու է հակակարկտային համակարգ, խրախուսվելու է անասնապահությունը։
Նա առանձնապես կարեւորել է ագրոտուրիզմի զարգացումը համայնքներում։
Վահե Էնֆիաջյանը կարեւորել է սոցիալական որոշ խոցելի խմբերի՝ ուսուցիչների, պետական ծառայողների, զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը, անդրադարձել Երեւանի Վարդաշեն համայնքի որոշ շենքերի անմխիթար վիճակին։ Պատգամավորն առաջարկել է կյանքի կոչել «Հին Երեւան» ծրագիրը Կոնդ թաղամասում։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը խոսել է ճանապարհաշինության աշխատանքներից, անդրադարձել Հյուսիս—հարավ ճանապարհի շինարարությանն ու դրա հետ կապված ծրագրերին։ Նա անհասկանալի է համարել ճանապարհի շինարարության դյուրին մասից սկսելն ու բարդ եւ դժվարանցանելի հատվածների անտեսումը։ Նշվել է, որ շարունակվելու են ինչպես այդ նախագծի, այնպես էլ համայնքային ճանապարհների բարելավմանն ուղղված աշխատանքները։ Կան նաեւ ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում բարելավվելու է տրանսպորտի վիճակը հանրապետությունում։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է քաղաքական վերջին իրողություններին եւ իշխանափոխության պատճառներին, նոր կառավարությունից բնակչության սպասումներին։ Խորհրդարանի փոխնախագահը քննադատել է գալիք տարվա բյուջեի նախագիծը՝ համեմատելով դրա որոշ ցուցանիշներ ընթացիկ տարվա ցուցանիշների հետ։ Ըստ նրա՝ ընթացիկ տարում տնտեսական աճը նախատեսված է 6,5 տոկոս, գալիք տարի՝ 4,9 տոկոս, գնաճը՝ 3,9 տոկոս։ Չկա ստվերային տնտեսության կրճատում, գումարների, ներդրումների ավելացում՝ ինչպես խոստացվել էր։ Ըստ նրա՝ նվազել են նաեւ արտահանման ծավալները։ Էդուարդ Շարմազանովն անբավարար է համարել հայագիտությանն ուղղված աշխատանքները, անդրադարձել հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հարցին։ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ բյուջեի այս նախագիծը չի արդարացնելու բնակչության սպասումները։
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է ոլորտում իրականացվելիք քաղաքականությունն ու սկզբունքները՝ նշելով, որ դրանք որոշակիորեն տարբերվում են նախորդներից։ Որպես օրինակ նշվել է, որ հանքարդյունաբերության ոլորտում իրականացվելու է կանխարգելող քաղաքականություն, այլ ոչ թե փոխհատուցման, ինչպես կատարվել է մինչ այժմ։ Փոփոխության նպատակը բնապահպանությունն ու շրջակա միջավայրի պաշտպանությունն է։ Նախատեսվում է պարզեցնել ջրօգտագործման թույլտվության հատկացման գործընթացը եւ այլն։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն անդրադարձել է տնտեսությանը, հարց հնչեցրել, թե երբ է ոլորտը ձերբազատվելու առկա խնդիրներից։ Միքայել Մելքումյանը խոսել է գազասպասարկման ոլորտում նախորդ տարի կատարված քայլերից՝ նշելով, որ դրանք արդյունք չեն տվել, քանի որ չեն կատարվել որոշ անհրաժեշտ աշխատանքներ։ Նա պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է 2017 թվականի հունվարին ջերմոցային տնտեսությունների համար գազի գնի իջեցմանը։ Պատգամավորն առաջարկներ է ներկայացրել՝ կապված փոքր բիզնեսի զարգացման հետ։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ անհամաձայնություն հայտնել, թե գալիք տարում Հայաստանի բնակչությունն ապրելու է ավելի վատ, քան այս տարի։ Նա իրազեկել է, որ նախարարության քաղաքականությունն առաջիկա տարիներին ուղղված է լինելու բնակչության կենսամակարդակի զարգացմանը։
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նույնպես անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին՝ նշելով, որ կրթությունը մեր երկրում պետք է լինի ներառական եւ արդար, որակյալ եւ հասանելի բոլորին։ Նա ընդգծել է, որ անցած վեց ամիսների ընթացքում իրենց հաջողվել է ապաքաղաքականացնել կրթության ոլորտը եւ լուրջ հաջողություններ արձանագրել։ Նախարարի պաշտոնակատարը խոսել է իրականացվելիք փոփոխություններից, որոնցից, օրինակ, ուսուցիչների վերապատրաստումն է՝ նպատակով, որպեսզի ապահովվի ժամերը կրճատվող ուսուցչի զբաղվածությունը։ Նա անդրադարձել է նաեւ ծախսերի օպտիմալացման գործընթացին, հայագիտությանն ուղղված գումարների փոշիացմանը, որոշ առարկաների դասավանդումը վերանայելու անհրաժեշտությանը։ Նշվել է, որ ուսուցիչների աշխատավարձը կարող է գալիք տարի բարձրանալ «Ուսուցիչ» ծրագրի շրջանակում՝ վերապատրաստման արդյունքում։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր խոսքում ինքնանպատակ համարելով դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը՝ նշել է, որ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ բյուջեի նախագիծը ներկայացնում է մի կառավարություն, որտեղ բոլոր անդամները պաշտոնակատար են, եւ այն պետք է հաստատի իրավաբանորեն արձակված խորհրդարանը։
Բանախոսի գնահատմամբ՝ բյուջեն պետք է որակել ոչ թե իներցիոն, այլ փոխանցիկ։ Նա նշել է, որ ՀՅԴ—ն կողմ է քվեարկելու 2019 թվականի բյուջեի նախագծին՝ հուսով, որ հաջորդ խորհրդարանը եւ կառավարությունը կվերահսկեն եւ կիրականացնեն փաստաթղթում ամրագրվածը։
Ներկայացնելով «Ծառուկյան» խմբակցության տեսակետը՝ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշել է, որ աշխատանքի արտադրողականության ցուցանիշը պետք է գերիշխի, եւ բոլոր միջոցներով պետք է աշխատանքի արտադրողականության ցուցանիշում բեկումնային փոփոխություն գրանցել։ Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին՝ Միքայել Մելքումյանը նշել է, որ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալն ընդունել են, որ կան ռեզերվներ ե՛ւ շահութաբերության, ե՛ւ կորուստների իջեցման առումով։ Նա իրատեսական է համարել էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հարցը։ Փոխնախագահն անդրադարձել է նաեւ լեռնահանքային արդյունաբերության հետ կապված պղնձաձուլական ծծմբաթթվի կլանման խնդրին, բարձրակարգ կրթական ծառայությունների ապահովմանը։ Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին։
Անիմաստ համարելով շուտափույթ ընտրությունների անցկացումը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ բյուջեի նախագծում արտացոլված չեն ապրիլ—մայիս ամիսիներին ներկայիս կառավարության խոստումները։
ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձել է երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը, հարկաբյուջետային քաղաքականության իրականացման մոտեցումներին, արտաբյուջետային ֆոնդերի պահպանման նպատակահարմարությանը, հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող քաղաքականությանը։ Նա նշել է, որ 2019 թվականի պետական բյուջեի նախագծում որեւէ թիրախային ցուցանիշ ստվերի կրճատման ուղղությամբ ամրագրված չէ։ Խմբակցությունը կողմ է քվեարկելու 2019 թվականի ՀՀ բյուջեի նախագծին։
Եզրափակիչ ելույթում ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է «իներցիոն», «շարունակական» բյուջե որակումներին։ Արդյունավետ համարելով նախագծի շուրջ ծավալված քննարկումները՝ բանախոսն ընդգծել է, որ բարձրացված հարցերում նկատելի է հանրային շահի նկատմամբ մտահոգությունը։
Բյուջեի նախագծի քննարկումն ավարտվել է, հայտարարվել է նախագծի քննարկման ընդմիջում առնվազն 4 օրով, իսկ պատգամավորները եւ խմբակցությունները կարող են իրենց առաջարկությունները ներկայացնել 24 ժամվա ընթացքում։
Կառավարության հեղինակած «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը ներկայացրել է հիմնական զեկուցող, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։ Ըստ բանախոսի՝ նախագծի մշակումը պայմանավորված է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ձեւավորման՝ նախատեսված ժամկետի վերանայման անհրաժեշտությամբ։ Նշվել է, որ կառավարությունը որդեգրել է նոր քաղաքականություն՝ վերահսկողական անկախ եւ թափանցիկ մարմինների ստեղծումը կառավարության ենթակայությամբ՝ քաղաքականության մշակման եւ վերահսկողության իրականացման գործառույթների տարանջատմամբ։
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը նշել է, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է հանձնաժողովում՝ ստանալով դրական եզրակացություն։
Պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշել է, որ շատ դեպքերում տեսչական մարմինների գործունեությունը դիտվում է որպես պատժիչ գործիք։ Նա հույս է հայտնել, որ առաջիկա խորհրդարանը, կառավարությունը կանդրադառնան հարցին՝ տալով արմատական, համակարգված լուծում։
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ինչպես նաեւ կից ներկայացված նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ներկայացրել է հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանը։ Ըստ բանախոսի՝ Հայաստանի՝ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) թեկնածության հայտը հաստատվել է 2017 թվականի մարտի 9—ին Բոգոտայում կայացած կառույցի խորհրդի նիստում։ Որոշման մեջ սահմանվել են ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման վերջնաժամկետները, որոնցից մեկը վերաբերում էր հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտման համար իրականացվող քայլերի ճանապարհային քարտեզի հաստատմանը։ Անհրաժեշտություն է առաջացել իրական սեփականատերերի ինստիտուտին առնչվող հասկացությունները եւ իրական սեփականատերերի գրանցման կարգը սահմանել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում, իսկ ՀՀ ընդերքի օրենսգրքում սահմանել դրույթներ՝ իրական սեփականատերերին բացահայտելու պարտականության եւ համապատասխանաբար՝ չբացահայտելու դեպքում պատասխանատվության կիրառման վերաբերյալ։
Փոխնախարարն անդրադարձել է պատգամավորների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերել են մետաղական հանքավայրերի հետ կապված իրական սեփականատերերին բացահայտելուն, բացահայտման մեխանիզմներին, չափորոշիչներին։
Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշել է, որ հանձնաժողովում նախագծի շուրջ լուրջ քննարկում է ծավալվել եւ տրվել է դրական եզրակացություն։
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշել է, որ գաղտնիությունը հանքարդյունաբերության մեջ իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում։ Նա ներկայացրել է սեփականատերերի բացահայտման իր տեսլականը։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի խոսքով՝ անհրաժեշտ է մշակել հարցի լուծման ճիշտ քաղաքականություն։
Վարդան Գեւորգյանը նշել է, որ պատրաստ են քննարկել խորհրդարանի կողմից ներկայացված առաջարկությունները։ Խոսելով պոչամբարների խնդրի մասին, փոխնախարարը նշել է, որ ոլորտը լուրջ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի։
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Սամվել Ֆարմանյանի եւ Միհրան Պողոսյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը։ Ըստ հիմնական զեկուցող Սամվել Ֆարմանյանի՝ առաջարկվում է արգելել վիճակախաղերն ու շահումով խաղերը։ Քրեական պատասխանատվություն է նախատեսվում երկրում ընդհատակյա վիճակախաղ, ինչպես նաեւ ինտերնետ տիրույթում նման ապօրինի գործունեություն կազմակերպելու կամ դրան մասնակցելու համար։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2019 թ. ապրիլի 1—ից, ինչը, ըստ զեկուցողի, ողջամիտ ժամկետ է կառավարության եւ ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունների համար՝ առանձնացնելու համացանցում նման գործունեություն իրականացնող ընկերությունների կայքէջերը։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի տեղեկացմամբ՝ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախաձեռնությանը։ Հարակից զեկուցողի կարծիքով՝ գաղափարը լավն է, սակայն նման գործունեությունն արգելելը լավագույն լուծումը չէ։ Ըստ փոխնախարարի՝ փաթեթում առկա են հստակեցման եւ պարզաբանման կարիք ունեցող արտահայտություններ։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշել է, որ փաթեթը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն։ Ըստ բանախոսի՝ նախաձեռնությունն ընդունելի է, սակայն ինքը մտավախություն ունի, որ որոշ կարգավորումներ կարող են հանգեցնել ոլորտում ստվերային տնտեսության ձեւավորմանը։
Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները։
Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ համահեղինակի փաստարկները համոզիչ են, սակայն ինքը չի հավատում, որ ՀՀԿ—ն երբեւէ որեւէ լավ ու արդարամիտ նախագիծ կներկայացնի խորհրդարան։ Պատգամավորի կարծիքով՝ հարցը պետք է քննարկի գալիք խորհրդարանը։
Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ կան նման խաղերի նկատմամբ նախասիրություն ունեցող բազմաթիվ երիտասարդներ, սակայն հնարավոր չէ ինտերնետ տիրույթում ամբողջովին փակել կամ վերահսկել դաշտը։ Պատգամավորը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց՝ որքան աշխատատեղ կկրճատվի փոփոխություններից հետո։ Բանախոսը կարծում է, որ նախաձեռնությունը խոր ուսումնասիրության կարիք ունի։
Ալեն Սիմոնյանը միակարծիք է այն պնդումներին, որ ոլորտում անհրաժեշտ են կարգավորումներ, սակայն մեր ժամանակաշրջանում անհնար է փակել բոլոր նման կայքերը։ Պատգամավորն առաջարկել է հեղինակներին միանալ խորհրդարանական 3 խմբակցությունների կողմից շրջանառության մեջ դրված նմանատիպ օրենսդրական նախաձեռնությանը՝ այդպիսով փորձելով լուծում տալ ոլորտում առկա խնդիրներին։
Լուիզա Սարգսյանը համաձայն է, որ վիճակախաղերն ու շահումով խաղերը վտանգավոր են հասարակության համար, սակայն հնարավոր չէ պայքարել դրանց դեմ։ Պատգամավորը հարցի լուծումը տեսնում է երկրի սոցիալ—տնտեսական վիճակի բարելավման միջոցով։
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն առաջարկել է հեղինակներին քվեարկությունից առաջ հանել նախաձեռնությունը, քանի որ այն խորհրդարանում չունի քաղաքական աջակցություն։
Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին։

15-11-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO