Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից

Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում պահվող փաստաթղթերը

Վարշավայի պատմական ակտերի կենտրոնական արխիվի տնօրեն Հուբերտ Վայսը երեկ Հայաստանի ազգային արխիվին հանձնեց իրենց մոտ պահվող 10 անուն ձեռագիր արխիվային փաստաթուղթ։ Հայերեն, լեհերեն եւ լատիներեն փաստաթղթերն առնչվում են լեհահայ համայնքին, հայ—լեհական պատմական հարաբերություններին։ Դրանք են՝ Լեհաստանի թագավոր Կազիմիրի՝ հայ եպիսկոպոս Գրիգորին տված Լվովում հաստատվելու, իր հավատը դավանելու եւ Լեհաստանում ապրող հայերին իրավաբանական ծառայություններ մատուցելու մասին թույլտվությունը (1367թ., լատիներեն), հայազգի պատրիարք Մովսեսի խնդրագիրը Վլադիսլավ V թագավորին՝ Լեհաստանի հայերին պաշտպանելու մասին (1632թ., հայերեն), լեհ թագավոր Յան 3—րդի հրովարտակը՝ Բերնարդ Կրիստոֆ Բերնատովիչին Սուխե Կոմնատի խորհրդանիշը եւ Բերնացկի ազգանունը շնորհելու մասին (1676թ., լատիներեն), Լվովի հայազգի եպիսկոպոս Նիկոլայ Թորոսովիչի կրոնական հարցերով նամակը թագադիր փոխնախագահ Թոմաս Զամոսկուն (1632թ., լեհերեն) եւ այլ փաստաթղթեր։ Նշենք, որ փաստաթղթերի փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարվա հունիսին Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի Վարշավա գործուղման ժամանակ։
Ամատունի Վիրաբյանը նկատեց, որ առաջին անգամ են Լեհաստանից ստանում հայ ժողովրդի պատմությանը վերաբերող արխիվային փաստաթղթերի պատճեններ։ «Հարյուրամյակների ընթացքում Լեհաստանում գործել է հայկական համայնք, որը մեծ դեր է ունեցել երկրի մշակութային, տնտեսական կյանքում։ Ցավոք, շատ փաստաթղթեր չեն պահպանվել, քանի որ մեծ մասը ոչնչացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լեհաստանի պատմության շատ այլ փաստաթղթերի հետ միասին։ Սակայն այն, ինչ պահպանվել է, մեր երկու ժողովուրդների մշտական հարստությունն է»,–ասաց ազգային արխիվի տնօրենը՝ նշելով, որ սրանով սկիզբ դրվեց Հայաստանի եւ Լեհաստանի արխիվների միջեւ հարաբերություններին։ Արդեն «ՀՀ»—ի հետ զրույցում Վիրաբյանը տեղեկացրեց, որ լեհական կողմի հետ պայմանավորվել են հաջորդ տարի ցուցահանդես կազմակերպել Երեւանում, որի ժամանակ կներկայացվեն ազգային արխիվում պահվող փաստաթղթերը սկսած միջին դարերից։ «Հետաքրքիրն այն է, որ մեր կաթողիկոսական ամենահին կոնդակը վերաբերում է 18—րդ դարի վերջերին, իսկ Լեհաստանի արխիվներում պահպանվել են 15—16—րդ դարերի կաթողիկոսական կոնդակներ, Փիլիպոս Աղբակեցու կոնդակը մեզ մոտ չկար, այն Լեհաստանի արխիվում պահվում է որպես թանկարժեք փաստաթուղթ։ Մեզ մոտ Լեհաստանին եւ հայ—լեհական հարաբերություններին առնչվող բավականին շատ փաստաթղթեր են պահվում»,–ասաց նա։
Հուբերտ Վայսը նախքան փաստաթղթերը հանձնելը ներկայացրեց դրանց բովանդակությունը։ Առաջին ամենահին փաստաթուղթը թվագրվում է 1367 թ. փետրվարի 4—ով։ Այն գրված է լատիներենով՝ կնքված թագավորական կնիքով։ Փաստաթուղթը տրված է Լեհաստանի թագավոր Կազիմիրի կողմից, որով եպիսկոպոս Գրիգորին արտոնում էր հաստատվել Լվովում, ունենալ իր նստավայրը եւ հայ համայնքի նկատմամբ իրականացնել հոգեւոր եւ իրավական իշխանություն։ Ի դեպ, անցած տարի հենց այս փաստաթուղթը հաշվի առնելով՝ Լեհաստանի թագավորական պալատում նշվել է Լեհական թագավորությունում հայերի ներկայության 650—ամյակը, որին մասնակցել են Լեհաստանի նախագահն ու ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը։ «Այն, որ փաստաթուղթը տրված է 1367 թվականի փետրվարին, վկայում է, որ հայերը հաստատվել են Լվովում դրանից դեռ շատ առաջ։ Փաստաթուղթը կարեւոր է ոչ միայն նրանով, որ հայերն իրավունք են ստացել մնալ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, այլեւ ստեղծել են ինքնավարություն՝ հնարավորություն ունենալով ընդարձակել իրենց իրավունքները լեհական թագավորությունում»,–նշեց Հ. Վայսը։
Հաջորդը 16—րդ դարի փաստաթուղթ է, այն տրվել է Լեհաստանի թագավորի կողմից հայ առեւտրական Նիկոլային։ Յագելոնյան դինաստիայի օրոք շատ կարեւոր են եղել լեհ—թուրքական հարաբերությունները, մասնավորապես տնտեսական կապերը, եւ Նիկոլայը, ով թուրքերենի թարգմանիչ էր Լեհաստանի թագավորի համար, նաեւ հանդես է եկել որպես դեսպան։ Այդ տեսանկյունից շատ հայտնի պատմական կերպար է նույնպես առեւտրական Սեֆեր Մուրատովիչը, ով Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ 3—րդի անձնական մատակարարն էր։ 1601թ. Սիգիզմունդ Երրորդը Սեֆեր Մուրատովիչին ուղարկում է Պարսկաստան առեւտրական առաքելությամբ, այն է՝ պարսկական գորգեր գնելու նպատակով։ Հայ վաճառականը, գործի դնելով Պարսկաստանում իր հայրենակիցների շրջանում ունեցած անձնական կապերը, կարողանում է կապ հաստատել Շահ Աբասի վեզիրի հետ եւ բարձր ընդունելություն է ստանում նրա մոտ։ Վերադառնալուց Մուրատովիչը լեհերենով գրում է իր հուշերը, որոնք պահպանվել են 17—րդ դարի աղբյուրներից մեկում եւ բազմիցս օգտագործվել մասնագետների կողմից։ «Հուշերը ներկայացնում են Մուրատովիչի հարաբերությունները եւ զրույցները Շահ Աբասի հետ եւ հատկապես այն հանգամանքը, որ Պարսկաստանի շահը չէր թաքցնում իր հիացմունքը, ինչը պայմանավորված էր նրանով, որ դեսպանն իր հետ խոսում է պարսկերեն, իր մայրենի լեզվով։ Փաստորեն, Մուրատովիչի գրառումներն այս բնույթի առաջին աղբյուրն են, եւ նա հիմք դրեց հուշագրությունների ժանրին»,–մանրամասնեց Վայսը։
Հաջորդ փաստաթղթերը վերաբերում են 17—րդ դարի այն ժամանակահատվածին, երբ Լեհաստանի հայ համայնքը դարձավ կաթոլիկ։ Այս իրադարձություններում գլխավոր դերը պատկանում է եպիսկոպոս Նիկողայոս Թորոսովիչին։ Վայսի խոսքով, եպիսկոպոսը շատ հակասական եւ կոնֆլիկտային կերպար էր։ 1627—ին նա նշանակվում է լեհահայ թեմի առաջնորդ, ինչը մեծ տարաձայնությունների տեղիք է տալիս, քանի որ շատ երիտասարդ էր, ընդամենը 23 տարեկան եւ իր բարոյական կերպարով եւս չէր համապատասխանում այդ բարձր հոգեւոր կոչմանը։ Երկու տարի անց գաղտնի, իսկ 1630—ին արդեն բացահայտ ձեւով հայտարարում է կաթոլիկ եկեղեցուն միանալու մասին։ Թորոսովիչն այս կերպ հույս ուներ ստանալ թագավորական աջակցությունը։ Այս հարաբերություններում մեծ դեր էին խաղում նաեւ կաթողիկոս Փիլիպոս Աղբակեցին եւ Լեհաստանի թագավոր Վլադիսլավ 4—րդը։ Նրանք փորձում էին հնարավորինս մեղմել սուր բնույթ ստացած կոնֆլիկտը, եւ հաջորդ փաստաթուղթը Փիլիպոս Աղբակեցու կողմից գրված Հավատո հանգանակն է։
Լեհական թագավորությունում հայերը ոչ միայն առեւտրականներ, քաղաքական գործիչներ եւ դեսպաններ են եղել, այլեւ զինվորականներ։ Այս տեսանկյունից կարեւորվում է հաջորդ փաստաթուղթը, որը տրված է 1676 թվականին Յան 3—րդ Սոբեսկու կողմից հայազգի Բերնարդ Կրիստոֆ Բերնատովիչին՝ ազնվական տիտղոսը շնորհելու մասին։
Ավարտելով իր ելույթը՝ Հուբերտ Վայսը շնորհակալություն հայտնեց հայ գործընկերոջը, որ հնարավորություն ունեցավ այցելելու ցեղասպանության թանգարան։ «Շատ տպավորված ու ցնցված եմ։ Չնայած պատմությունից տեղյակ էի այդ իրադարձություններին, սակայն բոլորովին այլ զգացում է անձամբ տեսնել այդ ամենի վկայությունները։ Առաջին համաշխարհային պատերազմը կարեւոր ժամանակաշրջան է Լեհաստանի պատմության համար, քանի որ պատերազմի ավարտից հետո՝ 1918—ին Լեհաստանն անկախացավ։ Հայերի համար Առաջին աշխարհամարտը առավել ծանր ժամանակաշրջան էր, քանի որ 1915—ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը»,–շեշտեց նա։
ՀՀ—ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը ողջունեց երկու երկրների արխիվների միջեւ համագործակցության հաստատումը՝ վստահեցնելով, որ Լեհաստանում հայերին շատ են սիրում։ «Ընդամենը ութ ամիս առաջ եմ եկել Հայաստան, բայց այս ընթացքում այնքան շատ իրադարձություններ են տեղի ունեցել։ Հավատում եմ, որ հաջորդ տարիները շատ կարեւոր են լինելու հայ—լեհական հարաբերությունների համար»,–ասաց դեսպանը։ Որպես պատմաբան նա խոստացավ, որ ապագայում լեհերենով լույս կտեսնի Հայաստանի պատմության վերաբերյալ նորագույն աշխատություն։
Լեհաստանում ՀՀ—ի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը կարեւորեց այն, որ այդ փաստաթղթերի հանձնումը Հայաստանի ազգային արխիվին հնարավորություն կտա մեր պատմաբաններին եւ ուսումնասիրողներին արժեքավոր տեղեկություններ ստանալու լեհահայ համայնքի եւ մեր ժողովրդի պատմության այդ շրջանի մասին։ «Պատմության ընթացքում հայերի դերակատարությունը Լեհաստանում բավականին մեծ է եղել, եւ հայերը մշտապես արժանացել են արտոնությունների։ Այս փաստաթղթերից յուրաքանչյուրի արժեքն այն է, որ այդ ամենը ներկայանում է փաստաթղթավորված»,–նկատեց Է. Ղազարյանը։
Փաստաթղթերի հանձնման արարողությանը հաջորդեց Հայաստանի ազգային արխիվում պահվող հայ—լեհական առնչություններին վերաբերող արխիվային փաստաթղթերի ցուցադրությունը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

16-11-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO