Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Մկրատենք անտարբերությունը, որ չմտրակվենք

Բնապահպանական ինչ խոստումներ են տալիս քաղաքական ուժերը

Մենք ասում ենք բնապահպանություն ու Սեւանից մեծածավալ ջուր ենք բաց թողնում ոռոգման համար՝ ջրային տնտեսությունը ճիշտ կառավարելու փոխարեն։ Մենք ասում ենք բնապահպանություն ու Սեւանում ձուկ չենք թողնում՝ կենսաբազմազանության հարցերն ընդհանրապես անտեսելով։ Ասում ենք բնապահպանություն ու ձկնաբուծարանների համար խորքային հորերի մակարդակն այնքան ենք իջեցնում, որ բնական հավասարակշռությունն է խախտվում։ Ասում ենք բնապահպանություն ու մաքրման կայանների խնդրի լուծումն ենք անտեսում։ Ամեն տարի ծառեր ենք տնկում՝ հետո մոռանալով նույնիսկ ջրել դրանք։
Սպառողի հոգեբանությունը մեզ թույլ չի տալիս հասկանալ, որ բնությունը օգտագործելու համար է, ոչ թե շահագործելու։ Այն է՝ բնության բարիքները հարկ է խելամտորեն՝ առանց շռայլելու, օգտավետ ձեւով օգտագործել՝ սերունդների մասին չմոռանալով, ոչ թե անխնա սպառել՝ ակամա սպասելով բնության կողմից արժանի պատժի։ Բնապահպանությունը զարգացած երկրներում նաեւ շահույթ ստանալու եւ զուգահեռաբար աշխատատեղեր ստեղծելու լավ առիթ է։ Ասենք՝ տեղական բյուջեից վճարում են մարդկանց՝ բնական անտառների ծառերը խնամելու, էտելու, ներկելու համար։ Կամ՝ դա պարտավորեցնում են անել անտառի վարձակալներին. վերջիններս ոչ միայն պետք է փայտ ստանան, այլեւ՝ մեկ կտրված ծառի փոխարեն տնկեն մի քանիսը, ապահովեն անտառի բնական վերարտադրությունը եւն։ Այլ կերպ՝ շահույթ ստանալու համար նախ պետք է խնամել տարածքը։ Այլապես՝ տույժերի տակից ամբողջ կյանքում դուրս գալ չեն կարող (այսպես է, օրինակ, Շվեդիայում, որտեղ պետությունը բնապահպանության գործերը առանձնահատուկ խստությամբ կարգավորում է հատուկ գործակալության միջոցով)։ Էլ չենք խոսում տնտեսական ծրագրերի մասին, որոնց բնապահպանական բաղադրիչը պետք է անթերի լինի։ Ոչ մի ՀԷԿ չի կառուցվի, եթե այն կարող է վնասել ջրի բնական հոսքին, ջրում ապրող բուսական ու կենդանական աշխարհին (այսպես է Նորվեգիայում)։ Զարգացած շատ երկրներում (հատկապես՝ եվրոպական) միանշանակ է՝ առանց արդյունավետ բնապահպանության արդյունավետ տնտեսություն վարել հնարավոր չէ։
Թե ինչպես է Հայաստանում, կյանքն ամեն օր ցույց է տալիս։ Ուստի, նախընտրական այս շրջանում մեզ չէր կարող չհետաքրքրել, թե հաջորդ խորհրդարանում հայտնվել ցանկացող քաղաքական ուժերից ով ինչպես է վերաբերվում բնապահպանական ոլորտին։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այս նախընտրական ծրագրում բնապահպանության հետ կապված ոչինչ չի ներառել (ընդհանրապես ՀՀԿ—ը շեշտը դրել է ազգային անվտանգության հարցերի վրա,—Ա.Մ.)։
«Քաղաքացու որոշում» սոցիալ—դեմոկրատական կուսակցությունը վստահեցնում է, որ բնության պահպանությունը իր գերակա առաջնահերթությունն է. «Բոլոր որոշումներում եւ դրանից բխող քաղաքականությունների մշակման ժամանակ մենք այն միշտ հաշվի ենք առնելու։ Մենք ընդունում ենք այն սկզբունքը, որ շրջակա միջավայրը, բնությունը եւ նրա մաս կազմող բոլոր կենսաբանական օրգանիզմները, արարածներն ու տարրերը մեր մշտական հոգածության եւ պաշտպանության կարիքն ունեն։ Բնության մեջ ոչ մի տեսակ գերակա չէ մյուս տեսակների հանդեպ։ Մարդը եւ մյուս բոլոր կենսաբանական օրգանիզմներն ու բնության տարրերը պետք է ապրեն ներդաշնակության, փոխօգնության եւ հավասարաչափ փոխազդեցության սկզբունքներով»։ ՔՈ ՍԴԿ—ն բնությանը եւ բնական պաշարներին վերաբերող հարցերում ելնում է այն հանրաճանաչ կանխավարկածից, որ շրջակա միջավայրը «մենք ո՛չ թե նվեր ենք ստացել մեր ծնողներից, այլ պարտքով վերցրել ենք մեր զավակներից»։ Ուստի բնական պաշարների օգտահանման, բնօգտագործման հարցերում հարկավոր է առաջնորդվել գալիք սերունդներին պատկանող սեփականությունը չյուրացնելու, դրա օգտահանումից նրանց համար ապագայի լավ պայմաններ ստեղծելու սկզբունքներով։
ՔՈ—ն դեմ է մետաղական նոր հանքերի շահագործմանը, իսկ հանքարդյունաբերական արդեն իսկ գործող համալիրի դեպքում առաջարկում է հարկային արտոնություններ տալ հին տեխնոլոգիաները նոր՝ առավել կանաչ տեխնոլոգիաներով փոխարինող ընկերություններին։ Քաղաքական այս ուժը կարծում է, որ երկարաժամկետ կտրվածքով արդեն իսկ գործող մետաղական հանքերը նույնպես պետք է փակվեն։ Իրենք մշակելու են քաղաքականություններ, որ ժամանակի ընթացքում չեզոքացնեն դրանց փակման բացասական տնտեսական ազդեցությունը տեղական համայնքների եւ ընդհանուր տնտեսության վրա, որից հետո վերջնական փակվելու են բոլոր մետաղական հանքերը։
Բնապահպանական առումով ՔՈ—ն կարեւորում է հետեւյալ քայլերը. բացառել նոր մետաղական հանքավայրերի շահագործման թույլտվությունների տրամադրումը, փուլ առ փուլ բարձրացնել բնօգտագործման վճարները, ռեկուլտիվացիոն դրամագլխի վճարները, արտանետման վճարները։ Նաեւ՝ կոշտ եւ համարժեք քաղաքականություն վարել միջավայրի աղտոտման հարցում, վարել Արարատյան արտեզյան ավազանի վերականգնողական կոշտ քաղաքականություն, տնտեսավարողների հետ համագործակցելով՝ առնվազն 65 տոկոսով կրճատել ձկնաբուծական նպատակով օգտագործվող խորքային հորերի ջրերի ծախսը։ Այս ամենին հավելած՝ Սեւանա լճի կառավարման պլանը համապատասխանեցնել էկոլոգիական չափանիշներին՝ լճի էկոլոգիական վիճակը ունենալով որպես թիվ 1 առաջնահերթություն։
Այս կուսակցությունը խոսում է նաեւ անտառային մոնիթորինգի համակարգը զարգացնելու մասին։ Ասում է՝ բնության հատուկ պահպանվող տարածքների հիման վրա պետք է ստեղծել կենսոլորտային պահպանավայրեր, որոնք արդի աշխարհում զբոսաշրջային կարեւոր այցեքարտ են եւ հնարավորություն կտան շրջակա տարածքի բնակիչներին տնտեսական առավել մեծ օգուտ ստանալու բնությունը պահպանելուց, քան ստանում են գերշահագործումից։
«Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը վստահ է, որ պետության քաղաքականությունը պետք է միտված լինի բնական պաշարների գերշահագործումը բացառելուն, շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի եւ առողջության վրա բացասական ազդեցությունը նվազեցնելուն, բնական ռեսուրսների համալիր կառավարմանը եւ դրանից ստացվող եկամուտների արդար բաշխմանը հասարակության բոլոր անդամների միջեւ։
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի՝ բնապահպանության ոլորտում տեսլականը, ըստ այս ուժի, հիմնվում է շրջակա միջավայրի համալիր պահպանման, վերականգնման, բարելավման եւ ողջամիտ օգտագործման սկզբունքների վրա։ Դաշինքը խոստանում է ներդնել այնպիսի ժամանակակից գործիքներ, որոնք կբացառեն բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի կհասցվի շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա բացասական ազդեցությունը։ Այդ նպատակին հասնելու համար ապահովելու են ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի մոտարկումը Եվրոպական միության դիրեկտիվներին։ Իրականացնելու են շրջակա միջավայրի պաշտպանության հետեւյալ թիրախային ծրագրերը. 1. բնապահպանական եւ բնօգտագործման վճարներն ուղղելու են շրջակա միջավայրի պաշտպանության նորարարական այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսիք են ազդակիր համայնքում սոցիալ—տնտեսական նշանակության ծրագրերը՝ հատկապես կարեւորելով ազդակիր եւ հարակից համայնքներում աշխատատեղերի ավելացումը։ 2. Իրականացնելու են «պարտքը բնապահպանության դիմաց» համակարգի գործարկում, ինչի արդյունքում այն գումարների մի մասը, որը պետք է ծառայեր արտաքին պարտքի սպասարկմանը, ուղղվելու է բնապահպանական ծրագրերի՝ կենդանական, բուսական աշխարհի կամ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը եւ վերականգնմանը։ 3. Մշակելու են հանրապետությունում աղբի կառավարման համալիր ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր, ինչի արդյունքում մասնավոր հատվածի հետ համատեղ գործարկելու են առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ թափոնների վերամշակման ծրագրեր։ 4. Ջրային ռեսուրսների պահպանումը, արդյունավետ օգտագործումը եւ որակի բարձրացումը դարձնելու են իրենց գերակայություններից մեկը։ Կառավարությունն իր գլխավոր խնդիրներից է հռչակելու ջրային ռեսուրսների կառավարման գերարդյունավետ համակարգի ներդրումը։ Հայաստանը աշխարհի երկրների շարքում այսուհետ ընկալվելու է որպես ջրի երկիր, ջուրը դառնալու է Հայաստանի այցեքարտը միջազգային ասպարեզում։ 5. Սեւանա լճի մակարդակի պահպանումը, աղտոտվածության նվազեցումը եւ ապա բարձրացումը գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում, ինչը նրա հարատեւության եւ կենսաբազմազանության ապահովման գրավականն է։ 6. Ընդերքօգտագործման ոլորտում առաջնորդվելու են բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման, ոլորտում թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման, ընդերքօգտագործումից առավելագույն ավելացված արժեքի ստացման եւ կայուն զարգացման սկզբունքներով, այդ թվում՝ շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնելու եւ գալիք սերունդների շահերի պաշտպանության միջոցով։ 7. Մշակելու են հանքարդյունաբերության՝ օրենսդրական դաշտի, ոլորտում արձանագրված խնդիրների, միջազգային լավագույն ստանդարտների վերլուծության վրա հիմնված ռազմավարություն, որի արդյունքում դրվելու են ոլորտի զարգացման ռազմավարական հիմքերն ու սկզբունքները, ինչպես նաեւ մշակելու են վերջիններից բխող օրենսդրական բարեփոխումներ։ 8. Ներդնելու են շրջակա միջավայրի միասնական մոնիթորինգի եւ վերահսկողության, թույլտվությունների, լիցենզիաների միասնական համակարգեր։ Քայլեր են ձեռնարկելու բնական ռեսուրսների արդյունահանման ծավալների եւ հանքահումքային հենքի վերարտադրության տեմպերի միջեւ դիսբալանսի վերացման համար։ 9. Ապահովելու են հանքարդյունաբերական թափոնների կառավարման եւ շահագործված հանքերի փակման/ ռեկուլտիվացիայի ժամանակակից մեխանիզմների կիրառումը։ 10. Նվազեցնելու են խտանյութի եւ չվերամշակված հումքի արտահանումը՝ այն փոխարինելով վերամշակված հանքանյութի արտահանմամբ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երկրի երկարաժամկետ կայուն զարգացման կարեւոր նախապայման ու երաշխիք է համարում շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների պահպանությունը, բարելավումը, վերականգնումն ու ողջամիտ օգտագործումը։ ԼՀԿ—ն անհրաժեշտ է համարում բացառելու բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի հասցնելու շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի եւ առողջության վրա բացասական ազդեցությունները, ապահովելու շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը կամ նվազեցումը, բնական ռեսուրսների համալիր կառավարումը եւ դրանց նկատմամբ վերահսկողությունը։ Կարեւորում է էկոլոգիական կրթության եւ դաստիարակության զարգացումը, մթնոլորտային օդի պահպանությունը, կենսաբազմազանության պահպանությունը, անտառների ապօրինի հատումների կանխումը, թափոնների կառավարումը, շրջակա միջավայրի պահպանության նորարարական տնտեսական եւ ֆինանսական մեխանիզմների ներդրումը։
«Քրիստոնեա—ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանը դառնալու է արդյունաբերական բարձր զարգացած պետություն, համոզված է, որ անհրաժեշտաբար եւ տրամաբանորեն առաջնային կարեւորության նշանակություն է ձեռք բերում բնապահպանական խնդիրը։ Ըստ այդմ, առողջ բնական միջավայրի, բնության պահպանությունը, մարդու եւ բնության ներդաշնակ կյանքի, մի խոսքով՝ էկոհամակարգի ապահովումը ստանում է կենսական նշանակություն, եւ անհրաժեշտ է, որ այն գտնվի պետության բարձր հոգածության ու պաշտպանության կենտրոնում։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը նախընտրական ծրագրում բնապահպանական ոլորտին տեղ չի հատկացրել։
«Մենք» կուսակցությունների դաշինքը խոստանում է մարդու համար ապահովել առողջ շրջակա սոցիալական միջավայր՝ խստացնելով բնապահպանական օրենսդրությունը։ Ըստ դաշինքի, անհրաժեշտ է ընդունել, կատարելագործել կամ խստացնել առողջապահության ոլորտին առնչվող մի շարք նորմատիվ իրավական ակտեր, այդ թվում՝ օդի որակի, ջրի որակի եւ թափոնների կառավարմանը վերաբերող օրենսդրությունը։ Կարեւորում է բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետ, խնայողական ու թափանցիկ համակարգերի ներդրումը։
«Օրինաց երկիր» կուսակցությունն էլ կարեւորում է ընդերքի եւ բնական պաշարների նկատմամբ պետական վերահսկողության ուժեղացումը, բնապահպանական եւ էկոլոգիական անվտանգության գործուն ռազմավարության իրականացումը։ Նաեւ՝ անօրինական անտառահատումների դեմ կոշտ պայքարը։ Խոստանում է արգելել քաղաքներում անտառածածկ տարածքների, այգիների, պուրակների ոչնչացումը, ստեղծել նորերը։ Սեւանից ջրառի կտրուկ կրճատման, Սեւանի ջրային ռեսուրսների իրական ավելացման ու պահպանման մասին է խոսում նաեւ՝ որպես ազգային հարստության։ Անհրաժեշտ է համարում աղբավերամշակման գործարանների կառուցումը։
«Սասնա ծռեր» կուսակցությունը բնապահպանական ոլորտին նախընտրական ծրագրում տեղ չի հատկացրել։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս մասով նույնպես ոչինչ չունի ծրագրում։
Մի բան հաստատ է. բոլորս՝ շարքային քաղաքացուց մինչեւ քաղաքական ու տնտեսական վերնախավը, պետք է մեր վերաբերմունքը բնության հանդեպ կտրուկ փոխենք։ Մկրատենք մեր անտարբերությունը, այլապես բնությունը մեզ կմտրակի։ Ու հասկանանք ի վերջո, որ բնապահպանությունը ոչ միայն տնտեսությանն է սերտ շաղկապված, այլեւ առողջապահական ու սոցիալական ոլորտներին։ Ի դեպ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ոմանք տնտեսական ու բնապահպանական լուրջ ծրագրեր չներկայացնելով՝ խոստանում են բարելավել սոցիալական վիճակը։ Թե ինչպես, հաջորդիվ կներկայացնենք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

06-12-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO