Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Անգամ հիմա հիշելիս կարող եմ արտասվել»

Երեսուն տարի անց էլ Սպիտակի երկրաշարժի ծանր հիշողությունները չեն մարում

1988—ի դեկտեմբերի 7—ին տեղի ունեցած Սպիտակի սարսափելի երկրաշարժը խախտեց Հայաստանի անդորրը։ Տասը բալանոց երկրաշարժի հետեւանքով ավերակների վերածվեցին Հայաստանի հյուսիսային մարզերի մեկուկես տասնյակ քաղաքներ, շուրջ 60 գյուղ։ Աշխարհի բոլոր ծայրերից թարմ լուրերի էին սպասում արհավիրքի հետեւանքների մասին։ «Արմենպրես» լրատվական գործակալությունն օգտագործեց իր բոլոր հնարավորություններն աշխարհին իրավիճակը հավաստի ու օպերատիվ ներկայացնելու համար։ «Արմենպրեսի» ֆոտոլրագրող Մխիթար Խաչատրյանի լուսանկարները մեծ տարածում գտան ոչ միայն մեր երկրի սահմաններում, այլեւ արտերկրում՝ նպաստելով աղետից տուժած ընտանիքներին օգնություն տրամադրելուն։ Այդ ծանր օրերի մասին զրուցեցինք Մխիթար Խաչատրյանի հետ։
—Ե՞րբ տեղեկացաք երկրաշարժի մասին, որտե՞ղ էիք այդ ժամանակ, միանգամի՞ց մեկնեցիք դեպքի վայր։
—Դեկտեմբերի 7—ին Էջմիածնի գործկոմում էի՝ երրորդ քարտուղարի աշխատասենյակում։ Այդ ժամանակ մեր երկրում շատ էին փախստականները։ Քարտուղարը զանգահարում էր, փորձում ճշտել, թե փախստականներն ինչպես են տեղավորվել, ինչ պայմաններում են։ Այդ պահին ցնցում զգացվեց, վայրկյաններ անց դրան հետեւեց երկրորդ ցնցումը, եւ ես իմ լուսանկարչական սարքավորումները գիրկս դրեցի։ Երրորդ ցնցումից հետո դուրս վազեցինք։ Կատարվածի մասին հստակ տեղեկություն չկար։
Վերադարձա Երեւան։ Այնտեղ գիտեին, որ երկրաշարժ է եղել, բայց ոչ ոք չէր պատկերացնում մասշտաբները։ Մեքենայով մեկնեցինք Սպիտակ։ Ճանապարհին եզդիական գյուղեր կային, քանդված պատեր։ Իջնում էինք մեքենայից եւ լուսանկարում՝ չիմանալով, թե ինչ ենք տեսնելու Սպիտակում։
Հասանք Սպիտակ. իրավիճակն անհասկանալի էր։ Կենտրոնում թողեցինք մեքենան եւ սկսեցինք պտտվել։ Շալերով փաթաթված կանայք էին հանդիպում, շատ էին դիակներն ու վիրավորները։
Մի կնոջ դի կար, որը մինչ օրս հիշում եմ։ Գեղեցիկ կին էր, ասես ողջ լիներ։ Երկու տղա էին անցնում, եւ, քանի որ ինքս վախ ունեմ մեռյալներից, նրանց խնդրեցի ուղղել այդ կնոջ դիրքը, որպեսզի լուսանկարեմ։ Տղաները քթի տակ ինչ—որ խիստ բան ասացին, ես բացատրեցի, որ ինքս դա անել չեմ կարող։ Տղաներից մեկն էլ պատասխանեց, որ եթե ինքը կարողանար, փլատակների տակից մոր դին կհաներ։ Այդ ժամանակ ավելի խորությամբ հասկացա՝ ինչ է կատարվում, զգացի, որ պետք է շատ զգույշ լինել։ Բոլորը լարված էին, եւ ամեն մարդ ամեն վայրկյան կարող էր «պայթել»։
—Լուսանկարեցի՞ք այդ կնոջը։
—Չեմ հիշում։ Պետք է խոստովանեմ, որ աշխատում եմ դիեր չնկարել։ Մի ծաղկանոց էր սարքած, որտեղ մի հեռուստացույց էր դրված, արկղ, էլի ինչ—որ բան եւ մի դի։ Այդ տեսարանը լուսանկարել եմ։
—Այդ օրերին ինչպե՞ս էին տարածվում աղետի մասին լուրերը, լուսանկարները։
—Լուսանկարները միայն «Արմենպրեսի» ֆոտոխրոնիկայի միջոցով էին տարածվում, քանի որ ֆոտոհեռագիր ունեինք։ Աշխարհի բոլոր լուսանկարիչները մեզ մոտից էին դա անում։ Ինձ տրված էր հնարավորություն՝ տարածելու իմ աշխատանքները։ Շատերը լավ գործեր ունեն, բայց չեն կարողացել դրանք ներկայացնել հանրության լայն շրջանակին։
—Ձեր ամենահայտնի լուսանկարներից մեկը՝ «Քսաներորդ դարի տիրամայրը», տպագրել են աշխարհի բոլոր մայրցամաքներում հարյուրավոր թերթեր եւ այլ լրատվամիջոցներ։ Կանդրադառնա՞ք այդ լուսանկարի պատմությանը։
—Լուսանկարում Մարինե Նուրոյանն է եւ իր երեք դուստրերը։ Երեխաներից մեկը դպրոցի փլատակների տակ էր մնացել, մյուս երկուսը մոր մոտ էին եղել, իսկ ամուսինը՝ դրսում։ Բոլորն են փրկվել։ Հետագայում նրանք նաեւ որդի ունեցան։
Այս լուսանկարը դեկտեմբերի 9—ին եմ նկարել։ Ամսի տասին այն տպվեց «Իզվեստիա» թերթում։ Օրեր հետո ինձ մի նամակ հանձնեցին, որում մի ռուս կին լուսանկարն անվանել էր «Քսաներորդ դարի տիրամայր»։ Այդտեղից էլ մնաց անունը։
Նկարում կինը 28 տարկան է։ Քսան տարի անց կրկին լուսանկարեցի այդ կնոջը արդեն չորս թոռան հետ։ Նշեմ, որ այդ ընտանիքը լուսանկարի շնորհիվ բնակարան ստացավ։ Ավստրիացիները որոշել էին հանգանակություն իրականացնել եւ օգնել Հայաստանին։ Այդ լուսանկարը վերածել էին պաստառի, եւ այն մարդիկ, որոնք մասնակցում էին հանգանակությանը, ասել էին, որ ուզում են հենց այդ ընտանիքն ապրի այն բնակարանում, որին իրենք գումար են տրամադրում։
—Երկրաշարժից հետո «Արմենպրեսի» տրամադրած լուսանկարներով Անգլիայում հրատարակվեց «Armenia» ալբոմը։ Ի՞նչ դերակատարություն այն ունեցավ։
—«Sunday express»—ը հրատարակեց այն։ Ալբոմը վաճառվել է Լոնդոնում, եւ դրանից ստացված ողջ գումարը փոխանցվել է Հայաստանին օգնություն ցուցաբերող անգլիական հիմնադրամին ու տրամադրվել է երկրաշարժից տուժածներին։ Այդ գումարով Գյումրիում կառուցվեց անգլիական դպրոց, որի բացմանը ներկա էր նաեւ Միացյալ Թագավորության վարչապետ Մարգարետ Թետչերը, որին առիթ ունեցա լուսանկարել։ Ալբոմում տեղ գտած լուսանկարնեից մեկում մահճակալին պառկած երեխա էր։ Այդ լուսանկարի հետքերով «Sunday express» թերթի երկու թղթակից եկան Հայաստան։ Գտան երեխային, մորը, օգնեցին նրանց։
—Այդ օրերին պատկերացնո՞ւմ էիք ձեր աշխատանքի կարեւորությունը, այն, որ ձեր լուսանկարները կարող են մարդկանց կյանքում որոշիչ դեր կատարել։
—Աշխատել եմ Հայաստանի պատմության թանգարանում, որտեղ պատճենահանում էի ֆիդայիների լուսանկարները, եթե այն ժամանակ լուսանկարիչները նրանց նկարած չլինեին, մենք չէինք ճանաչի մեր ֆիդայիներին։ Ես կոչված էի լուսանկարել երկրաշարժից փրկվածներին։ Դա իմ մասնագիտական պարտականությունն էր։
— Վստահ եմ՝ հեշտ չի եղել երկրաշարժ լուսաբանելը։ Ֆոտոլրագրողը նման ծանր իրավիճակներում ինչպե՞ս պետք է պահպանի սառնասրտությունը։
— Առաջին օրը մի քանի ժամ եմ եղել Սպիտակում։ Դեռ չէի գիտակցում, թե ինչ է կատարվել։ Սկզբում ձիգ, ուղիղ էինք շրջում, ընթացքում սկսեցինք կռացած ման գալ, ասես կոտրվում ես, պարտվում պատերազմում, զգում ես, որ ուժերդ չեն հերիքում։
Օդանավակայանը մեր տանը մոտ էր։ Չէի գալիս ֆոտոխրոնիկա, ուղաթիռով կամ ինքնաթիռով մեկնում էի աղետի գոտի։ Այդ փոխադրամիջոցներով բերում էին վիրավորների, հաճախ հարազատներն էլ էին նրանց հետ լինում։ Լաց էր, ողբ։ Ես էլ էի լաց լինում։ Անգամ հիմա հիշելիս կարող եմ արտասվել։
Երբ հասնում էի Գյումրի, ասես վերածվում էի ռոբոտի։ Մարդիկ ողբում էին, իսկ ես պետք է նկարեի։ Այնուամենայնիվ, այդ ամենը ծանր ազդեցություն է թողել ինձ վրա։ Այն մարդիկ, որոնք մասնակցել են փրկարար աշխատանքներին, եղել են Սպիտակում, ցնցված են մինչ օրս։
Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

07-12-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO