Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հանրային պատասխանատվության ժամանակը

Սոցիալական ինչ քայլեր են ձեռնարկելու քաղաքական ուժերը

Հետաքրքիր մի զուգադիպությամբ, ընդհանրապես նախընտրական բոլոր շրջաններում, քաղաքական գրեթե բոլոր ուժերի նախընտրական ծրագրերում առաջնային տեղ է զբաղեցնում սոցիալական ոլորտը։ Պատճառը հստակ է. սա այն տիրույթն է, որ հետաքրքրում է հասարակության գերակշիռ մասին։ Նաեւ սա այն ոլորտն է, որտեղ կարելի է առատ խոստումներ տալով՝ արագ քաղաքական հաղթաթղթեր ձեռք բերել։ Դրա համար մենք, երբ ամեն անգամ նախընտրական ծրագրերի դիտարկում ենք անում, տնտեսական հատվածի շղթան ավարտում ենք սոցիալականի օղակով։ Այդքանից հետո ընթերցողն ինքը շատ հանգիստ կարող է հասկանալ՝ տվյալ քաղաքական ուժը սոցիալական ոլորտում արդյոք ի վիճակի՞ է թեկուզ մեկ քայլ անելու։ Այսպիսով, գանք այս՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակիցների՝ սոցոլորտի տեսլականներին։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը վստահ է, որ սոցիալական ապահովության համակարգը պետք է ապահովի արժանապատիվ ծերություն եւ հարափոփոխ աշխարհում աշխատուժի անընդհատ վերապատրաստման, բարելավման նոր հնարավորությունների ընձեռում։ Եթե իրացված կենսաթոշակային բարեփոխումները երկարաժամկետ հատվածում հնարավոր են դարձնում առաջին նպատակի իրագործումը, ապա երկրորդի համար անհրաժեշտ են կրթության, տնտեսության եւ սոցիալական ոլորտների մասնագետների համատեղ ջանքերը։
«Քաղաքացու որոշում» սոցիալ—դեմոկրատական կուսակցության համար պետության սոցիալական քաղաքականության վերջնական թիրախը համընդհանուր բարեկեցության եւ հանրային համերաշխության պետության կայացումն է։ Համերաշխության ու սոցիալական պատասխանատվության մակարդակի իդեալ կարող է համարվել վիճակը, երբ աշխատունակ ցանկացած քաղաքացի իր աշխատանքով բարեկեցիկ ապրելու հնարավորություն ունի, եւ այդ հնարավորությունից չօգտվելն իրեն պատիվ չի բերում, իսկ անաշխատունակներն ապրում են արժանապատիվ ու ապահովված։ ՔՈ ՍԴԿ—ն ասում է, թե այս նպատակներից ելնելով՝ ձգտելու է հարկման անհատական մոտեցման, որ քաղաքացիները հարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված առողջական վիճակից, խնամքին ունեցած անչափահասների կամ ծերերի թվից, այլ սոցիալական հանգամանքներից։ Մշակելու են մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովրդի սեփականությունը հանդիսացող բնական ռեսուրսների օգտագործումից գալիք սերունդների համար կկուտակվի մասնաբաժին։ Ներդնելու են բազմագործոն եւ ճկուն հարկային գոտիականություն եւ հասցեականություն՝ ապահովելու ազատ շուկայի պայմաններում տնտեսական ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչափ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած հանրույթների ներառումը։
ՔՈ—ն նպատակ ունի նաեւ նպաստել ոչ ֆորմալ/ինքնազբաղված աշխատողների ֆորմալ դաշտ տեղափոխվելուն՝ հնարավորություն տալով դառնալու հարկատուներ եւ օգտվելու պետության կողմից տրամադրվող երաշխիքներից՝ կենսաթոշակ, առողջապահություն, մասնագիտացված եւ բարձրագույն կրթություն։ Պետք է մշակվի միայն եռակողմ սոցիալական գործընկերության մակարդակով։ Այսինքն՝ արհմիությունները յուրաքանչյուր տարի ներկայացնում են իրենց պահանջը՝ ըստ ոլորտների, նվազագույն աշխատավարձի մասին եւ այլ պայմաններ։ Գործատուները եւ պետությունը իրենց հերթին ներկայացնում են առկա հնարավորությունները եւ հստակ, ըստ ճյուղերի՝ կնքում կոլեկտիվ պայմանագրեր։
Այս կուսակցությունը առանձին բաժին ունի կանանց սոցիալական պաշտպանության մասով։ Կանայք կատարում են մեծ քանակությամբ չվարձատրվող աշխատանք։ Մասնավորապես՝ չվարձատրվող աշխատանքը ներառում է երեխաների եւ տարեցների խնամքը, տնային տնտեսությունը, աշխատանքը խոհանոցում եւ այգում։ ՔՈ—ն առաջարկում է չվարձատրվող աշխատանքը նույնպես ներառել ստաժի հաշվարկման մեջ, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող երեխայի եւ ծերերի խնամքի ժամանակահատվածը լիովին հաշվարկել որպես աշխատանքային ստաժ, այլ ոչ թե միայն դրա 10 տարին, ինչպես այն կարգավորվում է ներկայիս օրենսդրությամբ։ Նույնը վերաբերում է բացառապես գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց։ Անհրաժեշտ է նաեւ կարճաժամկետ հատվածում Երեւանի եւ Հայաստանի խոշոր համայնքներում անհապաղ նախաձեռնել ու իրականացնել վաղ մանկության խնամքի ծառայությունների ներդրման ծրագիր՝ նախադպրոցական հաստատությունների ծառայությունների ընդլայնման միջոցով։
«Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը սոցիալական ներառականությունն ու արդարությունն է։ Դաշնակցության համար սոցիալական արդարությունը հիմնական օրակարգ է։ Ազգային արժեքը ստեղծվում է ամբողջ հասարակության ջանքերով, բայց արդյո՞ք այդ արժեքն արդար է բաշխվում արժեքը ստեղծողների միջեւ։ Ո՛չ։ Սոցիալական բեւեռացումը Հայաստանում հասել է ահռելի մակարդակի եւ շարունակում է խորանալ։ Հայաստանի անկախացումից ի վեր իրականացվող տնտեսական ու սոցիալական քաղաքականությունը հանգեցրել է հարուստների էլ ավելի հարստացմանը եւ աղքատների էլ ավելի աղքատացմանը։
Սոցիալական ոլորտը ՀՅԴ—ի համար շատ կարեւոր է, որովհետեւ մարդը կարող է լինել իրապես ազատ, միայն եթե ապահովված է նրա տնտեսական բարեկեցությունը, գործում են սոցիալական երաշխիքներ։ Մինչդեռ մեր պետությունն իր ուսերից թոթափել է պատասխանատվությունն իր քաղաքացիների նկատմամբ՝ թողնելով, որ վայրի մրցակցության մեջ հաղթի «ուժեղը»՝ առանց հոգալու «պարտվածների» ճակատագրի մասին։ Սա հանգեցրեց նրան, որ քաղաքացին պետության պատասխանատվությունն իր հանդեպ չզգալով, ինքն էլ դադարեց պատասխանատվություն զգալ պետության ու երկրի հանդեպ։ Մի խոսքով, ՀՅԴ—ն անհրաժեշտ է համարում երկրի սոցիալ—տնտեսական զարգացման տրամաբանությունը արմատապես փոխելը։ ՀՅԴ—ն առաջարկում է երաշխավորել նաեւ տարեցների բարեկեցիկ ծերությունը։ Անթույլատրելի է, որ ողջ կյանքն արդար քրտինքով իր հացը վաստակած տարեց քաղաքացին հայտնվի աղքատության մեջ։ Առաջարկում է նաեւ նպաստել երիտասարդ ընտանիքների կայացմանը։ Որովհետեւ սոցիալ—տնտեսական, բնակարանային, ցածր զբաղվածության եւ այլ պատճառներով ուշ ամուսնություններն ու ցածր ծնելիությունը երկիրը կանգնեցրել են ժողովրդագրական աղետի եզրին։
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համար սոցիալական պաշտպանության կայուն համակարգի զարգացման առանցքն է լինելու մարդու հիմնարար իրավունքների իրացման համար համապատասխան պայմանների ստեղծումը։ Սոցիալական արդարությունը վերականգնելու, հասարակության բոլոր խմբերին վերաինտեգրելու եւ համերաշխ ու հոգատար հանրություն կերտելու ճանապարհին «Իմ քայլն» ասում է, թե ապահովելու է մարդկանց համար հավասար հնարավորություններ, աղքատության մակարդակի իջեցում սոցիալական աջակցության համակարգի զարգացման, ժողովրդագրական եւ զբաղվածության արդյունավետ քաղաքականության մշակման եւ կենսաթոշակային համակարգի հետագա զարգացման միջոցով։ Ոլորտում այս ուժի համար գերակա է լինելու ակտիվ աշխատաշուկայի քաղաքականություն վարելը, մասնավորապես՝ աշխատաշուկայի առաջարկի եւ պահանջարկի համապատասխանեցումը փաստերի վերլուծության հիման վրա մշակված ծրագրերի միջոցով, գործազուրկների հմտությունների եւ կարողությունների զարգացումը, աջակցությունն աշխատանքի որոնման աշխատանքներում եւ աշխատանքային նոր հնարավորությունների ստեղծումը։ Զբաղվածության ծրագրերը միտված են լինելու ոչ թե ժամանակավոր ու ցածր որակավորում պահանջող աշխատանքով ապահովելուն, այլ մշտական ու կայուն աշխատանք գտնելուն ու աշխատաշուկայում վերաինտեգրվելուն։ Ոլորտի քաղաքականության թիրախում են լինելու հատկապես գործազուրկ երիտասարդները, կանայք եւ աշխատաշուկայի կառուցվածքային փոփոխության պատճառով գործազուրկ մնացած ոչ բարձր որակավորում ունեցող աշխատուժը։
Առկա ժողովրդագրական բացասական միտումները մեղմելուն է միտված լինելու ընտանիքի նոր քաղաքականության մշակումը։ Մասնավորապես՝ ծնելիության մակարդակը բարձրացնելու համար մշակվելու են երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու նախագծեր։ «Աղքատության որոգայթից» խուսափելու համար իրականացնելու են աղքատության պատճառների համապարփակ ուսումնասիրություն եւ ըստ այդմ մշակելու են համալիր գործողություններ։ Բարեփոխելու են աղքատության նպաստների տրամադրման կարգը։ Ըստ այդմ՝ նախատեսում են զբաղվածության քաղաքականության որոշ բաղադրիչներ պարտադիր դարձնել նպաստների գործազուրկ շահառուների համար։ Պետական համակարգում հնարավոր խնայողությունների ու եկամուտների նոր աղբյուրների շնորհիվ նախատեսում են մինչեւ 2023 թվականը կենսաթոշակների բարձրացում։ Բարեփոխումներ են իրականացնելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում եւ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի՝ ակտիվների մեջ ներդրումներ կատարելու օրենսդրական կարգավորման մեջ, ինչի արդյունքում խրախուսվելու է ակտիվների ներդրումը Հայաստանում։
Վերոնշյալ գործողությունները միտված են լինելու հանրապետությունում միջին խավի ձեւավորմանը։ Մասնավորապես՝ մինչեւ 2023թ. աղքատությունը իջեցնելու են առնվազն 10 տոկոսային նիշով՝ վերացնելով ծայրահեղ աղքատությունը, գործազրկությունը՝ 5 տոկոսային նիշով։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վստահ է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում պետք է պայքարել սոցիալական անարդարության եւ դրա առաջացման պատճառների դեմ։ Անհրաժեշտ է վերանայել ոչ նպատակային օժանդակության քաղաքականությունը՝ այն դարձնելով նպատակային եւ ընդլայնելով պետության կողմից տրամադրվող սոցիալական օժանդակությունը իրապես կարիքավոր խմբերին։ Անվճար ծառայությունները, այդ թվում՝ բժշկական օգնությունը, պետք է տրամադրվեն միայն սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա։ Սոցիալական ծառայություններ տրամադրելիս պետք է հաշվի առնել շահառուի իրական կարիքը։ ԼՀԿ—ն կարեւոր է համարում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումն ու զարգացումը, տեղական սոցիալական ծրագրերի մշակումը՝ համայնքի սոցիալական կարիքների գնահատման միջոցով, ծրագրի համար ֆինանսական միջոցների ներգրավումը, սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայությունների տրամադրման այլընտրանքային մեխանիզմների ներդրումը, սոցիալապես անապահով աշխատողների թվի հետեւողական նվազումը, նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումը։
«Քրիստոնեա—ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը կարծում է, որ Հայաստանի հասարակական ու տնտեսական համակարգին անհրաժեշտ է տալ «սոցիալական շուկայական տնտեսության» ուղղվածություն։ Ցանկացած ժողովրդի հզորության չափման միավորը թույլերի բարեկեցությունն է, հետեւաբար սոցիալական ու տնտեսական զարգացման հավասարակշռումը, կոորդինացումն ու միասնությունը սոցիալական եւ տնտեսական քաղաքականության մշակման ու իրականացման հիմքը պետք է լինեն։ Տնտեսական համակարգի ուշադրության կենտրոնում անխուսափելիորեն պետք է լինի մարդը, զարգացման նպատակը՝ քաղաքացու երջանկության ապահովումն ու ստեղծագործ ներուժի իրացման խթանումը։
Ըստ ՔԺՎԿ—ի, տնտեսությունն իր էությամբ սոցիալական ոլորտ է, իսկ մարդիկ՝ երկրի քաղաքացիները՝ տնտեսական գործընթացների պարտադիր մասնակիցներ։ Տնտեսական հարաբերությունների բնույթը պետք է լինի այնպիսին, որ ապահովի այդ հարաբերությունների բոլոր սուբյեկտների սոցիալական պատասխանատվությունը սոցիալապես կայուն զարգացման համար։ Իսկ սոցիալապես կայուն զարգացման համար հարկավոր է քաղաքացիների լայն շրջանակների ներգրավածությունը սեփականության տնօրինման ու կառավարման գործում։ Սեփականության խառը եւ համակցված ձեւերի զարգացումը ընդլայնում է սոցիալական կայունության վրա ազդելու եւ այն պահպանելու հնարավորությունները։ ՔԺՎԿ—ի համոզմամբ, տնտեսության կազմակերպումն ու կառավարումը պետք է բխեն անհատի հիմնարար ազատություններից, հիմնվեն մասնավոր սեփականության եւ ազատ մրցակցության վրա։ Անհրաժեշտ է կանխել անհատների ու կազմակերպությունների ձեռքում տնտեսական հզորությունների այնպիսի կենտրոնացումը, որը կվտանգի տնտեսական եւ քաղաքական ազատությունները ու կծնի օլիգոպոլիաներ։ ՔԺՎԿ—ն խոստանում է բոլոր աշխատողների համար արժանավայել կյանքով ապրելու նվազագույն կենսապայմաններ խրախուսել։
Եվ հաշվի առնելով մարդկության քաղաքակրթական զարգացման նոր՝ հետարդյունաբերական կամ տեղեկատվական հասարակության փուլը, անհրաժեշտ է ստեղծել հետինդուստրիալ եւ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ու դրա հենքի վրա տեղեկատվական հասարակության ձեւավորման հիմքերը։ Մանր ու միջին ձեռնարկատիրությունը, քաղաքական այս ուժի համոզմամբ, պետք է լինի հատուկ պաշտպանության եւ աջակցության ներքո։ Պետք է խթանել արդյունաբերության՝ որպես տնտեսական զարգացման գրավականի առաջնահերթ զարգացումը։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը իրեն համարում է ազգային հենքի վրա ստեղծված սոցիալական ուղղվածության բարեփոխիչ քաղաքական ուժ։ Կուսակցության ծրագիրն ունի կարճաժամկետ եւ երկարաժամկետ բաղադրիչներ եւ հիմնված է հետեւյալ հիմնական սկզբունքների վրա։ Սոցիալական վիճակի կտրուկ բարելավում, քանի որ պետության զարգացման նախապայմանը ծայրահեղ աղքատների բացակայությունն է եւ սոցիալական արդարությունը։ Միայն սոցիալապես ապահովված քաղաքացին կարող է զարգացնել տնտեսությունը ու մասնակցել երկրի քաղաքական կյանքին։
Ազգային առաջնահերթություն է համարվելու միջին խավի ձեւավորումը՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ սեփականության իրավունքի ազատ իրականացումը, տնտեսական ազատ մրցակցությունը եւ միջին ու մանր ձեռնարկատիրությունը պետության անվտանգության, քաղաքական բազմակարծության եւ օրինականության ապահովման հիմքն են։ Միջին խավը դիտարկվելու է որպես պետության կայուն զարգացման հիմնասյուն։ Սա ենթադրում է հարկային ու կենսաթոշակային լուրջ բարեփոխումներ, որոնք միտված կլինեն միջին խավի ձեւավորմանը եւ ծայրահեղ աղքատների ու ծայրահեղ հարուստների միջեւ առկա ջրբաժանի կրճատմանը։ Պարտադիր կենսաթոշակային համակարգը փոխարինվելու է ամբողջությամբ կամավոր համակարգով՝ խթանիչ հարկային բաղադրիչով, որի պայմաններում պետությունն ապահովելու է նվազագույն կենսաթոշակի վճարում՝ անկախ անձի կողմից կամավոր կենսաթոշակային համակարգին միանալու հանգամանքից։
«Մենք» կուսակցությունների դաշինքը հաստատում է, որ երկրի ինքնիշխանության տնտեսական խոչընդոտները կարող են վերանալ, երբ պետությունը պարենային, էներգետիկ, սոցիալական ու այլ անվտանգությունների առումով ունի ինքնաբավության նվազագույն մակարդակ, այդ բնագավառներում ինքնիշխան նպատակներ հետապնդելու կամք եւ վճռականություն, իսկ քաղաքացին էլ ապրում է բարեկեցիկ կյանքով, այլ ոչ թե անզոր ու անպաշտպան է կենսական հանրային ծառայություններ (գազամատակարարում, էլեկտրամատակարարում, տրանսպորտային փոխադրումներ եւ այլն) մատուցող օտարերկրյա ընկերությունների կամայական «սակագնային» շանտաժներին, մենաշնորհային ու գերշահույթ ստանալու քաղաքականությանը դեմ հանդիման։ Հայաստանի վարած քաղաքականությունները պետք է լինեն մարդակենտրոն եւ մարդու համար, արտացոլեն քաղաքացու, հանրային ու ժողովրդի շահերը. միայն այդպիսի քաղաքականությունով է հնարավոր ապահովել սոցիալական համերաշխությունը ու բացառել հարստության գերկենտրոնացումը։ Էապես պետք է կրճատել աղքատությունը, հանրային բոլոր ծառայությունները՝ սոցիալական, առողջապահական, կրթական, մշակութային եւ այլն, դարձնելով մատչելի, որակյալ ու հասու յուրաքանչյուրին։ Խոստանում են ընդհանուր աղքատության ցուցանիշը 2019—2021թթ. ընթացքում ներկայիս ավելի քան 30 տոկոսից իջեցնել առվազն մինչեւ 15 տոկոսի, իսկ ծայրահեղ աղքատների թիվը՝ ոչ ավելի, քան 2 տոկոսի։ Սոցիալական վիճակը բարելավելու համար «Մենք»—ը խոստանում է մանկավարժների, բժիշկների, գիտության ոլորտի աշխատողների, պաշտպանության ոլորտի սպայական եւ ենթասպայական կազմի աշխատավարձերի բարձրացում՝ 25 տոկոսի չափով։ Նաեւ՝ երեխաների ծննդի միանվագ նպաստի բարձրացում՝ առաջին երեխայի համար սահմանելով 1.5 մլն դրամ, երկրորդի դեպքում՝ 2 մլն, երրորդ եւ չորրորդ երեխաների համար՝ 2,5 միլիոն, իսկ հինգերորդից սկսած՝ 3,5 միլիոն դրամ։
«Օրինաց երկիր» կուսակցությունը խոսում է կենսաթոշակային կուտակային համակարգի բարեփոխումից՝ նախապատվությունը տալով կամավոր համակարգին, իսկ կուտակային հիմնադրամում հավաքված գումարները հիմնադրամում գումար ունեցող դիմողի պահանջով կվերադարձնեն նրան՝ կրթության, հիփոթեքային եղանակով բնակարանի ձեռքբերման, հիվանդության, ինչպես նաեւ ընտանիքի անդամի մահվան դեպքերում։ Խոստանում են ամեն տարի բարձրացնել եւ ինդեքսավորել նվազագույն աշխատավարձը՝ հասցնելով 100 հազար դրամի։ Խոստանում են բարձրացնել կենսաթոշակները՝ նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին հասցնելու նպատակով։ Կարեւոր են համարում նաեւ շարունակական գնաճի կասեցումը։
«Սասնա ծռեր» կուսակցությունը համոզված է, որ ժամանակն է՝ վերացնելու սոցիալական օգնությունների ու նպաստների վճարման համակարգերը եւ դրանց փոխարեն ներդնելու էլեկտրոնային վճարման միասնական համակարգ։ Ըստ իրական պահանջների վերահաշվարկելու նվազագույն սպառողական զամբյուղը։ Մշակելու եւ իրականացնելու ծայրահեղ աղքատության հաղթահարման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց եւ ընտանիքների աջակցության արդյունավետ պետական ծրագրեր։ Ժամանակն է ապահովելու սոցիալապես անապահով անձանց անվճար մասնագիտական կրթությունը։ Մշակելու ոչ պետական հատվածում աշխատողների արժանապատիվ կյանք ապահովող աշխատավարձի ձեւավորման պետական միջոցառումների ծրագիր ու մեկնարկելու դրա իրագործումը։ Մշակելու եւ իրագործելու ծնելիության խրախուսման եւ մայրության ու մանկության խնամքի ծրագիր։ Ժամանակն է նաեւ իրագործելու սոցիալական բնակարանաշինության ծրագիր՝ բնակարանների անհատույց օգտագործման իրավունքով։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գիտի, թե ինչպես Հայաստանը դուրս բերի սոցիալական եւ տնտեսական ծանրագույն ներկա վիճակից։ Օրինակ՝ նվազագույն աշխատավարձի չափը մեր երկրի քաղաքացիներին պետք է ապահովի արժանապատիվ կենսամակարդակ։ Աշխատավարձերն ու թոշակները գնաճին համընթաց պետք է պարբերաբար ինդեքսավորվեն։ ՓՄՁ—ն չպետք է դիտարկվի որպես պետական բյուջեի մուտքերն ապահովող հարկման օբյեկտ, քանզի այն ունի հստակ սոցիալական ուղղվածություն։ Առողջապահության ոլորտում պետպատվերի տրամադրման կարգը պետք է վերանայել։ Սոցիալապես անապահով խավերին, զինծառայողներին եւ օրենքով սահմանված այլ շահառուներին պետք է տրամադրվի բժշկական սերտիֆիկատ։
Այսպիսով, մենք ընթերցողներին ներկայացրեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական 11 ուժերի տեսլականները՝ տնտեսությանն ու անվտանգությանն առնչվող (ըստ նախընտրական ծրագրերի կամ ծրագրային հիմնադրույթների)։ Սոցիալական հարթակով փակում ենք շղթան։ Այս ոլորտի հաղթաթղթերը խաղացնելը նախընտրական շրջանում ձեռնտու բան է, իսկ հետընտրական շրջանում գալու է պատասխանատվության օրը։ Ով ինչպես այն կստանձնի, ժամանակը ցույց կտա։
Վաղը լռության օր է, իսկ մեկ օր անց կորոշենք մեր խորհրդարանի դեմքն ու օրենսդիր մարմնի գործունեության հեռանկարները։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

07-12-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO