Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»

Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր եւ ժողովուրդ

Լրագրող, մշակութային մարդաբան Վիրխինիա Մենդոսայի «Քամու վերքերը» գիրքը պատմում է Հայաստանի եւ հայերի, մեր անցյալի եւ ներկայի մասին։ Հեղինակը դեռեւս 2013—2014 թթ. եվրոպական կամավորական ծրագրի շրջանակներում այցելել է Հայաստան։ Հենց այդ ժամանակահատվածում էլ գրվել է գիրքը։ Թե ինչն է ներշնչել հեղինակին թերթել մեր պատմության էջերը եւ այդ ամենը հանձնել թղթին, ինչպիսին է ներկայացել մեր երկիրն ու ժողովուրդը օտարերկրացի հյուրին, այդ մասին «ՀՀ»—ն զրուցել է Վիրխինիա Մենդոսայի հետ։
–Հարգելի Վիրխինիա, ինչպե՞ս հայտնվեցիք Հայաստանում։ Որքա՞ն մնացիք։ Ի՞նչ գիտեիք երկրի մասին նախքան այցելելը։
–Ուրեմն այսպես. հայտնվեցի լուսաբացին, անունս էլ դարձել էր պարոն Պետրոսյան։ Դրանից առաջ ինքնաթիռում ինձ շփոթել էին միանձնուհու հետ։ Ինձ չէին թողնում օդանավակայանից դուրս գալ, որովհետեւ ակնհայտ էր, որ ես պարոն Պետրոսյանը չեմ։ Հանկարծ մարդկանց մեջ հայտնվեց բարձրահասակ, բեղերով ու կաշվե գլխարկով մի պարոն. ինչ—որ բան ինձ հուշեց, որ նրան դիմեմ։ Մոտեցա ու հարցրի. «Օրիորդ Մենդոսան Դո՞ւք եք»։ Խուճապահար նայեց ինձ, իսկ ես՝ ձեռքի ճամպրուկին, որի վրա գրված էր իմ անունը։ Առանց մի բառ ասելու փոխանակեցինք ճամպրուկներն ու... բարեւ Հայաստան։
Ես Հայաստանի մասին համարյա ոչինչ չգիտեի՝ չհաշված Կապուշինսկու «Կայսրությունը» գրքում ձեր երկրին նվիրված մի քանի էջը, Արա Մալիկյանի մասին վավերագրական ֆիլմը, որտեղ նա վերադառնում էր իր նախնիների գյուղը, կամ իմ պատանեկության տարիների խմբերից մեկի՝ «System of a Down»—ի երաժշտությունը։ Մինչեւ մի օր ընկերներիցս մեկն արտասանեց մոգական անունը՝ «Հայաստան» եւ ավելացրեց. «Այդ երկիրը քեզ հաստատ շատ դուր կգա»։ Ինտերնետում փնտրեցի, միանգամից սիրահարվեցի ու ասացի, որ գնալու եմ եւ ապրեմ Հայաստանում։ Մի հետազոտական կենտրոն գտա («ICIRLD»— «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ), որին կամավոր էր անհրաժեշտ եվրոպական կամավորական ծառայության մի նախագծի համար։ Ինձ մեկ տարով ընտրեցին, բայց ես մեկուկես տարի մնացի, որովհետեւ այդքան գյուղերով անցնելուց ու այդքան հրաշալի մարդկանց հետ ծանոթանալուց հետո շատ էի կապվել այս երկրին՝ միակ վայրը, որտեղ ինձ զգացել եմ, ինչպես սեփական տանը։ Փորձում եմ տարին գոնե մեկ անգամ վերադառնալ Հայաստան։
–Նախատեսե՞լ էիք արդյոք գիրք գրել Հայաստանի մասին, թե՞ այդ գաղափարը ծնվեց երկրին եւ մարդկանց ծանոթանալուց հետո։ Ի՞նչը կամ ովքե՞ր Ձեզ ոգեշնչեցին։
–Գաղափարը մեծապես կապված էր պապիկիս մահվան հետ։ Այն գիշերը, երբ ուղարկեցի ինքնակենսագրությունս «ICIRLD» կենտրոնին, երազումս պապիկիս տեսա, որը մի քանի ամիս առաջ էր մահացել։ Երազում նա ինձ ասում էր, որ ծնվել է Հայերի փողոցում։ Ես վիճում էի, որովհետեւ այդպիսի փողոց իմ գյուղում չկա, բայց նա ինձ մի փաստաթուղթ էր ցույց տալիս՝ ապացուցելով (իմ երազային աշխարհում), որ ինքն այդ փողոցում է ծնվել։ Ես դա իբրեւ նշան մեկնաբանեցի ու մտածեցի, որ պապիկս գոհ կլիներ, եթե մի գիրք գրեմ, որտեղ կհավաքեմ ոչ միայն Հայոց ցեղասպանության վերջին վերապրածների ձայները, այլեւ բոլոր այն տարեց մարդկանց ձայները, ովքեր կօգնեին ինձ Հայաստանի նման զարմանահրաշ երկիրը հայտնի դարձնել Իսպանիայում, որտեղ այն բավական անհայտ էր։ Գիրքն ընծայագրեցի պապիկիս ու կարծում եմ՝ նա հանդարտվեց. այլեւս երազում նրան չտեսա։
–Կխնդրեի պատմել Ձեր գրքի մասին։ Ե՞րբ եք գրել։ Ինչի՞ մասին է այն, ի՞նչ եք բացահայտել Հայաստանի մասին եւ ցանկացել այդ մասին պատմել նաեւ իսպանախոս ընթերցողին։
–«Քամու վերքերը» գիրքը գրել եմ Հայաստանում ապրելիս։ Այն հիմնված է քրոնիկների վրա, որոնք հրապարակում էի իսպանական ու լատինամերիկյան լրատվամիջոցներում, ինչպես նաեւ այլ քրոնիկների, որոնք պահում էի բացառապես գրքի համար։ Գիրքը բաժանված է չորս մասի։ «Լռություններ» մասում պատմում եմ հեռավոր գյուղեր կատարած ճանապարհորդություններիս մասին, որոնց ժամանակ աստիճանաբար ծանոթանում էի բնակիչների հետ։ Կարծես այլմոլորակային լինեի այն նոր վայրերում, որոնք փորձում էի ճանաչել։ «Ձայները» ընդգրկում է 20—րդ դարում հայերի վերապրած այն բոլոր դեպքերի հետ կապված պատմությունները, որոնք ազդեցություն են ունեցել այսօրվա հայերի մտածելակերպի վրա՝ ցեղասպանությունը, պատերազմները, երկրաշարժը եւ այլն։ «Հետագծեր» մասում հավաքված են այն մարդկանց պատմությունները, ովքեր ինձ խիստ հատկանշական են թվում գոյատեւման համար մաքառող հայի կերպարը ներկայացնելու համար. դրանք ինձ հուսո կաթիլներ են թվում, կարծես ասեն՝ «մենք շատ վատ օրեր ենք տեսել, բայց միշտ կգտնենք առաջ շարժվելու ձեւը»։ Եվ, ի վերջո, «Գծերում» անցնում եմ Հայաստանի ու Վրաստանի սահմանամերձ որոշ բնակավայրերով, որտեղ այնպիսի անհավատալի բաներ են կատարվում, ինչպես, ասենք, հայերի ու ադրբեջանցիների խաղաղ համակեցությունը (հեղինակի խոսքը վրացական Խոժոռնի եւ Մառնեուլ գյուղերի մասին է) կամ պետական սահմանով երկու մասի բաժանված տունը։
Ի՞նչ եմ բացահայտել Հայաստանում… այն, որ հայը, բացի հյուրասեր լինելուց, ինչի մասին մեզ պատմում են բոլոր ուղեցույցները, նաեւ արտառոց մարդու տեսակ է, հյուրամեծար։ Այդ ամենից բացի, այնպիսի մեկն է, ով ամեն բան կանի դժվարությունները հաղթահարելու համար։ Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ։ Բայց ես իսպանացի ընթերցողին ուզում էի ցույց տալ հատկապես մեր պարտքը հայ ժողովրդի հանդեպ, մանավանդ որ Հայոց ցեղասպանության մասին Իսպանիայում գրեթե հայտնի չէ եւ պաշտոնապես անգամ ճանաչված չէ։ Միշտ կատակում եմ, որ կյանքում իմ միակ նպատակն այն է, որ ինձ ծանոթ բոլոր մարդիկ մի օր գան Հայաստան։
–Ի՞նչ նոր բան կարող ենք իմանալ ինքներս մեր մասին։
–Ուրախ եմ, որ հարցնում եք դա, որովհետեւ այս գիրքը նախատեսված չէ, որ միայն իսպանացիները ճանաչեն հայերին. այնպես է գրված, որ հայերը նույնպես իրենք իրենց ճանաչեն։ Օրինակ՝ երբ ես երեւանցի ընկերուհուս հետ այցելեցի «դոմիկները», նա իր տեսածին չէր կարողանում հավատալ, չէր պատկերացնում, որ իր երկրում այդ վիճակում գտնվող մարդիկ կան։ Նույն կերպ հայ ընկերուհիս, որն ինձ հետ եկավ այն գյուղերը (Վրաստանում գտնվող), որտեղ հայերն ու ադրբեջանցիները խաղաղ ապրում էին, հասկացավ, որ հնարավոր է երկխոսությունը, ինչը մինչ այդ աներեւակայելի էր թվում նրան։ Նախկինում նա երբեք ադրբեջանցու հետ չէր խոսել, իսկ հիմա ադրբեջանցի կանանց տանն էր, որոնք իրեն սուրճ էին հյուրասիրում ու վերաբերվում հավասարի պես։ Գրքի մյուս միտքն այն է, որ քաղաքի երիտասարդները մի փոքր ավելի շատ մոտենան գյուղերին՝ լսելու իրենց տատիկների ու պապիկների ձայնը։
–Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում ի՞նչն է Ձեզ զարմացրել, ի՞նչը՝ հիացրել, եւ ի՞նչն էր տարբեր այն երկրից, որտեղից Դուք եք։
–Ինձ զարմացնում էր արտասովորությունը։ Ամեն օր ինձ հետ մի անհավատալի բան էր պատահում։ Շատ էի զվարճանում։ Ես շատ երջանիկ էի Հայաստանում ու ամեն օր փողոց էի դուրս գալիս՝ մտածելով. տեսնես այսօ՞ր ինչ կպատահի… Շատ տարբերություններ չեմ տեսել, ավելի շատ կենտրոնացել եմ նմանությունների վրա, որոնք բազմաթիվ են։ Ինչպես ասացի, Հայաստանն առաջին տեղն էր, որտեղ ինձ զգացի ինչպես իմ տանը, ինչը երկար ժամանակ չէր եղել ինձ հետ, եւ դա պատահականություն չէր։ Ամեն անգամ հայկական գյուղ գնալիս ասես վերադառնում էի մանկություն՝ Կաստիլիա—Լա Մանչայի իմ գյուղում, մարզ, որտեղ, միշտ ասում եմ՝ «բոլորս շատ հայ ենք»։
–Դեկտեմբերի մեկին Իսպանիայում տեղի ունեցավ Ձեր գրքի շնորհանդեսը։ Կա՞ն արդեն արձագանքներ, ինչպե՞ս է այն ընդունվել։
–«Քամու վերքերը» սեփական ֆինանսավորմամբ լույս տեսավ 2015—ին եւ այնպիսի ընդունելություն ունեցավ, որ երբեք չէի պատկերացնի ու երբեք չեմ մոռանա։ Ինձ ոչ ոք չէր ճանաչում, պատմում էի մի վայրի մասին, որն այստեղ կարծես որեւէ մեկին չէր հետաքրքրում, գիրքը գրված էր քիչ ընթերցվող ժանրում, այն էլ՝ սեփական հրատարակությամբ։ Սակայն մի քանի օր անց Ամազոն կայքում այն զբաղեցրեց Իսպանիայում ամենավաճառվող գրքերի ցուցակի 3—րդ տեղը, իսկ իր ժանրում՝ 1—ին տեղը, որտեղ մնաց մի քանի ամիս։ Որոշ գրադարանավարների ու լրագրող գործընկերների կողմից շատ լավ արձագանքներ եղան։ Այնպես որ, կարող եմ ասել՝ անսպասելիորեն լավ ընդունելություն ստացավ։
Նոյեմբերին լույս տեսավ գրքի նոր հրատարակությունը «Լա Լինեա Դել Օրիսոնտե» իսպանական հրատարակչության կողմից, որը տարածում ունի նաեւ Լատինական Ամերիկայի երկրներում եւ մասնագիտացած է ճանապարհորդական գրքերի տպագրության մեջ։ Այս նոր հրատարակությունը վերանայվել է, շտկվել, ընդլայնվել եւ ներառում է որոշ լուսանկարներ։ Ընդամենը մի քանի օր է, ինչ շուկայում է, ու դեռ չգիտենք՝ ինչ ընդունելություն կունենա, բայց ինձ արդեն ուրախանալու մի քանի առիթ է տվել։
–Եթե ինչ—որ բան ունեք ավելացնելու, որի մասին չեմ հարցրել…
–Ինձ նոր պատրվակ է պետք, որ վերադառնամ Հայաստան, որովհետեւ արդեն մի տարի է՝ չեմ եղել։ Այնպես որ հուսով եմ՝ որեւէ հայ հրատարակիչ կկարդա հարցազրույցը եւ կհիշի Հասմիկ Ամիրաղյանին, որն արդեն թարգմանել է գիրքը եւ հրատարակիչ է փնտրում (ծիծաղում է)։ «Շատ շնորհակալ եմ, Լուսինե ջան» (ասում է հայերեն)։

Հայաստանի հանդեպ սիրով ողողված գիրք

«Քամու վերքերը» գիրքը հայերեն է թարգմանել բանասիրական գիտությունների թեկնածու, թարգմանչուհի Հասմիկ Ամիրաղյանը։ Մեզ հետ զրույցում նա նույնպես հույս հայտնեց, որ ի վերջո կգտնվի այն հրատարակիչը, ում օգնությամբ հայ ընթերցողը նույնպես հնարավորություն կունենա ծանոթանալու գրքի բովանդակությանը։ Ի դեպ, նա գրքում հիշատակված անձանցից մեկի թոռնուհին է։
–Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք թարգմանել Վիրխինիա Մենդոսայի գիրքը։
–«Քամու վերքերն» այնքան հետաքրքիր գիրք է՝ հուզող եւ ծիծաղեցնող, կլանող եւ զարմացնող, որ կարդալիս անխուսափելիորեն ցանկանում էի դրա մասին պատմել իսպաներեն չխոսող հարազատներիս, ընկերներիս։ Ափսոս կլիներ, որ իսպաներեն չիմացող հայերը չկարողանային կարդալ Հայաստանի մասին պատմող, Հայաստանի հանդեպ սիրով ողողված նման տաղանդավոր ու յուրահատուկ գիրքը։
–Ի՞նչ դժվարությունների առջեւ կանգնեցիք թարգմանության ընթացքում։
–Թարգմանությունը մասամբ հեշտ էր, քանի որ Վիրխինիա Մենդոսային ուղեկցել էի հանդիպումներից մի քանիսի ժամանակ, լսել նրա հերոսների հայերեն խոսքը։ Մյուս կողմից՝ ունեի հարցերս հեղինակին ուղղելու հնարավորությունը։ Աշխատանքի ամենադժվար, բայց երեւի նաեւ ամենահետաքրքիր մասը բարբառների գործածությունն էր։ Գրքում զետեղված են Երկրորդ համաշխարհային պատերազմի մի մասնակցի նամակները՝ ռազմաճակատից ուղարկված իր ընտանիքին։ Իսպաներեն տարբերակում դրանք թարգմանված են։ Հայերեն թարգմանության մեջ, բնականաբար, մեջբերվեց նամակների բնագիր տեքստը՝ յուրօրինակ խոսվածքով։ Դրանից էլ միտք առաջացավ մյուս հերոսների խոսքը եւս թարգմանելու իրենց բնորոշ բարբառով։
–Հայերիս համար բավականին ցավոտ թեմաներ են շոշափվում գրքում։ Ի՞նչ ապրումներ ունեիք գիրքը թարգմանելիս։
–Իսկապես, գրքում շատ են սրտառուչ դրվագները։ Անդրադարձ կա Հայոց ցեղասպանությանը, 1988—ի երկրաշարժին, 1990—ականների պատերազմին։ Այդ պատմություններից շատերը մինչ օրս գրեթե անծանոթ են եղել իսպանալեզու միջավայրում, եւ թարգմանելիս ես խիստ արժեւորում էի դրանք արձանագրելու կարեւորությունը։ Դրանց հետ մեկտեղ գրքում տեղ են գտել մերօրյա հերոսների պատմությունները, որոնք վարակում են իրենց լավատեսությամբ, կորովով։
–Ի՞նչ բացահայտումներ արեցիք ինքներդ Ձեզ համար։ Կառանձնացնե՞ք որեւէ պատմություն կամ դրվագ, որը հուզել է։
–Ինձ համար մեծ բացահայտում էր Հայաստանում ապրող եզդիների եւ մոլոկանների կենցաղի նկարագրությունը։ Կարծում եմ՝ մեզնից շատերն այդքան մանրամասներ չգիտեն մեր կողքին ապրող ազգային փոքրամասնությունների մասին։ Ուշագրավ են նաեւ որեւէ յուրահատկությամբ աչքի ընկած մեր ժամանակակիցների պատմությունները (Առինջի գետնափոր թանգարանի մասին, աշխարհի հնագույն կոշիկի մասին), հարցազրույցները (Լուսիկ Ագուլեցու եւ այլոց հետ)։ Գրքում բազմաթիվ են հուզիչ դրվագները։ Գյումրու երկրաշարժի ականատեսների պատմությունները ամեն անգամ կարդալիս ստիպում են սարսռալ։ Բայց ամենից հուզիչը թերեւս ցեղասպանությունը վերապրած Մովսեսի եւ Իսկուհու մասին դրվագն է՝ Մեծ եղեռնից հարյուր տարի անց կյանքով ու սիրով առլեցուն այդ զույգի պատմությունը։
–Իսպաներենից հայերեն եք թարգմանել նաեւ Բորխեսի, Կորտասարի ստեղծագործությունները։ Որքա՞ն լայնորեն է իսպանական գրականությունը ներկայացված հայերենով։
–Կորտասարի երկերից թարգմանել եմ միայն «Հետապնդողը» վիպակը, որը լույս է տեսել «Գարուն» ամսագրում։ Ամենածավալուն թարգմանությունս Խորխե Լուիս Բորխեսի «Հավերժության պատմություն» հատորն է (2016), որն ընդգրկում է 7 տարբեր ժողովածու։ Թարգմանել եմ նաեւ արգենտինահայ գրող Պաբլո Քաչաջյանի «Ինչ անել» վեպը (լույս է տեսել 2017—ին), Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Գաբրիելա Միստրալի գործերից, որոնք տպագրվել են տարբեր հանդեսներում։ Իսպանալեզու գրականությունն ընդգրկում է թե՛ իսպանական, թե՛ լատինամերիկյան երկրների հարուստ ու ստվար մի ժառանգություն։ Դրա հսկայական մասը հայերեն երբեք չի թարգմանվել, մի մասն էլ թարգմանվել է միջնորդ լեզվից՝ համապատասխան թերություններով։ Վերջին տարիներին որոշ չափով աճել է իսպանալեզու գրականության՝ բնագրից թարգմանությունների թիվը, սակայն թարգմանիչները քիչ են, եւ անելիք դեռ շատ կա։
Հարցազրույցը՝ Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

15-12-2018





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO