Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Ծնողներիս»

Այս խորագրի ներքո բացվել է ցուցահանդես նկարիչների միության  ցուցասրահում

Այս խորագրով տարեվերջյան ցուցահանդես բացվեց Հայաստանի նկարիչների միության 1—ին հարկի ցուցասրահում։ Ցուցահանդեսի կազմակերպիչն ու համադրողը գեղանկարիչ Գեւորգ Բաղդասարյանն է՝ բազմաթիվ նախագծերի հեղինակը ՀՆՄ ցուցահանդեսային համալիրում, վերջերս՝ նաեւ Աշտարակ քաղաքում։
«Ծնողներիս»... Խորհրդանշական, ավանդական եւ ջերմ հուշեր արթնացնող այս նկարահանդեսում հանդիպեցի Գեւորգ Բաղդասարյանին եւ ՀՆՄ անդամ, արվեստաբան ու նկարիչ Լեւոն Լաճիկյանին։
Գեւորգ Բաղդասարյան. «Ցուցահանդեսը կայացավ մի փոքր ուշ նախատեսված ժամկետից։ Մասնակցում է 100 նկարիչ, 120 աշխատանքով։ Երեք սերունդ է ներկայացել ցուցահանդեսում։ Մասնակիցների թվում են միության ե՛ւ իսկական, ե՛ւ պատվավոր անդամներ։ Բացի ծնողների կերպարներից, կան խորհրդանշական մոտեցումներ, ասենք՝ մորս սիրած ծաղիկները եւ այլն։ Սա, ինչ խոսք, պատահական չէ. ծնող երեւույթը շատ բովանդակալից է եւ չի սահմանափակվում դիմանկարով։ Սեր, հարգանք եւ նվիրում ծնողների նկատմամբ. այստեղից էլ ծնվեց միջոցառման անվանումը՝ «Ծնողներիս»։
Ներկայացվել են գեղանկարչական, գրաֆիկական, քանդակագործական եւ դեկորատիվ արվեստի ստեղծագործություններ։
Այժմ շրջենք ցուցասրահում։ Ահա այս կտավը, բավականին հետաքրքիր թեմայով։ Հեղինակը պարսկուհի Զահրա Մալեքին է, որը նկատի է ունեցել մայր հասկացությունը անկախ ծագումից եւ մաշկի գույնից։
Ահա ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի գործը, բավականին ինքնատիպ լուծմամբ. հայրն ու մայրն են, նրանց կենսագրական համառոտ տվյալներով, ինչը խորհրդանշված է յուրօրինակ ձեւով։ Հեղինակը ներկայանում է մեզ հրեշտակի կերպարով եւ ներկայացնում է ծնողներին։
Ահա ՀՆՄ պատվավոր անդամ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի հետաքրքիր կտավները։
Անուշ Առաքելյանը հանդիսատեսին է ներկայանում «Ծերունին եւ աշխարհը» աշխատանքով, որտեղ հայրն է՝ ճանաչված վարպետ Առաքել Առաքելյանը, Հեմինգուեյի «Ծերունին եւ ծովը» ստեղծագործության մոտիվներով։
Ահա Անահիտ Ալեքսանյանի կտավը։ Շնորհալի աղջիկ է եւ, հուսամ, որ շուտով կհամալրի ՀՆՄ շարքերը։
Սուրեն Խորենյանը ներկայացրել է հոր՝ Վահան Խորենյանի դիմանկարը։
Ահա նաեւ Սեդա Բեքարյանի եւ իր դստեր՝ Արփի Վարդանյանի ինքնատիպ ստեղծագործությունները»։
Լեւոն Լաճիկյան. «Նախ ասեմ, որ թեմատիկ առումով բազմաոճ ցուցահանդես է, եւ իր հուզականությամբ անվիճելիորեն առանձնանում է, քանի որ նվիրված է սրբություն սրբոց ծնողներին եւ, ընդհանուր առմամբ, կարծես խնկարկում է։ Ցուցահանդեսը կարեւոր է հատկապես մեր օրերում, երբ ավանդական արժեքները, այդ թվում՝ հարգանքը ծնողների հանդեպ, կարծես, այնքան էլ արդիական չեն։ Եվ ահա ցուցահանդեսը գալիս է ասելու, որ դեռ կա խոնարհում ծնողի նկատմամբ։ Հայերս խնկարկել ենք մեր ծնողներին. հիշենք թեկուզ Շիրազի «Հուշարձան մայրիկիս» գիրքը, որը ժամերի ընթացքում սպառվեց։ Այս ցուցահանդեսն էլ, կարելի է ասել, որ գեղանկարչական հուշարձան է՝ ձոն ծնողներին։ Կան հոգեւոր սյուժեներ, Մարիամ Աստվածածինը, այլ հոգեւոր անդրադարձներ։
Հաճելիորեն զարմացրեց Ռուդոլֆը՝ իմ վաղեմի ընկերը, ում կտավները տեսնում եմ առաջին անգամ, չնայած տեղյակ էի, որ լավ նկարում է»։
Գեւորգ Բաղդասարյան. «Կարող եմ ներկայացնել իմ եռանկարը։ Անվանումը՝ «Մինչեւ ես», ինչպես տեսնում եք, դա գրել եմ կտավի վրա, այսինքն՝ պատկերել եմ ծնողներիս մինչեւ իմ աշխարհ գալը, նկարել եմ նրանց իրենց ժամանակին հարիր հագուկապով եւ սանրվածքով։ Սա մեր խաղալիք նժույգն է, ես եմ եւ եղբայրս ու մեր փուչիկները։ Եղբորս փուչիկը, ինչպես տեսնում եք, մի քիչ սմքած է... նա վաղ հեռացավ կյանքից։
Ահա, հորս՝ Վարդգես Բաղդասարյանի նկարի տակ գրել եմ՝ «Վիրաբույժ», քանի որ նկարիչ—վերականգնող էր։ Հիշում եմ՝ մաեստրո Երվանդ Քոչարը հանդիպակաց մայթից ձայն տվեց հորս. «Ողջո՜ւյն, իմ բժիշկ»։ Հայրս 1939 թվականից ղեկավարում էր Հայաստանի պետական պատկերասրահի վերանորոգման բաժինը»։
Լեւոն Լաճիկյան. «Գրավիչ է Լավրենտ Վարդանյանի «Ծնողներիս հիշատակին» գործը։ Կատարված է պաստելով, եւ պատերազմի թեման է արծարծվում։ Ի դեպ, նյութերի առումով եւս այս ցուցահանդեսը շատ է հետաքրքիր, բազմաժանրություն կա։
Այժմ թույլ տվեք անդրադառնալ եղբորս՝ Սամվել Լաճիկյանի այս աշխատանքին. նկարել է մեր հորը։ Այս նկարը հետաքրքիր նախապատմություն ունի։ Հորս մահից հետո որոշեցինք այս դիմանկարը շրջանակել։ Շրջանակագործ վարպետը, որը օրվա ընթացքում տասնյակ նկարներ է շրջանակում, ուշացնում էր պատվերի կատարումը։ Այցելեցինք, փորձելով հասկանալ, թե ինչն է խնդիրը, չէ՞ որ պայմանավորվել էինք նախապես, վճարել էինք գումարը։ Վարպետը խոստովանեց, որ ապակին չի կարողանում տեղադրել շրջանակում, քանի որ ամեն անգամ թվում է, թե դիմանկարի քունքերի երակները տրոփում են։
Ահա Քնարիկ Աբովյանի աշխատանքը, որն ինձ հիշեցրեց Արշիլ Գորկուն։
Կուզեի անդրադառնալ ցուցահանդեսի էքսպոզիցիային։ Ազատ ընտրություն է կատարվել, չկա որեւէ պարտադրանք, մի բան, որ համահունչ է ցուցահանդեսի բնույթին։ Սա համարձակ փորձ է, որը հաջողվել է։ Այս նկարահանդեսում ակադեմիական մոտեցումը անտեղի կլիներ»։
Պատրաստեց՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

11-01-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO