Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԼՂՀ


Մարտավարական տեսլականում նաեւ ռոբոտաշինությունն է

Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը հավակնոտ ծրագրեր ունի

Տեղեկատվական տեխնոլոգիական ոլորտը ԱՀ կառավարության համար շարունակում է տնտեսության զարգացումը խթանող գերակա ճյուղերից մեկը մնալ եւ նպաստել արտադրողականության բարձրացմանն ու մրցունակության ծավալմանը, հավելյալ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծմանը։ Այդ տեսակետից ոլորտի առաջատարների առաքելությունը հանրապետությունում ստանձնել են «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամը եւ «Թումո» ստեղծագործական կենտրոնը, որոնց գործունեությունը միտված է կրթական, նաեւ ներդրումային հավակնոտ ծրագրերի մշակմանն ու օգտագործմանը, ՏՏ արհեստավարժ մանկավարժների պատրաստմանը, ընկերությունների եւ ինժեներական լաբորատորիաների ստեղծմանը։ Թե այդ ուղղությամբ ինչպես են համակարգվում աշխատանքները եւ ոլորտի ներուժի հնարավորություններն ինչպես են օգտագործվում՝ տնտեսության զարգացման բնագավառում մարտավարության իրենց մասնաբաժինն ապահովելու համար, ինչպես նաեւ այլ հարցերի վերաբերյալ մեր թղթակիցը Ստեփանակերտում հանդիպել, զրուցել է ՏՏ կենտրոնի գործադիր տնօրեն Նարինե Ասծատրյանի հետ։
Ընդամենը չորս տարի առաջ է ծնունդ առել «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամը՝ նպատակ հետապնդելով նպաստել ոլորտի մասնագետների պատրաստմանը, երիտասարդների ու պատանիների կարողությունների դրսեւորմանն ու զարգացմանը, ոլորտում ներդրումների ապահովմանը եւ նոր կազմակերպությունների ստեղծմանը, հետազոտությունների եւ մշակումների իրականացմանը, տնտեսությունում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմանը։
ՏՏ կենտրոնի հարմարավետ ու բարեկարգ մասնաշենքի բակում տեղադրված «Ծաղկասայլակով ռոբոտի» նկատմամբ ունեցած անցորդների հետաքրքրությունը երբեմն հպանցիկ տեսակցությամբ չի ավարտվում, եւ հիմնադրամի գործունեության մասին ավելին իմանալու համար շատերը «գայթակղությանը» չեն դիմանում եւ հյուրընկալ դռներից ներս են մտնում... Իսկ շենքի նախասրահում ճաշակով ու նրբանկատությամբ բազմատեսակ ծաղիկների համադրմամբ գունեղ պաստառները, տեխնիկական տարաբնույթ «էսքիզ սարքավորումները», որ Հայաստանում կազմակերպված եռաչափ մոդելավորման մրցույթներում բարձր գնահատանքի են արժանացել ու երաշխավորվել արտադրության, այցելուների առաջին պատկերացումներն են տալիս «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի աշակերտների որոնողական, ստեղծագործական աշխատանքների վերաբերյալ։
Հենց այստեղ՝ առաջին հարկում են տեղակայված համակարգչային, տեխնիկական սարքավորումներով հագեցած դասասենյակները (լաբորատորիաները), որտեղ տարբեր խմբերում պարապում են սովորողները՝ արհեստավարժ մասնագետների եւ ուսուցիչների ուղղորդմամբ։ Կենտրոնի տնօրեն Նարինե Ասծատրյանի եւ ծրագրերի համակարգող Աշոտ Ավանեսյանի ուղեկցությամբ մոդելավորողների մոտ ենք։ Աշակերտները, որ խորասուզված նոր մտաղացումների իրագործման մեջ՝ համակարգչային ծրագրերում իրենց ճշգրտումներն էին կատարում, գրեթե չզգացին, թե ինչպես «ներս խուժեցինք»։ Միայն այն բանից հետո, երբ խմբավարը կարճատեւ ընդմիջում հայտարարեց, նրանք սթափվեցին եւ մեր խնդրանքով «գաղտնազերծեցին» իրենց փնտրտուքների նպատակը եւ որոնողական աշխատանքների արդյունքները։
«Այս պատանիները նոր են վերադարձել Երեւանից, ովքեր մրցակցելով մոդելավորման հանրապետական մրցույթին, լավագույն 42 թիմերի մեջ գրավել են երկրորդ պատվավոր տեղը՝ արժանանալով պատվոգրի եւ դրամական պարգեւի»,– հպարտությամբ նշում է Ն. Ասծատրյանը՝ ցուցադրելով պատրաստած այն ռոբոտը, որն ընդունակ է իր տեխնիկական հզորությամբ ճեղքել ամենաբարդ ռելիեֆային տարածքը եւ մեծածավալ ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Ինչպես զրույցի ժամանակ պարզաբանեց ծրագրի ղեկավարը, «Արմաթ» լաբորատորիայի տղաների նորամուծությունը նախատեսված է կյանքի կոչել ռազմարդյունաբերության բնագավառում։ Արցախի սահմանների անվտանգության ապահովման խնդրում մասնագետները նման տեխնիկայի օգտագործումը խիստ շահեկան են համարում։
ՏՏ կենտրոնի գործադիր տնօրենի խոսքով, «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում ուսումն իրականացվում է հինգերորդ դասարանից։ Ընդ որում, հատկանշական է, որ տարեցտարի ընդլայնվում են աշակերտների շարքերը։ Հայաստանյան գործընկերների աջակցությամբ Արցախում ներկայումս նման լաբորատորիաների թիվը շուրջ երկու տասնյակի է հասնում, ուր 300—ից ավելի երեխաներ են սովորում։ Միայն կենտրոնում գործող 9 խմբակներում գրեթե 100 աշակերտներ են ընդգրկված, ովքեր իրենց կարողություններն ու գիտելիքներն են զարգացնում ծրագրավորման տարբեր ուղղություններում։
Նախորդ տարիների օրինակով, «Արմաթ» ինժեներական լաբորատորիան անցյալ տարվա ամռանը կազմակերպել է աշակերտների ընդունելություն, եւ այսօր սովորողների թիվը շուրջ 200—ի է հասնում։ Նրանց ու լաբորատորիայի խմբակավարների նախաձեռնությամբ ակտիվ աջակցություն է ցուցաբերվել Ծմակահողի կիրակնօրյա դպրոցում կազմակերպված պատանի բնագետների դասընթացներին։ Առանձնապես հաջողությամբ են անցել «Վեբ» ծրագրավորման շրջանակում կազմակերպված լեզուների ուսումնասիրման պարապմունքները, որոնց արդյունքներով կենտրոնի հիմնադրամի կողմից ուսանողներին տրամադրվել են հավաստագրեր։ Նման գնահատանքի են արժանացել նաեւ մարքետինգի գծով դասընթացներն ավարտած սովորողները։ Ընդառաջելով «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտորատի խնդրանքին՝ կենտրոնում կազմակերպվել է «Տնտեսագիտության, կառավարման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների» ֆակուլտետի ուսանողների փորձ–ուսուցում՝ նրանց լայն հնարավորություն ընձեռելով հմտանալու աշխատանքում եւ գործնական գիտելիքներ ստանալու։
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Ն. Ասծատրյանը անխուսափելի համարեց հանրապետությունում լաբորիատորիաների գործունեության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ընդգծելով կրթական նոր ծրագրերի արմատավորման առաջնահերթությունը։ Նա նշեց, թե անցյալ տարի «ԱԹՍ նախագծման, վերանորոգման, փորձարկման եւ ուսուցման» լաբորիատորիայի բացման նպատակով երեք մասնագետներ վերապատրաստման դասընթացներ են անցել Հայաստանում, եւ ընթացիկ տարում այդ գործընթացը շարունակական կլինի։
Արդյունավետ գնահատելով կենտրոնի մասնաշենքում գործող ութ ընկերությունների աշխատանքները՝ տիկին Ասծատրյանը նշեց, որ վարձակալական հիմունքներով տարածք տրամադրելը «միմիայն ֆինանսական վիճակը շտկելու խնդրով պայմանավորված չէ»։ Տարածք են այցելում մեծ թվով երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են տարբեր ծրագրերով, եւ, «փոխադարձ շփումների արդյունքում, ստեղծագործական բարձր տրամադրություն եւ հաճելի մթնոլորտ է ստեղծվում»։ Կենտրոնի աջակցությամբ է, օրինակ, ստեղծվել Արցախում ոլորտի ծրագրավորման ծառայություններ մատուցող «ՋԻԳՍԱՎ» կոոպերատիվը, որն առանձին տաղավարով ներկայացել է «Digitec Expo» ամենամյա ցուցահանդեսին եւ մրցանակային տեղ գրավել։ Այն արտահաստիքային հարթակների միջոցով ծառայություն է մատուցում աշխարհի տարբեր երկրներում գտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, կայքեր նախագծում, զբաղվում լոգոների դիզայնով եւ այլն։
«Սկայտերկ» եւ «Սիներջի սիսթեմս» ընկերությունները զբաղվում են անալիտիկ եւ վերլուծողական համակարգերի, իսկ «Կապիտալ Սոֆթը», «Ջան քոմյունիքեյշըն» եւ «Լոկատոր» ընկերությունները վերլուծական տարբեր ծրագրերի մշակմամբ եւ իրացմամբ են հետաքրքրված։ Տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մի շարք ծառայություններ է մատուցում «Լոկատորը», որը մասնավորապես առաջարկում է տրանսպորտային միջոցների երթուղայնացման եւ կառավարման համակարգ՝ արդյունավետ օգտագործելով GPS—ի եւ բջջային հեռախոսացանցի ռեսուրսները։
«Լոկատոր» ՍՊԸ—ն աշխատում է տասնյակ պետական եւ մասնավոր կազմակերպությունների հետ, այդ թվում՝ ԱՀ պաշտպանության բանակի, արտակարգ իրավիճակների վարչության, շտապ բժշկական օգնության կայանի, «Արցախէներգո» ՓԲԸ, «Hallo Trust»—ի, «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ հետ եւ այլն։
Ուշագրավ է, որ տիեզերքից կատարված բարձրորակ լուսանկարների հիման վրա ընկերության շնորհիվ թվայնացվել է Արցախի Հանրապետության եւ այլ բնակավայրերի մանրակրկիտ ու ճշգրիտ քարտեզը։ Կազմակերպության մասնագետները ստեղծել են յուրահատուկ ծրագրային համակարգ, որը ճշգրտությամբ որոշում եւ հարմար տեսքով ներկայացնում է վերահսկվող օբյեկտի աշխարհագրական դիրքը, արագությունը, շարժման ուղղությունը եւ վառելիքի ծախսը։
Այն հարցին, թե տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը պետակա՞ն միջոցներով է իրականացնում գործունեությունը, թե՞ արտաբյուջետային գումարներ են ծախսվում, գործադիր տնօրենը պատասխանեց, որ հիմնադրամը գլխավորապես պետական դրամաշնորհ է ստանում, եւ այդ շրջանակում հատկացվող գումարը վերջին տարիներին գրեթե անփոփոխ է մնացել (չհաշված, որ 2018—ին նախատեսված ֆինանսական միջոցները որոշակիորեն կրճատվել են)։ Նրա խոսքով, այդ տեսակետից «սրտնեղելու կարիք չկա», եւ վարձակալած տարածքներից գոյացող գումարները համադրելով՝ «գործը գլուխ է բերվում»։ Մտահոգիչ է մնում ՏՏ ոլորտում պետական աջակցության մասին օրենքի բացակայությունը, որի առկայությունը միմիայն կխթանի ոլորտի զարգացումն ու աշխուժացումը։ Մինչդեռ Արցախում առայսօր ստիպված են առաջնորդվել այն հայեցակարգով, որ կառավարության կողմից ընդունվել է 2001 թվականին։ Ն. Ասծատրյանը խիստ կարեւորում է նաեւ հարկային օրենսդրության վերանայման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա հարկային արտոնություններ տրամադրել նորաստեղծ տնտեսավարող սուբյեկտներին։
Ուրվագծելով կենտրոնի մարտավարական տեսլականը, Ն. Ասծատրյանը այդ համատեքստում, ի թիվս մի շարք ծրագրերի, ընդգծեց օդային ռոբոտաշինության հիմունքներն ուսումնասիրող եւ անօդաչու թռչող սարքերի լաբորիատորիայի հիմնման անհրաժեշտությունը, որի վերաբերյալ արդեն համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել հայաստանյան ընկերությունների հետ։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Ստեփանակերտ

11-01-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO