Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.02.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Պիկասոն «կժամանի» Հայաստան

Ազգային պատկերասրահը լուրջ խնդիրներ չունի

Հայաստանի ազգային պատկերասրահը Ռուսաստանի գործընկեր թանգարաններից մեկի հետ այս տարի պլանավորել է կազմակերպել իսպանացի հռչակավոր նկարիչ Պաբլո Պիկասոյի աշխատանքներին նվիրված խոշոր ցուցահանդես։
Այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱՊ—ի տնօրեն Արման Ծատուրյանը. «Բանակցություններ ենք սկսել ռուսական թանգարաններից մեկի հետ՝ Պիկասոյի որոշ նկարներ Հայաստան բերելու եւ պատկերասրահում պահվող գրաֆիկական աշխատանքների համադրումով համատեղ ցուցահանդես բացելու վերաբերյալ։ Այն հավանաբար կլինի սեպտեմբերին»։
Պատկերասրահն անցած տարի եւս աչքի ընկավ մի շարք ուշագրավ միջոցառումներով։ Ընդհանուր առմամբ 2018—ին կազմակերպվեց 9 ցուցահանդես։ Այցելությունների թիվը բարձր է եղել հատկապես Մինաս Ավետիսյանի ծննդյան 90–ամյակին նվիրված ցուցադրությանը, որը մեկտեղել էր շուրջ 100 աշխատանք՝ Հայաստանի ազգային պատկերասրահից, Երեւանի ժամանակակից արվեստի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, Երեւանի ռուսական արվեստի, Արամ Խաչատրյանի թանգարաններից եւ հայաստանյան մասնավոր հավաքածուներից։ Այս ցուցահանդեսը հետաքրքիր էր նրանով, որ համակողմանիորեն բացահայտում էր Մինասի գործունեությունը ամենատարբեր բնագավառներում՝ հաստոցային եւ մոնումենտալ գեղանկարչություն, գրաֆիկա, բեմանկարչություն, կինեմատոգրաֆիա, որոնք ուղեկցվում էին էլեկտրոնային փաստավավերագրական նյութերով։ «Մինաս Ավետիսյանի 90—ամյակի ցուցահանդեսը 3—4 ամիսների ընթացքում պատկերասրահ բերեց ավելի քան 15 հազար այցելուի, եւ սա վատ ցուցանիշ չէ»,–ասաց Ծատուրյանը։
Նա նաեւ հաջողված համարեց ՀՀ—ում Իտալիայի դեսպանության հետ կազմակերպված «Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ փետրվարի 18—ը։ Ցուցադրությունը ներկայացնում է Արիչչա քաղաքի Պալացցո Կիջիի թանգարանում պահվող բարոկկո ոճի 55 աշխատանք։ Այս ցուցահանդեսը այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալու բարոկկոյի վարպետների վրձնած գեղանկարների, ինչպես նաեւ փորագրությունների, էսքիզների, դեկորատիվ արվեստի նմուշների հետ։ «Միայն 2019 թ. հունվարի 3—5—ը ընկած ժամանակահատվածում պատկերասրահ է հաճախել մոտ 250 այցելու։ «Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը նույնպես գնահատում եմ դրական։ Եթե համեմատենք նախորդած տարիների այցելությունները, միանշանակ Այվազովսկու 200—ամյակին նվիրված ցուցահանդեսի ռեկորդային թիվը դեռեւս չենք ունեցել։ Հայաստանի թանգարանները հաճախ են համեմատում եվրոպական տարբեր թանգարանների հետ, դա ինչ—որ առումով կարելի է, բայց նաեւ հսկայական է տարբերությունը։ Լուվրի հետ համեմատությունը ծիծաղելի է։ Մենք չենք կարող այդ «հսկայի» հետ «ոտք մեկնել»՝ ո՛չ զբոսաշրջիկների, ո՛չ այցելությունների առումով։ Առհասարակ աշխարհի ցուցանիշները ցույց են տալիս, որ թանգարաններ այցելությունները գնալով նվազում են։ Որպեսզի այս խնդիրը արմատներ չգցի, այցելուներին գրավելու համար մասնագետները մտածում են հետաքրքիր ծրագրեր։ Մենք նույնպես որդեգրել ենք այս քաղաքականությունը»,–նշեց պատկերասրահի տնօրենը՝ շեշտելով, որ իր կառավարման տարիներին ազգային պատկերասրահի այցելությունների թիվն էապես աճել է։
Երբ ստանձնել է թանգարանի տնօրենի պաշտոնը, տոմսերից գոյացած գումարը տարեկան կազմել է 13—14 մլն դրամ։ Անցած տարի ունեցել են  40—50 մլն դրամ հասույթ։ «Սա համարում եմ իմ հաջողությունը։ Առհասարակ մեր արտաբյուջեն 3—4 անգամ աճել է։ Սա պայմանավորված է ավելի շատ իմ բիզնես մտածողությամբ, որի մասին շատերն են խոսում եւ քննադատում։ Ես ունեմ մեծ ընտանիք՝ ի դեմս պատկերասրահի աշխատակիցների, եւ ինձ վստահված է ամենապատասխանատու կառույցներից մեկը։ Պետական ֆինանսավորումները միշտ էլ չեն բավարարել։ Շատ լավ գիտեմ, թե պետական համակարգը ինչպես է աշխատում, եւ ֆինանսավորումը ինչպես է լինում։ Գումարը պետական հաստատություններում միշտ պակասել է, եւ ես կարծում եմ, որ պետությունը չպետք է ամեն բան 100 տոկոսով իր վրա վերցնի։ Մենք կազմակերպում ենք նաեւ կրթական ծրագրեր եւ դրանցից գոյացած գումարները ներդնում թանգարանի վերանորոգման աշխատանքների գործին։ Մեկ դրամ պետական բյուջեից գումար չի եկել։ Ինչ վերանորոգում որ կատարվել է, ամբողջն արվել է մասնավոր հանգանակությունների ու մեր աշխատած գումարների միջոցով։ Ավելի քան երեք տարի է կառավարում եմ, եւ այս կառույցի բոլոր սրահների վերանորոգումներն իրականացրել ենք բացարձակապես մեր ֆինանսներով»,–ընդգծեց Ծատուրյանը։
Խոսելով պատկերասրահի շենքային պայմանների, մասնավորապես ֆոնդերի պահպանման մասին, Ծատուրյանն ասաց, որ դրանք բարվոք վիճակում են. «Օրերս լրատվամիջոցներից մեկում պատկերասրահի ֆոնդերի հետ կապված կարդացի մի անհասկանալի հոդված։ Ժողովրդական մի ասացվածք կա՝ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա։ Այս կառույցը ասեկոսեներ ժառանգել է։ Ով չի ալարում, կարծիք է արտահայտում ֆոնդերի վիճակի մասին։ Ինքս լինելով արվեստագիտության թեկնածու, «ծնվելով» կերպարվեստից, դեռեւս չեմ կարող հստակ կարծիք հայտնել ֆոնդերի վերաբերյալ, կմտածեմ մի քանի անգամ, մինչեւ խոսելը։ Մարդիկ կան թերի կրթությամբ մեծ—մեծ բաներ են խոսում։ Այն զրույցները, թե իբր մեր ֆոնդերը խոնավությունից բորբոսնում են, աբսուրդ է»։
Պատկերասրահը, տնօրենի խոսքով, մոտ 35 տարի է օդափոխության հին համակարգերը նորերով փոխարինելու պահանջ ունի։ Նախկին սարքավորումները, ասում է, շարքից դուրս են եկել, եւ խոնավացման հարցը գալիս է տարիներից, բայց շեշտում է, որ սա չի նշանակում, թե ցուցանմուշները բորբոսնում են, քանի որ ֆոնդերում տեղադրված են օդափոխման նոր սարքեր։ «Խնդիրը մեկ կենտրոնացված համակարգ ունենալու մասին է, որը բոլոր սրահներին կմատակարարի կայուն ջերմություն։ Կցանկանայինք պատկերասրահում վերանորոգումը լիներ ոչ թե տարիներ շարունակ՝ հարկաբաժին առ հարկաբաժին, այլ ամբողջապես։ Սրանք են հիմնական կարիքները։ Իսկ ընդհանուր առմամբ ասել, որ մենք լուրջ խնդիրներ ունենք, այդպես չէ։ Հայաստանի մյուս թանգարանների համեմատ ազգային պատկերասրահը շատ լավ վիճակում է»,–շեշտեց ՀԱՊ—ի տնօրենը։
Հանրությանը հետաքրքրող հարցերից է, թե ո՞րն է պատկերասրահում պահվող «ամենատարեց» եւ ամենաթանկարժեք նկարը։ Ծատուրյանը ասում է, որ նկարի թանկությունը որոշվում է մշակութային արժեքով, իսկ «ամենատարեցը» մոտ 300 տարեկան է. «Սա մենք չափում ենք թանգարանի մայր մատյանում մուտքագրված առաջին նկարներով։ Ամենավաղ շրջանով թվագրվող գործերը 17—րդ դարի աշխատանքներն են։ Ամենահներից մեկը Ռուբենսի կտավն է»։
Անդրադառնալով հասարակության շրջանում պտտվող այն խոսակցություններին, թե պատկերասրահում պահվող կտավներից շատերը բնօրինակ աշխատանքներ չեն, Ծատուրյանն ասաց, որ դրանք ստահոդ խոսակցություններ են։ «Արվեստի մասին մի քիչ պատկերացում ունեցող մարդիկ իրենց համարում են ռեստավրացիայի մասնագետներ եւ սկսում են խորհուրդներ տալ, ի սեր Աստծո։ Այս խոսակցությունները միշտ են լինելու։ Անգամ ասում են, թե նկարներն ուղարկվում են այլ երկրներ ցուցահանդեսների, սակայն վաճառվում են եւ հետ բերվում կրկնօրինակները։ Սա աբսուրդ է։ Պատկերասրահից դուրս տարվող ցանկացած ցուցանմուշ մշակույթի նախարարության աշխատակիցները մանրամասն զննում են՝ վիճակի մասին նկարագրում, նկարում, այնուհետեւ ուղարկում ցուցահանդեսի։ Վերադարձին նույն մարդիկ գալիս են եւ նույն զննությունն անցկացնում, եզրակացություն կազմում առ այն, որ այդ աշխատանքն է»,–պարզաբանեց Ծատուրյանը։
Ասում է, օրինակ՝ Այվազովսկին ամբողջ կյանքում նկարել է 6500 նկար, իսկ աշխարհում մոտ 12 հազար Այվազովսկու կտավ կա։ Ծովանկարիչը կյանքի օրոք է խրախուսել իր աշխատանքների կրկնօրինակումը։ Բայց, ըստ Ծատուրյանի, դժվար է կրկնօրինակ անելը, իսկ հասկանալը, որ դա բնօրինակը չէ՝ մասնագետների համար մի շարք հետազոտությունների արդյունքում է միայն պարզ լինում, արվեստից քիչ հասկացող այցելուների դեպքում՝ գրեթե անհնար։ «Հետաքննություն է տարվում՝ որոշելու՝ կեղծ է այն, թե ոչ։ Իսկ մեր հայրենակիցները մասնագետներ են, բոլորը այս գործի գիտակ են։ Մարդիկ 30 տարի իրենց կյանքից տալիս են, որ դառնան մի նկարչի մասնագետ, որ կարողանան տարբերել գոնե՝ Մինաս է, թե Սարյան։ Մեր ժողովուրդը անմիջապես տարբերում է»,–կատակեց պատկերասրահի տնօրենը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

12-01-2019





19-02-2019
Հայաստանը՝ գիտական կենտրոն
ՀՀ նախագահի հանդիպումները Մյունխենում

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային ...


19-02-2019
Ես եղել եմ, կա՛մ, կլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ
Թումանյանը շարունակելու է ապրել ամբողջ հայության համար

Այսօր ...


19-02-2019
Թումանյանը եւ մանուկների աշխարհը
Հովհաննես Թումանյանը հայ դասական մանկագրության անսպառ լուսատուն է, որ ...


19-02-2019
Տիեզերքի Ճամփորդը
Համազգային տոն է այսօր։ Ազգովի հոբելյան ամենամեծի, ամենից ազգայինի, ...


19-02-2019
Ամենահզոր զենքը բանաստեղծական տաղանդն ու գրիչն են
Թումանյանի հասարակական գործունեությունը եւ նրա նկատմամբ քաղաքական հետապնդումները



19-02-2019
Շռայլ նվերի դիմաց՝ էժան փոխհատուցում
Ինչպես ենք մոտակա 2 տարում մեր երկրում պայքարելու ...


19-02-2019
Ծաղկեպսակ՝ բանաստեղծի արձանին
Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ գրողի՝ Ազատության հրապարակում գտնվող ...



19-02-2019
Հայաստանը կարող է դառնալ ժողովրդավարության կղզյակ
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ...

19-02-2019
Բնավորության հիմնարար գիծը ճշմարտասիրությունն էր
Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 ...

19-02-2019
Սիրիայում քրդերը հայտնվել են երկընտրանքի առջեւ
Օրերս Սոչիում Սիրիայի հիմնահարցին նվիրված եռակողմ՝ ...

19-02-2019
Երկու ամիս անց այս ցուցանիշները չեն բավարարի
Հայաստանի ծանրամարտի առաջնության արդյունքները ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO