Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ԱՇԽԱՐՀ


Երրորդ անգամ Դավոսում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի համաշխարհային տնտեսական ֆորումին

Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 22—25—ը կանցկացվի համաշխարհային տնտեսական ֆորումը, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ֆորումի պաշտոնական կայքէջում հունվարի 17—ին տեղ է գտել Փաշինյանի հեղինակած «Shaping the future of democracy in Armenia» հոդվածը։ Նշենք, որ առաջին անգամ Հայաստանը դավոսյան ֆորումին մասնակցել է 2009թ., իսկ երկրորդ անգամ ինը տարի անց՝ 2018—ին։
Այս տարի համաժողովի թեման է «Գլոբալացում 4։0. գլոբալ ճարտարապետության կառուցումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում»։ Թեման ավելի քան արդիական է, քանի որ թվային բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված փոփոխությունները նոր մարտահրավերներ են առաջացրել մարդկության համար։ Դա ենթադրում է փոփոխություններ կյանքի բոլոր բնագավառներում՝ տնտեսություն, առողջապահություն, էներգետիկա, միջանձնային հարաբերություններ եւ այլն։ Մենք՝ ժամանակակիցներս ականատես ենք լինում գոյություն ունեցող աշխարհակարգի վերաձեւման փորձերին, կպահպանվի այն արդյոք, թե ոչ, պայմանավորված է ծառացած խնդիրներին հրատապ եւ արդյունավետ լուծումներ տալու պետությունների, ազգերի եւ հասարակությունների կարողություններով եւ կամքով։ Սակայն միանշանակ է, որ ցանկացած լուծում արդյունավետ եւ հեռանկարային չի լինի, եթե հաշվի չառնվի արագ տեմպերով ընթացող բարձր տեխնոլոգիաների զարգացումը։ Ամեն տարի հունվարին Դավոսում հավաքվում են պետությունների, միջազգային ֆինանսական, քաղաքական կառույցների եւ անդրազգային խոշոր ընկերությունների ղեկավարները՝ քննարկելու աշխարհի առջեւ ծառացած մարտահրավերները։
Օրեր առաջ համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր եւ գործադիր տնօրեն, պրոֆեսոր Կլաուս Շվաբը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ գլոբալիզացիայի չորրորդ ալիքը պետք է լինի մարդակենտրոն, ներառական եւ կայուն։ Քանի որ մարդկությունը մուտք է գործել խորը գլոբալ անկայունության ժամանակաշրջան, պայմանավորված չորրորդ ինդուստրիալ հեղափոխության տեխնոլոգիական խզմամբ, ինչպես նաեւ աշխարհատնտեսության եւ աշխարհաքաղաքական ուժերի վերակառուցմամբ, նա ակնկալում է, որ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կկարողանան Դավոսում գտնել անհրաժեշտ լուծումները։ Ֆորումի հիմնադիրը կարծում է, որ այսօր տեղի ունեցող փոփոխությունները համընդհանուր են՝ որեւէ երկիր, պետություն մեկուսացված չէ այս գործընթացներից, եւ հետեւաբար պահանջվում են գլոբալ պատասխաններ։
Ամենագլոբալ մարտահրավերներից է ջրի խնդիրը, որը համարվում է մեր մոլորակի կարեւորագույն ռեսուրսը։ Ի դեպ, ջրային ռեսուրսների առումով, Հայաստանը անհամեմատ բարվոք վիճակում է գտնվում, ինչպես այդ մասին նշել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ—ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, սրանից 20 կամ 50 տարի հետո ջուրը նույնքան կամ ավելի արժեքավոր է լինելու, քան նավթը, իսկ բնությունը մեզ ամեն տարի պարգեւում է 8—10 մլն խորանարդ մետր անվճար ջուր։ Մյուս կարեւոր հարցերից է պլաստիկ աղտոտվածությունը եւ դրա ազդեցության նվազեցումը, որին նույնպես անդրադարձ կկատարվի ֆորումի շրջանակներում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շվեյցարական հողերի 90 տոկոսում առկա են միկրոպլաստիկ մասնիկներ, որոնք վտանգում են շրջակա միջավայրի ու սննդի համակարգերի ամբողջականությունը։ Հաջորդ խնդիրը վերաբերում է երկրագնդի կենսաբազմազանությանը սպառնացող վտանգին։ Կան հաշվարկներ, որ մինչեւ 2020 թվականը վայրի կենդանիների երկու երրորդը կվերանա, ինչը լուրջ հետեւանքեր կունենա ամբողջ երկրագնդի, այդ թվում նաեւ՝ մարդկության համար։ Աշխարհի բազմաթիվ երկրներում այսօր լուրջ խնդիր է միայնակության զգացումի «համաճարակը»։ Ըստ մեզ, դրան չի նպաստում նաեւ բարձր տեխնոլոգիաների այսքան ներգրավվածությունը մեր կյանքում, ինչը հանգեցրել է միջանձնային շփումների, անմիջական սոցիալական կապերի խզման։ Ըստ որոշ տվյալների՝ մարդկանց 40 տոկոսը մինչեւ 25 տարեկանը իրեն միայնակ է զգում։ Անդրադարձ է լինելու նաեւ միացյալ Եվրոպայի «վերակենդանացմանը», գիտության եւ հասարակության միջեւ ճեղքվածքի վերացմանը եւ այլ հարցերի։
Հատկանշական է, որ այս տարվա ֆորումին չեն մասնակցելու այնպիսի կարեւորագույն «խաղացողներ», ինչպիսիք են ԱՄՆ—ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Վերջինիս բացակայությունը Ելիսեյան պալատը մեկնաբանում է երկրի ղեկավարի խիստ ծանրաբեռնված աշխատանքային օրակարգով։ Պատճառներից կարող է լինել նաեւ երկրում տիրող քաղաքական լարված իրավիճակը, ինչը պայմանավորված է «դեղին բաճկոնավորների» բողոքի ալիքով։ Իսկ նախագահ Թրամփը դավոսյան ֆորումին չմասնակցելու հանգամանքը կապել է ամերիկա—մեքսիկական սահմանում տիրող իրավիճակով, ինչը թույլ չի տալիս Սպիտակ տանը եւ Կոնգրեսին վերականգնել դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 22–ից ԱՄՆ կառավարության մասնակի կասեցված աշխատանքը։ Մինչդեռ, մեր կարծիքով, տնտեսական ֆորումին Միացյալ Նահանգների չմասնակցելը համապատասխանում է երկրի ղեկավարի վարած «ինքնամեկուսացման» քաղաքականությանը, որի արտահայտություններից է Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը, Թրամփի հայտնի «Նախեւառաջ՝ Ամերիկան» կարգախոսը, ապա նաեւ Սիրիայի տարածքից ԱՄՆ—ի զորքերի դուրսբերումը, որի մասին նախագահը հայտարարել էր դեռեւս դեկտեմբերի 19—ին, իսկ հունվարի 11—ին արդեն սկսվել է ռազմական տեխնիկայի դուրսբերումը։ Իսկ նախօրեին Դոնալդ Թրամփը ստիպել է չեղարկել ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցը Բրյուսել, Եգիպտոս եւ Աֆղանստան՝ հղում անելով ԱՄՆ կառավարության ֆինանսավորման մասնակի դադարեցմանը։ Փելոսիին ուղղված նամակում Թրամփը գրել է, որ չի ընդունում ռազմական ինքնաթիռի օգտագործումը «հանրային կապերի» այդ միջոցառման համար։ «Այն լույսի ներքո, երբ 800 հազար ամերիկացի աշխատողներ աշխատավարձ չեն ստանում, համոզված եմ, կհամաձայնեք, որ այս հանրային հարաբերությունների միջոցառումը հետաձգելը լիովին տեղին է»,–գրել է Թրամփը՝ կոչ անելով ներկայացուցիչների պալատի խոսնակին միանալ իրենց «Ուժեղ սահմանային անվտանգություն» շարժմանը։
Ֆորումի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ այս տարի միջոցառմանը ներկա են գտնվելու շուրջ 3 հազար մասնակիցներ՝ կառավարությունների, բիզնեսի, քաղաքացիական հասարակության, կրոնական, գիտական, արվեստի, մշակույթի եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ։ Դավոսը հայտնի է որպես լեռնադահուկային սպորտի եւ հանգստի սիրահարների կենտրոն, սակայն, սկսած 1971 թվականից՝ այն դարձել է նաեւ գլոբալ խնդիրների քննարկման հարթակ, որը հիմնադրել է գերմանացի տնտեսագետ Կլաուս Շվաբը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

19-01-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO