Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Որ ուղղություններն են լինելու առաջնահերթ

Այս տարվա առողջապահության բյուջեն 10 մլրդ դրամով ավելի է նախորդից

Առողջապահության ոլորտում այս տարի նախատեսվող ծրագրերը հնարավոր կլինի ապահովել նաեւ հաստատված բյուջեի 10 մլրդ դրամի աճի հաշվին։ Առաջնագծում այն ուղղություններն են, որոնք անմիջականորեն կապված են մարդու կյանքի, անհետաձգելի բուժօգնության, վիրաբուժական միջամտության, վերարտադրողական առողջության եւ պալիատիվ խնամքի հետ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հարց—պատասխանի միջոցով անդրադարձավ այդ կարեւոր ծրագրերին, որոնցում փոփոխություններ են եղել՝ խոսելով նաեւ նոր ընդունված օրինագծերի, պետպատվերի արդյունավետ բաշխման, բժշկական ապահովագրության եւ այլ թեմաների մասին։

Օնկոլոգիական վիրահատությունները կդառնան անվճար

Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիներն այսուհետ գումար չեն վճարի։ Այս ուղղությամբ վիրահատությունները հանվել են համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայություններից եւ այն բացառապես իրականացվելու է պետպատվերի շրջանակում ամբողջ բնակչության համար։ Նման վիրահատությունների համար մի շարք բուժհիմնարկներում պետությունը գումարը կվճարի ամբողջությամբ՝ շուկայական գներով։ Նախարար Արսեն Թորոսյանը փաստեց՝ այս տարի 700 մլն դրամով աճել է ուռուցքաբանական ծառայություններին հատկացվող բյուջեն, ի հավելումն նախորդ տարվա 1.1 մլրդ դրամի։ Նախարարը խոստովանեց՝ պետությունը ուռուցքաբանական վիրահատության համար առաջ վճարում էր գումարի շատ քիչ մասը, ինչը, ըստ նրա, տրամաբանական չէ պետպատվեր որակելը։
«Այժմ որոշվել է, որ այդ գումարի մեծ մասը ծախսվելու է համավճարը հանելու համար։ Հիմա եթե կարիք լինի ուռուցքաբանական վիրահատության, ապա այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան պետպատվեր, ըստ գործող չափանիշների, ապա վիրահատությունները կիրականացվեն անվճար։ Պետությունը կփոխանցի գումարն ամբողջությամբ ու շուկայական գներով»,–նշեց նախարարը՝ հավելելով, որ ուռուցքաբանության ծառայություններում ներառվելու է նաեւ անվճար արագացուցիչներով ճառագայթային բուժումը, որը մինչ այժմ իրականացվել է գամա տեսախցիկներով։ Ճառագայթային արագացուցիչներով 1 կուրսն արժե մոտ 1 մլն դրամ։ Տարեկան շուրջ 200 պացիենտներ կկարողանան ժամանակակից գծային արագացուցիչներով բուժում ստանալ պետպատվերի շրջանակում։

Պետպատվերը կբաշխվի հնարավորինս արդարացի

ՀՀ—ն առողջապահության ոլորտի վրա ծախսում է նախատեսվածից շատ ավելի քիչ գումար, եւ մոտակա տարիներին առկա գումարը միեւնույնն է չի բավականացնելու առկա պահանջարկը։ Այլապես պատկերն այլ կլիներ։ Այս մասին հայտնեց նախարարը, բայց եւ հիմնավորեց, որ պետպատվերի ժամանակից շուտ սպառվելը ամենեւին չի ենթադրում պետպատվերի սխալ բաշխում։ Այն, որ մինչեւ տարեվերջ որոշ ծառայությունների մասով պետպատվերը սպառվում էր, դա պայմանավորված էր գումարի ոչ բավարար լինելու հանգամանքով։ Սակայն եղած գումարն էլ իրենք պարտավոր են արդյունավետ բաշխել, առնվազն՝ արդարացի։
«Քաղաքացիների որոշ խմբերի մասով փաթեթներն ընդլայնվելու են, խոսքը վերաբերում է սոցիալական աղքատության նպաստի համակարգում ներառված շուրջ 230 հազար քաղաքացիների, որոնց համար դժվարամատչելի հետազոտությունների հնարավորություններն են մեծանալու։ Հիմա դժվարամատչելի՝ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ), մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), նաեւ մի շարք այլ հետազոտություններ պետպատվերով անցնելու հնարավորություն ունեն անապահովության 36 եւ ավելի բալ ունեցող քաղաքացիները։ Սակայն ներկայումս կառավարությունում գտնվող նախագծի հաստատման դեպքում 30 եւ ավելի միավոր ունեցող քաղաքացիները եւս կկարողանան օգտվել այդ ծառայություններից։ Բյուջետային ծախսերի աճը թույլ է տալու, որ գումարները ոչ թե տարվա կեսին սպառվեն, այլեւ առավելագույն սահմաններում՝ ուշ»,–նշեց նախարարը։

Վերարտադրողական ոլորտը եւս՝ դիտակետում

Կարեւորելով նաեւ վերարտադրողական առողջությունը, նախարարը նշեց, որ այս տարվանից պետպատվերի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի նաեւ անպտղություն ունեցող զույգերի հետազոտման եւ բուժման գործընթացի կազմակերպմանը։ Այս տարի ոլորտին կնպատակաուղղվի 210 մլն դրամ։ Այս շաբաթ հանդիպումներ կլինեն՝ պարզելու, թե որ ուղղությամբ են դրանք ծախսվելու։ Նախարարի դիտարկմամբ, հավանաբար դրանք կնպատակաուղղվեն անպտղության պատճառները պարզելու գործընթացներին։ Գումարի մի մասն էլ ուղղվելու է հենց արտամարմնային բեղմնավորման ծառայությունների գնմանը։ Նախարարը մեջբերեց. «Ապացոցողական փորձը ցույց է տալիս, որ ավելի արդյունավետ է պարզել պատճառը, քան տասնյակ զույգերի համար բեղմնավորում իրականացնել»։

Ստենտավորման գները այս տարի եւս կնվազեն

Նախորդ տարվանից «Կյանքի ստենտ» ծրագիրը վերանայվել է, եւ ոչ դեղապատ ստենտի փոխարեն տեղադրվել են դեղապատ ստենտներ։ Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ստենտավորման սակագները ինչպես են ձեւավորվում եւ ինչպես պետք է վերահսկվեն, նախարարն ասաց. «Պետությունը դեղերի եւ վճարովի ծառայությունների գին սահմանելու իրավասություն չունի, եւ գները պետք է ձեւավորվեն շուկայական արդար մրցակցության արդյունքում։ Երեւանում այժմ դեղապատ ստենտը 850000 –1 մլն դրամ արժե, 15 տոկոս է գնային տարբերությունը։ Պետության դեպքում գինը նույնն է բոլոր ԲԿ—ների դեպքում եւ սահմանվում է մեր հաշվարկների հիման վրա՝ ապահովելով որոշակի շահույթ ԲԿ—ներին, որպեսզի նրանք չաշխատեն վնասով։ Երեւանում ստենտավորում է իրականացվում 11 բժշկական հաստատությունում, եւ իրենք են նախ եւ առաջ շահագրգռված, որ գները լինեն մատչելի։ Այս տարի, վստահ եմ, գների իջեցում կլինի։ Պետությունը ավելի շատ շահագրգռված է, որ մարդիկ ոչ թե գնան ստենտավորման, այլ մշակված քաղաքականության արդյունքում հիվանդությունները կանխարգելվեն»։
Նշենք, որ ստենտավորման նմանատիպ ծրագիր այս տարի ներդրվում է նաեւ գլխուղեղի անոթների փակման դեպքում միջամտությունների մասով։ Փետրվարի 1—ից, կատարված նախապատրաստական աշխատանքներից հետո, նախարարը լիահույս է, որ այս համակարգը եւս կգործի։

Հայաստանում գրիպի H1N1 ենթատեսակի համաճարակ չկա

Պատասխանելով լրագրողների հարցերին եւ անդրադառնալով H1N1 վիրուսով մահվան երկրորդ դեպքին, նախարարը վստահեցրեց, որ վիճակն արդեն ամբողջությամբ կայունանում է, իսկ մահվան դեպքը պայմանավորված է եղել ոչ թե բուն վիրուսով, այլ անձի քրոնիկ ծանր հիվանդությամբ, որին ուղեկցել է նաեւ այս ենթատեսակի վիրուսը։ Ըստ նախարարի՝ կան նաեւ բազմաթիվ հաստատված ախտորոշմամբ դեպքեր, որոնց արդյունքում շատ հիվանդներ բուժվել են։
«H1N1—ը ընդամենը վիրուսի մի շտամ է, եւ համաճարակ չունենք։ Հարյուր հազար բնակչության հաշվով հիվանդացության շեմով ենք այն հաշվում, մենք այդ շեմից շատ հեռու ենք»,–ասաց նախարարը։ Նա վստահեցրեց, որ բոլոր կասկածելի դեպքերը վերահսկվում են հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի լաբորատորիայում։ Անհրաժեշտության դեպքում քայլեր են ձեռնարկվում։

Ապահովագրություն՝ բյուջետային աշխատողների համար

ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է ներդնել համապարփակ բժշկական ապահովագրություն։ 202թ. համակարգին կմիանան բյուջետային աշխատողները։ Նախարար Թորոսյանը, սակայն, նշեց, որ դեռ հստակեցված չէ, թե աշխատող քաղաքացիների աշխատավարձի քանի՞ տոկոսը կփոխանցվի ապահովագրությանը, որպես համաշխարհային պրակտիկայում կիրառվող օրինակ մեջբերելով 2—30 տոկոսը։ Ըստ Թորոսյանի, իրենք հակված են սկսել փոքր տոկոսներից, որպեսզի մեծ բեռ չդառնա քաղաքացիների համար։ Գուցե տոկոսները լինեն փոփոխական։ Օրինակ, եթե որոշվի կենսաթոշակառուներին եւս ընդգրկել, ապա այդ տոկոսը կարող է աճել։
Մինչ համակարգի փուլային ներդրմանն անցնելը, առկա ժամանակահատվածում իրենք նախատեսում են ճշգրիտ հաշվարկել բոլոր հարցերի պատասխանները, որպեսզի համակարգի ներդրման ժամանակ ձախողման հավանականությունը փոքրացվի։ «Առաջին փուլը, ներդնելով միայն աշխատող քաղաքացիների եւ այն քաղաքացիների համար, որոնց պետությունն այսօր էլ է երաշխավորել բուժօգնություն, մենք ապահովում ենք մոտ 50 տոկոս ընդգրկում»,–նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ հետագայում կքննարկեն նաեւ համակարգում թոշակառուների ներառման հարցը, որովհետեւ նրանց համար կամ պետք է վճարի պետությունը, կամ աշխատող քաղաքացիները՝ իրենց տարեց համաքաղաքացիների համար՝ առաջնորդվելով սոցիալական համերաշխության սկզբունքով։

«Baby car seat»–երի կիրառումը՝ պարտադիր

Նախարարը պետության գործառույթներից մեկը համարելով բոլոր քաղաքացիների պաշտպանությունը, այդ թվում՝ երեխաների, անկախ այն հանգամանքից՝ նրանց ծնողները դա հասկանում են, թե ոչ, պարտադիր կիրառելի է համարում ավտոմեքենաներով մինչեւ 7 տարեկան երեխաների համար նախատեսված «car seat»—ով երթեւեկումը, ինչը վերջերս հանրության շրջանում քննարկման առիթ դարձավ։ Դրանց պարտադիր օգտագործումը կարող է 50 տոկոսով նվազեցնել ավտովթարների դեպքում երեխաների ծանր վնասվածքներով ելքերը եւ դրանց հետեւանքով մահվան հավանականությունը։ Եթե այն տեղադրված լինի ետեւի նստատեղին, ապա կարող է 80 տոկոսով նվազել մահվան եւ վնասվածքների հավանականությունը։
Մանկական վնասվածքների եւ վթարների հետեւանքով մահվան դեպքերի վերաբերյալ վիճակագրական տվյալները Հայաստանում սկսել են հավաքել միայն անցյալ տարվանից։ Նախարարը նկատեց, որ մանկական հիվանդանոցներում ամբողջ տարվա ընթացքում մեծ թվով երեխաներ են ավտովթարներից ծանրագույն (նաեւ գանգուղեղային վնասվածքներով) հոսպիտալացվում։ Իսկ ավտոմեքենաներում նրանց համար կիրառվող մանկական բազկաթոռակները կօգնեն խուսափելու նմանատիպ վնասվածքներից։ Նախարարը հորդորեց չթերագնահատել դրանց կարեւորությունը՝ մեջբերելով համաշխարհային վիճակագրությունը առ այն, որ դրանք զգալիորեն մեծացնում են ցանկացած վթարի դեպքում երեխայի ապրելիության եւ անվնաս մնալու հնարավորությունները։ Ինչ վերաբերում է 7–ից բարձր տարիքի երեխաներին, ապա առաջարկվում է 7—ից մինչեւ 12 տարեկան երեխաներին երթեւեկել պարտադիր ամրագոտիներով։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

24-01-2019





22-11-2019
«Խաղաղության աստղը՝ Արցախի երկնակամարում»
Նկարահանվում է ֆիլմ աշխարհի միստիկ վայրերի մասին, որում ...


22-11-2019
Բյուրականի աստղազարդ երկինքն ու Արագածի ջրերը
Նոր գաղափարներ՝ զբոսաշրջության զարգացման համար

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Բյուրական համայնքի ...


22-11-2019
Կշահեն արագ գործող եւ հավատարիմ դաշնակիցները
Պետք է առավելագույնի հասցնենք մեր դիվանագիտական ու ռազմաքաղաքական ...


22-11-2019
Դեպի միասնական ֆինանսական շուկա
ԵԱՏՄ երկրների օրենսդրությունն այդ ոլորտում կներդաշնակեցվի մինչեւ 2025 ...


22-11-2019
Ադրբեջանից բռնագաղթածները կապահովվեն մշտական օթեւանով
Այս փուլում 112 ընտանիքի խնդիր կլուծվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


1988-1992 ...


22-11-2019
Գրքերը կզեղչվեն 40 տոկոսով
Մեկնարկում է Գրքի երեւանյան 3-րդ փառատոնը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայ ...


22-11-2019
Հանդիպում Սենատում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում նախատեսված հանդիպումներից եւ միջոցառումներից հետո ...



22-11-2019
Արախիշի զարմանահրաշ խաչքարը
Այսօրվա Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի 3 մեծ վտակի՝ ...

22-11-2019
Գրապահարանները, որպես տան կահույք, «մոդայիկ» չեն
Իսկ գրքե՞րը...

Թամարա ...

22-11-2019
«Հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը առանց ծանր ու հետեւողական ջանքերի, առանց փոխզիջման»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ...

22-11-2019
ՀՖՖ նախագահն ու գործկոմը դադարեցրեցին իրենց լիազորությունները
Նախորդ նախագահի ընտրությունից 1 տարի եւ 2 ամիս անց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO