Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


«Դա կարեւոր փոփոխություն է եւ հեղափոխություն է»

Գործադիր իշխանությունն ազդարարում է տնտեսական մեծ շարժի մեկնարկը

Կառավարության այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը։ Երեկ կառավարության հրավիրած արտահերթ նիստում, որի օրակարգում մեկ հարց էր՝ կառավարության ծրագիրը, իր համոզմունքն այսպես հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տնտեսական հեղափոխությունը հնարավո՞ր բան է, ինչպե՞ս է դա արվելու, ի վերջո ինչ է այն՝ ինչ ձեւով են անելու այդ հեղափոխությունը. երեկ նիստից հետո այս կարգի հարցեր ուղղեցինք տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին։ Համենայնդեպս, նախարարի համար այդ ամենը հստակ է։ Իր իսկ բնորոշմամբ՝ տնտեսական հեղափոխությունն այն է, որ բոլոր մարդիկ, մեր ձեռնարկատերերն ունեն ազատ մտածելու, ստեղծագործելու ու գործելու հնարավորություն։ Այսինքն՝ տնտեսական հեղափոխություն պետք է իրականացնեն տնտեսության մասնակիցները։ Իսկ կառավարությունն այդ մեծ խաղի մեկ կազմակերպիչն ու մասնակիցն է եւ պարտավոր է այնպես անել, որ տնտեսավարող սուբյեկտների նախաձեռնությունները կյանքի կոչելու ճանապարհին որեւէ խոչընդոտ չլինի. «Դա շատ կարեւոր փոփոխություն է եւ հեղափոխություն է»։
Տնտեսական հեղափոխություն կարելի՞ է անել առանց թվերի, հանրությունը չպիտի՞ տեղեկանա, թե ինչը, ինչպես ու ինչքան է փոխվելու։
Թվերի բացակայությամբ պայմանավորված հնչող քննադատություններին Տիգրան Խաչատրյանը համամիտ չէ, որովհետեւ երկու շատ կարեւոր ցուցանիշ կա կառավարության ծրագրում։ Եվ, ընդ որում, ըստ նախարարի, նպատակային ու հավակնոտ ցուցանիշներ։ «Կառավարությունը հայտարարել է, որ տնտեսական աճի շարժիչը, ուղղորդողը ապրանքների եւ ծառայությունների արտահանումը կամ Հայաստանում ստեղծված ապրանքները արտերկրի շուկաներում իրացնելու հնարավորությունն է լինելու։ Դեռ 2018թ. ցուցանիշներն ամփոփված չեն, բայց 38 տոկոսի չափով ունենք ապրանքների եւ ծառայությունների արտահանում ՀՆԱ—ի նկատմամբ։ Ու հայտարարվել է, որ դրանց կշիռը ՀՆԱ—ի նկատմամբ կհասնի 43—45 տոկոսի։ Դա հնարավոր է այն պայմաններում, երբ մենք յուրաքանչյուր տարի ունենանք արտահանման 8—10 տոկոս աճ։ Դա բավական հավակնոտ նպատակային ցուցանիշ է»,–շեշտեց Տիգրան Խաչատրյանը։
Ծրագրի համաձայն՝ կառավարության առաջիկա տնտեսական քաղաքականության հիմնական առանձնահատկությունը լինելու է ներառական տնտեսական աճի խթանումը։ Տնտեսությունը պետք է աճի բարձր տեմպերով՝ ծրագրային ժամանակահատվածում ՀՆԱ—ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս։ Այդ 5 տոկոսը հեղափոխակա՞ն է. լրագրողները չէին դադարեցնում հարցապնդումը։ Նախարարն էլ երկրորդում էր. այդ հեղափոխությունը տնտեսական կյանքի մասնակիցները պետք է անեն։
Բանախոսը ներդրումների հատվածն էլ կարեւորեց. այդ ցուցանիշը 2023թ. արդեն պետք է հասնի ՀՆԱ—ի 23—25 տոկոս մակարդակի, որը համաշխարհային համեմատականում կարեւոր նախապայման է, որը ապահովում է աճի կայուն հիմքեր, իսկ ներկայումս այդ մակարդակը մոտավորապես 18—19 տոկոսի սահմաններում կլինի։ Նա հայտնեց նաեւ, թե իրենց ցանկությունն է, որ այնպիսի պայմաններ ապահովեն, որ աճն էապես ավելի բարձր լինի, բայց ամեն ինչ պետք է ունենա հիմք։ Իսկ հիմքը ներդրումներն են։ «Եթե կառավարությանը հաջողվի կայունացնել ներդրումները նշված միջակայքում, իսկ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ հաջողվի, վստահ եղեք, որ դրան հաջորդող ժամանակաշրջանում ավելի բարձր կլինի»,—այնպես որ, Տիգրան Խաչատրյանը համաձայն չէ բոլոր այն տեսակետներին, թե կառավարության ծրագիրը բաժակաճառ է։
Բայց կարծես նման է նախորդ ծրագրին։ Տարբերություններից խոսելն ավելի ճիշտ է։ Նախարարն ընդգծեց, որ կարող է բովանդակային առումով շատ տարբերություններ չգտնեք, բայց շեշտադրումների տարբերություններ կգտնեք, կարեւոր է, թե ինչպիսի շեշտադրումներ է կատարում կառավարությունը եւ այդ ուղղություններով ինչ քայլեր է անում։ Եվ որո՞նք են այդ քայլերը։ «Հավասար մրցակցությունը, շուկաներ մուտքի ազատությունը եւ գործելու ազատությունները ոչ միայն խոսք են, այլեւ գործ են, եւ դա պետք է խորացվի, մենք չենք կարծում, որ բոլոր հարցերը լուծված են»,—հնչեց պատասխանը։
Այնուամենայնիվ, 5 տոկոս տնտեսական աճը կտա՞ հեղափոխական արդյունք։ «Եթե տնտեսական աճը միջինը 5 տոկոս կլինի, դա նշանակում է, որ եթե արտադրողականությունը տնտեսության մեջ նույնիսկ չավելանա էլ, ապա այդ աճը 17—18 հազար մարդու թույլ կտա աշխատանք ունենալ»,–նշեց նա։
Ամեն կառավարություն երբ ծրագիր է ներկայացնում, լրագրողներիս ամենահուզող հարցերից մեկն այն է, թե ե՞րբ այդ տնտեսական աճ կոչվածը կզգան շարքային քաղաքացիները։ Ով ով, գոնե լրագրողները լավ գիտեն՝ ինչ ասել է շարքային քաղաքացի։ Ըստ Տ. Խաչատրյանի, քանի որ աճը լինելու է ավելի ներառական, ապա շարքային քաղաքացին 5 տարի հետո 30—35 տոկոսով ավելի բարձր եկամուտներ է ունենալու, քան ունի այսօր։
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը լրագրողներին խնդրեց ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ծրագրում ամրագրված է, որ տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձեւավորվի ազատորեն, անաչառ մրցակցության՝ հովանավորչության բացառման պայմաններում։ Սա նաեւ աղքատության հաղթահարման առանցքային պայման է. գործարար հմտություններ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է բիզնես արդյունք ստեղծելու, ինքն իր եւ շրջապատի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ստանա հավասար, մրցակցային պայմաններում։ Կարեւոր է ձեւավորել օրենսդրական եւ գործնական միջանցք Հայաստանում «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու իրական հնարավորություններ ձեւավորելու համար։ Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը։
Ամրագրված է նաեւ, որ ապրանքների եւ ծառայությունների արտահանման զգալի աճը պետք է դառնա Հայաստանի տնտեսական առաջընթացի հիմնական շարժիչը։ Արտահանման հավանական շուկաներում Հայաստանն ունի առաջխաղացման նպաստավոր պայմաններ։ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, Եվրոպական միության տարածքում «GSP+» արտոնյալ ռեժիմի իրավունքը, բազմաթիվ երկրների հետ ազատ առեւտրի համաձայնագրերի առկայությունը, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությունն այն նախադրյալներն են, որոնք պետք է նպաստեն նույն շուկաներում հայաստանյան արտահանողների հաստատմանն ու առաջխաղացմանը։ Միաժամանակ, ԵԱՏՄ համագործակցության շրջանակում երրորդ երկրների հետ հարաբերություններում արտոնյալ պայմանների ստացումը պետք է լինի այս մասով կարեւոր անելիքը։
Զբոսաշրջության ոլորտում անելիքներից էլ խոսեց նախարարը։ Զբոսաշրջության զարգացումը բացառիկ հնարավորություն է փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար։ Այս առումով կառավարության անելիքը հստակ է. զբոսաշրջիկների համար պետք է ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ եւ սպասարկման բարձր մակարդակ։ Զբոսաշրջիկների համար տեղանքների եւ տրանսպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով կարեւորվելու է օտար լեզուներով ուղեցույցներով, համապատասխան փողոցային եւ զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։
«Զուգահեռաբար պետք է առանձնացվեն զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնոտուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու եւ համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով»։
Կառավարությունը կարեւոր է համարում նաեւ Հայաստան մուտքի վիզային ռեժիմների ազատականացմանը եւ օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը։
Այսքան խոսում ենք զբոսաշրջության զարգացումից եւ ներդրումների ներգրավումից, բայց տուրիզմի հիմնադրամը միավորում ենք տուրիզմի կոմիտեին, իսկ «Բիզնես Արմենիա»—ն էլ վերակազմավորում ենք։ Սա չի՞ խոչընդոտի ներդրումների ու զբոսաշրջիկների հոսքը։ Տիգրան Խաչատրյանի կարծիքով՝ ոչ. «Մենք որոշել ենք, որ տուրիզմի հիմնադրամը կմիավորվի տուրիզմի կոմիտեին, որովհետեւ, երբ վերլուծում ենք գործառույթները, որ փաստացի իրականացվում են այդ երկու կառույցներում, դրանք բովանդակությամբ էապես տարբեր չեն։ Հետեւաբար, իրենց համատեղ կառավարումը կտա նաեւ թե՛ ռեսուրսներին եւ թե՛ սահմանված թիրախներին հասնելու ջանքերի որոշակի արդյունավետություն։ Այսինքն՝ այդտեղ մենք երկու կարծիք չունենք։ Մենք կարծում ենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում»։
Իսկ «Բիզնես Արմենիա»—ն չի վերանում, այլ վերակազմավորվելով՝ վերակառուցման ճանապարհ է անցնում։ «Կա արդեն նոր նշանակված տնօրեն բիզնես կառույցի, եւ առաջիկայում տնօրենը կներկայացնի իր տեսակետները, թե ինչպես պետք է մոբիլիզացնել առկա ռեսուրսները, դրանք համալրել նոր, թարմ մարդկանցով եւ գաղափարներով՝ առաջիկայում ունենալով մեկ կարեւոր նպատակ. բոլոր ռեսուրսները պետք է օգտագործվեն առավել խոշոր եւ նշանակալից ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Որեւէ կարեւոր գործառույթ, որ մինչ այս արել է «Բիզնես Արմենիա»—ն, դուրս չի մնալու։ Մենք, ընդամենը վերակազմակերպելով այդ գործառույթներն իրականացնելու ձեւաչափը, դրանք իրականացելու ենք այլ այնպիսի ստորաբաժանումների ու կառուցվածքային միավորների ձեւաչափում, որոնք պատասխանատու կլինեն նոր գործառույթների իրականացման համար՝ ուղղակի չեն կոչվի «Բիզնես Արմենիա»—ի ստորաբաժանում, հնարավոր է կոչվեն նախարարության ստորաբաժանում»,—պարզաբանեց նախարարը։
Կառավարության ծրագիրը ԱԺ—ն կքննարկի փետրվարի 12—ին։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

09-02-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO