Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Իրավունքի գերակայություն՝ իրավական ֆորմալիզմի փոխարեն

Վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմները պետք է կանխատեսելի լինեն

Այսօր հասարակության շրջանում կարծրատիպեր են գործում, որ եթե մարդը անգամ մեկ օր ձերբակալվում է, ապա միանգամից պիտակվում է որպես հանցագործ։ Երկարաժամկետ հեռանկարում պետության համար սա լուրջ խնդիր է։ Պետությունը պետք է նախապատրաստի հասարակությանը, որպեսզի իրենց պատիժը կրած մարդիկ հետագայում կարողանան վերաինտեգրվել։ Այդ մասին նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ԱԺ—ում տեղի ունեցած մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, անդրադառնալով նաեւ քրեակատարողական հիմնարկներում արձանագրված դատապարտյալների պահման հետ կապված մի շարք խնդիրների։ «Պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի նկատմամբ։ Օրինակելի, լավ վարքագծի դեպքում անձը պետք է իմանա, որ կարող է օգտվել որոշակի առավելություններից, որովհետեւ մարդը պետք է մոտիվացիա ունենա, իսկ դատապարտյալի մոտիվացիան ազատ արձակվելն է։ Պե՞տք է արդյոք հաշվի առնել տուժողի կարծիքը, այո, պետք է լսել, բայց եթե պետությունը գնաց միայն տուժողի կարծիքը բացարձակ ճշմարտություն ընդունելու ճանապարհով, ապա պայմանական ոչ ոք չպետք է ազատ արձակվի, քանի որ մեծամասամբ տուժողները դեմ են լինելու»,–ասաց Թաթոյանը։ Կան երկրներ, որտեղ պետությունը «պաշտպանվում» է տուժողի կարծիքով, ինչը, ըստ նրա, վտանգավոր է, քանի որ պետությունը իր չկատարած պարտականության հետեւանքները չի կարող բարդել տուժողի վրա։
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով, այս ոլորտում առկա է եւ վերջին ժամանակահատվածում առավել նկատելի է դարձել իրավական ֆորմալիզմը, երբ մարդիկ հաճախ հղում են կատարում օրենքին, ինչը որոշ դեպքերում խնդրահարույց է։ «Մենք պետք է իրավունքի մեկնաբանություն տանք։ Ես կնախընտրեի ոչ թե օրենքի գերակայություն, այլ իրավունքի գերակայություն։ Իրավունքի գերակայությունը շատ ավելի լայն է, քան օրենքի գերակայությունը, որովհետեւ երբ շարժվում ես իրավունքով կարող ես շատ հարցերի լայն տիրույթ չափել»,–ընդգծեց Թաթոյանը՝ անհրաժեշտ համարելով համակարգային մեկնաբանության ենթարկել օրենսդրությունը։
Ցմահ ազատազրկված անձինք նույնպես պետք է ունենան երբեւէ ազատ արձակվելու հնարավորություն, կլինի դա ներմամբ, համաներմամբ, պայմանական վաղաժամկետ ազատ արձակմամբ, թե պատժատեսակի վերանայմամբ։ Միջազգային պրակտիկայում դրա համար սահմանված է 20—25 տարի։ Թաթոյանը նկատեց, որ պահանջներն այս դեպքում ավելի խիստ են։ Մի կողմից՝ պետության վրա մեծ բեռ է դրվում, մյուս կողմից՝ պետությունն ունի գործողության ազատություն հայեցողության սահմաններում։ «Մեծ բեռն այն է, որ շատ ավելի մեծ ջանք պետք է գործադրվի զմահ ազատազրկվածի հարցում, ընդ որում՝ քրեակատարողական հիմնարկի ներսում պետք է այդ անձինք ինտեգրվեն մյուս դատապարտյալների հետ։ Մեր կողմից ներկայացված օրենսդրական փաթեթով, որն ուղարկվելու է Ազգային ժողով, առաջարկում ենք վերացնել արգելքը, որով ցմահ ազատազրկվածը անջատ է պահվում կալանավորվածներից։ Կան երկներ, որ անգամ կալանավորվածներն ու դատապարտյալները միասին են պահվում։ Խոսքը այն մասին է, որ չպետք է մեկուսացնես, կատեգորիաների բաժանես մարդկանց, որպեսզի ուղղվելու եւ հասարակության հետ ինտեգրվելու ճանապարհը ճիշտ անցնի»,–ասաց Թաթոյանը։ Նշենք, որ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց եւ դատապարտյալների՝ արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում նախատեսող օրենսդրական կարգավորումները։
«ՀՀ»—ի հետ զրույցում Թաթոյանը նշեց, որ դատապարտյալի համար պետք է կանխատեսելի լինի, թե որ պայմանների կատարման դեպքում կարող է պայմանական վաղակետ ազատ արձակվի։ «Այսօր կանխատեսելիության մեխանիզմներ չկան։ Դատապարտյալի համար պարզ չէ, թե ինչ քայլերի, պահվածքի դեպքում կարող է ինքը խրախուսանք ստանալ, օբյեկտիվորեն չկան նման մեխանիզմներ։ Մարդուն պետք է տրվի երկարատեւ տեսակցության հնարավորություն։ Լավ վարքագծի կամ այլ պայմաններ կատարելու պարագայում պետք է խրախուսանք ստանա, որն էլ եւս մեկ երկարատեւ տեսակցության հնարավորություն կընձեռի։ Մյուս կողմից՝ երկարատեւ տեսակցության սենյակներ եւ ռեսուրսներ չկան։ Սա շղթայական եւ իրար հետ կապված գործընթաց է»,–մեկնաբանեց նա։
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը կարեւորեց ՍԴ—ի որոշումը, որովհետեւ ազատազրկված եւ կալանավորված անձանց շփումների, նամակագրական կապի հետ կապված մեխանիկական արգելքները հոգեբանական լուրջ խնդիրներ են առաջացնում եւ երբեմն կամայականությունների տեղիք են տալիս։ «Օրենսդիր մարմինը եւ կառավարությունը պետք է գործադրեն բոլոր ջանքերը տվյալ արգելքները տրված ժամկետում վերացնելու համար։ Մարդուն պետք է հնարավորություն տալ իրացնելու իր շփման եւ ազատությունների իրավունքը, որովհետեւ հակառակ դեպքում մարդը ենթարկվում է մեկուսացման եւ դա առաջացնում է հոգեբանական խնդիրներ»,–ասաց նա։
Պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, քանի որ մարդը պատժախցում երկարատեւ չի մնում, հետեւաբար հաղորդակցության սահմանափակման խնդիր գրեթե չի առաջանում։ 20 տարվա իր աշխատանքային գործունեության ընթացքում չի հիշում մի դեպք, որ իր վստահորդներից որեւէ մեկի մոտ նման խնդիր առաջացած լինի։ «Բազմաթիվ անձանց եմ պաշտպանել, եւ նման դեպք չի արձանագրվել։ Օրենքով չի թույլատրվում, որ հեռախոսային միջոցներ պահվեն մեկուսարանում, բայց դրանք հիմնականում կան, մեկուսարաններից մարդիկ հաղորդակցվում են արտաքին աշխարհի հետ։ Իրականում լուրջ խնդիր չէ, հետեւաբար օրենսդրական փոփոխությունն ավելի շատ ձեւական բնույթ է կրում, ոչ թե ֆունկցիոնալ»,–ասաց պատգամավորը։ Իսկ լուծումը առավել քան հեշտ է, պարզապես պետք է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքից հանվի հակասահմանադրական ճանաչված դրույթը։
Անդրադառնալով դատապարտյալներին պատժից պայմանական վաղակետ ազատմանը, զրուցակիցս նշեց, որ պետք է սահմանել այն ցուցիչները, որին հասնելու դեպքում դատապարտյալն իրավունք է ստանում պայմանական վաղակետ ազատվել։ Ցմահների դեպքում ուրիշ առանձնահատկություններ կան, ինչն ըստ նրա՝ խնդիր է բոլոր պետությունների համար։ Բաղդասարյանը հետաքրքրվել է ԱՄՆ—ի, եվրոպական մի շարք երկրների փորձով եւ նկատել, որ դա բացառիկ դեպքերում է արվում։ Լինելով պայմանական վաղակետ ազատման հանձնաժողովի նախկին անդամ, նա ասաց, այդ չափանիշների բացակայության պատճառով դուրս է եկել հանձնաժողովից, երբ Արման Բաբաջանյանի վաղակետ պայմանական ազատմանը հանձնաժողովի անդամների մեծամասնությունը կողմ էր քվեարկել, սակայն չեն ազատել։ Այսօրվա դրությամբ արդարադատության նախարարության կարգավորումը եւս չի գոհացնում Ն. Բաղդասարյանին, քանի որ պարտադիր չափանիշներ դեռ սահմանված չեն։ Պատգամավորը անհրաժեշտ է համարում պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված աշխատանքային խումբ ստեղծել, որը համագործակցելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանի հանձնակատարի գրասենյակի հետ, կուսումնասիրի այլ պետությունների փորձը, այնուհետեւ փորձարկում կկատարվի, որպեսզի պարզ դառնա, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, եւ միայն դրանից հետո ներդրվի մեր երկրում։ «Ամեն ինչ պետք է լինի չափելի, եւ դատապարտյալը պետք է իմանա, թե որ քայլերը կատարելուց հետո իրավունք կունենա ազատ արձակվելու, բայց դա չի նշանակում, որ այդ իրավունքը ձեռք բերելուց հետո միանշանակ իրեն ազատ կարձակեն։ Պարտադիր պետք է լինի մեկը, որին նաեւ ինչ—որ հայեցողական լիազորություններ կտրվեն։ Դատարանների վրա այդ լուծումը դնելը ճիշտ չեմ համարում։ Աստիճանաբար պետք է հասարակությունն այդ ոլորտում որոշակի դերակատարում ունենա։ Այլ հարց է, թե ինչպես պետք է հասարակությունից ընտրեն այն ներկայացուցիչներին, որոնք այդ հարցի որոշումը կայացնող անաչառ մարմինը կլինեն»,–մեկնաբանեց Բաղդասարյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

12-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO