Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հեղափոխություն նաեւ ֆուտբոլում

Հայկական ֆուտբոլը նոր ծրագրերով, նոր գործող անձանցով եւ նոր հույսերով է մտնում նոր մրցաշրջան։ Եվ դատելով ամենայնից, առաջիկայում մարզաձեւում սպասվում են հետաքրքիր զարգացումներ։ Այդ ամենի մասին երեկվա ասուլիսում հանրությանը տեղեկացրեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր պատասխանատուները։
Նախ, ՀՖՖ առաջին փոխնախագահ եւ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյանը տեղեկացրեց, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի ղեկը վստահվել է իսպանացի Անտոնիո Ֆլորեսին։ Իսկ նրա հայրենակից Ռուբեն Մեսկանոն կգլխավորի մեթոդական խումբը եւ կհամակարգի 17 տարեկանից փոքր ֆուտբոլիստների հավաքականների աշխատանքը։ Մեր երկրի ազգային հավաքականի հետ տարվող աշխատանքներին էլ կներգրավվի Խավիեր Մինյանոն։ Դե, իսկ ավելի վաղ հայտարարվել էր Խինես Մելենդեսին ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնին նշանակելու մասին։ Առայժմ բոլոր մասնագետների հետ կնքվել է 1—ամյա պայմանագիր, որը կողմերի փոխհամաձայնությամբ կարող է երկարաձգվել առնվազն եւս մեկ տարով։ Պայմանագրերի ֆինանսական մանրամասները վերստին չհրապարակվեցին։ Ի դեպ, նախատեսվում է Իսպանիայից նաեւ սննդակարգի մասնագետ հրավիրել մեր տարբեր տարիքային խմբերի հավաքականներում աշխատելու համար։
Իսկ օրվա գլխավոր բանախոս Խինես Մելենդեսը նախապես պատվիրել էր լրագրողներին ներկայացնել իր աշխատանքային գործունեության հիմնական դրույթները։ Ահավասիկ, մի քանի մեջբերումներ դրանից, որն ավելի ընկալելի կդարձնի նյութի հետագա շարադրումը։ «Պատրաստվում եմ Հայաստանում կյանքի կոչել այն նախագիծը, որն իրագործել ենք Իսպանիայում։ Դա իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է համագործակցել բոլորի հետ։ Օրինակ՝ սերտ կապեր ապահովել ՀՖՖ—ի եւ ակումբների միջեւ։ Մտադիր ենք կատարելագործել ֆուտբոլիստներին, կրթական համակարգերը եւ, բնականաբար, բոլորիդ, քանի որ դուք սկզբունքային դերակատարում ունեք։
Մեր նախագիծը հիմնված է հետեւյալ դրույթների վրա.
1. Կրթել եւ պատրաստել լավ մարզիչների։ Նրանք սկզբունքային դերակատարում ունեն ֆուտբոլիստի աճի հարցում։ Կներմուծեմ մարզիչներին կրթելու իսպանական մոդելը, որը նպաստել է այնպիսի մասնագետների կայացմանը, ինչպիսիք են Գվարդիոլան, Պոչետինոն, Սոլյարին, Ռաուլը, Ռեդոնդոն, Իերոն, Կարանկան, Սելադեսը եւ շատ ուրիշներ։ Կսկսեմ ՈւԵՖԱ—ի «C» կարգի մարզչական արտոնագրից եւ գործընթացը կավարտեմ «PRO» կարգի արտոնագրման դասընթացով։
2. Բոլորի համար միեւնույն խաղային մոդելի ներմուծում։ Տարիքային բոլոր խմբերի հավաքականները պետք է դավանեն նույն խաղաոճը։ Այդ կերպ կկատարելագործվեն մանկական տարիքից մինչեւ ազգային հավաքականում ներգրավված բոլոր ֆուտբոլիստները։ Անհրաժեշտ է անհատական տաղանդն օգտագործել ի նպաստ թիմային շահերի։ Ակումբներին պետք է օգնել տեխնիկական տնօրեններ ունենալու հարցում՝ ֆուտբոլի ազգային մոդել ստեղծելու նպատակով։ Կօգնենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան աշխատել մեր մեթոդաբանությամբ։
3. Անհրաժեշտ է փոխել մրցումների կարգը։ Մրցումները պետք է համապատասխանեցնել երեխաների տարիքին եւ նրանց աճի առանձնահատկություններին։ Խաղացողի առաջընթացին պետք է նպաստել՝ ընտրելով նրա զարգացման համար լավագույն տարիքային խումբը։
4. Կրթել այն մարդկանց, որոնք կշարունակեն աշխատանքը Հայաստանից իմ հեռանալուց հետո։
5. Ենթակառուցվածքների կատարելագործում։ Տեղյակ եմ եւ կարեւորում եմ մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների կատարելագործմանն ուղղված ՀՖՖ—ի մեծ ջանքերը»,–նշված է Խ. Մելենդեսի ծրագրային դրույթում։
Այդ ամենին ավելի մանրամասն նա անդրադարձավ արդեն լրագրողների հետ շփման ընթացքում։ «Շատերը զարմացան՝ տեղեկանալով Հայաստանում աշխատելու որոշմանս մասին։ Դա տեղի ունեցավ պարոն Մելիքբեկյանի շնորհիվ։ Սիրում եմ մարտահրավերներ։ Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքների մասին ինձ պատմել է Հենրիկ Մխիթարյանի մայրը՝ Մարինան։ Սակայն նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ այդքան լավ պայմանների կհանդիպեմ այստեղ։ Կփորձեմ հասնել նրան, որ տարիների ընթացքում հայկական ֆուտբոլը վերելք ապրի։ Ցանկանում եմ այնպիսի հիմք դնել, որ հեռանալուցս հետո հայ մարզիչները շարունակեն աշխատել այդ սկզբունքներով»,–նշեց 68—ամյա իսպանացի մասնագետը։
Նա չթաքցրեց, որ ակնկալում է երկրի ֆուտբոլային ողջ հանրության աջակցությունը։ «Իհարկե, ունեմ նաեւ ակումբների օգնության կարիքը, քանի որ ֆեդերացիան իր գործառույթներից բխող ամեն բան անում է։ Իսկ առաջընթաց կլինի, եթե բոլորն ընկալեն այն գաղափարները, որոնք ցանկանում ենք ներդնել Հայաստանում։ Բոլորին հրավիրում եմ տեսնելու, թե ինչպես են ընթանում մեր աշխատանքները»,–կոչ արեց նա։
Ֆուտբոլային փորձագետը վստահ է, որ Հայաստանում կան լավ ֆուտբոլիստներ եւ մարզաձեւը նոր բարձունքների հասցնելու նախադրյալներ։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

13-02-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO