Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Համակողմանի միջոցառումների ակտիվացման անհրաժեշտություն կա

Ասում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

Անցած տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 22 հազար 551 դեպք, ինչը 11.4%—ով ավելի է, քան 2017թ. արձանագրված դեպքերի թիվը։ «Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշում է, որ հանցագործության դեպքերից 3755—ը կամ 16.6%—ը նախորդ տարիներին կատարված, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքեր են, որոնք բացահայտվել են 2018թ. ընթացքում։ Հանցավորության շարժընթացի նման պատկերն ապահովվել է ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոնների ազդեցությամբ։ ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դրական եւ բացասական գործոնները, անդրադարձել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերին։
–Պարոն Դավթյան, ընդհանուր հանցավորության վիճակի եւ դինամիկայի տեսանկյունից ինչպիսի՞ն է եղել 2018թ., եւ ինչ գործոններ են ազդել քրեական այդ շարժընթացի վրա։
–2018թ. ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 22551 դեպք, ինչը 2267 դեպքով կամ 11.4%—ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի թիվը (20284)։
Հանցագործության դեպքերից 3755—ը կամ 16.6%—ը նախորդ տարիներին կատարված, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքեր են, որոնք բացահայտվել են 2018թ. ընթացքում եւ արտացոլվել են այս տարվա հանցավորության վերաբերյալ վիճակագրական տվյալներում։ 2018թ. հանցագործությունների դեպքերի արձանագրված աճի հիմնական պատճառներից մեկը դա է։
Հանցավորության շարժընթացի նման պատկերն ապահովվել է ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոնների ազդեցությամբ։ Որպես դրական գործոններ կարող ենք առանձնացնել հետեւյալները՝
Նախ՝ արձանագրված հանցագործությունների դեպքերի աճը հիմնականում պայմանավորվել է նաեւ բարձր լատենտայնություն ունեցող կոռուպցիոն բնույթի այնպիսի հանցատեսակների դեպքերի աճով, ինչպիսիք են պետական եւ հանրային գույքի հափշտակության, կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու դեպքերը։ Այսպես, 2018թ. ընթացքում 362 դեպքով կամ 3.8 անգամ (130—492) աճել է պետական եւ հանրային գույքի հափշտակության, 298 դեպքով կամ 2.8 անգամ՝ կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության դեպքերի թիվը (163—461), իսկ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու դեպքերն աճել են 90—ով կամ 60%—ով (150—240)։
Եվ մյուս գործոնը՝ նվազում է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են՝ սպանությունը. 2018—ին գրանցված սպանության դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են 14—ով կամ 28.6%—ով (49—35), (իսկ 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 26—ով կամ 42.6%—ով (61—35), առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքերը՝ 90—ով կամ 8.1%—ով (1113—1023)։ մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 69—ով կամ 1.4%—ով (4868—4799)։
Որպես բացասական գործոններ կարող եմ ընդգծել հետեւյալները։
Նախ՝ մտահոգիչ է, որ բացասական դինամիկա է արձանագրվել անձնական գույքի հափշտակության դեպքերով՝ աճը կազմել է 1453 դեպք կամ 19.5% (7433—8886)։ Մասնավորապես, 2018թ. նախորդ տարվա համեմատությամբ 56 դեպքով կամ 30.6%—ով (183—239) աճել են հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող կողոպուտի դեպքերը, 1135—ով կամ 19%—ով՝ գողության, 549 դեպքով կամ 61.8%—ով (889—1438) բնակարանային գողության դեպքերը։
Երկրորդ՝ վերլուծությունը վկայում է, որ հանցագործությունների թվի աճը պայմանավորված է նաեւ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի աճով։ Այսպես, 2018թ. այդ բնույթի դեպքերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 311—ով կամ 32%—ով (972—1283), այդ թվում 44—ով կամ 25%—ով (176—220) աճել է մահվան ելքով դեպքերի թիվը, ինչը շատ մտահոգիչ է։
–Իսկ ինչպիսի՞ն է հանցավորության կառուցվածքային պատկերը՝ ըստ հանցագործությունների վտանգավորության աստիճանի։
–Պետք է փաստել, որ 2018թ. ընթացքում էականորեն աճել է միջին ծանրության եւ ծանր հանցագործությունների դեպքերի թիվը։ Միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 33.7%—ով (5012—5700), իսկ ծանր հանցագործությունների դեպքերը՝ 909—ով կամ 33.3%—ով (2729—3638)։ 60 դեպքով կամ 36.6%—ով (164—224) աճել են նաեւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։ Ոչ մեծ ծանրության հանցագործությունները, որոնք կազմում են հանցագործությունների ընդհանուր զանգվածի կեսից ավելին, նվազել են 390—ով կամ մոտ 3.2%—ով։
Առանձնապես ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աճի ցուցանիշով, ինչը դրական դինամիկա է։
Իսկ ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի ծանր հանցագործությունների եւ բնակարանային գողությունների աճի ցուցանիշով։ Առաջինը, անշուշտ, դրական դինամիկայի վկայություն է, երկրորդը՝ մտահոգիչ։
Միջին եւ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դինամիկան, ի թիվս առանձին հանցատեսակների շարժընթացի, էապես պայմանավորվել է ՀՀ դատախազության կողմից այս տարվանից ավտոմեքենաներից կատարված գողությունների դեպքերը գողության առավել վտանգավոր տեսակով որակելու պրակտիկայի փոփոխությամբ։ Դրա արդյունքում նախկինում որպես ոչ մեծ ծանրության հանցագործություններ որակվող նշված դեպքերը այլեւս որակվում եւ հաշվառվում են որպես միջին ծանրության հանցագործություններ։ Այսինքն՝ այս դեպքում շարժընթացը պայմանավորված է հաշվառման գործընթացի փոփոխություններով, ինչպես նաեւ մասնավոր մեղադրանքի դեպքերով քաղաքացիների նախաձեռնողականության աճով։
–Պարոն Դավթյան, նկատելի է արձանագրվող հանցագործությունների կայուն աճ։ Արդյո՞ք սա հանրապետությունում կրիմինոգեն վիճակի վատթարացման մասին չի խոսում։
–Իրավիճակին չի կարելի նման գնահատական տալ, որովհետեւ մեր ուսումնասիրություններն ու վերլուծությունները վկայում են, որ հանցագործությունների թվի աճը առավելապես հանցագործությունների բացահայտման, հայտնաբերման, նաեւ հաշվառման գործընթացների բարելավման, քաղաքացիների առավել նախաձեռնողականության աճի արդյունք է։ Նման հետեւության հանգելու համար բավական է, օրինակ, համադրել լատենտային եւ ոչ լատենտային հանցագործությունների ցուցանիշները եւ հաշվի առնել այն փոփոխությունները, որոնք կատարվել են հանցագործությունների հաշվառման գործընթացներում։ Ուշադրություն դարձրեք՝ իմ ներկայացրած վիճակագրական տվյալներից հետեւում է, որ աճ է արձանագրվում, մեծամասամբ, նախկին տարիներին կատարված, սակայն հայտնի չդարձած հանցագործությունների նոր բացահայտումների տվյալներով։ Ըստ հաշվառման կարգի՝ նման հանցագործությունները հաշվառվում են բացահայտված տարվա ցուցանիշներում։ Այսինքն՝ ամբողջ աշխարհում է ընդունված, որ եթե բացահայտվում են լատենտայնության բարձր ցուցանիշով աչքի ընկնող հանցատեսակները, ինչպես, օրինակ, կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, ապա երկրում կրիմինոգեն վիճակի վատթարացման մասին չի կարելի խոսել։
Բերեմ մի պարզ օրինակ, որ ավելի հասկանալի լինի։ Եթե վերջին 10 տարվա կտրվածքով (2007—2017) մեր երկրում հանցագործությունների ընդհանուր թվի 2.4 անգամ (8428—20285) աճի պայմաններում, այդ զանգվածում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները նվազել են 2 անգամ (106—52), սպանությունները՝ շուրջ 30%—ով (69—49), ավազակությունները շուրջ 40%—ով (76—46), ըստ էության, նվազում է արձանագրվել նաեւ սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերով, իսկ կաշառքի վերաբերյալ բացահայտված դեպքերը, ընդհակառակը՝ աճել են 23 անգամ (7—163), ապա հնարավոր չէ խոսել երկրում կրիմինոգեն վիճակի վատթարացման մասին։
Մյուս կողմից ցուցանիշների վրա էական ազդեցություն են ունեցել հանցագործությունների հաշվառման գործընթացի իրավական բարեփոխումները։ Օրինակ՝ մինչեւ 2009 թվականը որպես հանցագործություններ չեն հաշվառվել մասնավոր մեղադրանքի դեպքերը, որոնք, որպես կանոն, ոչ մեծ ծանրության հանցագործություններ են եւ մեծ զանգված են կազմում։ Գաղտնիք չէ, որ նախկինում առկա էր ոստիկանության կողմից «վիճակագրությունը բարելավելու» մղումով դեպքեր թաքցնելու արատավոր պրակտիկան, ինչի համար պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ։ Նման դրսեւորումները անհամեմատ նվազել են։ Բացի այդ, շարունակական բարելավման են ենթարկվել քրեական հետապնդման մարմինների՝ հանցագործությունների բացահայտման, հայտնաբերման գործառույթների իրականացման մասնագիտական, տեխնիկական հնարավորությունները, կատարելագործվել են պրոֆիլակտիկ միջոցները եւ, ամենակարեւորը, հատկապես լատենտային հանցագործությունների դեպքում զգալիորեն աճել է քաղաքացիների նախաձեռնողականությունը, իրավապահ մարմինների հետ համագործակցության մակարդակը։
Այդուհանդերձ, ընդհանուր տենդենցներին զուգահեռ հանցագործությունների առանձին տեսակներ ունեն իրենց շարժընթացի առանձնահատուկ պատճառներն ու պայմանները, որոնք յուրաքանչյուր ժամանակային կտրվածքով վերլուծության, դրանով պայմանավորված հակազդեցության քայլերի անհրաժեշտություն ունեն։
–Հանցավորության դեմ պայքարում, այդուհանդերձ, Ձեր կարծիքով կա՞ն խնդիրներ։ Ո՞ր ուղղություններով եք իրավապահ մարմինների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն տեսնում։
–Ամենօրյա աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելը հրամայական է։ Որպես օրակարգային խնդիր, ինձ համար տեսանելի է համակողմանի միջոցառումների ակտիվացման անհրաժեշտություն՝ երկու ուղղություններով։
Առաջինը հանցավոր ոտնձգություններից մեր քաղաքացիների գույքային իրավունքների պաշտպանությունն է։ Այս ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից որդեգրվել եւ իրացվում է քրեաիրավական միջոցների խստացման քաղաքականություն։ Այս ոլորտում մեծ նշանակություն ունեն կանխարգելիչ միջոցները, որոնք հատկապես ոստիկանության կողմից մշտապես ակտիվացման կարիք ունեն։ Հատկապես բնակարանային գողությունների դեմ տարվող պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, կանխարգելելու նպատակով ՀՀ դատախազության կողմից նախորդ տարի մշակվել են այդպիսի միջոցառումներ՝ նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերի համադրմամբ։ Ինչպես հավանաբար գիտեք, քաղաքացիների գույքի պաշտպանությունը, հատկապես բնակարանային գողությունների դեմ պայքարը մեր այս տարվա առաջնահերթություններից է։ Այդ մասին ես նշել եմ դատախազության ստորաբաժանումների 2018թ. գործունեության ամփոփմանն ուղղված բոլոր խորհրդակցությունների ժամանակ, եւ, վստահեցնում եմ, այս ուղղությամբ արվելիք աշխատանքները լինելու են իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում։
Երկրորդը ճանապարհատրանսպորտային հանցագործությունների կանխարգելման գործընթացի բարելավման անհրաժեշտությունն է։ Այս հանցագործությունների շարունակական աճը, ինչ խոսք, պայմանավորված է նաեւ հանրապետությունում ավտոպարկի ծավալների պրոգրեսիվ աճով։ Սակայն ՀՀ կառավարության նախաձեռնած ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման պատասխանատվության եղանակների բարեփոխումների փաթեթը, վարորդական իրավունքի տրամադրման գործընթացում ակնկալվող բարելավումները, ինչպես նաեւ ճանապարհային կահավորման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը կարող են էական նշանակություն ունենալ այս հանցագործությունների նվազման համար։
Բացի վերոնշյալները, կցանկանայի առանձնացնել եւս մեկ խնդիր։ Նկատի ունենալով համաներման հետեւանքով հանրապետությունում հանցագործության դեպքերի հնարավոր աճի հետ կապված ռիսկերը եւ դրանց նախականխման եւ կանխման աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացված հսկողություն իրականացնել համաներմամբ պատժի հետագա կրումից ազատված, ինչպես նաեւ նախաքննության եւ դատաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցված այն անձանց հետագա վարքագծի նկատմամբ, որոնք մեղադրվել են դիտավորությամբ կատարված հանրորեն առավել վտանգավոր արարքների համար, եւ որոնց ազատության մեջ գտնվելու ընթացքում դրսեւորած վարքագիծը նախկինում աչքի է ընկել քրեածին բարձր ռիսկայնությամբ։
Այս ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում կատարվել է ուսումնասիրություն։ Դրա արդյունքներով կազմվել եւ ոստիկանություն է ուղարկվել արդեն իսկ պատժի կրումից ազատված, վերը նշված ռիսկերը պարունակող անձանց ցանկ՝ նրանց մշտական օպերատիվ տեսադաշտում պահելու, այդ անձանց մոտ հանցանք կատարելու նախահակվածությունը նվազագույնի հասցնելուն ուղղված համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար։

16-02-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO