Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.08.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ԵԱՀԿ տարածաշրջանում գորշ տարածքներ չեն կարող լինել

Արցախի անվտանգության ապահովումը եւ կարգավիճակը բացարձակ գերակայություններ են

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը Երեւան է ժամանել՝ վերահաստատելու ԵԱՀԿ—ի շարունակական աջակցությունը Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ լուծումների փնտրտուքին։ Միաժամանակ նա իր լիարժեք աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ կատարած աշխատանքի համար։ «Մեր նախագահությունն իսկապես մարդակենտրոն է՝ միտված հակամարտությունների կանխարգելմանը եւ անվտանգ ապագայի կառուցմանը։ Այս միտքն ունենալով եմ ճանապարհորդել տարածաշրջան՝ հակված լինելով լսել մարդկանց, որոնց կյանքի վրա ազդեցություն են ունեցել հակամարտությունը եւ տեղում ավելի լավ հասկանալու իրավիճակը»,–երեկ ՀՀ ԱԳՆ—ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Միրոսլավ Լայչակը։
Բարձրաստիճան դիվանագետը ողջունեց սահմանին բռնության դեպքերի նվազման փաստը՝ ընդգծելով, որ դա կնպաստի խաղաղ կարգավորման նպատակով համակողմանի գործընթացի իրականացմանը։ «Բազմաթիվ են մարտահրավերները, բայց կան բոլոր հիմքերը՝ դրական լիցքեր հաղորդելու այս գործընթացին։ Կցանկանամ նաեւ ընդգծել, թե ինչքան կարեւոր է ուշադրություն դարձնել այն հարցին, որ բնակչությանը պետք է նախապատրաստել խաղաղությանը՝ ներգրավելով վստահություն ամրապնդող գործընթացներում, ինչպես նաեւ ռիսկերի նվազեցման միջոցառումներին։ Հրադադարից հետո տեղի ունեցող միջադեպերի քանակի նվազումը մարդկանց կյանքեր է խնայում։ Հասկանում ենք, որ հակամարտությունը լուծված չէ, բայց փուլային մոտեցումը, զարգացող երկխոսությունը մարդկանց առօրյա կյանքում այնուամենայնիվ կբերեն չնչին բարեփոխումներ»,–ասաց Լայչակը՝ նշելով, որ ԵԱՀԿ նախագահության շրջանակներում հանձնառու են ամբողջությամբ բանակցված, խաղաղ ու հարատեւ լուծում գտնելու գործընթացին։
Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախին բանակցությունների գործընթաց վերադարձնելու ջանքերին, ԵԱՀԿ գործող նախագահը նկատեց, որ Արցախի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ձեւաչափում ցանկացած փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։ «ՀՀ կառավարությունն է, որ պետք է որոշի ձեւաչափը, բայց որեւէ հնարավոր փոփոխություն բանակցությունների ձեւաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։ Կարծում եմ՝ մենք բավարար ժամանակ հատկացրել ենք այս խնդրի քննարկմանը։ Վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունն ունի գոյություն ունեցող ձեւաչափում բանակցությունների շարունակության վերաբերյալ ճիշտ բանաձեւը»,–ասաց Լայչակը։
ԵԱՀԿ գործող նախագահի կողմից մարդակենտրոն քաղաքականության կարեւորությունը հաշվի առնելով՝ հարց հնչեց, թե կցանկանա՞ր արդյոք գնալ Արցախ եւ տեղում տեսնել, թե ինչպես են ապրում մարդիկ, ինչ են մտածում։ Սլովակիայի ԱԳ նախարարն ասաց, որ պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի օգտակար լինի այս հակամարտության լուծման համար, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, ապա ընդգծեց, որ լիովին վստահում է Մինսկի խմբի համանախագահներին եւ դեսպան Կասպրշիկին։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով, վերջին երեք տարում ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցը տարածաշրջան հատկանշական է նրանով, որ կարեւոր քաղաքական ազդակ է այն պայմաններում, երբ կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդյունքում տարածաշրջանում փակվել են ԵԱՀԿ դաշնային առաքելությունները, եւ նվազագույնի է հասցվել Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացվածությունը։ Հատկանշական է նաեւ այն, որ առաջին այցը Հայաստան տեղի է ունենում մեր երկրում թավշյա, ժողովրդական հեղափոխությունից եւ 2018թ. դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ—ի եւ ԵԱՀԿ—ԺՀՄԻԳ—ի կողմից արժանացել են ամենաբարձր գնահատականին։ «Մենք հանձնառու ենք շարունակել փոխշահավետ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ու մեր ձեռքբերումների ամրապնդմանը։ Հայաստանը պատրաստակամ է համագործակցել ԵԱՀԿ սլովակյան նախագահության հետ բոլոր երեք հարթություններում կազմակերպության օրակարգի հրատապ հարցերի շուրջ երկխոսությունը խթանելու ուղղությամբ։ Հայաստանն աջակցում է կազմակերպությունում Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին՝ հակամարտությունների հասցեագրման, անվտանգ ապագայի կառուցման եւ արդյունավետ բազմակողմ դիվանագիտության վերաբերյալ»,–ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Զ. Մնացականյանը նկատեց, որ ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել գորշ գոտիներ, որոնք անհասանելի են մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցների համար, քանի որ հիմնարար ազատությունները համընդհանուր են եւ տարածվում են բոլորի վրա՝ առանց որեւէ բացառության, այդ թվում նաեւ՝ Արցախի ժողովրդի։ Այս առումով նա հատուկ շեշտեց քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության կարեւորությունը ԵԱՀԿ շրջանակներում իրականացվող համագործակցությանը։ «Հայաստանը մշտապես կարեւորել է ԵԱՀԿ ողջ տարածքից, այդ թվում հակամարտության գոտիներից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անարգել մասնակցությունը։ Ողջունում ենք նաեւ ԵԱՀԿ բարձր գնահատականը Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը, որը կարեւոր դերակատարում ունի մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական առաջընթացի գործում»,–ասաց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ ընդգծելով, որ հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ հիմք է հանդիսանում դրանից տուժած մարդկանց կարիքները, իրավունքները եւ կամքը հաշվի առնելը։
Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց նաեւ Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումը, միաժամանակ վերահաստատելով Հայաստանի աջակցությունը եւ հանձնառությունը՝ շարունակելու աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո՝ հիմնված բացառապես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա։ «Արցախի հիմնախնդրի կարգավորման շրջանակում Արցախի անվտանգության ապահովումը եւ կարգավիճակը Հայաստանի համար եղել եւ մնում են բացարձակ գերակայություններ։ Հիմնախնդրի առանցքում ընկած է Արցախի ժողովրդի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, սեփական հայրենիքում իր ճակատագիրը տնօրինելու անօտարելի իրավունքը։ Այն վերաբերում է Արցախի 150 հազար բնակչության ֆիզիկական կենսական անվտանգությանը, կյանքի իրավունքին։ Բազմիցս ընդգծել ենք, որ Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման արդյունավետ գործընթացի համար առանցքային նշանակություն ունի խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձեւավորումը, ռիսկերի նվազեցման եւ միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու վստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես ամրագրվել է Դուշամբեի հանդիպման, իսկ մինչ այդ՝ նաեւ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակներում, եւ այս դրույթները շարունակում են մինչ օրս մնալ առարկայական»,–մանրամասնեց նախարարը։ Այդ համատեքստում այս օրերին Ադրբեջանի կողմից առանց համապատասխան ծանուցման հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժությունների իրականացումը ոտնահարում է ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների պահանջները եւ չի նպաստում տարածաշրջանային անվտանգության եւ վստահության մթնոլորտի ամրապնդմանը։
Պատասխանելով այն հարցին, թե բանակցային գործընթացը արդյոք չի մտնի փակուղի, երբ ՀՀ վարչապետի կողմից խոսվում է մադրիդյան սկզբունքների վերանայման անհրաժեշտության մասին, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ երկրի ղեկավարի կողմից մադրիդյան սկզբունքների վերանայման որեւէ ազդակ չի եղել, այլ հակառակը՝ անհրաժեշտ է համարել հստակեցնել երեք սկզբունքները եւ վեց տարրերը, որպեսզի բացառվեն այն մեկնաբանությունները, որոնք միակողմանի են դարձնում փաթեթը եւ խնդիր են առաջացնում ընկալումների առումով։ «Շատ կարեւոր է, որ ցանկացած հակամարտության լուծման հիմքում դրվեն երեք կարեւոր սկզբունքները՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի եւ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, քանի որ միշտ խնդիրներ են առաջանում, երբ այս սկզբունքները արհամարհվում են, կամ հակասության մեջ են դրվում։ Վստահ եմ, որ սա նույն ճարտարապետությունն է, որի շրջանակներում պետք է տեղի ունենա Արցախի հիմնախնդրի կարգավորումը»,– ասաց Մնացականյանը։
Անդրադառնալով Սլովակիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին, Լայչակը նշեց, որ խնդրի վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացրել եւ Սլովակիայի կողմից որեւէ սխալ չեն գտել, քանի որ Իսրայելի եւ Սլովակիայի միջեւ ստորագրված փաստաթղթերում գրված է, որ վերջնական ստացողը Իսրայելն է։ «Այդ հարցը բազմիցս քննարկել ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ, եւ հարցն արդեն փակ է։ Հասկացել ենք իրար, քննարկումը դադարել է, չի շարունակվել»,–շեշտեց նա։
Մնացականյանն էլ հավելեց, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի դադարեցման հարցը եղել եւ մնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում։ «Այս հարցն առավել ուշադրություն է պահանջում բոլորից այն առումով, որ մենք չենք ողջունում սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում, բավական զգայուն ենք նման հարցերի հանդեպ։ Շնորհակալ ենք մեր գործընկերոջը, որ կարողացել ենք ներգրավվել նման երկխոսության մեջ, որպեսզի նման խնդիրների հանդեպ զգայունությունը բարձրացվի, եւ ներդրում ունենանք այն գործում, որը վերաբերում է սպառազինությունների մրցավազքը կանխարգելելուն»,–նշեց ՀՀ ԱԳ նախարարը։
ԱԳ նախարարներն իրենց զրույցում անդրադարձել են ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին եւ կազմակերպության առջեւ ծառացած մարտահրավերները համագործակցային ոգով հասցեագրելու անհրաժեշտությանը։ ԵԱՀԿ շրջանակներում բազմակողմ դիվանագիտությունը կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ամրապնդման համար, եւ այդ առումով կարեւորվում է մասնակից պետությունների կառուցողական երկխոսությունը։ Քննարկվել են նաեւ ԵԱՀԿ ռազմաքաղաքական հարթությանը վերաբերող հարցեր։ «Տարածաշրջանում մարդկանց անվտանգ ապագայի ապահովման համար անհրաժեշտ է անվերապահորեն եւ առանց քաղաքական նախապայմանների հավատարիմ մնալ անվտանգության եւ վստահության ամրապնդման միջոցառումների ու սովորական սպառազինությունների վերահսկման առկա ռեժիմներին եւ բացառել ապակայունացնող ռազմական շինարարությունը, ինչպես նաեւ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք խրախուսում են սպառազինությունների մրցավազքը»,–ասաց Մնացականյանը։
Հայաստանի եւ Սլովակիայի երկկողմ հարաբերությունների օրակարգում գլխավոր թեման Հայաստանում Սլովակիայի դեսպանատան բացումն է, որը, ըստ Լայչակի, կընդլայնի երկու երկրների համագործակցության շրջանակը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

14-03-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO