Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2019
ԱՇԽԱՐՀ


Գոլանի բարձունքների հարցը

Լուծումը հնարավոր է միայն «ջուր՝ խաղաղության դիմաց» բանաձեւով

Մարտի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարելով, որ Գոլանի բարձունքները Իսրայելի համար ռազմավարական ու անվտանգության, ինչպեսեւ տարածաշրջանի կայունության տեսանկյունից խիստ կարեւոր են, շեշտել է, որ ժամանակն է, որ ԱՄՆ—ը լիովին ճանաչի այն որպես Իսրայելի տարածք։
Գոլանի բարձունքների ընդհանուր մակերեսը 1800 քառ.կմ է, որի 1200—ը Իսրայելը գրավել է 1967թ. արաբա—իսրայելական 6—օրյա պատերազմի ընթացքում։ 1973թ. Սիրիան փորձեց ռազմական գործողություններով վերադարձնել Գոլանի բարձունքները, սակայն, թեեւ մեծ դժվարությամբ, բայց Իսրայելին հաջողվեց վերահսկողությունը տարածքի վրա պահպանել։ Դրանից հետո շարունակվեց հակամարտությունը մինչեւ 1974թ., երբ ՄԱԿ—ի միջնորդությամբ կողմերի միջեւ հրադադար հաստատվեց, եւ հրադադարը վերահսկելու նպատակով ՄԱԿ—ի խաղաղապահներ տեղակայվեցին այնտեղ։ Բացի այդ, ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի 497 բանաձեւով Գոլանի բարձունքների կարգավիճակը որոշվել է որպես գրավյալ տարածք։
Արաբա—իսրայելական 6—օրյա պատերազմը թերեւս կարելի է բնութագրել որպես ջրի պատերազմ՝ հաշվի առնելով, որ արաբական սակավաջուր աշխարհը (բացառությամբ Լիբանանի) ջրի ընդհանուր պաշարների բաշխման վերաբերյալ ի սկզբանե լուրջ տարաձայնություններ ունի ոչ միայն Թուրքիայի, այլեւ սակավաջուր Իսրայելի հետ։ Իսկ ներկա դրությամբ տարածաշրջանում ջրի խնդիրը օրըստօրե ավելի է սրվում ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ողջ աշխարհում։ Նշյալ պատերազմի ընթացքում Իսրայելը, վերահսկողություն հաստատելով Գոլանի բարձունքների, Հորդանանի արեւմտյան առափնյա շրջանի եւ Գազայի գոտու ջրի պաշարների վրա, փաստորեն ապահովել է իր պահանջարկի 2/3—ը։ Ըստ որոշ տվյալների՝ այսօր արդեն Իսրայելի ջրի պահանջարկը 25 տոկոսով գերազանցում է առկա պաշարները։ Ահա թե ինչու Իսրայելն արաբական երկրների հետ խաղաղության բանակցություններում խիստ կարեւորում է ջրի խնդիրը։ Ավելին, կարելի է նշել, որ Իսրայելի եւ արաբական ճակատային գծի երկրների՝ Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի, Լիբանանի եւ Պաղեստինի Ինքնավարության միջեւ խաղաղության բանակցությունների հաջողությունը գլխավորապես պայմանավորված է ջրի խնդրի շուրջ կողմերի համաձայնությամբ։ Հարկ է նշել, որ այս առնչությամբ Եգիպտոսը բացառություն է, քանի որ վերջինիս եւ Իսրայելի միջեւ բանակցություններն իրապես տեղի ունեցան «հող՝ խաղաղության դիմաց» հայտնի բանաձեւի շրջանակներում։ Եվ եթե 1979թ. Եգիպտոս—Իսրայել քեմփդեւիդյան պայմանագրով վերջինս նավթի պաշարներ ունեցող Սինայի թերակղզին ամբողջությամբ վերադարձրեց Եգիպտոսին, ապա թերեւս գլխավորապես այն պատճառով, որ Սինայում ջրի պաշարներ չկան։ Այլ կերպ ասած՝ եթե արաբաիսրայելյան խաղաղության գործընթացում Թել Ավիվը տարածաշրջանի ջրի հիմնական պաշարների շահագործման վստահելի երաշխիք չունենա, հազիվ թե արաբներին ամբողջությամբ վերադարձնի ջրի պաշարներ ունեցող այնպիսի տարածքներ, ինչպեսիք են Գոլանի բարձունքներն ու Հորդանանի արեւմտյան առափնյա շրջանը։ Դրա վառ ապացույցն են 1999–2000 թթ. Գոլանի բարձունքների շուրջ «տարածք՝ խաղաղության դիմաց» բանաձեւով Սիրիա—Իսրայել բանակցությունները, որոնք ի սկզբանե դատապարտված էին ձախողման։ Այնուհետեւ թուրք—սիրիական փոխհարաբերությունների թերեւս մեղրամսյա շրջանում՝ 2008թ. մայիսին, նույն բանաձեւով նախ Թուրքիայի միջնորդությամբ տեղի ունեցան անուղղակի բանակցություններ, որոնք շարունակվեցին մինչեւ նույն թվականի հուլիսը, օգոստոսին արդեն պետք է բանակցությունները շարունակվեին առանց միջնորդի։ Բանակցություններում Իսրայելը խաղաղությունից զատ նաեւ Դամասկոսից պահանջում էր հրաժարվել «Համասին» ու Լիբանանի «Հեզբոլահին» հովանավորելուց։ Այսուհանդերձ, գլխավոր հարցը ջրի հարցն էր. Իսրայելը պահանջում էր, որ նույնքան ջուր Գոլանից հատկացվի այդ երկրին, որքան խաղաղության պայմանագրից առաջ։ Իսկ սա նշանակում էր, որ, փաստորեն, նոր բանակցությունն ընթանում էր «ջուր՝ խաղաղության դիմաց» բանաձեւով, ինչը թերեւս սակավաջուր Սիրիայի համար անընդունելի էր։ Այսպիսով, բանակցությունները փակուղի մտան, եւ Անկարայի ջանքերը, որոնք բխում էին նաեւ սեփական շահերից, ապարդյուն անցան։ Քանի որ առաջ էր քաշվել Թուրքիայից 700 կմ երկարությամբ խողովակի կառուցման հարցը, որով պետք է Սիրիան, Հորդանանը, Իսրայելը եւ Պաղեստինի Ինքնավարությունը ավելի շատ ջուր ստանային։
Իսրայելն իր ջրի պահանջարկի 1/3—ը ապահովում է Գոլանի բարձունքներից։ Հետեւաբար, Թել Ավիվը, ինչպես տարբեր առիթներով նշել ենք, հազիվ թե հեշտությամբ հրաժարվի Գոլանի բարձունքներից ամբողջությամբ։ Նշենք, որ Սիրիայի հետ բոլոր բանակցություններում Իսրայելը բացառել է Գոլանի բարձրակետը հանդիսացող Հերմոն լեռը Սիրիային հաձնելը՝ այն համարելով իր անվտանգության կարեւոր գոտիներից մեկը, ինչը առավելապես պետք է պատճառաբանել ջրի պաշարների առկայությամբ։ Թել Ավիվը, պնդելով Հերմոնում իր դիտակետերի տեղակայման անհրաժեշտությունը, ամենայն հավանականությամբ նպատակամղված է վերահսկել այստեղ ջրի պաշարներն ու տվյալ ոլորտում Սիրիայի գործունեությունը։ Քանզի եթե անգամ խաղաղության պայմանագրի շրջանակներում կողմերը ջրի բաշխման հարցում համաձայնության գան, ապա Գոլանն ամբողջությամբ վերադարձնելու դեպքում Իսրայելը կզրկվի նման վերահսկողություն իրականացնելուց, իսկ Սիրիան, տնօրինելով սեփական տարածքում առկա ջրի պաշարները, հնարավորություն կստանա ջրի գործոնը անհրաժեշտության դեպքում կիրառել որպես ճնշման լծակ։
Այս առնչությամբ հատկանշական է նաեւ, որ Սիրիան Թուրքիայից ջրի հարցում կախումը բացառելու դեպքում կարող է երկրի պահանջարկն ապահովել ներքին պաշարների, այդ թվում՝ Հորդանան եւ Յարմուկ գետերի հաշվին, որոնք սկիզբ են առնում Գոլանի բարձունքներից՝ Հորդանանը՝ Հերմոնից, իսկ Յարմուկը՝ Գոլանի հարավային հատվածից։ Մինչդեռ այսօրվա դրությամբ Տիգրիսի եւ Եփրատի վերին հոսանքի վրա գտնվող Թուրքիան իր աշխարհագրական դիրքն օգտագործում է ընդդեմ Իրաքի եւ Սիրիայի, որպես ճնշման լծակ։ Այլ կերպ ասած, Գոլանի բարձունքների ջրի պաշարները ռազմավարական նշանակություն ունեն թե՛ Սիրիայի եւ թե՛ Իսրայելի համար։ Ուստի վերջինս ձգտում է առավելապես օգտվել իր համար ստեղծված նպաստավոր պայմաններից՝ Սիրիայի ծանր վիճակից ու նախագահ Թրամփի անվերապահ հովանավորությունից եւ օրինականացնել գրավյալ տարածքն իր երկրին միացնելը։ Իսկ եթե թերեւս ոչ մոտ ապագայում տեղի ունենան Սիրիա—Իսրայել բանակցություներ, որոնք, անշուշտ, «ջուր՝ խաղաղության դիմաց» բանաձեւով են ընթանալու, Թել Ավիվը գործի կդնի իր տրամադրության տակ եղած բոլոր հզոր լծակները՝ ջանք չխնայելով Դամասկոսին զիջումների մղելու, առնվազն Հերմոնի վերոհիշյալ դիտակետերն ինչ—որ կերպ պաշտպանելու ուղղությամբ։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

26-03-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO