Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ԶԱՆԱԶԱՆ


Պակասեց ճկունությունն ու հաշվենկատությունը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը իր պատմությունում 4-րդ անգամ պարտությամբ սկսեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը։ Աշխարհամասի 2020 թվականի ստուգատեսի ընտրարշավի անդրանիկ խաղում մեր թիմը հյուրընկալվելիս 1։2 հաշվով զիջեց բոսնիացիներին։ Ընդհանուր առմամբ՝ դա ենթադրվող արդյունք էր, որը մրցակցության ընդհանուր պատկերն արտացոլելով հանդերձ կարող էր եւ այլ լինել։ Ստորեւ կփորձենք հասկանալ Սարաեւոյի «Գրբավիցա» մարզադաշտում մարտի 23—ին գրանցված անհաջողության պատճառները։
Հանդիպումից առաջ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը միանգամայն ճշմարտացիորեն նկատել էր, որ ֆավորիտ լինելը դեռ հաղթանակի գրավական չէ։ Ով ով, բայց մերոնք, ցավոք, սեփական փորձից գիտեն դա։ Եվ հիշողություններն էլ առանձնապես հին չեն եւ առնչվում են Ազգերի լիգայի անցյալ տարվա ընտրական մրցումներին։ Անգամ եթե հայ մարզիչն ընդամենը արձանագրել էր հայտնի փաստը, նա կատարել էր հոգեբանական մեծ նշանակություն ունեցող հայտարարություն, որը, կարծում ենք, նկատելիորեն ոգեւորել էր մեր մարզիկներին եւ ստիպել զգուշանալ մրցակցին, որի ճամբարից մինչեւ խաղը չափազանց ինքնավստահ գնահատականներ էին հնչում։ Թերեւս, կհամաձայնեք, որ հանդիպումը ցրեց հեշտ ու խոշոր հաշվով հաղթանակի հասնելու բոսնիացիների պատրանքները։ Նրանք բախվեցին արժանի դիմադրության եւ, ըստ էության, միայն առաջին խաղակեսում ունեին շոշափելի առավելություն։ Ընդմիջումից հետո պայքարը հավասարվեց, թեպետ իրական գոլային պահերով մերոնք, իհարկե, զիջեցին։ Ուզում ենք շեշտել, որ նախորդ նախադասությունում առանցքայինը «իրական» բառն է։
Իսկ կարո՞ղ էր Հայաստանի հավաքականը հավակնել ավելի նպաստավոր արդյունքի։ Միանշանակ։ Մեր թիմի խաղի վերլուծությունը սկսենք կազմից։ Կարծում ենք, մարզիչներն ընտրել էին հնարավոր օպտիմալ տարբերակը։ Նրանք, թերեւս, հիմնվել էին ոչ միայն խաղացողների ընթացիկ մարզավիճակին, այլեւ փորձին, ինչը հատկապես կարեւոր է արտագնա, այն էլ՝ մեկնարկային խաղերում։ Քննարկելի է Արազ Օզբիլիսին փոխարինման մտցնելու պահը։ Նա խաղադաշտում հայտնվեց բոսնիացիների խփած երկրորդ գոլից անմիջապես հետո, երբ հանդիպման ավարտին մնում էր 9 րոպե, եւ մեր թիմը, թվում էր, մի պահ հոգեբանորեն ընկրկել էր բաց թողած գնդակին։ Արդյո՞ք ճիշտ չէր լինի Օզբիլիսին ավելի շուտ ներգրավել պայքարում, երբ Հայաստանի հավաքականը նկատելիորեն աշխուժացել էր եւ խաղը տեղափոխել մրցակցի դարպասի մոտ։ Համենայն դեպս, փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում Օզբիլիսը միշտ օգտակար է եղել։ Նա ունակ է կատարել ե՛ւ վերջին փոխանցումը, ե՛ւ հեռահար հարվածով հասնել հաջողության։ Իսկ նման հնարավորություններ երկրորդ խաղակեսի միջնամասում մերոնք ունեցան։ Բոլոր դրվագներում էլ մերոնց պակասեց հաշվենկատությունը։ Նույնիսկ ոչ այնքան վերջին փոխանցումների ժամանակ, որքան դարպասին հարվածելիս։ Անգամ սովորաբար հավասարակշռված Հենրիկ Մխիթարյանն էր այդ պահերին անտեղի շտապողականություն դրսեւորում։ Այն դեպքում, երբ մի քանի հարված կատարեց այնպիսի դիրքերից, որոնք ավելի լավ գնահատելու դեպքում կարող էր եւ հաջողության հասնել։
Ինչպես նշեցինք, ընդմիջումից հետո մեր հավաքականը նկատելիորեն կերպարանափոխվեց՝ ցուցադրելով հաճելի հուշեր արթնացնող խաղ։ Այնպիսի տպավորություն էր, որ առաջին խաղակեսում մերոնք առաջնորդվում էին «լավագույն պաշտպանությունը սեփական դարպասն անառիկ պահելն է», իսկ երկրորդ 45 րոպեներին՝ «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով։ Ինչպես համոզվեցինք՝ երկրորդ տարբերակն, ամեն դեպքում, նախընտրելի է։ Կարծում ենք, հենց սկզբից այդ մարտավարությանն ապավինելու դեպքում կունենայինք բոլորովին այլ պատկեր։ Մինչդեռ, բուն հանդիպումը իրոք խոստումնալից սկսվեց հայկական թիմի համար։ Դժվար է ասել, թե ինչով կավարտվեր այս ամենը, եթե արդեն 2—րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը ոտքի կողքով բաց չթողներ գնդակը եւ գտնվելով բոսնիացիների դարպասից մի քանի մետր հեռավորության վրա՝ կարողանար շեշտակի հարված կատարել։ Սակայն իրապես գոլային պահը ավարտվեց բոսնիացիների թեթեւ վախով։ Ցավոք, առաջին կեսում նման առիթ մերոնք այլեւս չունեցան։ Նրանք վատ չէին կատարում մրցակցին նրա իսկ կիսադաշտում դիմավորելու, խաղադաշտի կենտրոնը տնօրինելու եւ դաշտի տերերի գրոհների թափը կոտրելու հիմնական գործառույթը։ Սակայն, տարվելով դրանով՝ այդպես էլ լուրջ սպառնալիք չստեղծեցին մրցակցի դարպասին։ Փոխարենը, մերկացնելով թիկունքը՝ մի քանի անգամ ձախողվեցին պաշտպանությունում եւ, ի վերջո, պատժվեցին դրա համար։ Պատահական չէ, որ այդ ընթացքում մերոնցից առավել նկատելին դարպասապահ Արամ Հայրապետյանն էր։
Իսկ Բոսնիայի հավաքականը գրագետ մարտավարական լուծում հակադրեց մեր հավաքականի մամլիչին. նրանք պարզապես կարճ ու միջին տարածության փոխանցումներով գրոհը կազմակերպելու միջոցով չեզոքացրին մերոնց ջանքերը։ Պատկերավոր ասած՝ պարզապես շրջանցեցին դաշտի կենտրոնը եւ անցան եզրային ճեղքումների։ Իսկ Հայաստանի հավաքականը շարունակում էր խաղալ նույն ոճով։ 33—րդ րոպեին նրանք անկյունայինների հերթական շարքն իրացնելիս՝ բացեցին հաշիվը։ Դրվագի ուղղակի հանճարեղ լուծում գտավ Ռադե Կրունիչը, որը խորամանկելով մեր բոլոր պաշտպաններին՝ գնդակն աներեւակայելի հետագծով դարպասապահի վրայով ուղարկեց հեռավոր անկյունը՝ 1։0։ Այն դեպքում, երբ նրան դիմավորում էր Հայաստանի հավաքականի միանգամից երեք պաշտպան։
Ի դեպ, մերոնք նման հնարամտություն այդպես էլ չդրսեւորեցին եւ ամեն անգամ հայտնվելով հարվածային դիրքում՝ անպտուղ ջանքեր էին գործադրում գրավելու դարպասի մոտակա եւ առավել պաշտպանված անկյունը։ Դա հատկապես զարմանալի է Մխիթարյանի պարագայում։
Երկրորդ խաղակեսում մերոնք վերջապես անարդյունավետ մամլիչից եւ դաշտի կենտրոնում անտեղի մեծ ուժեր կաշկանդելուց անցան իրենց բնորոշ արագ հակագրոհներով խաղին, ինչը միանգամից փոխեց խաղի պատկերը։ Առավել եւս, որ բոսնիացիներն էլ չէին կառչել դաշտի կենտրոնից եւ մերոնց մենեւրելու հնարավորություն էին ընձեռում։ Սակայն նրանք միեւնույն է վերահսկում էին խաղի ընթացքը եւ թեթեւ ջանքերով լարվածություն առաջացնում մեր պաշտպանությունում։ Դրվագներից մեկում Հայաստանի հավաքականին օգնության հասավ հորիզոնական դարպասաձողը։ Իսկ ահա 80—րդ րոպեին հրաշք չկատարվեց, եւ Դենի Միլոշեւիչը, որը փոխարինման էր մտել դրանից 15 րոպե առաջ, կրկնապատկեց հաշիվը։ Ճակատագրի հեգնանքով, հենց նա էլ փոխհատուցված ժամանակի 3—րդ րոպեին ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, եւ Մխիթարյանը 11 մետրանոց հարվածով սահմանեց վերջնարդյունքը։
Այսօր, ժամը 21։00—ին մեր հավաքականը մրցաշարի երկրորդ խաղում հյուրընկալելու է Ֆինլանդիայի թիմին, որը մեկնարկում 0։2 հաշվով պարտվել է իտալացիներին։ Երեկ տեղի ունեցած նախախաղային ասուլիսում Արմեն Գյուլբուդաղյանցը հավաստիացրեց, որ թիմն ամեն ինչ անելու է լավ արդյունքի հասնելու համար։ Լավ արդյունք ասածն, իհարկե, լայն հասկացողություն է։ Այնպես որ, մնանք լավագույնի հույսով։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

26-03-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO