Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Միավորողը նույն պատմական անցյալն է

Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, որոնք տարիների ընթացքում վերածվել են բարեկամության։ Հայ եւ սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամրապնդված է նույնիսկ պատմական փաստերով, եւ ինչպես Սերբիան, այնպես էլ Հայաստանը մշտապես պատրաստակամ են եղել ընդլայնելու, զարգացնելու եւ ամրապնդելու այդ հարաբերությունները։ Հիշեցնենք, որ Սերբիան այն չորս երկրներից էր, որոնց առաջնորդները 2015—ին Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին դիվանագիտական ամենաբարձր՝ հանրապետության նախագահի մակարդակով։
Հայ—սերբական հարաբերությունների ներկա փուլի, հետագա համագործակցության ընդլայնման, Հայոց ցեղասպանության ճանաչման, արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների եւ այլ թեմաների շուրջ է «ՀՀ»—ի զրույցը Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս, գրող, թարգմանիչ, մշակույթի գործիչ Բաբկեն Սիմոնյանի հետ։
–Պարոն Սիմոնյան, Հայաստանի եւ Սերբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռ 1993—ին։ Դուք պատվավոր հյուպատոս եք նշանակվել 2007—ին։ Այդ ընթացքում երկու երկրների տնտեսական, մշակութային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը նպաստող ինչպիսի՞ համաձայնագրեր են կնքվել։
–Բազմաթիվ այցելություններ են եղել դիվանագիտական եւ գերատեսչական մակարդակներում։ 2009—ին Սերբիայի նախագահն է պաշտոնական այցով Հայաստան եկել՝ իր պատվիրակության կազմում ընդգրկելով երկրի էկոնոմիկայի նախարարին։ Որքանով հիշում եմ, տնտեսության ոլորտում կնքվել են կարեւոր համաձայնագրեր ապրանքաշրջանառության ընդլայնման ուղղությամբ։ Հիմնական պայմանագրերն ու կարեւոր համաձայնագրերը եղել են տնտեսության, մշակույթի եւ սպորտի, օդային հաղորդակցությունների, ռազմակրթական, պաշտպանական, մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման եւ այլ ուղղություններով։
2014 թ. մարտին Հայաստան է այցելել Սերբիայի արտգործնախարարը, իսկ նույն տարվա հոկտեմբերին՝ նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, որը մասնակցեց նաեւ «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի բացմանը, ուր հանդես եկավ ելույթով։ Նա եղավ նաեւ Երեւանի «Արարատ» կոնյակի գործարանում, այցելեց Ծիծեռնակաբերդ, որտեղ եղեւնի տնկեց։
Ես հանգամանալից զրուցել եմ նախագահ Նիկոլիչի հետ՝ 2014—ին իր հայաստանյան այցի ընթացքում։ Նա հետաքրքրվել է իմ հյուպատոսական աշխատանքով, գրական—մշակութային գործունեությամբ։ Նրան պատմել եմ այն հսկայածավալ աշխատանքի մասին, որոնք իրականացրել եմ ե՛ւ գրականության ու արվեստի բնագավառում, ե՛ւ հյուպատոսական աշխատանքում։
–Տարիներ առաջ Սերբիայի խորհրդարանը օրակարգում այդպես էլ չընդգրկեց «Ռադիկալ» կուսակցության առաջարկը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Վերջին տարիներին նման երկու առաջարկ է եղել, սակայն դրանք այդպես էլ օրակարգի հարց չեն դարձել։ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն այն երկրների առաջնորդներից էր, որը 2015—ին Երեւանում ներկա գտնվեց Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին եւ նույնիսկ հանդես եկավ ցեղասպանությունը դատապարտող ելույթով՝ ասելով, որ Սերբիան իր զոհերի օրինակով լավ կարող է հասկանալ հայոց տառապանքները։ Ինչո՞ւ այդուհանդերձ մինչ օրս Սերբիայի խորհրդարանը խուսափում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, երբ Հայաստանը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը։
–Հայերը եւ սերբերը բախտակից ժողովուրդներ են եւ իրենք շատ լավ գիտեն ինչ է ցեղասպանությունը։ Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ են 1999—ի մարտի 24—ին, ուղիղ քսան տարի առաջ, ՆԱՏՕ—ի զինուժի կողմից ռմբակոծված Սերբիայի եւ, հիմնականում, նրա պատմական բնօրրանի՝ Կոսովոյի ավերված պատկերները։ Արդյունքում՝ քարուքանդ շատ սրբավայրեր, վանքեր, եկեղեցիներ։ Մինչ այդ, իրավիճակն արդեն լարված ու պայթյունավտանգ էր Կոսովոյում, որը վերածվել էր վառոդի տակառի։ Տեղաբնակ սերբերի եւ եկվոր ալբանացիների միջեւ անընդհատ բախումներ էին առկա։ Ալբանների նպատակն էր սերբերին վտարել իրենց պատմական բնօրրանից, բնաջնջել նրանց մշակութային հուշարձանները Կոսովոյում, ինչպես դա արեցին բարբարոս ադրբեջանցիները 1988—ին հայոց Նախիջեւանում։ Հիշում եք, անշուշտ, թե ինչ ճակատագիր ունեցավ մեր շքեղաշուք Ջուղան իր բացառիկ խաչքարերով, որոնք համաշխարհային արվեստի գլուխգործոցներ էին եւ որոնք ջարդուփշուր եղան ու լցվեցին Արաքս գետը։ Կոսովոն, հիրավի, կարելի է սերբական Նախիջեւան կոչել եւ սխալ է այն համեմատել Արցախի հետ։
Ինչո՞ւ Սերբիայի խորհդարանը առ այսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Գիտեք, այստեղ գործոնների մի ամբողջ շղթա կա։ Առաջին հերթին առկա է Թուրքիայի գործոնը, որով կարող է ավելի լարվել իրավիճակն ամբողջ Բալկաններում։ Այդ դեպքում նրանց, անշուշտ, սատար կլինեն բոսնիացի մահմեդականները, ովքեր ծագումով էթնիկ սերբեր են, որոնք դարերի ընթացքում օսմանյան բազում արշավանքների արդյունքում դավանափոխ են եղել, որոնք իրենց հայացքը հառել են ոչ թե Բելգրադին, այլ՝ Անկարային։ Դրանով իրավիճակն ավելի կլարվի, եւ Թուրքիան կարող է բոսնիացիների ու մահմեդական այլ տարրերի միջոցով վրեժխնդիր լինել սերբերից։ Դա է պատճառը, որ Սերբիան շատ նրբանկատորեն եւ զգուշությամբ է վերաբերվում 1915—ի Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն։ Դա չի նշանակում, որ սերբերը դեմ են ճանաչելուն։ Վստահ եղեք, սերբ ժողովուրդը եւ սերբ շատ բարձրաստիճան այրեր միահամուռ սատարում են հայերի արդար պահանջատիրությանը, սակայն աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում այդ հարցը դեռ որոշ ժամանակ լուծում չի ստանա։ Եվ դա հասկանալի է. Թուրքիան Բալկաններում միշտ էլ ցանկացել է պահպանել իր ազդեցությունը, սկսած դեռ 1389—ի Կոսովոյի հայտնի ճակատամարտից։ Նա երբեք չի հրաժարվի պահպանել իր ազդեցությունը այդ տարածաշրջանում։ Սերբիայի խորդհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կտրուկ կվատթարացնի սերբ—թուրքական հարաբերությունները եւ դա կարող է շատ թանկ արժենալ Սերբիայի համար։ Այլ բան է, երբ ցեղասպանությունը ճանաչեցին Ֆրանսիան, Գերմանիան եւ արեւմտյան մի շարք երկրներ։ Թուրքերի վայնասունը տեւեց մի պահ, որից հետո հանդարտվեցին։ Սերբիայի պարագայում իրավիճակը բոլորովին այլ է։ Այդ առումով Սերբիան Թուրքիայի հետ հարաբերություններում փորձում է հավասարակշիռ լինել՝ լավ գիտակցելով, սակայն, որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է։ Թուրքիան, այո, առաջիններից էր, որ ճանաչեց Կոսովոյի անկախությունը, եւ սերբերը հստակ գիտակցում են, որ բռնացող, ավերող, մահմեդականացնող թուրքը չի կարող իրենց բարեկամ լինել։ Կորցրած տարածք ունեցող երկրի ղեկավարության համար շատ բարդ է ճանաչել մեկ այլ ժողովրդի ողբերգության իրողությունը։
2015—ին, երբ Սերբիայի նախագահը մասնակցեց ցեղասպանության 100—ամյա տարելիցին, նշեց, որ, այո, կգա ժամանակը, երբ Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Սերբիայի խորհրդարանում, ցավոք, գտնվել են պատգամավորներ, որոնք առանձնապես հակված չեն եղել, որպեսզի օրինագիծը օրակարգի հարց դառնա՝ ասելով, թե դա Սերբիայի հարցը չէ, թե կան ավելի կարեւոր հարցեր, քան Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ մոռանալով, որ Հայաստանը Կոսովոյի անկախությունը չճանաչելուց զատ, դեմ է քվեարկել Կոսովոյի անդամակցությանը ՅՈՒՆԵՍԿՕ—ին։ Ես մի քանի առիթ եմ ունեցել այդ մասին խոսելու սերբ պատգամավորների հետ ե՛ւ Երեւանում, ե՛ւ Բելգրադում։ Ես փորձել եմ բացատրել սերբ խորհրդարանականներին հիշյալ հարցերի լրջությունը, ներկայացրել եմ Արցախի ու Կոսովոյի հիմնահարցերի ամբողջ պատկերը, դրանց առանձնահատկություններն ու տարբերությունները՝ բացատրելով, որ այդ հարցերից յուրաքանչյուրին առանձին մոտեցում պիտի ցուցաբերվի, քանի որ սերբերից այսօր խլված Կոսովոն հիշեցնում է 1921—ին մեզնից խլված Արցախն ու Նախիջեւանը։ Կարծում եմ՝ համեմատություններն այսօրվա համատեքստում անհամատեղելի են եւ պետք չէ ինքնորոշված Արցախի եւ բռնի ձեւով խլված Կոսովոյի միջեւ զուգահեռներ տանել։
Առանց պատմության հետ հաշվի նստելու, տարածքային հարցերը իրավացիորեն եւ իրավական հիմքով լուծվել չեն կարող։ Մենք պետք է պահանջողի, ոչ թե պաշտպանվողի դերում լինենք եւ միջազգային ատյաններում հիմնավոր փաստարկներով ցույց տանք, որ Արցախը երբեք Ադրբեջանի մասը չի եղել, քանի որ Ադրբեջան պետություն չի եղել մինչեւ 1918 թվականը։ Երբ գան ավելի բարենպաստ ժամանակներ, գուցե Սերբիայի խորհրդարանը, ի թիվս եվրոպական այլ խորհրդարանների, կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Երբ նվազի Թուրքիայի ազդեցությունը Բալկաններում, եւ երբ Թուրքիան հայտնվի փլուզման առջեւ, որի նախադրյալները եղել են եւ կան, այդ ժամանակ առավել բարենպաստ պայմաններ կլինեն սերբերի համար ճանաչելու հայոց մեծ ողբերգությունը։
–Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տեղական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում։ Ինչպե՞ս եք տեսնում Արցախի ներգրավվածությունը այս ձեւաչափով, հատկապես այն պարագայում, երբ Ալիեւը անընդունելի է համարում հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափի փոփոխությունը եւ նշում, որ Հայաստանի նոր կառավարությունը փորձում է անընդհատ փոփոխել բանակցությունների ձեւաչափը։
–Այո վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ ինքը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի կողմից ընտրված վարչապետ է, ուստի Արցախի անունից բանակցել չի կարող։ Այո, դրանում կա ճշմարտություն։ Եթե նա պիտի բանակցի Արցախի անունից, ուրեմն Արցախը, բնականաբար, բանակցային կողմ լինել չի կարող։ Արցախը, անվերապահորեն, բանակցող կողմ պետք է լինի, այլապես հակամարտությունը շարունակական է լինելու։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ լավ գիտակցում են, որ Արցախը միշտ էլ եղել է հակամարտության կողմ եւ դրական են տրամադրված այս հարցին։ Որպեսզի Արցախը վերադառնա բանակցային գործընթաց, պետք է աշխարհի գերտերությունները սկսեն անմիջական բանակցություններ վարել Արցախի հետ՝ հանգուցալուծելու այդ թնջուկը՝ փոխադարձ այցերի միջոցով։ Ճշմարտությունը պետք է սեղանին դնել։ Գերտերությունները լավ են գիտակցում, որ առանց հաշվի առնելու ինքնորոշվող ժողովրդի կարծիքը, անհնար է որեւէ շոշափելի արդյունքի հասնել։
Աշխարհը եւս պիտի ընդունի Արցախի բանակցային կողմ լինելու որոշումը։ Դա հարցի միակ եւ ճիշտ լուծումն է։
–Եթե անդրադառնանք առեւտրատնտեսական հարաբերությունների դինամիկային, ապա արձանագրված տվյալների համաձայն, 2015—2017 թթ. տարեցտարի աճ է նկատվում թեÕ արտահանման, թեÕ ներմուծման առումով։ Դրանք, սակայն, բավարար մակարդակ չեն ապահովում։ ՀՀ—ից արտահանվում է հիմնականում սննդամթերք, ներմուծվում՝ մետաղ։ Ի՞նչն է խոչընդոտում տնտեսական հարաբերությունների ընդլայնումը։
–Խոչընդոտներից մեկը, ըստ իս, ուղիղ հաղորդակցության բացակայությունն է, բացի այդ, հարաբերություններն ամուր չեն հայ գործարարների՝ Սերբիայում տարբեր ցուցահանդեսներին մասնակցություն չունենալու պատճառով։ Օրինակ՝ Բելգրադում, ամեն տարի կազմակերպվում է սննդամթերքի տոնավաճառ, որին ոչ մի անգամ հայ արտադրողները մասնակցություն չեն ունեցել։ Դա, կարծում եմ, լավագույն հարթակ է ներկայացնելու հայկական սննդամթերքը միջազգային սպառողին, մինչդեռ հայ գործարարները այս հարցում ավելի զուսպ են եւ միշտ դիտարկում են ռիսկի գործոնը։ Սերբիայում շատ լայն սպառում ունեն հայկական չիրը, սուջուխը, պանիրը։ Հայ արտադրողները պարզապես պետք է չերկնչեն եւ մեկ անգամ քայլ անեն մասնակցելու նմանատիպ միջոցառումներին։ Բոլոր կազմակերպչական հարցերով եւ կապեր հաստատելու առումով հյուպատոսությունը պատրաստ է աջակցել նրանց։
–Վերջին շրջանում ակտիվացել է նաեւ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը, այն առավել զարգացնելու ի՞նչ միտումներ կան հատկապես այն համատեքստում, որ Սերբիան մշտապես հայտնել է իր շահագրգռվածությունը Հայաստանի հետ իր հարաբերությունները խորացնելու գործում։
–Այո, այդ երկխոսությունը եղել է միշտ, կա ու կլինի։ Եկել են դիվանագետներ, դեսպաններ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, եղել են քննարկումներ արցախյան հակամարտության քննարկման, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ։
Եթե հիշում եք, պաշտոնական Երեւանը չճանաչեց Կոսովոյի անկախությունը, որը շատ ճիշտ եւ դիվանագիտական ճկուն քայլ էր։ Ցավով եմ ուզում նշել, սակայն, որ քաղաքական որոշ գործիչներ, անտեղյակ լինելով կոսովյան հիմնահարցին, ժամանակին պնդում էին, թե իբր Կոսովոյի անկախությունը կարող է նախադեպ լինել Արցախի միջազգային ճանաչման համար։ Կցանկանայի հարց ուղղել այդ գործիչներին, իսկ ինչո՞ւ նախադեպը չգործեց։ Պիտի խորամուխ լինել նման հարցերում՝ սխալ ձեւակերպումներից եւ գնահատականներ տալուց զերծ մնալու համար։ Կոսովոյի եւ Արցախի հիմնահարցերը միանգամայն տարբեր են եւ ընդհանուր եզրեր չունեն։ Արցախն ինքնորոշվել է հանրաքվեի արդյունքում՝ ինքնորոշման միջազգային իրավական բոլոր նորմերին համաձայն, մինչդեռ Կոսովոյում հանրաքվե չի անցկացվել, պարզապես բռնի ձեւով խլվել է սերբերից եւ սկուտեղի վրա մատուցվել ալբաններին։
Ինչ վերաբերում է Սերբիայի արտոնագրային ռեժիմի ազատականացմանը, այդ մասին բազմիցս խոսվել է։ Ամեն անգամ Սերբիա այցելելիս, ես հանդիպումներ եմ ունենում արտգործնախարարությունում, եւ միշտ խոսում ենք այդ հարցին վերջնական լուծում տալու համար։ Հուսանք, որ բանակցությունների արդյունքները դրական կլինեն։
Հայաստանի եւ Սերբիայի նախագահները վերջերս առիթ են ունեցել հանդիպելու Բեռլինում։ Բանակցությունների ընթացքում Սերբիայի նախագահը տեղեկացրել է, որ մտադիր են դեսպանություններ բացել մի շարք երկրներում, որոնք չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը, այդ թվում նաեւ՝ Հայաստանում։ Դա, անշուշտ, մի նոր էջ կբացի մեր երկու երկրների միջպետական հարաբերություններում եւ անվարան կարող եմ ասել՝ ավելի կակտիվանան մեր կապերը հասարակական կյանքի համարյա բոլոր ոլորտներում։
–Երեւանում Սերբիայի դեսպանատան բացումը որքանո՞վ կնպաստի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը եւ տուրիզմի զարգացմանը՝ հաշվի առնելով, որ Հայաստանից Սերբիա մեկնողները իրենց արտոնագրերն ստանում են կամ Մոսկվայում, կամ Աթենքում գտնվող Սերբիայի դեսպանատներից։
–Դեսպանատան առկայությամբ նախ ուղղակիորեն կկարգավորվեն ձեր նշած բոլոր հարցերը, եւ հայաստանաբնակ քաղաքացիները մուտքի արտոնագրեր կստանան անմիջապես Երեւանում գործող դեսպանատնից։ Խոսք կա նաեւ արտոնագրային ռեժիմը չեղարկելու շուրջ, թեեւ դեռ վաղ է խոսել այդ մասին։ Իսկ ինչ վերաբերում է տուրիստական հոսքերին, ապա Հայաստան գալիս են հիմնականում նրանք, ովքեր հետաքրքրված են մեր երկրով, տեղյակ են հայոց պատմությանը, մշակույթին։
Հարցազրույցը՝
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆԻ

19-04-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO