Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.07.2019
ԵՐԵՎԱՆ


Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա

Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ որոշեց կառավարությունը

Կառավարության երեկվա նիստում ամենաերկար քննարկվող հարցը Երեւանի աղբահանությանն էր վերաբերում։ Երբ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնում էր Երեւան համայնքի կողմից մեկ անձից գնում կատարելու միջոցով աղբատար մեքենաների ձեռքբերման որոշման նախագիծը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցով կառավարություն է հրավիրել քաղաքապետ Հայկ Մարությանին, եւ խնդրի քննարկումը կշարունակվի միայն նրա ներկայանալուց հետո։
Որպեսզի պարզ դառնա խնդիրն ամբողջությամբ, ներկայացնենք դրան նախորդող դեպքերը։ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆ/բ—ում գրառում էր արել, թե Երեւանում աղբահանությունը եւ սանմաքրումը պետք է պատշաճ մակարդակի բերվեն, ու դրա համար քաղաքային իշխանությունն անելու է ամեն ինչ, այդ թվում, դիմելով հրատապ, տեղ—տեղ կտրուկ, բայց բացառապես օրինական միջոցների։ Միաժամանակ տեղեկացրել էր, որ կառավարության ապրիլի 18—ի նիստում քննարկվելու է «մեկ անձից» գնման ընթացակարգով Երեւան համայնքին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպելու հնարավորություն տալու հարցը։
Այդ գրառումից հետո երեկ առավոտյան (գործադիրի նիստի սկսվելուց առաջ) Երեւանի ավագանու անդամները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա նախաձեռնեցին։ «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ այդ մեքենաների ձեռքբերումը տեղի է ունեցել հակամրցակցային պայմաններում։ Ավագանու անդամը կոչ արեց իրավապահներին հակամարցակցային պայմանների մասին իր հայտարարությունն ընդունել իբրեւ բաց հաղորդում՝ զուգահեռ պատրաստակամություն հայտնելով իր ձեռքին եղած բոլոր նյութերը, վերլուծություններն ու դիտարկումները տրամադրել նրանց։ «Ես կարծում էի, որ եթե գնման գործընթացը կանգնած է, ու եթե նույնիսկ եղել է համաձայնություն, ապա այն չեղարկված է, եւ, ներողություն բառիս համար, քաղաքապետարանը զոռբայությամբ չի ցանկանում հենց այդ մակնիշը (ԿամԱԶ,—Ա. Մ.) ձեռք բերել, բայց տեսնում ենք, որ մղումը հստակ է»,–շարունակեց նա։
Հարց է ծագում՝ «Լույսի» անդամը կա՞պ է տեսնում «ԿամԱԶ» մեքենաներ վաճառած ընկերության ու քաղաքապետարանի միջեւ։ «Տարբեր բաներ են խոսում, բայց ես չեմ ցանկանում նման խոսակցություններով առաջնորդվել»,– արձագանքեց Խաժակյանը։ Միաժամանակ հավելելով, թե հակամրցակցային համաձայնություններն իրենց բնույթով դժվար բացահայտվող են, դրանք պարզ են, ակնհայտ են դառնում արդեն կայացված որոշումներից ու պայմանավորվածություններից. «Ընթացքում պարզ կլինի, թե որը ումն է, ով երբ է ում հետ խոսել։ Ես շարունակում եմ ասել, որ «ԿամԱԶ» գնելը որոշակի առումով քմահաճույք է, հակամրցակցային հնարավոր համաձայնության արդյունք է»։
Կառավարությունն էլ իր հերթին որոշման ընդունման անհրաժեշտությունը հետեւյալ հանգամանքով է պայմանավորում. Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկման արդյունքում գտնվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, եւ հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները։ Երեւանում էլ էապես վատթարացել է սանիտարական վիճակը՝ աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետեւանքով եւ դրանով պայմանավորված՝ առաջացել է Երեւանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը, ուստի աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս։ Եվ հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, առաջարկվում է աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երեւան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձեւով։
Երբ արդեն քաղաքապետ Հայկ Մարությանը եկավ կառավարության նիստին, վարչապետը նրան հորդորեց ներկայացնել աղբահանության ընթացիկ վիճակը քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո՝ վիճակը, զարգացումները եւ լուծումը։
Ըստ այդմ (ներկայացնում ենք բացառապես Հայկ Մարությանի ասածը), ի սկզբանե նախատեսված էր, որ Երեւանում պետք է լինի աղբահանության երկու օպերատոր։ «Բացի «Սանիթեքից», կար շվեդական ընկերություն, որը պետք է լիներ խաղացող այս բնագավառում, այնուհետեւ անհասկանալիորեն հաղթող ճանաչվեց «Սանիթեքը» եւ սկսեց իրականացնել գործունեությունը»,–ասաց Մարությանը եւ շարունակեց, թե սկզբնական շրջանում ամեն ինչ նորմալ էր, որովհետեւ մեքենաները նոր էին եւ անխափան աշխատում էին։
Մարությանը կարծում է, որ նրանք սխալ սպասարկման պատճառով են հասել այսօրվա վիճակին, սխալ տեխսպասարկման պատճառով, նաեւ՝ աշխատուժը, որ գործածում է այդ մեքենաները, բերել է այս վիճակին։ «Սա մեր կարծիքն է»,—շեշտեց Մարությանը։ Հետո, երբ ընտրվել է քաղաքապետ ու անցել պարտականությունների կատարմանը, «այդ պահին արդեն շատ վատ վիճակում էր Երեւան քաղաքի աղբահանությունը»։ Մի քանի ամսվա մեջ «բերել են նորմայի», համոզել ու հորդորել «Սանիթեքին», որ վերջինս ենթակապալառուներ վերցնի ու փոխի իր գործառույթը, որովհետեւ ֆիզիկապես չէին հասցնում Երեւանում կուտակված աղբը տեղափոխել աղբավայրեր։ «Որոշ ժամանակով իրավիճակը շտկվեց,–շարունակեց Մարությանը,–բայց մյուս խնդիրները լուծելու պահանջին ի պատասխան ընկերությունից նշեցին, որ ֆինանսական ճգնաժամի մեջ են։ Կանխազգալով, որ այսօրը գալու է, իրենց մեքենաները փչանալու են, չեն կարողանալու իրենց պարտականությունները կատարել, մենք մրցույթ էինք հայտարարել 24 աղբատար մեքենա ձեռք բերելու համար։ Մրցույթը բողոքարկվել է, մենք էլ վիճարկել ենք բողոքարկումը։ Դատարանը վարույթ է ընդունել մեր բողոքը։ Մենք շարունակում ենք մրցույթի պրոցեսը, մեքենաները կլինեն հունիս—հուլիսին։ Դրա համար, որպեսզի գոնե մինչեւ այդ ժամանակ մի փոքր շտկենք այս վիճակը, կառավարությանը խնդրում ենք մի քանի մեքենաներ ձեռք բերել հիմա»։
Քաղաքապետը նաեւ հավելեց, որ եթե կառավարությունը որոշումը ընդունի, դեռ տարբեր դիլերների մոտ պետք է փնտրեն՝ արդյոք կա՞ն այդպիսի մեքենաներ, «որովհետեւ այդպիսի մեքենաները պահեստներում չեն լինում»։ Այնուամենայնիվ, կփորձեն գտնել որոշակի քանակ։ Մարությանը վստահ է՝ կգտնեն ու կշտկեն վիճակը։
Արդյոք կրիտիկակա՞ն է աղբահանության խնդիրը Երեւանում. հարցրեց վարչապետը քաղաքապետին։ Քաղաքապետն էլ ի պատասխան թե՝ «վիճակը կրիտիկական չէ, կրիտիկականը 2012թ. Նեապոլի վիճակն էր։ Ես լուսանկարները նիստից հետո կուղարկեմ, կտեսնեք»։ Բայցեւ՝ նորից կրկնեց, թե «Սանիթեքի» մեքենաները շատ վատ վիճակում են, եւ իրավիճակը հնարավոր է սրվի, քանզի «հավանական է, որ բոլոր մեքենաները միաժամանակ փչանան»։ Այնպես որ, օրեր առաջ նոր մեքենաները պետք են։
Վարչապետն էլ այս թեմայով կատակեց, թե. «Ասել էին՝ բուռն ձմեռ է լինելու, դուք գնացիք ձնամաքրման մեքենաներ գնեցիք, հիմա հույս ունեմ՝ երբ աղբատար մեքենաները բերեք, աղբը ինքնամաքրման հատկություններ չի ունենա»։
Ի դեպ, երբ Հայկ Մարությանն ասաց, որ 13 մլն դրամով տուգանել են «Սանիթեքին», Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Բայց սա ոչ թե լավացնելու է իրավիճակը, այլ ավելի է վատացնելու, որովհետեւ նրանք հաջորդ փուլում ասելու են՝ դե 13 միլիոն տուգանեցիք, մենք էլ փող չունենք, որ մեքենաները նորոգենք, այն ժամանակ երեքն էր փչանում, հիմա յոթն է փչանում, դե գնացեք, ինչ ուզում եք արեք»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին նկատեց. «Մենք գնեցինք մեքենաներ, հետո այդ մեքենաների բազայի վրա ստեղծելու ենք պետական հիմնա՞րկ, որը աղբահանություն է իրականացնում։ Շատ վտանգավոր գաղափար է, հաստատ ավելի վատ է աշխատելու»։
Ի պատասխան քաղաքապետն ասաց, թե ուսումնասիրություն են արել ու տեսել են, որ այսօր եվրոպական բոլոր ընկերությունները վերադառնում են այն մոդելին, ըստ որի համայնքն ու պետությունը «կոնկրետ տրանսպորտն ու աղբահանությունը վերցնում են իրենց վրա»։
«Բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկեք, որ խնդիրը չսրվի»,–եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Ու «հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ», կառավարությունը հաստատեց Երեւանի քաղաքապետարանի առաջարկը, ըստ որի՝ աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երեւանի կողմից ապրանքների ձեռքբերումը կկազմակերպվի մեկ անձից գնման ձեւով։
Ըստ դրա էլ քաղաքապետարանը 15 աղբատար մեքենա ձեռք կբերի։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

19-04-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO