Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր

Գոմատիրոջը մնում է քաղել արդյունքը

Հայաստանում «խելացի» անասնաշենքեր կունենանք։ Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանի տվյալով, արդեն ավելի քան 170 դիմում կա։ Չէ, սա մեր տեսած ֆիլմերի՝ նախկինում ֆանտաստիկայի ժանրից, այսօր արդեն՝ իրականություն դարձող շենքերը չեն, որ երբ մտնես, տունը քեզ բարեւի, ասի, որ՝ միկրոալիքային վառարանում դրված ուտելիքը տաքացված է այս աստիճան, եկել են այսինչ զանգերը, գրանցվել են այսինչերը, հետո էլ երաժշտություն միացնի՝ տանտիրոջ դեմքի արտահայտությունից ելնելով։ Այդ օրինակով չեն լինելու մեր «խելացի» անասնաշենքերը. կովին չեն մղելու չափով խոտ ուտելու, չափով կաթ տալու, ինքնակապվելու, ինքնարձակվելու եւն։ Լինելու են սովորական շենքեր, որ մասնագիտական գրականությունում կոչվում են՝ «խոշոր եղջերավորների համար նախատեսված անասնաշենքեր», որոնց տիպային ձեւերը այսօր շատ երկրներում կան (ի դեպ, ԽՍՀՄ—ում էլ դրանք եղել են, այլ խնդիր է նախագծերին համապատասխան կառուցվել—չկառուցվելը,—Ա.Մ.)՝ նպատակով պայմանավորված, այն է՝ տոհմաբուծո՞ղ գոմեր են լինելու, թե՞ մթերք արտադրող։ Դրանով պայմանավորված էլ՝ տարբերություններ են ունենում ծնարանները, պահման տեղերը…
Հիմա հասկանանք, թե մեր «խելացի» գոմերն ինչ կարգի են լինելու, ինչ ծրագրի մասին է խոսքը, ինչ ձեւով է աջակցելու պետությունը եւ ովքեր կարող են խելացի գոմատեր դառնալ։ Մի բան հաստատ է՝ պարզապես ավելի լավը կլինեն, քան մեր ներկայիս գոմերը (դատելով ծրագրից)։
Մինչ այդ ասենք, որ երբ կառավարությունում այս ամսվա սկզբին քննարկվում էր փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագիրը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ասաց, թե մեր գյուղերում ամեն մարդ չէ, որ կարող է իրեն թույլ տալ 15 կով պահել միանգամից (անասնագոմ ունենալու պայմանն է), ու ամեն գյուղում այդպիսի 1—2 մարդ կլինի։ Որպեսզի ծրագիրն ավելի ընդգրկուն լինի, 4 տեղանոց գոմերի կառուցումն ավելի ճիշտ է։ Ի պատասխան Գեղամ Գեւորգյանը նկատեց, թե իրենց քաղաքականությունը մի փիլիսոփայություն ունի. 10—15 տարի հետո իրենք ուզում են տեսնել այնպիսի ֆերմեր, որը ոչ թե հացի խնդիր է լուծում, այլ բավականաչափ գումար է աշխատում։ Իսկ 1—2 կովով այդ փիլիսոփայությունը չենք առարկայացնի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ հարկ է հետեւել ծրագրի ընթացքին, ու եթե նկատելի լինի, որ նախատեսված ծավալներով առաջ չի գնում, կփորձեն խնդիրը լուծել։
Գանք ծրագրի մանրամասներին։
Մեր երկրում գյուղատնտեսությունը ՀՆԱ—ի 15 տոկոսն է ապահովում։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելի քան 50 տոկոսն էլ կազմում է անասնաբուծական արտադրանքը։ Տավարաբուծությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների թիվը հասնում է շուրջ 170 հազարի, որոնք միջին հաշվով տնօրինում են շուրջ 3 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, եւ արտադրված կաթն ու միսն օգտագործում են սեփական սպառման համար։ Գյուղնախարարությունն ուզում է զարկ տալ ապրանքային տնտեսությունների ձեւավորմանը, իսկ դրա համար հարկ է նորագույն տեխնոլոգիաներ կիրառել, որոնք թույլ կտան ավելացնել, ասենք, կաթնատվությունը։ Որպեսզի այս ամենը լինի, 3 բան պետք է պահպանել՝ կերային բազան, կենդանիների գենետիկական ներուժը, պահվածքը։ «Խելացի» գոմերը թույլ կտան դա անել (ավելի ստույգ՝ պահվածքի նպաստավոր պայմանների մասին է խոսքը)։
Մասնագետներն ասում են, թե նշյալ 170 հազարի գերակշռող մասը փոքր տնտեսություններն են, եւ այս տնտեսություններում չեն պահպանվում կենդանիների համար անհրաժեշտ զոոհիգիենիկ չափանիշները, ու կիրառվում է պահվածքի ու կերակրման ավանդական տեխնոլոգիա։ «Մինչդեռ, ոչ նպաստավոր պայմաններում անգամ բարձր գենետիկական հատկանիշներով կենդանիներն անկարող են դրսեւորել իրենց ամբողջ ներուժը»։ Այլ կերպ՝ «խելոք», տոհմային կենդանիները չեն կարողանում շատ մթերք տալ, որովհետեւ «խելացի» գոմերում չեն պահվում…
Նկատի ունենանք, որ բուծվող տավարի ավելի քան 90 տոկոսը տեղի բնակլիմայական պայմաններին լավ հարմարված, կաթնամսային ուղղություն ունեցող կովկասյան գորշ ցեղի եւ մեծամասամբ տարբեր ցեղայնությամբ խառնացեղերն են, որոնց տարեկան միջին կաթնատվությունը տատանվում է 2200 կգ—ի սահմաններում։ Հանրապետության որոշ տնտեսություններում բուծվում են նաեւ հոլշտին, շվից, սիմենթալ եւ ջերսեյ ցեղի կենդանիներ, որոնց կաթնատվությունը 2—3 անգամ գերազանցում է տեղական կովերի կաթնատվության մակարդակը։ «Հաշվի առնելով Հայաստանի սահմանափակ հողատարածքները, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության համեմատաբար ցածր ցուցանիշները եւ գյուղատնտեսության վարման բարձր ռիսկայնությունը, անասնաբուծությունը՝ շնորհիվ ռիսկայնության ավելի ցածր մակարդակի, առկա ռեսուրսների լիարժեք օգտագործման արդյունքում կարող է դառնալ որոշիչ լծակ՝ երկրի գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացման գործում։ Սակայն տավարաբուծությունից ստացվող համախառն արտադրանքի ներկայիս ծավալները դեռ հեռու են բավարար լինելուց։ Չնայած այն փաստին, որ հանրապետությունում կաթի ինքնաբավության մակարդակը բավականին բարձր է (91.2 տոկոս), կովերի կաթնատվության մակարդակը դեռ ցածր է (շուրջ 2260 կգ)»,—ասում է Գեղամ Գեւորգյանը։
Բանն այն է, որ դարձյալ ըստ Գեղամ Գեւորգյանի, արտադրական սարքավորումների եւ քիչ քանակությամբ տիպային կամ մասնագիտացված անասնաշենքերի պակասի պատճառով հումքի արտադրության ընդհանուր ծավալով Հայաստանում արտադրվող կաթի որակի ու անվտանգության խնդիրներ են ծագում։ Դրա համար էլ կառավարությունը փորձում է ներմուծել կաթի ու կաթնամթերքի որակի եւ անվտանգության նոր չափանիշներ։ Ու քանի որ փոքր գյուղացիական տնտեսությունները սեփական միջոցներով ի վիճակի չեն կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան արտադրել ժամանակակից պահանջներին համապատասխան արտադրանք, պետությունը նրանց աջակցելու որոշում է կայացրել։
Աջակցության որոշման անհրաժեշտությունը մեկ այլ դրդապատճառ էլ ունի։ Այսօր ստեղծվում են նոր ընկերություններ, որոնք պատրաստ են բարձրորակ կաթ մթերելու համար պայմանագիր կնքել տնտեսավարողի հետ եւ ամբողջ տարին այն մթերել 200 դրամով։ Դա վկայում է այն մասին, որ հայկական շուկայում առկա է բարձր որակի հումքի եւ դրա կայուն մատակարարման պահանջարկ։ Ինչպես ասում են՝ կաթ ուզող կա, մնում է կաթ հասցնող լինի։ Ձմռանը վերամշակող ընկերությունները, հիմնականում, օգտագործում են ավելի էժան ներմուծված չոր կաթ, քանի որ ե՛ւ կաթի արտադրության ծավալները չեն բավարարում, ե՛ւ տեղական արտադրության հում կաթի գնման արժեքն է բարձր։
Անասնագոմերից զատ՝ շղթայական մեկ այլ խնդրի էլ է զարկ տրվել. խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ ձեռք բերելու համար պետությունը սուբսիդավորում է վարկերը (սրա մասին «ՀՀ»—ն նախորդիվ խոսել է)։ Սա այն է, ինչ մենք բազմիցս նշել ենք. եթե ուզում ենք որեւէ խնդիր հիմնովին լուծել, պետք է այդ խնդրին համալիր լուծում տալ։ Քննարկվող խնդրի շարքում, անասնագոմերից ու տավարի ձեռքբերումից զատ, մեկ խնդիր էլ կա՝ կերը։ Տեսնենք, թե սրան ինչ անդրադարձ կլինի։ Իսկ առայժմ՝ գոմերի ու խոշոր եղջերավորների մասով գյուղնախարարությունը լիահույս է, որ արդյունքը տարիներ հետո նկատելի կլինի։ «Խելացի» գոմերի շնորհիվ, օրինակ, առաջիկա տարիներին կովերից կստացվի տարեկան առնվազն 3500—4000 կգ կաթ (ներկայիս 2000—2200 կգ—ի փոխարեն)։ Գեղամ Գեւորգյանը տեղեկացնում է, որ այսպիսի տնտեսություններ արդյունավետ գործում են ԱՄՆ—ում, Եվրոպայում, Ռուսաստանում, Իսրայելում, Հայաստանում (ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի ծրագրերի շրջանակներում ստեղծվել են թեթեւ կոնստրուկցիաներով անասնաշենքեր) եւ մի շարք այլ երկրներում։
Թե ինչ կարգի շինություններ կլինեն մեր «խելացի» գոմերը եւ տեխնոլոգիական ինչ լուծումներով ու դրանք կառուցելու համար ինչ պայմաններով վարկեր կտրամադրվեն, առանձին կներկայացնենք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

19-04-2019





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO