Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


«Չկան առանձին Հայաստանի եւ առանձին Արցախի շահեր»

ՀՀ եւ ԱՀ ԱԺ-ների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը

Երեկ Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բացման խոսքում ողջունել է Արցախի Հանրապետության գործընկերներին եւ հայոց երկու խորհրդարանների միջեւ համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 13-րդ նիստի կապակցությամբ, որն առաջինն է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման ընթացքում։
Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ ամենաբծախնդիր միջազգային դիտորդական առաքելությունների կողմից 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ազատ, ժողովրդավարական, թափանցիկ, ինչը, ըստ ԱԺ նախագահի, չափազանց կարեւոր հանգամանք է։
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Արցախի գործընկերներին այդ ընտրություններին դիտորդական առաքելությամբ հանդես գալու համար եւ պատրաստակամություն հայտնել Արցախում սպասվող համապետական ընտրությունների ժամանակ հանդես գալ դիտորդական առաքելությամբ։
ԱԺ նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանն անհրաժեշտ է համարել իր առաջին այցը կատարել Արցախ։ «Շփումների ընթացքում բոլոր պատգամավորների միջեւ ձեւավորվել են բարեկամական, ընկերական հարաբերություններ՝ անկախ երկու խորհրդարանների կուսակցական պատկանելությունից։ Հաստատված կապերի մեջ առանձնահատուկ դեր ունեն հանձնաժողովի աշխատանքները՝ որպես կոնկրետ քննարկումների հնարավորություն ընձեռող ձեւաչափ»,–ասել է խորհրդարանի ղեկավարը։
ԱԺ նախագահը կարեւորել է համատեղ աշխատանքների արդյունքում համազգային միասնական քաղաքական օրակարգի ձեւավորումը։ «Վստահ եմ, որ դա է մեր բոլորի ցանկությունը, եւ դրա համար առկա են բոլոր հնարավորություններն ու նախապայմանները։ Չկան առանձին Հայաստանի եւ առանձին Արցախի շահեր, մեր շահերը միասնական են բոլոր ուղղություններով, եւ դրանք պետք է հետեւողականորեն առաջ տանել»,–նշել է Արարատ Միրզոյանը։ Նա կարեւորել է նիստի օրակարգային թեման, այն է՝ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հեռանկարները եւ խորհրդարանական դիվանագիտության դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ «Մեր խորհրդարանականները, միջազգային հանրության համար առավել հասանելի դարձնելով ղարաբաղյան հիմնախնդրի ծագման դրդապատճառները, էությունն ու առանձահատկությունները, վստահաբար իրենց ամենօրյա հետեւողական քայլերով պետք է նպաստեն Արցախի միջազգային ճանաչման գործին»,–ասել է ԱԺ նախագահը։ Օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է, որ իրավահավասարությունը եւ ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառումը մարդու հիմնարար իրավունքների իրագործման երաշխիքներից են։ «Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է եւ կերտում է մեր նախնիների երազած ժամանակակից երկիրը, որի հիմքում են քաղաքացու հիմնարար ազատությունները։ Հնարավոր չէ ապրել եւ արարել թշնամական միջավայրում, որտեղ վտանգի տակ է դրվում բնակչության ֆիզիկական անվտանգությունը։ ԼՂ ժողովրդի խնդիրները կարիք ունեն առավել միջազգայնացված լինելու. հենց սրանք են հայ պատվիրակների կողմից հնչեցված դիրքորոշումները եւ մոտեցումները տարբեր միջազգային հարթակներում։ Մենք ջանք չենք խնայում Ադրբեջանի կողմից իրականությունը խեղաթյուրելու, ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու, տարբեր խորհրդարանական հարթակներում իրականության հետ առնչություն չունեցող բանաձեւերի առաջմղմանը դիմակայելու հարցում»,–ասել է Արարատ Միրզոյանը։
Խոսելով միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների գործունեության մասին՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ԵԽԽՎ շրջանակներում տարվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ ԵԽ—ն հակամարտությունների կարգավորման համապատասխան մանդատ եւ մեխանիզմ չունի, սակայն կազմակերպությունն իր գործառույթների շրջանակներում կարող է ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Արցախի Հանրապետության հետ՝ անկախ որեւէ հանգամանքից։ «Մեր ձեռնարկվող քայլերը ԵԱՀԿ, ՆԱՏՕ, ՍԾՏՀ ԽՎ—ներում եւ այլ հարթակներում ուղղված են բարձրաձայնելու ԼՂ—ում ապրող մարդկանց խնդիրները, ինչպես նաեւ հնարավորինս իրականանալի դարձնելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հավասարապես կիրառումը Եվրոպա մայրցամաքի ամբողջ տարածքում, այդ թվում եւ ԼՂ—ում։ Այս տարի լրացավ Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի ռեժիմի հաստատման 25—ամյակը։ Այս ընթացքում մենք հավատարիմ ենք եղել հրադադարի եռակողմ համաձայնագրի տառին ու ոգուն եւ հանձնառու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն»,–ասել է Արարատ Միրզոյանը։ Ըստ ԱԺ նախագահի՝ հանդես գալով միջազգային խորհրդարանական հարթակներում՝ Հայաստանի պատվիրակները հատուկ շեշտադրումով նշում են, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում վստահության մթնոլորտի ձեւավորումն ունի կենսական նշանակություն։ «Ուրախալի է, երբ տեսնում ենք մեր համատեղ հետեւողական քայլերի արդյունքները՝ Արցախի խորհրդարանի հետ բարեկամության խմբերի շրջանակն ընդլայնելու միտումները, տարեցտարի Արցախ այցելող միջազգային պատվիրակությունների աճող քանակը, աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների կողմից ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ճշմարիտ գնահատականները։ Այս ամենն Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված այն քայլերն են, որոնց իրականացման համար համախմբվել են Հայաստանը, Արցախը եւ սփյուռքը, եւ ինչի շնորհիվ մենք ապացուցում ենք, որ միասին անհաղթելի ենք»,–ասել է խորհրդարանի ղեկավարը։
ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին նիստին մասնակցելու համար՝ ցանկանալով նորանոր միասնական հաջողություններ։
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը գոհունակություն է հայտնել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը Երեւանում անցկացնելու կապակցությամբ։ Նրա խոսքով՝ անցած ամիսների ընթացքում ՀՀ խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը բարձր ներկայացվածությամբ այցելել են Արցախ եւ հանդիպումներ ունեցել ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։ Քաղաքական ուժերի միջեւ շփումներին զուգահեռ ԱՀ ԱԺ նախագահը կարեւորել է հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացման ձեւաչափը, ինչն ապացուցել է իր արդյունավետությունը։ Օրենսդիր մարմնի ղեկավարը խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման համատեքստում կարեւորել է պատգամավորական ներուժի կիրառումը։ «ՀՀ միջազգային հեղինակությունն այսօր անհրաժեշտ դրական ազդակներ է հաղորդում միջազգային համահայկական օրակարգի հարցերն առաջ մղելու համար։ Այս համատեքստում մեր հիմնական ջանքերը պետք է սեւեռվեն միջազգային գործընկերների հետ առկա հարաբերություններն ամրապնդելու, նոր գործընկերային կապեր հաստատելու եւ տարբեր հարթակներում Արցախի ճանաչելիության հարցերը բարձրաձայնելու վրա»,–ասել է Աշոտ Ղուլյանը։
Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, Հայաստանի խորհրդարանի գործընկերներին՝ ջերմ ընդունելության համար եւ մաղթել օգտավետ աշխատանք։
Այնուհետեւ խորհրդարանականներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը, որն ընթացել է դռնփակ ձեւաչափով։
Երեկ Ազգային ժողովում կայացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ճեպազրույցը, որի ընթացքում երկու հայկական պետությունների խորհրդարանների ղեկավարներն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներեքերորդ նիստի արդյունքներին, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Աշոտ Ղուլյանն իր եւ գործընկերների անունից գոհունակություն է հայտնել կայացած միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի կապակցությամբ՝ նշելով, որ նիստի մասնակիցներն արձանագրել են քննարկումների արդյունավետությունը։ Օրակարգային՝ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հեռանկարները եւ խորհրդարանական դիվանագիտության դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում թեմայի շրջանակում պատգամավորները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց տեսակետները, առաջարկներն ու կարծիքները։
Ըստ ԱՀ ԱԺ նախագահի՝ չնայած Ստեփանակերտում 7—րդ գումարման ՀՀ խորհրդարանի բոլոր խմբակցություններին բարձր մակարդակով ընդունելու հնարավորություն է եղել, Հայաստանի Ազգային ժողովի նախագահը մի քանի անգամ այցելել է Ստեփանակերտ, սակայն գործնական աշխատանքների իմաստով այս հանդիպումը Հայաստանի խորհրդարանի ղեկավարի հետ եւ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը ցույց տվեցին փոխգործակցության հետագա ճանապարհը։ «Վստահ եմ, որ այսօրվա քննարկումներից մեծ թվով հարցեր կառանձնացվեն հաջորդ ամիսներին մեր գործողությունների համար, ունենք կոնկրետ պայմանավորվածություններ մի քանի ուղղություններով, այդ թվում՝ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացման։ Արցախի խորհրդարանի պատվիրակության անունից շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ նախագահին եւ մեր բոլոր գործընկերներին, քանի որ դիպուկ հարցադրումներ եղան, որոնք կօգնեն առաջիկա ամիսներին ավելի ճիշտ ուղղորդել մեր համատեղ աշխատանքը»,–նշել է Աշոտ Ղուլյանը։
Արարատ Միրզոյանը եւս գոհունակություն է հայտնել նիստի արդյունքների կապակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի անունից շնորհակալություն հայտնելով արցախցի գործընկերներին։ Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը եւս ընդգծել է նիստի քննարկումների նպաստավոր ընթացքը՝ նշելով, որ օրակարգային թեման բացառիկ կարեւոր նշանակություն ունի, որի վերաբերյալ հնչել են լուրջ հարցադրումներ ու մտքեր, անդրադարձ է եղել հետաքրքիր նրբերանգների։ «Մեր խորհրդարանականներն այժմ առավել հստակ պատկերացում ունեն, թե ինչպիսի շեշտադրումներ պետք է արվեն զանազան միջազգային բազմակողմ ու երկկողմ շփումներում։ Կարծում եմ, որ այս քննարկումները պետք է շարունակվեն, քանի որ գործընթացը շարունակական է։ Նախանշեցինք հարցեր հետագա քննարկումների համար նաեւ այլ ոլորտներին առնչվող»,–ընդգծել է Ազգային ժողովի նախագահը։
Արարատ Միրզոյանը եւ Աշոտ Ղուլյանը պատասխանել են նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։

16-05-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO