Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.10.2019
ԶԱՆԱԶԱՆ


Շախմատի արքան

Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 տարեկան

1963թ. մայիսի 20-ին, ժամը 17։06 րոպեին Մոսկվայի էստրադային թատրոնի դահլիճը թնդաց բուռն ծափահարություններից։ Նույն պահին էլ անհամբեր մարզասերները ներխուժեցին մրցաբեմ, որպեսզի անձամբ շնորհավորեն իրենց կուռքին՝ Տիգրան Պետրոսյանին, ով աշխարհի չեմպիոնի կոչման համար մղվող դժվարին պայքարում համոզիչ հաղթանակ էր տարել «երկաթյա» Միխայիլ Բոտվիննիկի նկատմամբ։ Իսկ քիչ անց դրսում՝ էստրադային թատրոնի շրջակայքում, հայ մարդիկ ավանդական «քոչարի» էին պարում։ Բազմությունը հետզհետե շատանում էր։ Անցորդները մի պահ կանգ էին առնում ու զարմացած հարցնում.
—Ի՞նչ է պատահել, նորից մա՞րդ է թռել տիեզերք…
Իսկ նույն օրը երեկոյան Երեւանում իսկական տոնակատարություն էր։ Ժողովուրդը դուրս էր եկել փողոցները, բոլորը շնորհավորում էին միմյանց, ուրախանում համընդհանուր հաղթանակով։ Մինչեւ ուշ գիշեր չէին լռում մարդկանց աղմուկն ու ավտոմեքենաների ազդանշանները։
Իսկ մինչ այդ հիշարժան օրը չափազանց դժվարին ու տատասկոտ է եղել Պետրոսյանի փառքի ճանապարհը։ Կենտրոնում միշտ էլ եղել են վայ—մեկնաբաններ, վայ—շախմատիստներ ու անբարյացակամ մարդիկ, որոնք թերահավատորեն են վերաբերվել Պետրոսյանի շողշողուն տաղանդի, խաղաոճի, ոչ «մարտունակ» բնավորության նկատմամբ։ «Հարձակումներն» ու փնթփնթոցները շարունակվում էին նույնիսկ այն ժամանակ, երբ շախմատային թագն արդեն պատկանում էր Պետրոսյանին։
Դե եկ ու համբերիր, դե եկ ու մի հիասթափվիր այդ անվերջանալի թվացող անհիմն ու ոչ օբյեկտիվ հայտարարություններից, կարծիքներից։ Չափի զգացում հասկացություն, զգացում, որ հին հույներն աստվածային պարգեւ էին անվանում, բոլորովին չկար։ Ինչքան կարելի էր դիմանալ, հուզվել, զայրանալ, փշրվել, բայց հետո, հետո՝ հաղթել բոլորին, հաղթել նույնիսկ ինքդ քեզ։ Այո, Պետրոսյանը մարզական մեծագույն սխրանք գործեց, իսկ այդ ամենը հաղթահարելու համար ինչպիսի կամք ու համառություն, տաղանդ ու բնավորություն պահանջվեց։
Ճիշտ է, Պետրոսյանը մշտական բնակություն էր հաստատել Մոսկվայում, այդուհանդերձ, նա միայնակ չէր իր պայքարում։ Նրա հետ էր ամբողջ հայ ժողովուրդը, որը ոգեւորում, բարոյական մեծ աջակցություն էր ցույց տալիս Պետրոսյանին՝ աշխարհի որ անկյունում էլ նա ելույթ ունենար։ Իսկ գիտե՛ք, թե ինչպիսի մեծ պատասխանատվության եւ ոգեւորության պահեր ես զգում, միաժամանակ որքան լրացուցիչ լիցք ստանում, երբ հենակետ ունես, երբ քո թիկունքում կանգնած է մի ժողովուրդ եւ անսահմանորեն հավատում է քեզ ու սպասում է քո հաղթանակին։
Բոտվիննիկ—Պետրոսյան մրցամարտի օրերին երկրագնդի տարբեր վայրերից հազարավոր հեռագրեր ու նամակներ էին թռչում Մոսկվա, որոնցում մարդիկ Պետրոսյանի նկատմամբ արտահայտում էին հավատի, նվիրվածության եւ հարգանքի ջերմ խոսքեր, բարեմաղթություններ, նույնիսկ խորհուրդներ էին տալիս, քառյակներ նվիրում։ Իսկ Պետրոսյանի ամենահավատարիմ երկրպագուները, արձակուրդ կամ գործուղում ձեւակերպելով, մեկնում էին Մոսկվա՝ ականատես լինելու անզիջում պայքարին, իմանալու մանրամասնությունները։ Պետրոսյանը շատ հուզվեց, երբ առաջին օրը նրա ոտքերի տակ լցրեցին Հայաստանից բերված հողը, իսկ Մոսկվա թռչող ինքնաթիռները, որպես կանոն, Պետրոսյանին էին հասցնում թարմ միրգ, համեղ կերակուրներ, որոնցից նրան հատկապես դուր էր գալիս տոլման։ Հասկանալի է, որ նա ի վիճակի չէր բոլորից համտես անել, բայց չէ՞ որ էականը դա չէր։ Կարեւորն այն էր, որ Պետրոսյանը քաջ գիտակցում էր, որ պայքարում էր ոչ միայն իր, այլեւ իր ազգի պատվի եւ հեղինակության համար։ Նա չէր մոռանում իր ընկերներից մեկի կես—կատակ խոսքը.
—Տիգրան, սիրելիս, զգույշ վարվիր խաղաքարերի հետ։ Միշտ հիշիր, որ այդ համեստ զինվորները, քամելեոն ձիերը, հեռահար փղերը, դանդաղաշարժ նավակները եւ ամենազոր թագուհիները միայն քոնը չեն, դրանք նաեւ հայ ժողովրդինն են։
Պետրոսյանի համար հիշարժան էր նաեւ մրցամարտից առաջ Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանի հետ կայացած մտերմիկ հեռախոսազրույցը։ Աշխարհահռչակ գիտնականը, որ նոր էր վերադարձել Ավստրալիայից, իր հայրենակցին մաղթեց հաջողություններ այդ դժվարին ու բախտորոշ մրցապայքարում։
Իսկ երբ 1966թ. Պետրոսյանը հաղթեց նաեւ Բորիս Սպասկուն եւ պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը, ականավոր գիտնականը գրեց. «Ինձ հաճույք է պատճառում, որ գոյություն ունի մտավոր գործունեության մի բնագավառ, որտեղ հնարավոր է օբյեկտիվորեն համեմատել տարբեր անձնավորությունների մտքի կարողությունները եւ միարժեք կերպով որոշել, թե ով է հզորագույնը աշխարհում։ Այդպիսի գերազանցությունը պատկանում է մեր հարազատ Տիգրան Պետրոսյանին։ Նա պետք է հաղթեր այդ վերջին մրցամարտում եւս, որովհետեւ չբավարարվեց ձեռք բերածով, շարունակեց սրել իր զենքը, շախմատային ստեղծագործ միտքը։ Տիգրանը հաղթեց, եւ խորհրդային մարդիկ պարծանքով են արտասանում նրա անունը։ Ողջույն հաղթողին»։
Պետրոսյանի տիտանական պայքարին, անշուշտ, անհաղորդ չէին նաեւ Հայաստանի ղեկավարները, ովքեր անհանգստացել էին, երբ հավակնորդն անհաջող էր սկսել մրցամարտը։ Պարտության հաջորդ օրը ՀԿԿ Կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Յակով Զարոբյանը, որ նաեւ մոլի շախմատասեր էր, իր մոտ հրավիրեց ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, Պետրոսյանի ջերմ բարեկամ Լորիս Քալաշյանին եւ առաջարկեց շտապ մեկնել Մոսկվա։ Զրույցի ժամանակ հատկապես նշեց, որ Պետրոսյանին նորից ու նորից պետք է հիշեցնել պատասխանատվության մասին, որն ընկած էր նրա ուսերին։
Այն տարիներին Պետրոսյանը զգում էր նաեւ մեծահամբավ ծանրորդ Սերգո Համբարձումյանի հովանավորությունը։ Մոսկվայում Պետրոսյանի «անվտանգությունը» հենց համաշխարհային ռեկորդակիրն էր պահպանում։ Մենամարտից առաջ եւ հետո հայ դյուցազնը իրեն հատուկ եռանդով եւ ուժով հետ էր մղում Պետրոսյանի երկրպագուների «գրոհները»։
Պետրոսյանը զգայուն ընկեր էր, դիտունակ մարդ եւ խորաթափանց հայացք ուներ։ Մարդու կերպարի մեջ նա բացահայտում էր մանրուք թվացող շատ բաներ։ Տեսնում էր շատ բաներ, բայց «քամում» էր միայն հաճելին, օգտակարը, նաեւ զավեշտականը։ Մարդկանց հետ զրույցների ժամանակ նա իրեն այնպես հասարակ, այնպես անմիջական էր պահում, որ շատ շուտով խոսակիցը «դու»—ի էր անցնում։ Մի անգամ, երբ նրան հարցրին՝ արդյոք ինքն իրեն հա՞յ է զգում, թե՞ շախմատի աշխարհի չեմպիոն, Պետրոսյանը պատասխանեց.
—Մշտապես պայքարի մեջ մտնելով, ես հպարտություն եմ զգում, որ ներկայացնում եմ հայ ժողովրդին։
Բոլոր տարիներին հազար թելերով կապված էր Հայաստանի հետ։ Ստեղծագործական սերտ կապերի մեջ էր հայ շախմատիստների հետ, հաճախ էր հետաքրքրվում նրանց մրցույթներով։ Նա, իսկապես, իր ողջ հոգով ու էությամբ հայ էր։ Որդուն՝ Վարդանին, հաճախ էր հիշեցնում, որ նա հայ է եւ արժանի պետք է լինի իր ազգին։ Հատկապես չեմպիոնության տարիներին, բնականաբար, շատ հեռախոսազանգեր էին լինում Հայաստանից, իսկ դրանք կարող էին նույնիսկ ձանձրացնել, բայց, իհարկե, ոչ Պետրոսյանին։ Նման դեպքերում նա վճռականորեն ասում էր. չէ՞ որ զանգահարողն իմ հայրենակիցն է։ Նույնիսկ վերլուծությունների կամ կայծակնային խաղերի ժամանակ, երբ Պետրոսյանը հնարամիտ քայլ էր գտնում, հպարտությամբ բացականչում էր.
—Ա՛խ, ինչ ասես, որ չեն տեսնում իմ հայկական հին աչքերը…
Հայերի հետ պարտադիր խոսում էր հայերեն։ Նույնիսկ այն դեպքում, երբ հայ զրուցակիցը խոսում էր ռուսերեն, միեւնույն է, նա պատասխանում էր հայերեն։ Ամեն անգամ, երբ առիթ էր լինում որեւէ հայի ներկայացնել, ասում էր. «Ծանոթացեք, խնդրեմ, հայ մեծ ժողովրդի ներկայացուցիչն է»։
Շատ էր սիրում Հայաստանը, հայրենակիցներին։ Գտնվելով Երեւանից հեռու՝ լավ էր զգում մայրաքաղաքի զարկերակը։ Երբ հանդիպում էր երեւանցիների, խորամանկորեն կկոցելով աչքերը, պնդում էր, որ ինքը մեր մասին այնքան շատ ու զարմանալի բաներ գիտի, որոնց մասին նրանք անգամ տեղեկություն չունեն։
Պետրոսյանը հաճախ իր տուն էր հրավիրում Մոսկվայում բնակվող անվանի հայերի։ Նրանք մեծ մասամբ հավաքվում էին դեկտեմբերի 31—ին, որպեսզի միասին շնորհավորեին Ամանորը եւ բաժակ բարձրացնեին հայ ժողովրդի բարօրության համար։ Որտեղ էլ գտնվելիս լիներ աշխարհի 9—րդ չեմպիոնը, միշտ իրեն հայ էր զգում, իսկական հայ։
Չմոռանանք նաեւ, որ Բոտվիննիկին ձեռնոց նետելու իրավունքը Պետրոսյանը նվաճել էր 1962թ. Կյուրասաոյում կայացած հավակնորդների մրցաշարում առաջին տեղը գրավելու համար։ Այդ հաղթանակից անմիջապես հետո նա ժամանեց Հայաստան։ Երբ ԻԼ—18 ինքնաթիռը վայրէջք կատարեց, եւ լռեցին շարժիչները, ոչ մի ուղեւոր փորձ չարեց տեղից շարժվել։ Բոլորն անհամբեր սպասում էին Տիգրան Պետրոսյանի դուրս գալուն։ Վերջապես եկավ բաղձալի պահը։ Շարժասանդուղքի վրա երեւաց Պետրոսյանը, բարի ժպիտը դեմքին, բայց չհասցրեց իջնել։ Հաջորդ ակնթարթին նրան «փախցրին» եւ տարան ձեռքերի վրա…
Մի քանի օր իր երկրպագուների հետ անմոռաց հանդիպումներ ունենալուց հետո, Կյուրասաոյի ճակատամարտի հերոսը հայտարարեց.
—Մինչեւ այժմ ես գիտեի, որ հայ ժողովուրդը ջերմ զգացմունքներ է տածում իմ նկատմամբ, բայց այն, ինչ տեսա այս օրերին, գերազանցում է իմ բոլոր պատկերացումները։ Ամենուր ինձ ընդունեցին հարազատ զավակի պես։ Այդ մեծահոգի վերաբերմունքը եւ ինձ վրա դրված հույսերն այնքան են պարտավորեցնում, որ ես նույնիսկ վախենում եմ, որ պատասխանատվության այդքան բացառիկ զգացումը կարող է չափից ավելի շատ լինել։
Ինձ թվում է, որ, եթե ես չայցելեի Հայաստան, ապա Միխայիլ Բոտվիննիկի հետ կխաղայի ավելի համարձակ եւ ինքնավստահ, իսկ այժմ ստիպված եմ լինել չափազանց զգույշ եւ շրջահայաց՝ միշտ աչքի առաջ ունենալով այն պատասխանատվությունը, որ կրում եմ իմ ժողովրդի առջեւ, հաշվի առնելով, թե իմ անհաջողությունն ինչ մեծ կսկիծ եւ ափսոսանք կառաջացնի հայրենակիցներիս շրջանում։
Երբ 1968թ. դեկտեմբերի 21—ին Տիգրան Պետրոսյանը Երեւանի պետական համալսարանում փայլուն պաշտպանեց թեկնածուական թեզ, «Երեկոյան Երեւան» թերթի խմբագրության հանձնարարությամբ, տողերիս հեղինակը հարցազրույց ունեցավ նրա հետ։ Մեր հանդիպման սկզբին, նախ նա հայտնեց Նոր տարվա իր բարեմաղթանքը.
—Իմ առաջին ցանկությունն է,— ասաց աշխարհի կրկնակի եւ Խորհրդային Միության քառակի չեմպիոնը,–հայկական շախմատը տեսնել իր իսկական բարձրության վրա։
Ուրախությամբ նշենք, որ Պետրոսյանի ցանկությունը վաղուց է իրականացել։ 1963թ. պատմական հաղթանակը վճռորոշ եղավ Հայաստանում շախմատային արվեստի տարածման եւ զարգացման համար։ Մեր շախմատիստները շարունակում են փայլել համաշխարհային ամենախոշոր մրցաբեմերում։ Այնպես որ, այսօր փոքրիկ Հայաստանը շախմատային հզոր պետությունների մեջ, իրավամբ, զբաղեցնում է առաջնակարգ դիրքեր։
Մի առիթով հին հռոմեական փիլիսոփա եւ քաղաքական գործիչ Ցիցերոնն ասել է՝ կյանքը կարճատեւ եղավ, բայց փառքը հավերժ կլինի։ Այս խոսքերն առանց վերապահումների կարելի է վերագրել նաեւ մեր մեծագույն հայրենակից Տիգրան Պետրոսյանին…
Գագիկ ՀԱԿՈԲՅԱՆ

15-06-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO