Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Նրանք

Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների սերունդները, իրենց նկարագրով իրարամերժ ու հակասական էին։ Բայց ես ամենքին հիշում եմ ինձ այդ միջավայրից «հեռու» չպահելու եսասիրության սիրույն… Ի վերջո, ինձ երկարամազ, մորուքավոր հիշելու համար։ Այս նկատառումը ոչ ի միջի այլոց է եւ ոչ էլ ինքնահեգնական։ Իմ հրաշալի բարեկամ, բացառիկ գրականագետ, մշակութաբան Թադեւոս Խաչատրյանը, վստահ եմ, այս տողերը կարդալուց հետո իր մտքի ելեւէջումների սահանքից վար կբերի այլ ուշարժան մարդոց անուններ, որոնց ես կամ մոռացել եմ, կամ չեմ ճանաչել… ջահել լինելու «հիվանդության» պատճառով։
Բայց այս ընթացքից ամենեւին չեմ ուզում շեղվել՝ միտքս ինքնահոսի մատնելու աստիճան, «տեսակ մը» ինքնաոգեւորումով։
Ընդհանրապես, դեմքերի եւ դեպքերի ընդմեջ կա մի տարածք, որ եւ մեր հիշողությունից դուրս է, եւ մեր հիշողության, մանավանդ ապրումների անթափանց ծալքերում, որտեղ հայտնվելու համար առնվազն պահանջվում է նվիրում։ Անշուշտ, ոչ բռնկուն ինքնադրսեւորվելու ապրումներ, որովհետեւ միջավայրի գեղագիտության ողջ հմայքը Նրանց ճանաչելու եւ, ինչպես Պոլ Վալերին կասեր, «գործունեության ողջ համապարփակ դաշտը» ըմբռնելու մեջ է։
Նրանց արտիստիկ հմայքն էր, որ ձգողականության գրված եւ չգրված օրենքներով ինձ ենթարկում է տեսնելու, լսելու արվեստի գաղտնիքներին պարտադիր ծանոթանալու համար։ Ինչ էր մնում՝ ենթարկվե՞լ համալսարանի կեղեքող, հնակարկատ դասախոսությունները «լսելուն»։
Ունկնդրելու, ոչ սոսկ լսելու արվեստը այդ տարիներից երբ դեռ պատանի են՝ ինքնակրթության է մղում։ Հիմա դժվար թե հիշեմ, որ սրճարանի բանավիճողներից լսեցի Կլոդելի անունը կամ Սեզանի «Ալռեկին» կտավի փայլուն նկարագրականը եւ այլ մշակութային «մանրուքներ»։ Բայց ինձ համար էական էր սրճարանային դասախոսությունների «մուտքն ազատ» լինելու հանգամանքը՝ ապրեցնող գեղագիտությամբ, որպիսիք օրվա թերթերում, հանդեսներում բացակայում էին։
Դրսի եւ ներսի աշխարհների տարբերությունն այն աստիճան էր աչք զարնող, որ դրսից ներս մտնելիս (եթե ունեիր մշակութային որոշակի ճաշակ եւ քիմք), միանգամից կզգայիր ամբողջատիրության գարշահոտի հարուցած վնասները …
Երբեմն լսում էի այս կամ այն սրճարանի սեղանից սեղան փոխանցվող «Ինաստրանկա»—ի «շնորհանդեսներին» հնչած հիացական բացականչությունները.
«Հրաշք, ռուսները արդեն Ջոյս են տպել», կամ «Անտոնեն Արտոյի պիեսներից են Փարիզում բեմադրել»։
Թող զարմանալի չթվա, բայց այլ կարծիքներ, տարբեր խնդիրներ շոշափող իմ վերհուշներում գրեթե անխաթար պահպանվում են։ Հիշում եմ նրանցից, ովքեր եւ ինչ էին ասում, գովաբանում կամ «քարը քարի վրա» չթողնող պիտակավորումներով վերլուծում էին երեկվա, նույնիսկ օրվա կարդացածը. չկար չարակամության, ոխալակության մտայնություն, որ միայն տարիներ անց «օրենքի ուժ» ստացավ, եւ աստիճանաբար փոխվեց բարության համընդհանուր մթնոլորտը։
Նրանք միշտ միասին էին կամ առանձին—առանձին, մտոք ու ներաշխարհով գրեթե անբաժան։ «Մոռանալ Հերոստրատին», թե «Եկեք անկեղծ խոսենք» կամ դրամատիկական թատրոնի այլ ներկայացումների ավարտից հետո, հանդիպակաց «Պապլավոկ» սրճարանում բացօթյա դասախոսություն—բանավեճի ականատեսն էինք դառնում՝ մինչեւ… ուշ գիշերն անց։
Կար համընդհանուր մշակույթով ապրելու ազգային մտահոգություն. ու հանկարծ լսվում էր վրդովված մի ձայն. «Բեյրութում Շանթի «Շղթայվածն» են խաղացել»։ Մյուս կողմից. «Պերճ Ֆազլյանը երկու տարի առաջ «Օշին Պայլ» է բեմադրել», մի այլ ձայն արդեն գիշերվա խավարում ելեւէջող. «Է, հրավիրեք Դրամատիկ»։ Ու այսպես անընդմեջ, օրվա տարբեր ժամերի, ժամեր շարունակ սուրճի սեղանի շուրջ։
Նրանք գիտեին, որ ապրում են մի երկրում, որտեղ ինքնադրսեւորվելու համար պետք է ինքնապաշտպան բնազդ ունենալ, եւ մշակույթով էին պաշտպանվում։ Ընտանեկան կարիքներ չունեին, որովհետեւ… այդ կարիքների տակ կքած էին վաղուց եւ ժամանակ էլ չունեին հոգսաշատ երեւալու, գուցե երեւակայությամբ էին ապրում՝ անապրելի բրեժնեւյան լճացման տարիներին։ Ղարաբաղյան շարժումը «յոթ սարի ետեւից» աստիճանաբար գլուխ էր բարձրացրել, գրողների մի խումբ ազգային «պարարտ» հող էր «հայտնաբերել» Գրողների միության նախագահ Վարդգես Պետրոսյանին գահընկեց անելու համար, ում ձայնը դեռ տարիներ առաջ էր լսվել Կարսի ավերակներից, բայց ապարդյուն, փոփոխություններն անկասելի էին, մշակութային միջավայր էին ներխուժել տակավին անհայտ պտտահողմեր...

Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

22-06-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO