Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում

Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ

–Պարո՛ն Սինանյան, շնորհավորում ենք սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշանակվելու առթիվ։ Նորաստեղծ այս ինստիտուտն առաջին քայլերն է անելու Ձեր գլխավորությամբ։ Ո՞րն է Հայաստան—սփյուռք հարաբերությունների արդյունավետ զարգացումն ապահովելու Ձեր տեսլականը։
–Շնորհակալ եմ շնորհավորանքի եւ հարցազրույցի հրավերի համար։ Հարցը բավականին ընդգրկուն պատասխան է ենթադրում։ Իհարկե, այսօր մենք եզակի պատմական հնարավորություն ունենք արդյունավետորեն զարգացնելու Հայաստան—սփյուռք հարաբերությունները եւ այդ հարաբերություններում ապահովել փոխադարձ վստահություն։ Ո՞րն է առաջին քայլն այս ճանապարհին։ Նախեւառաջ մենք պետք է խորապես ճանաչենք հայկական սփյուռքն իր բազմազանության, աշխարհագրական հսկայական տարածվածության ու ներուժի առումով, այսինքն, ինչպես հակված եմ հաճախ ասելու՝ մենք պիտի վերլուծենք, ուսումնասիրենք, հասկանանք հայկական սփյուռքը։ Մի կողմում մենք ենք՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, մյուս կողմից հսկայական սփյուռքն է, որին մենք լավ չենք ճանաչում։ Պայմանավորված իրենց ծագումնաբանությամբ ու անցյալով, գտնվելով տարբեր քաղաքական համակարգերում, քաղաքակրթական միջավայրերում, ունենալով սերնդային, ինտեգրման, ձուլման, Հայաստանի կյանքին ներգրավածության տարբեր աստիճաններ՝ այդ սփյուռքի հատվածները էականորեն տարբերվում են իրարից նույնիսկ նույն պետության սահմաններում։ Մեր առաջին աշխատանքները պետք է ուղղված լինեն հայկական բազմերանգ սփյուռքի ուսումնասիրմանը, եւ պատահական չէ, որ ես աշխատանքային առաջին քայլերս սկսելու եմ հայկական ամենաբարդ, ամենամեծ սփյուռքի՝ Ռուսաստանի հայկական սփյուռքի հետ սերտ համագործակցության մեկնարկով։
Հաջորդ քայլը միանշանակ Հայաստան—սփյուռք քաղաքականության մշակումն է՝ հաշվի առնելով հայկական համայնքների առանձնահատկություններն ու խնդիրները։ Եվ մեր տեսլականի կարեւոր մասն ու գերխնդիրն է նաեւ նպաստել հայկական սփյուռքի ուծացման եւ ձուլման գործընթացների դանդաղեցմանը, հայ ինքնության պահպանմանը, Հայաստանի կյանքին սփյուռքի ներգրավվածության ապահովմանը։ Այս իմաստով մենք կարիք ունենք բացահայտելու սփյուռքի հսկայածավալ ներուժն իր մասնագիտական, ֆինանսական, տնտեսական, գիտական ենթաշերտերով։ Նրանք մեզ համար նաեւ պոտենցիալ հայրենադարձներ են, եւ մենք պիտի այնպիսի պետություն ստեղծենք, որ որքան հնարավոր է շատ մարդ հարենադարձվի։ Հայաստանն այլեւս անարդարության եւ անօրինականության երկիր չէ, յուրաքանչյուր հայի համար այն պետք է լինի ապրելու ու ապրողների երկիր, Հայաստանը նրանց հայրենիքը պիտի դառնա գործնականորեն։ Մեր տեսլականում այս գիծը եւս հստակորեն առկա է։
—Բավարա՞ր են գլխավոր հանձնակատարի եւ նրա գրասենյակի լիազորությունները սահմանված գործառույթներն իրականացնելու համար։ Արդյո՞ք դրանք բավարար են նախկին սփյուռքի նախարարության գործունեությանն ամբողջ ծավալով փոխարինելու եւ այն ավելի արդյունավետ դարձնելու համար։
–Այո՛, այդ լիազորությունները միանշանակ բավարար են։ Վարչապետի աշխատակազմում անմիջապես երկրի ղեկավարի ենթակայության տակ ստեղծելով սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպիսով մեկ անգամ եւս ընդգծեց Հայաստան պետության համար սփյուռքի հետ հարաբերությունների կարեւորությունը։ Նախարարության գործունեության անարդյունավետությունը պայմանավորված է եղել նախեւառաջ պետության կողմից տարվող քաղաքականությամբ, երբ շահագրգռվածություն չի եղել հայաստանյան կյանքում սփյուռքի պրակտիկ ներգրավվածության առումով, եւ հիմնականում պահպանվել է միայն ձեւական բաղադրիչը։ Հիմա ճիշտ հակառակն է, այսօր պետությունը նախաձեռնողականություն է ցուցաբերում, որպեսզի սփյուռքը ներկա լինի հայաստանյան կյանքի բոլոր բնագավառներում։ Հայաստան—սփյուռք հարաբերություններում եղել է անկեղծության եւ վստահության պակաս, եւ այսօր մեր նպատակն է փոխել այս հարաբերությունների տրամաբանությունը։ Սրան մեծապես կնպաստի նաեւ այն հանգամանքը, որ հանձնակատարն այլեւս սահմանափակված չէ նախարարական պարտականություններով, ունի ավելի լայն լիազորություններ, վարչապետի ներկայացուցիչն է սփյուռքում եւ կարող է երկար ժամանակ գտնվել համայնքներում, ծանոթանալ բոլոր շերտերի հետ, լսել, վերլուծել եւ համախմբել առաջարկները, մտահոգությունները, խնդիրները։
—Ծնված լինելով Հայաստանում՝ երկար տարիներ ապրել եք Միացյալ Նահանգներում եւ լավ եք պատկերացնում սփյուռքի եւ սփյուռքահայության խնդիրները։ Որո՞նք են հրատապ եւ համակարգային լուծումներ պահանջող մարտահրավերները։
–Այո՛, երկար տարիներ ապրել եմ Հարավային Կալիֆորնիայի հայկական համայնքում, որը շատ յուրահատուկ է իր տեսակով, որովհետեւ այնտեղ են բնակվում աշխարհի շատ երկրներից եկած հայեր՝ իրանահայեր, լիբանանահայեր, արգենտինահայեր, Ռուսաստանի հայեր, Հայաստանից եկած հայեր։ Եզակի միկրոսփյուռք է, որտեղ մեր սփյուռքի շատ ներկայացուցիչներ կան, եւ այդ իմաստով սփյուռքի տարբեր շերտերի մարտահրավերներին քաջատեղյակ եմ։ Արդեն իսկ առաջին հարցի պատասխանում, երբ խոսում էի մեր տեսլականի եւ դրա կյանքի կոչման առաջնահերթությունների մասին, որոշ չափով նկարագրեցի նաեւ սփյուռքի մարտահրավերները։ Ձուլվելու տեմպերի դանդաղեցում, հայապահպանություն, Հայաստանի կյանքին ներգրավվածություն, հայրենիքը՝ որպես ապրելու, աշխատելու եւ կրթվելու վայր տեսնելու անհրաժեշտություն, հայրենադարձության գործընթացում արհեստական խոչընդոտների վերացում, արագ ինտեգրման խթանում եւ այլն։ Այս խնդիրների մի մասը, բնականաբար, համակարգային լուծում է պահանջում, ինչպես օրինակ՝ հայրենադարձության գործընթացի դյուրինացումն է, որտեղ պետք է գործուն աջակցություն ցուցաբերի նաեւ պետությունն իր ենթակառուցվածքներով, օրենսդրական դաշտի բարեփոխումներով, բիզնես միջավայրի շարունակական առողջացմամբ եւ այլն։ Սակայն նախեւառաջ պետք է երկխոսել սփյուռքի հետ, եւ այստեղ կարեւոր է համապատասխան պլատֆորմների ստեղծումը, որտեղ ոչ միայն սփյուռքը կկարողանա շփվել Հայաստանի հետ, այլեւ սփյուռք—սփյուռք կապերը կամրանան, ու մենք ի վերջո կհասնենք համահայկական մեծ ցանցի գաղափարի շոշափելի արդյունքին։
–Սփյուռքի ներուժը, հնարավորությունները պատկերացնելու, ինչպես նաեւ հետագա հարաբերությունները կառուցելու համար առաջնահերթ է դառնում սփյուռքի ներուժի, խնդիրների, անելիքների ամբողջական գույքագրումը։ Ի՞նչ ռեսուրսներ ունենք այս ուղղությամբ գործելու համար։
–Ի սկզբանե կցանկանայի խոսել սփյուռքի ներուժի քարտեզագրման մասին։ Երբ մենք ասում ենք սփյուռք, պարզ չէ, թե ինչ ենք պատկերացնում, որովհետեւ հայկական սփյուռքն իր տեսակով յուրահատուկ է, աննկարագրելի բազմաշերտ, բարդ, տարբեր։ Սփյուռքի քարտեզագրման, գույքագրման մասին բազմիցս խոսել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախկինում սփյուռքի նախարարության կողմից որոշակի աշխատանքներ տարվել են այս ուղղությամբ, սակայն դրանք բավարար չեն։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը այս առումով եւս աշխատանքներ տանելու է՝ առանցքում ունենալով սփյուռքի մասնագիտական, ֆինանսական, մտավոր ներուժի ճանաչումը։ Ի սկզբանե ես խոսեցի սփյուռքն իր լայն ընդգրկմամբ ճանաչելու անհրաժեշտության մասին։ Այս գործընթացները անքակտելիորեն կապված են միմյանց հետ, եթե մենք ճանաչում ենք սփյուռքը, ուրեմն ճանաչում ենք նաեւ նրա խնդիրները, առաջնահերթությունները։ Այսօր մենք ունենք կամք ու պատրաստակամություն այս ամենն անելու համար։ Եվ ամենակարեւորը՝ այդ ամենն անելու պատրաստակամություն ունի պետությունը, հայրենիքը։ Սա, միանշանակ, ենթադրում է երկկողմանի աշխատանք, որտեղ պետությունը կանգնած է համայնքների կողքին, համայնքներն էլ անկեղծ են մեզ հետ խնդիրների քննարկման ու ռեալ լուծումներ գտնելու գործում։
–Հայկական սփյուռքի յուրաքանչյուր համայնք բազմազան է նաեւ իր ներսում։ Ի՞նչ ձեւաչափով եւ ո՞ր կառույցների կամ անհատների միջոցով պետք է կայանա Հայաստան—սփյուռք փոխգործակցությունը։
–Շարունակելու եմ ավանդական կառույցների, համայնքային կազմակերպությունների հետ աշխատանքը՝ ակտիվորեն ներգրավելով նաեւ անհատներին։ Համախմբման միակ միջոցը սփյուռքում Հայաստանի Հանրապետության կենտրոնաձիգ ներկայության ապահովումն է։ Եթե սփյուռքին մատուցենք ուժեղ Հայաստանի կոնցեպտը, կկարողանանք մատուցել նաեւ ուժեղ հայության կոնցեպտը։ Եթե հայության գաղափարը դառնում է կենտրոնը, ապա մնացած մանրուքները վերանում են։ Ինքս դրա օրինակն եմ։ Հայրս ծնվել է Պոլսում, ես՝ Երեւանում, երեխաներս՝ Լոս Անջելեսում, սակայն մենք բոլորս հայաստանցի ենք։ Այս գաղափարախոսության շուրջ պիտի ծավալվի Հայաստան—սփյուռք փոխգործակցությունը։
–Երկրի հզորությանն ու զարգացմանը նպաստող գործոն կարող է դառնալ մեծ հայրենադարձությունը։ Ի՞նչ պետք է անի պետությունը, որպեսզի մեր հայրենակիցները ոչ միայն գան Հայաստան, այլեւ շարունակեն իրենց ապագան տեսնել հայրենիքում։
–Իմ հարցազրույցներից մեկում արդեն իսկ նշել եմ, որ հայրենադարձությունը վերջնական քննությունն է Հայաստանի հաջողության համար։ Արդար դատական համակարգի կայացումը, տնտեսության բարելավումը, մոնոպոլիաների վերացումը գործնական քայլեր են, որոնք կարող են խթանել հայրենադարձությունը։ Այսինքն՝ պետությունը, հասարակությունը պետք է պատրաստ լինեն հայրենադարձությանը։ Բացառությամբ ֆորսմաժորային իրավիճակների, եթե Հայաստանը կարողանա ապահովել լուրջ թվերով հայրենադարձություն, դա ինքնին կխոսի պետականության կայացման, ուժեղացման, նաեւ կառավարման հաջողության մասին։ Իսկ այս ամենի համար նախեւառաջ մենք պետք է դյուրինացնենք հարենադարձվելու գործընթացը, վերացնենք արհեստական խոչընդոտները, բարելավենք օրենսդրական դաշտը։ Ինչ խոսք, հայրենադարձություն արդեն գոյություն ունի, սկսվել է, այն հսկայական մասշտաբների չի հասնում, բայց մարդիկ գալիս են, եւ իմ օրինակը կարող է ոգեշնչել։ Հայրենադարձությանը պատրաստվելիս պետք է հիմնավորապես ուսումնասիրենք միջազգային փորձը։ Սփյուռքը ուզում է մասնակցել Հայաստանի կյանքին, մենք պիտի գտնենք ճիշտ, արդյունավետ ճանապարհները, եւ, բնականաբար, այս ընթացքի մեջ Հայաստանում արդար, մարդակենտրոն, Հայաստանակենտրոն, քաղաքացիակենտրոն հասարակարգի ստեղծումը կարեւորագույն նախապայման է։
Պատրաստեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
l.mkhitaryan@hhpress.am

26-06-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO