Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ամենաարագ ճանապարհը հավասարակշռված, հիմնավորված առաջընթացն է

Հայաստանի արտահանման շարժի բանաձեւը՝ տնտեսագետի ու դիվանագետի աչքերով

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Տնտեսագիտության դոկտոր, դիվանագետ, ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի հարավային բաժանմունքի գլխավոր գիտաշխատող Արարատ Գոմցյանին երբ հանդիպեցի, ցանկացա տասնամյակներ անց լսել՝ հիմա՞ նա ինչ կարծիքի է Հայաստանի տնտեսական հեռանկարների մասին։
Մարդ, որը 1986—1990թթ. եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության շրջանային կոմիտեի առաջին քարտուղար (երկրաշարժի գոտի–Շիրակի մարզ, Աշոցքի ենթաշրջան), 1990—96թթ. Հայաստանի իշխանությանը կից հանրապետական միավորման բնակարանային կոմունալ տնտեսության նախագահ, 1996—1999թթ. Շիրակի մարզի առաջին մարզպետ, 1990—1995թթ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1995թ. ԱԺ պատգամավոր, 1999—2000թթ. Հայաստանի կառավարության օպերատիվ կառավարման գլխավոր վարչության պետ։ Մարդ, որը 2000–2001թթ. խորհուրդներ է տվել երկրի վարչապետին, 2003 թվականից Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում ՀՀ առաջին գլխավոր հյուպատոսն է եղել։ Նա 1988 թվականից մասնակցել է աղետի գոտու փրկարար, վերականգնողական աշխատանքներին, 1988—94թթ. էլ մասնակցել է Հադրութից բռնագաղթածների տեղավորման, նյութական օգնության կազմակերպման, Ստեփանակերտի, Շուշիի ջրամատակարարման համակարգի վերականգնման, Գորիսի, Կապանի, Վարդենիսի, Քարվաճառի տարածքների պատերազմական գործողությունների հետեւանքների վերացման, ճանապարհների կառուցման, ռազմաճակատի եւ թիկունքի փոխգործողությունների համակարգման աշխատանքներին։ Նրա աշխատությունները վերաբերում են ՀՀ արտաքին առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կապերի բնագավառում կառավարման նոր ձեւերի եւ Հայաստանում դրանց կիրառման հնարավորությանը։
1948թ. ծնված գործիչը տեսել է սովետական պլանային տնտեսությունը, անկախ Հայաստանի տնտեսության «մեջ» է եղել, մի խոսքով՝ համեմատությունների եզրերը՝ ծիրից ծիր։ Ուրեմն՝ հնարավորություն ունե՞նք մենք այնպես զարգանալու, որ աշխարհին մեր խոսքն ասենք։
Հարցիս ի պատասխան նախ ժպտում է, հետո մեր մեծերից մեջբերումներ անում, Հայաստան աշխարհի հմայքներից մի փոքր խոսում ու կտրուկ անդրադարձ անում մեր տնտեսական առավելությունների ներուժին՝ հիմնականում խոսելով Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի հեռանկարներից։
–Դուք ի սկզբանե կողմ էիք Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը։ Պատճառի Ձեր բացատրությունը ո՞րն է։
–Կողմ լինելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ մենք գտնվում ենք աշխարհագրորեն մի հատվածում, որտեղ պետք է հաշվի նստենք մեր պատմության ընթացքում ձեւավորված տնտեսական կապերի հետ։ Դա Ռուսաստանն է։ Անշուշտ կա Եվրամիությունը 27 երկրներով։ Կա Արեւելքը։ Կան ուղիղ սահմանակից մեր հարեւաններ Իրանը, Վրաստանը։ Բայց մեր ապրանքը ավելի լայն ճանաչող երկիրը Ռուսաստանն է, որն ունի մեր ապրանքի կարիքը։ Տեսեք, մեր պղինձը Գերմանիա է արտահանվում, մեր արհեստական, թանկարժեք քարերը՝ Հոլանդիա, Բելգիա, Դանիա։ Բուլղարիան է վերջերս շատ աշխուժացել։ Բայց դա կախված է կոնկրետ ապրանքի՝ տվյալ երկրում տվյալ պահի անհրաժեշտությունից։ Իսկ Ռուսաստանին մեր գրեթե բոլոր ապրանքները՝ սկսած մաքուր գյուղատնտեսական մթերքից մինչեւ բարձր ինտելեկտուալ գիտական արժեք ներկայացնող, ծանոթ են։ Պետք է ողջունեմ մեր կառավարությանն էլ, որ շեշտը դնում է դրա վրա։ Վարչապետը, երկրի նախագահը շեշտում են այն գաղափարը, որ Հայաստանի զարգացման վաղվա օրը հիմնականում պայմանավորված է գիտատար մտքով։ Մեր վարչապետներից մեկը լավ բառ էր ասել, հիմա չեմ մտաբերում...
–Գիտելիքահենք տնտեսություն. եւ ասել էր Տիգրան Սարգսյանը։
–Այո, հիշեցի, շատ էլ տեղին է ասել... Շարունակեմ միտքս։ 2018թ. ՌԴ հետ մեր առեւտրի ընդհանուր ծավալը մոտ 2 մլրդ դոլարի է հասել, որից մեր արտահանումը՝ 654 մլն դոլար (մեր արտահանման 26 տոկոսը)։ Ռուսաստանից 2 անգամ ավելի ենք ներմուծում, բայց դա էլ պամանավորված է նրանով, որ գերազանցապես ներմուծում ենք էներգակիրները, հացահատիկ ենք ներկրում, նաեւ մեքենաշինական, տրանսպորտային շատ միջոցներ։ Ես այս ամենն ասում եմ ե՛ւ որպես տնտեսագետ, ե՛ւ որպես դիվանագետ, որ նաեւ ազդել է այս թվերի վրա, որ ասենք 70 մլն դոլարի արտահանումը տարիներ անց դառնա 654 մլն։ Բայց սա 2.5—3 անգամ քիչ է, մինչդեռ մենք լուրջ ռեսուրս ունենք։ Ընդհուպ մինչեւ 2020—22թթ. ՌԴ հետ արտաքին առեւտրում կարող ենք մոտենալ բալանսին, այն է՝ արտահանումը հավասարեցնենք ներմուծմանը։ Տեսեք, 2018թ. հունվար—դեկտեմբեր ամիսներին Հայաստանի եւ այլ երկրների արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 7.375 մլրդ ԱՄՆ դոլար։ 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 16.4 տոկոսով։ Եվ այս 7 մլրդ—ից 2 մլրդ—ը միայն ՌԴ բաժինն է։ Մենք լուրջ ներուժ ունենք եւ ոչ միայն ՌԴ շուկայի մասով, այլեւ ամբողջ ԵԱՏՄ շուկայի։
–Այս լավատեսական շեշտադրումները նույնիսկ արդեն սկսվող սահմանափակումները հաշվի առա՞ծ եք փոխանցում։ ԵԱՏՄ—ում մեր արտոնությունների ժամկետը սպառվում է։
–Այո, նույնիսկ արտոնությունների ավարտը նկատի ունենալով եմ ասում։ 654 մլն դոլարի արտահանման մեջ միայն 175 մլն—ը խմիչքինն է՝ հիմնականում կոնյակինը։ Մեծ թիվ է։ Վերջերս էլ թեթեւ արդյունաբերության մասով էլ տեղաշարժ կա (տեքստիլ կաշվեղեն, գուլպեղեն)։ Կան երկրներ, որոնք չեն մտնում ԵԱՏՄ—ի մեջ՝ Վրաստան, Ուզբեկստան եւն, բայց ծանոթ են մեր ապրանքին. հետխորհրդային տարածքն է։ Իսկ ԵԱՏՄ—ն մեզ համար բազմամիլիոնանոց շուկա է։ ԵՄ—ում մենք դեռ կարիք ունենք հայկական ապրանքի մեկնաբանման, ճանաչման, մասսայականության։ Հենց ճանաչեն մեր ապրանքը, այն անսահմանափակ կիրացվի։ Այս ուղղությամբ լուրջ անելիք ունենք. հատկապես դիվանագիտական կորպուսը։ Այլ կերպ՝ գնահատման չափանիշը պետք է լինի նաեւ արտահանման ծավալների տարեկան աճի տեմպը։
–Ճանաչելը ճանաչեցին։ Ծավալ կարո՞ղ ենք ապահովել։
–Մինչեւ ծավալ ապահովելը խնդիր կա։ Տրանսպորտային շրջափակումը։ Ընդ որում՝ 1989—ից խորը շրջափակում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհը՝ թե՛ G20—ը, թե՛ 7—նյակը պետք է բարոյապես վատ զգան, որ, որպես աշխարհի ռազմաքաղաքական եւ տնտեսական քաղաքականությունը կոորդինացնող տերեր, շուրջ 30 տարի գրեթե ձայն չեն հանում, հաշտվում են այս դաժան, անբարո վիճակի հետ։ Խոսելով Հայաստանի՝ աշխարհի երկրների հետ բազմակողմ առեւտրատնտեսական հարաբերությունների մասին՝ ամփոփեմ, որ ԵԱՏՄ—ն իր անցած կարճ ժամանակահատվածում՝ 5 տարում իր ձեռքբերումներով թույլ է տալիս այսօր ասել, որ զարգացման լուրջ հեռանկարներ ունի։ Մենք պետք է ճիշտ կարողանանք օգտագործել այս շուկան։ Վերջերս ստեղծված հանձնաժողովը՝ ԵԱՏՄ հետ համագործակցության հարցերով (փոխվարչապետի գլխավորությամբ), պետք է ստեղծի այնպիսի տնտեսական դաշտ, որ մեր երկիրը տնտեսապես մխրճվի այդ շուկաներ...
–Արցախի հարցի...
–Գիտեմ, գիտեմ՝ ով ինչ է ասում։ Ո՛չ ու կրկին ո՛չ։ Մեկը մյուսի հետ կապ չունի։ Մենք պետք է մի քիչ ավելի ճկուն լինենք։ Այս՝ շրջափակման պայմաններում մեր արտահանման հիշյալ՝ միայն ՌԴ հետ 654 մլն դոլարի ցուցանիշը լուրջ թիվ է եւ հայ գործարարներին պատիվ է բերում։ Կարո՞ղ ենք ավելին անել, այո։ Կարող ենք ազդել, ձեւերից մեկն էլ Հայաստանից ապրանքների արտահանման ժամանակ տրանսպորտային միջազգային նորմատիվները գերազանցող ծախսերի փոխհատուցումն է տարբեր ձեւերով՝ գրանտների, երկարատեւ վարկերի, ֆոնդերի կամ հայկական այլ միջոցներիի հաշվին։ Նույնիսկ ոչ մի հնարավորություն չունենալով՝ մենք հաղթում ենք. մտնում ենք ռուսական, բելառուսական շուկա։ Մենք պետք է մեր գործարարներին գնահատել կարողանանք։ Բացի այդ, մենք ՌԴ—ում լուրջ թվով հայեր ունենք։ Նրանք միայն սպառողներ չեն, լուրջ գործատուներ են։ Օրինակ՝ մոսկվաբնակ Սերգեյ Համբարձումյանը, «Մոնարխ» կազմակերպություն ունի, հազարավոր աշխատատեղեր ունի, նրանք կարիք չունեն հայկական ապրանքի գովազդի, նրանք ճանաչում են եւ օգտվում։ Այ սա՛ պետք է օգտագործենք։
–Իսրայելի՞ օրինակով։
–Իսկ ինչո՞ւ ոչ։ Պետք է խնդիր դնել։ Գուցե նշաձողը հիմա բարձր եմ սահմանում, բայց ճիշտ է։ Մենք կարո՛ղ ենք կրկնապատկել մեր արտահանման թիվը։ Եթե մեր գործարարը երաշխիք ունենա, որ նա տարիներ անց էլ ապահովված է քաղաքական երաշխիքով ու վերոնշյալ տնտեսական արտոնություններով, արտահանումը կարող է ավելացնել։ Բացի այդ, արտահանումը պետք է պետական հովանավորչություն եւ երկարաժամկետ խրախուսանք ունենա։ Ներկայացնե՞մ ինչ է անում ԱՄՆ—ն։ Բոլորը գիտեն։ Պետք է ունենալ հստակ ծրագիր։ Սա ռեալ է։ Ես մեր հաջողության մի քանի գործոն եմ նշում՝ 3—ը, բայց դրանք 3—ը չեն, 30—ն են։
–Մենք գուցե չենք հաջողում, որովհետեւ խնդիրները քաղաքատնտեսության մեջ չենք դիտարկում։ Տարիներ առաջ, երբ Ռուսաստանը քաղաքական որոշում կայացրեց եւ իր շուկայում սահմանափակեց մոլդովական ու վրացական գինիների մուտքը, ես մտածեցի, որ վերջապես մեր գինիները պինդ ոտատեղ կանեն այնտեղ։ Չեղավ։ Ինչո՞ւ։ Ծավա՞լը չապահովեցինք, թե՞ պետությունը հարցին պատշաճ ուշադրություն չդարձրեց։
–Ես այս հարցը խորությամբ ուսումնասիրել եմ։ Մեր գինին ավելացել է ռուսական շուկայում։ Գուցե ձեր ասած պինդ ոտատեղը չի արել, բայց ավելացել է։ Այլ հարց է, որ պետք է եռապատիկը լիներ, չեղավ, բայց ավելացել է։ Բացի այդ՝ մեր ավանդականը կոնյակն է։ Մենք պատմականորեն գինի ապրանքանիշ, ցավոք, չենք կարողացել ունենալ։ Լավագույնը «Ոսկեվազն» է եղել։ Իսկ հիմա տասնյակից ավելի որակյալ գինիներ ունենք։
–Պինդ ոտատեղ ասվածը նաեւ այլ շուկաներին է վերաբերում։ Օրինակ՝ երբ Չինաստանը նշում էր Մետաքսի ճանապարհի՝ պատմական ձեւով վերականգնելու անհրաժեշտության եւ այդ պատմական ճանապարհին Հայաստանի դերի մասին, շեշտում էր, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը անբարենպաստ չէ, ավելին՝ լավ էլ բացառիկ է, քանի որ Հայաստանից Եվրոպա 4—6 ժամվա ճանապարհ է։
–Ճիշտ եք։ Եվ լավ եք անում, որ այդ պատմականը շեշտում եք։ Չինաստանի շուկան էլ է մեզ համար ավանդական, դեռ մեր հեքիաթներում կա Չինմաչինը, հիշո՞ւմ եք։ Ավանդական էլի շուկաներ կան՝ Հնդկաստանը... Ավանդական ու մեծ շուկաներ։ Մեր ունեցած գլխավորը գիտելիքահենք տնտեսությունն է։ Ի վերուստ դա է մեզ տրված եղել։
–Հայաստանը ի՞նչը պետք է զարգացնի։ Մեր կառավարությունն ասում է, որ չպետք է լինենք հանքարդյունաբերական ու գյուղատնտեսական երկիր։
–Ճիշտ է ասում. մեր ընդերքի պաշարներն անսպառ չեն։ Մենք պետք է շատ խնայողաբար գործածենք, դեռ մի բան էլ սերունդներին թողնենք։ Բայց կարող ենք զարգացնել էկոգյուղատնտեսությունը, տեքստիլի ոլորտը։
–Մենք տեքստիլ ունե՞նք, երբ կտորը բերում ենք Թուրքիայից, կոճակները՝ Չինաստանից, թելը՝ մեկ այլ երկրից։ Այստեղ կարն է արվում։ Դա համարվում է հայկակա՞ն արտադրության։
–Այո, համարվում է։ Գյումրի քաղաքը այսօր «Լենտեքստիլ» ունի՝ 400—ից ավելի մարդ է աշխատում։ Սկսեց գործել զրոյից։ Ձեր ասած հումքը ներկրում է, բայց այստեղ է արտադրվում եւ արտահանում էլ ունի։ Արժեքը ստեղծվում է Հայաստանում եւ հայկական արտադրության է։
–Էլ ի՞նչ կարող ենք վերականգնել, որ դուրս գանք արտերկրի շուկաներ։
–Կոշիկը կարող ենք։
–Չինաստանը աշխարհը ողողել է կոշիկներով։ Նրա հետ շատ քիչ երկրներ են մրցակցությանը դիմանում։ Մե՞նք ինչ ենք անելու։
–Եկեք մի բան հասկանանք։ Մենք խորհրդային տարիների ծավալը չենք կարող տալ հիմա։ Այն ժամանակ պլանային տնտեսություն էր։ Բացի այդ՝ հիմա մենք պետք է մրցենք ոչ թե ծավալի, այլ որակի շնորհիվ։ Մենք չենք կարող Չինաստանի, Հարավային Կորեայի կամ Թուրքիայի նման միլիոններով արտադրել։ Մենք պետք է որակի նշանը թելադրենք։ Էքսկլյուզիվ ապրանք պետք է արտահանենք։ Սա կարո՛ղ ենք միանշանակ։ Պարզապես պետք է զարգացնենք։ Մեր արտաքին առեւտրի ծավալը 7 մլրդ դոլարի է հասել արդեն, որտեղ արտահանումը փոքր ծավալ է կազմում՝ 2 մլրդ—ի չափ։ Պիտի շեշտը դնենք արտահանման ծավալները մեծացնելու վրա։ Մեր շուկան փոքր է, մենք պետք է արտահանենք, որ գումար մտնի երկիր։ Մենք 3 մլն—անոց ենք, ներքին սպառման շուկան փոքր է։ Այնպես որ արտահանումն է մեր զարգացման գլխավոր շարժիչ ուժը։
–Այնուամենայնիվ, մոտ ապագայում որո՞նք են մեր երկրի զարգացման կարեւորագույն խնդիրները։
–Հայաստանի առաջնային խնդիրը ժողովրդագրական վիճակն է, մենք պետք է հասնենք 5 մլն—ի (իմ հաշվարկներն են դրան բերում)։ Մենք 4 մլն—ից ավելի ենք եղել 1988թ. հունվարի 1—ի դրությամբ։ Դե ֆակտո շատ ենք եղել՝ ի հաշիվ Ջավախքի, Ղարաբաղի, որ ունեցել են այնտեղի գրանցում, բայց ապրել—աշխատել եւ լավ են աշխատել Հայաստանում։ Իրենց լուման ունեն Հայաստանի նվաճումներում։ Երկրորդ խնդիրը՝ որ մեր արտահանումը հասնի ներմուծման ծավալին եւ գերազանցի այդ ծավալը։ Պետք է տնտեսական գաղափարախոսություն մշակենք։
–Մեզ տնտեսական թռի՞չք է պետք, թե՞ դանդաղ, բայց կայուն առաջընթաց։
–Մեզ նախ հայկական պետության տեր լինելու զգացողություն է պետք։ Ես այս տարիների ընթացքում չեմ նայել, թե ով է եղել պետության ղեկին։ Ծառայել եմ իմ ժողովրդին։ Եվ հետո՝ մեզ պետք է արա՛գ ճանապարհը։ Իսկ ամենաարագ ճանապարհը հավասարակշռված, հիմնավորված առաջընթացն է։
–Շնորհակալ եմ հարցազրույցի համար։
–Ուզում եմ Դերենիկ Դեմիրճյանի խոսքով ամփոփել, ասում է՝ հայի չափը անչափության մեջ է...

11-07-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO