Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.08.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մշակույթը ճակատագիր է

Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ—ում եւ նրա սահմաններից դուրս» գրքից։
...Իսկապես, պատկանել արեւմտյան աշխարհին, թեկուզեւ գտնվելով նրա ծայրամասերում, անկասկած քաղաքական առավելություն է։ Այն պետությունները, որոնք անկախություն ձեռք բերեցին խորհրդային կայսրության անկումից հետո, ազատական ժողովրդավարության լավագույն արդյունքների հասան հատկապես նրանք, որոնք երբեւէ եղել էին ավստրիական եւ գերմանական կայսրությունների կազմում (իսկ դա նշանակում է, որ նրանք ունեին «արեւմտյան փորձ»)։ Սահմանը, որ 1500 թվականին անցնում էր արեւմտյան եւ արեւելյան քրիստոնեության միջեւ, այսօր բաժանում է հաջողության հասած ազատական վարչակարգերը անբարեկեցիկ եւ ոչլիբերալ երկրներից։ Լեհաստանը, Հունգարիան եւ Չեխիայի Հանրապետությունը որոշակիորեն պատկանում էին Եվրոպային եւ հիմա մյուսներից առաջ են ընկել ժողովրդավարության ամրապնդման գործում. նրանց հետեւում են բալկանյան երկրները։ Ընդ որում՝ Սլովենիան եւ Խորվաթիան, որոնք գտնվում են Արեւմուտքը Արեւելքից բաժանող գծի արեւմտյան կողմում, ավելի բարձր արդյունքներ են ցույց տալիս, այն դեպքում, երբ արեւելյան մասում գտնվող Սերբիան եւ Ալբանիան անցումային փուլը շատ ավելի հիվանդագին են տանում։
Նշանակո՞ւմ է սա, արդյոք, որ մշակույթը կանխորոշում է պատմական ճակատագիրը։ Հօգուտ այս տեսակետի համոզիչ ապացույցներ են բերել շատ նշանավոր գիտնականներ՝ սկսած Մաքս Վեբերից, վերջացրած՝ Սամուել Հանթինգթոնով։ Ներկայում դա շատ հայտնի գաղափար է։ Այսօր բոլորը՝ ե՛ւ գործարար—խորհրդականները, ե՛ւ անգամ զինվորական—ռազմավարները, խոսում են մշակույթի մասին, դրանով բացատրելով շատ ու շատ հանելուկներ։ Ինչո՞վ բացատրել ԱՄՆ—ի վերջին երկու տասնամյակների տնտեսական բուռն զարգացումը։ Միանգամայն ակնհայտ է՝ մեր ձեռներեցության բացառիկ մշակույթով։ Ինչո՞ւ Ռուսաստանը չի հարմարվում կապիտալիստական պայմաններին։ Նույնպես պարզ է. նա ունի ավատատիրական, հակաշուկայական մշակույթ։ Ինչո՞ւ է Աֆրիկան խրվել թշվառության մեջ։ Եվ ինչո՞ւ է արաբական աշխարհը ծնում ահաբեկիչներ։ Նորից մեղավորը մշակույթն է։
Սակայն նմանօրինակ պատասխանները չափազանց պարզունակ են։ Վերջիվերջո, ամերիկյան մշակույթի ծնունդ էին գերարժեզրկումն ու Մեծ ճգնաժամը։ Իսկ Ճապոնիայի եւ Գերմանիայի երբեմնի ավատական մշակույթը՝ դատելով ամեն ինչից, լավ էլ հարմարված էր կապիտալիզմին, ինչը նրանց տնտեսությունները համապատասխանաբար դարձրեց աշխարհում երկրորդը եւ երրորդը։ Միեւնույն երկիրը կարող է հասնել հաջողության եւ իր պատմության տարբեր շրջաններում տապալվել, եւ այդ պահերը կարող են իրարից բաժանված լինել ոչ ավելի, քան մի քանի տասնամյակ։ Սա ստիպում է ենթադրել, որ այստեղ գործ ունենք մի այլ բանի հետ, քան մշակույթն է, որովհետեւ մշակույթը համեմատաբար անփոփոխ է մնում։ Սինգապուրի հրաշալի պատրիարք Լի Քուան Յուն մի անգամ ինձ բացատրեց, որ եթե ուզում ես տեսնել, թե ինչպես է գործում մշակույթը, համեմատիր, թե ինչպես է աշխատում գերմանացի եւ զամբիացի բանվորը՝ աշխարհի որ մասում ուզում է լինի։ Ապա արագորեն կգաս եզրակացության, որ այդ երկու մշակույթներում միանգամայն տարբեր հղումներ կան, որով եւ կարելի է բացատրել տարբեր արդյունքները։ Գիտնականները բերում են համանման ապացույցներ։ Ջոել Կոտկինը «Ցեղեր» հետաքրքրքրաշարժ գրքում պնդում է, որ ժամանակակից աշխարհում տնտեսության մեջ հաջողության հասնելու համար կա մի ճանապարհ. եղիր հրեա կամ հնդիկ, իսկ ավելի լավ է՝ չինացի։
Լի Քուան Յուն եւ Կոտկինը ակնհայտորեն իրավացի են իրենց դիտարկումներում, որ որոշ ժողովուրդներ՝ չինացիք, հնդիկները, հրեաները, ամենատարբեր ոլորտներում փայլուն հաջողությունների են հասնում։ (Մշակութային տեսության այս տարբերակը ես բավական հրապուրիչ եմ համարում, քանի որ ինքս ծագումով Հնդկաստանից եմ։) Բայց եթե հնդիկ լինելը նշանակում է տնտեսական հաջողության հասնել, ապա ինչո՞վ բացատրել 1947 թվականին անկախություն ստացած Հնդկաստանի առաջին չորս տասնամյակների տնտեսական ծանր վիճակը, կամ, որ դրան հասանք՝ դրանից առաջ հարյուրավոր տարիների կացությունը։ Երբ ես ապրում էի Հնդկաստանում, հնդիկներին տնտեսական հաջողությունների ունակ չէի համարում։ Հիշում եմ այն օրը, երբ Նյու Դելիում երկրի խորհրդարանի լեգենդար անդամ Պիլի Մոդին կառավարության «հարցերի ժամին» վարչապետ Ինդիրա Գանդիին տվեց հետեւյալ հարցը. «Կարո՞ղ է տիկին վարչապետը պատասխանել, թե ինչու հնդիկները, ինչպես հայտնի է, կարողանում են նյութական առումով բարգավաճել աշխարհի ցանկացած երկրում, բացառությամբ սեփական երկրի»։
Նույնպիսի հարցեր կարելի է տալ Չինաստանի առիթով, եւս մի երկիր, որտեղ հարյուրավոր տարիներ տնտեսական կացությունը թշվառագույնն էր եւ միայն վերջին երկու տասնամյակներում է սկսել ոտքի կանգնել։ Եթե այն ամենը, ինչ ձեզ պետք է, վերաբերվում է չինացիներին, ապա նրանց թիվը Չինաստանում միլիարդից անցնում է։ Ինչ վերաբերվում է հրեաներին, չնայած նրանք բարգավաճում են բազմաթիվ երկրներում, սակայն միակ պետությունը, որտեղ մեծամասնություն են կազմում՝ Իսրայելում, մինչեւ վերջին ժամանակներս տնտեսական վիճակը բավական անբարենպաստ էր։ Հետաքրքիր է նշել, որ տնտեսական վիճակը երեք երկրներում էլ (Հնդկաստան, Չինաստան, Իսրայել) նկատելիորեն լավացավ 1980—ական թվականներին։ Բայց դա կատարվեց ոչ այն պատճառով, որ այնտեղ փոխվեց մշակույթը, այլ որովհետեւ նրանց կառավարությունները որոշակիորեն փոխեցին քաղաքականությունը եւ ստեղծեցին համակարգ, որը նպաստավոր եղավ շուկայի զարգացման համար։ Այսօր Չինաստանն ավելի արագ է զարգանում, քան Հնդկաստանը, սակայն դա մեծապես կախված է ոչ թե հնդկական մտակերտվածքի նկատմամբ կոնֆուցիական էթիկայի ենթադրյալ առավելությունից, այլ այն հանգամանքից, որ Չինաստանը ավելի մեծածավալ տնտեսական բարեփոխումներ է կատարում, քան Հնդկաստանը։
Տարօրինակ է, որ Լի Քուան Յուն կատաղի կողմնակիցն է այն տեսակետի, որն ընդգծում է մշակույթի դերը։ Մշակութապես Սինգապուրը շատ քիչ է տարբերվում հարեւան Մալայզիայից։ Այն հարաբերականորեն ավելի չինական է եւ պակաս մալայզական, սակայն եթե համեմատելու լինենք աշխարհի մյուս երկրների հետ, այդ երկուսը շատ ընդհանրություններ ունեն։ Իսկ իրականում ինչո՞վ է տարբերվում Սինգապուրը հարեւաններից, նրանով, որ նա ունեցավ բավական արդյունավետ կառավարություն եւ տնտեսական բավական հաջող քաղաքականություն վարեց։ Կասկած չկա, որ վերջին հանգամանքը շատ ավելի էական դեր կատարեց, քան տվածուրիկ մշակութային տարբերությունները, եւ սա է սինգապուրյան հաջողության գաղտնիքը։ Այլ կերպ ասած՝ առանցքային դեր խաղաց Լի Քուան Յուն եւ ոչ թե Կոնֆուցիուսը։ Ես չեմ պնդում, թե մշակույթը առհասարակ կարեւոր չէ, ընդհակառակը՝ այն չափազանց մեծ նշանակություն ունի։ Մշակույթը մարմնավորում է ժողովրդի պատմական փորձը։ Այն արմատներ ունի ազգային հաստատություններում, ձեւավորում է մոտեցումներ եւ շրջակա աշխարհից մարդկանց սպասելիքները։ Սակայն մշակույթը ենթակա է փոփոխությունների։ Գերմանական մշակույթը 1939 թվականին զգալիորեն տարբերվում էր այն մշակույթից, որ նա ուներ երկու տասնամյակ անց՝ 1959—ին։ Գերազգայնականության երբեմնի կիզակետ համարվող Եվրոպան այժմ դարձել է հետազգային, իսկ եվրոպական պետությունները պատրաստ են իշխանությունը զիջել վերազգային մարմիններին, այն էլ այնպիսի ձեւերով, որոնք ամերիկացիներին թվում են անիմաստ։ Կային ժամանակներ, երբ Միացյալ Նահանգները մեկուսացված հանրապետություն էր եւ մեծ կասկածանքով էր վերաբերվում կանոնավոր բանակին։ Հիմա այդ հարցում այն վերածվել է առաջավորի եւ զորանոցներ ունի աշխարհի բոլոր ծագերում։ Չինացիները նախկինում հետամնաց գյուղացիներ էին, հիմա դարձել են ճարպիկ առեւտրականներ։ Տնտեսական ճգնաժամերը, պատերազմները, քաղաքական առաջնորդությունը եւ այս կարգի բոլոր հանգամանքները փոխակերպում են մշակույթը։
Հարյուր տարի սրանից առաջ, երբ Արեւելյան Ասիան մշտապես ծանր վիճակում էր, շատ մասնագետներ, ընդ որում բոլորից համոզիչ՝ Մաքս Վեբերը, ապացուցում էին, որ կոնֆուցիականության վրա հիմնված մշակույթները հակադիր են այն ամենին, ինչը կապիտալիզմի պայմաններում անհրաժեշտ է հաջողության համար։ Տասը տարի առաջ, երբ Արեւելյան Ասիան տնտեսական թռիչք ապրեց, գիտնականները Վեբերի փաստարկումները գլխիվայր շուռ տվեցին, հայտարարելով, թե իրականում Կոնֆուցիուսի ուսմունքում հատկապես շեշտվում են այն պահերը, որոնք կարեւոր են տնտեսական դինամիզմի համար։ Այսօր անիվը ավելի մեծ թափ է հավաքում. ոմանք «ասիական արժեքներում» նկատում են օլիգարխիկ կապիտալիզմի բաղադրամասեր։ Իր ուսումնասիրություններում Վեբերը Հյուսիսային Եվրոպայի տնտեսական հաջողությունները կապում էր «բողոքական էթիկայի» հետ եւ կանխատեսում, թե կաթոլիկական Հարավը կշարունակի մնալ աղքատության մեջ։ Սակայն իրականում Իտալիան եւ Ֆրանսիան վերջին կես դարում ավելի արագ են զարգացել, քան բողոքական Եվրոպան։ Որպեսզի կարողանանք բացատրել մի շարք երկրների տնտեսական անհաջողությունները, կարելի է դիմել խաբեբա լատինացու եւ նրա թույլ աշխատանքային էթիկայի կարծրացած պատկերացումներին։ Բայց այդ դեպքում ինչո՞վ բացատրել Չիլիում կատարվածը։ Այս երկրի տնտեսությունը նույնքան արագ է զարգանում, որքան ասիական «վագրերից» ամենաուժեղինը։ Չիլիի հաջողությունը վերագրում են լատինական այլ արժեքներին. ամուր ընտանիք, կրոնական նորմեր եւ համառություն։
Ճիշտն ասած, դժվար է պարզ պատասխան գտնել այն հարցին, թե ինչո՞ւ ինչ—որ փուլերում որոշ հասարակություններ հաջողությունների են հասնում։ Այդ պատճառով՝ ուսումնասիրելով այսպիսի դեպքերը, մենք կարծում ենք, որ բարեկեցիկ հասարակությունների մշակույթում է հարկավոր որոնել հաջողության ակունքը։ Սակայն մշակույթները միասեռ չեն, եւ յուրաքանչյուրը այնտեղ գտնում է այն, ինչ փնտրում է։ Եթե որեւէ մեկին պետք է Արեւելյան Ասիայի մշակույթում հայտնաբերել համառ աշխատանքի եւ խնայողության գործոններ, ապա դրանք այնտեղ առկա են։ Իսկ եթե հակառակը, դուք ցանկանում եք ըմբռնել կույր հնազանդության եւ խնամիականության միտումները, ապա դրանք նույնպես առկա են։ Ջանադիր փնտրեք եւ մշակույթների մեծ մասում դուք կգտնեք ձեզ անհրաժեշտ ցանկացած հատկանիշները։
Մշակույթը չափազանց կարեւոր է։ Այն կարող է ինչպես ազդակ լինել, այնպես էլ՝ արգելակ. առաջ մղել կամ զսպել փոփոխությունները։ Մշակույթը կարող է ծածկագրվել հաստատություններում եւ մարդկանց գործունեություններում, որոնք եւ հաճախ դառնում են իրական խոչընդոտ ցանկալիին հասնելու ճանապարհին։ Հայտնի չէ, հնդկական մշակույթը ունակ կլինի վիժեցնել Հնդկաստանի տնտեսական բարգավաճման հնարավորությունը, սակայն հնդկական բյուրոկրատիան դա անպայման կանի։ Արեւմուտքի իսկական առավելությունն այն է, որ հենց իր պատմությունն է հանգեցրել այնպիսի հաստատությունների ու սովորույթների ստեղծման, որոնք եթե անգամ ոչ մի կերպ կապված չեն արեւմտյան գեների հետ, անչափ դժվար է դրանք վերարտադրել ուրիշ հասարակություններում։ Այնուամենայնիվ, վերարտադրել հնարավոր է։

Թարգմ. անգլ. Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

13-07-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO