Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԶԱՆԱԶԱՆ


Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր

Հայաստանի անկախության 28 տարիներին հայրենի սպորտի ընթացքն ուղեկցվել է վայրիվերումներով։ Սակայն նույնիսկ ամենադժվար շրջանում չի ընդհատվել միջազգային ամենահեղինակավոր մրցումների մեդալների հոսքը մեր երկիր։ Անգամ այսօր դժվար է նշել անցած շուրջ երեք տասնամյակների ընթացքում մեր մարզիկների նվաճած մրցանակների իրական քանակը։ Այնուհանդերձ, կարող ենք արձանագրել, որ 1991 թվականից մինչ հրապարակման պատրաստման պահը հայաստանցի մարզիկները օլիմպիական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադաներում, տարբեր մարզաձեւերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճել են տարբեր հարգի 2110 մեդալ՝ չհաշված արեւելյան մարտարվեստների տարբեր ուղղությունների ներկայացուցիչների շահած մրցանակները։
Անհնար է մեկ հրապարակմամբ ներկայացնել այդքան մեդալ նվաճած մեր բոլոր հերոսներին եւ նրանց մարզական նվաճումների մանրամասները, ուստի որոշեցինք առանձնացնել առավել խոշոր եւ վառ հաղթանակները։ Եվ, իհարկե, կսկսենք համաշխարհային սպորտի գլխավոր մրցումներից՝ օլիմպիական խաղերից։

Փառքի օղակներ

1992 թվականից մինչ օրս Հայաստանի մարզիկները օլիմպիական խաղերում նվաճել են 13 կամ 20 մեդալ։ Ցուցանիշների նման տարբերությունը պայմանավորված է տարբեր հանգամանքներով։ Նախ, մեր մարզական պատմագիրներն ու վիճակագիրները անկախության շրջանին չեն վերագրում 1992 թվականի Բարսելոնի օլիմպիադայում մեր մարզիկների նվաճած 3 ոսկե եւ 1 արծաթե մեդալները։ Ի դեպ, այդ ցուցանիշն առայժմ լավագույնն է օլիմպիական խաղերին մերոնց մասնակցության տարեգրությունում։ Բանն այն է, որ այդ խաղերին Հայաստանի, ինչպեսեւ ԽՍՀՄ մյուս հանրապետությունների մարզիկները, մասնակցել են ԱՊՀ հավաքականի կազմում։ Թեպետ, այդ օլիմպիական խաղերի մեկնարկից գրեթե մեկ տարի առաջ Հայաստանն արդեն անկախություն էր հռչակել, սակայն համարվում է, որ նշված արդյունքը չի կարող վերագրվել մեր երկրին, քանզի նորանկախ պետությունը ներկայացված չէր առանձին թիմով։ Ամեն դեպքում արձանագրենք, որ այդ 4 մեդալներից առաջինը նվաճել ու չեմպիոն է հռչակվել գյումրեցի ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը։ Միայն 1996 թվականին՝ ամերիկյան Ատլանտայում կայացած օլիմպիական խաղերում, առաջին անգամ հաղթանակի պատվին հնչեց Հայաստանի օրհներգը եւ բարձրացվեց պետական դրոշը։ Այդ արարողությամբ օլիմպիական չեմպիոն հռչակվեց մասիսցի հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը, որն էլ համարվում է Հայաստանի Հանրապետության առաջին օլիմպիական դափնեկիրը։ Ցավոք, վերոնշյալ տարբերությունն առաջացնող մյուս երեք մեդալների պատմությունը միայն տխուր է։ Այսպես, դոպինգ օգտագործելու մեղադրանքով տարբեր տարիներին մեր երեք ծանրորդներ զրկվել են օլիմպիական բրոնզե մրցանակներից։
Նույնքան պատմական եւ կարեւոր իրադարձություն է 1990 թվականի հոկտեմբերի 24—ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնումը։ Իսկ 1993 թվականի սեպտեմբերի 24—ին ՀԱՕԿ—ը պաշտոնապես ճանաչվեց Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից։

1996-ի հաղթական ամառը

Արմեն Նազարյանի հաղթանակից էլ սկսենք անկախության շրջանի նշանավոր մարզական ձեռքբերումներին մեր հակիրճ անդրադարձը։ Պատմական իրադարձությունը տեղի ունեցավ 1996—ի հուլիսի 24—ին։ 52 կգ քաշային կարգի եզրափակիչի ճանապարհին մեր ըմբիշը վստահորեն հաղթեց Եվրոպայի այդ տարվա չեմպիոն ուկրաինացի Անդրեյ Կալաշնիկովին եւ աշխարհի չեմպիոն ռուսաստանցի Սամվել Դանիելյանին։ Իսկ վճռական գոտեմարտում իր այցեքարտը դարձած հակառակ բռնվածքով գցման միջոցով գետնեց ամերիկացի Բրենդոն Պոուլսոնին։

Կրկնությունը՝ 20 տարի անց

Դրանից ուղիղ երկու տասնամյակ անց օլիմպիական խաղերում երկրորդ անգամ մեր մարզիկի հաղթանակի պատվին հնչեց Հայաստանի օրհներգը։ 2016 թվականի օգոստոսի լույս 17—ի գիշերը գյումրեցի Արթուր Ալեքսանյանը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող օլիմպիադայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումների մինչեւ 98 կգ քաշային կարգի եզրափակիչում 3։0 հաշվով հաղթեց կուբացի Դանիել Կաբրերա Լուգոյին։ Օլիմպիական երկրակամարում ծագեց «Սպիտակ արջի» (այդպես են երկրպագուները կոչում Ալեքսանյանին) համաստեղությունը։

Մատ երեք անգամ

Տիգրան Պետրոսյանի՝ աշխարհի 9-րդ չեմպիոն դառնալուց հետո հայ շախմատասերները տենչում են իմաստունների խաղի համաշխարհային գահին վերստին տեսնել մեր հայրենակցի։ Առայժմ դա ոչ մի կերպ չի հաջողվում։ Փոխարենը, Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը իր հաջողություններով վառ է պահում շախմատի հայկական դպրոցի փառավոր ավանդույթները։ Առաջին մեծ հաղթանակը մերոնք գրանցեցին 2006 թվականին Իտալիայի Թուրին քաղաքում անցկացված համաշխարհային 37—րդ օլիմպիադայում։ Հայաստանի ընտրանին հանդես գալով Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Կարեն Ասրյան, Սմբատ Լպուտյան, Գաբրիել Սարգսյան, Արտաշես Մինասյան կազմով՝ վաստակեց 36 միավոր եւ հռչակվեց չեմպիոն։ Երկու տարի անց՝ արդեն Գերմանիայի Դրեզդեն քաղաքում մեր թիմը պաշտպանեց տիտղոսը։ Այդ անգամ Արոնյանին, Հակոբյանին, Սարգսյանին եւ Մինասյանին ընկերակցում էր Տիգրան Լ. Պետրոսյանը։ Իսկ 2012—ին՝ Ստամբուլում Հայաստանի հավաքականը դարձավ Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն։ Հայրենի հնգյակում Մինասյանին փոխարինել էր Սերգեյ Մովսիսյանը։ Մեր ընտրանին դարձել է նաեւ Եվրոպայի (1999) եւ աշխարհի (2011) թիմային առաջնությունների հաղթող։ Հայաստանի հավաքականը նաեւ օլիմպիադաների եռակի, աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր։ 2003—ին Եվրոպայի չեմպիոն է դարձել նաեւ Հայաստանի կանանց հավաքականը։ Իսկ 1996—ին Երեւանն է ընդունել շախմատի 32—րդ համաշխարհային օլիմպիադան։
Անհատական հաշվարկում հայկական շախմատի դրոշակակիրն է Լեւոն Արոնյանը, որը 2005 եւ 2017 թվականներին դարձել է աշխարհի գավաթակիր, իսկ տարբեր տարիներին՝ հաղթել ամենահեղինակավոր գերմրցաշարերում։

Համայն աշխարհից ու Եվրոպայից առաջ

1991-ից ի վեր Հայաստանը տարբեր մարզաձեւերից ունեցել է աշխարհի 28, Եվրոպայի՝ 81 չեմպիոն, որոնք միասին նվաճել են համաշխարհային մրցումների 36, աշխարհամասի՝ 97 ոսկե մեդալ։ Հայոց եռագույնի ներքո Եվրոպայի առաջին չեմպիոնն է գյումրեցի ծանրորդ Խաչատուր Քյափանակցյանը, որն այդ տիտղոսը նվաճել է 1993 թվականին։ Իսկ աշխարհի առաջնություններում մեր երկիրն առաջին անգամ հաղթականորեն ներկայացրել են նույն թվականին հաջողության հասած բռնցքամարտիկ Նշան Մունչյանը եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Աղասի Մանուկյանը։ Ամենատիտղոսավորը ստենդային հրաձիգ Երջանիկ Ավետիսյանն է, որը 1994—2006 թվականներին դարձել է աշխարհի քառակի չեմպիոն։ Հայաստանի դրոշի ներքո աշխարհի առաջնության երեքական ոսկե մեդալ ունեն ազատ ոճի ըմբիշ Արայիկ Գեւորգյանը եւ հունառոմեացի Արթուր Ալեքսանյանը։
2007 եւ 2008 թվականներին Եվրոպայի առաջնություններում թիմային հաշվարկով առաջին տեղն է գրավել ծանրամարտի Հայաստանի հավաքականը։ 2009 թվականին Նազիկ Ավդալյանը հայ ծանրորդուհիներից առաջինը հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Հաջորդ տարի տղամարդկանց պայքարում նման հաջողության հասավ Տիգրան Գ. Մարտիրոսյանը։

Պատուհան դեպի Եվրոպա

Հայաստանում ամենասիրված մյուս մարզաձեւում՝ ֆուտբոլում, առայժմ լուրջ նվաճումներով պարծենալու առիթ չկա։ Ազգային հավաքականը լավագույն արդյունքը գրանցել է «Եվրո—2012»—ի ընտրական մրցաշարում՝ ենթախմբում գրավելով 3—րդ տեղը։ Նույն հորիզոնականին է մեր թիմը նաեւ հիմա ընթացող Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրարշավում։ Սփոփում է միայն եվրոպական ֆուտբոլի մեր արտակարգ եւ լիազոր դեսպան Հենրիկ Մխիթարյանը, որն աշխարհառչակ ակումբներում՝ Դորտմունդի «Բորուսիա», «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», «Ռոմա» հանդես եկած, Գերմանիայի, Անգլիայի եւ Իտալիայի առաջնություններում գոլեր խփած եւ Եվրոպայի լիգայում հաղթած ու եզրափակիչ խաղում մրցակցի դարպասը գրաված հայաստանցի առայժմ միակ ֆուտբոլիստն է։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

21-09-2019





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO