Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Անկախության բանաձեւը

Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 թվականների պայքարի արդյունքում մենք ստացանք բաղձալի անկախությունը, որից հետո կարեւոր խնդիրը դարձավ պետականաշինությունը՝ ինստիտուտների կայացումն ու զարգացումը, պատերազմական իրավիճակով պայմանավորված երկրի անվտանգության ապահովումը, պայքարը մի շարք երեւույթների դեմ։ Սակայն որքան էլ կարեւոր լինի պետականաշինության գործը, նախեւառաջ պետք է հասկանանք, թե ինչպիսի պետություն ենք ուզում կառուցել։ Հենց այս հարցում է, որ եղել են եւ կան տարընկալումներ ու տարբեր մոտեցումներ։
Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմաբան Վահրամ Տեր—Մաթեւոսյանի համար սեպտեմբերի 21—ը ոչ թե զուտ օրացույցային օր է, այլ խորհելու եւ ունեցածը վերարժեւորելու հնարավորություն։ «Հետխորհրդային պատմագրությունը, քաղաքական մտածելակերպը շատ արագ ջնջեցին այն ամենը, ինչ խորհրդային էր, ինչ ժառանգել էինք Խորհրդային Միությունից։ Դրանով անջրպետ ստեղծվեց մեր հավաքական ընկալման մեջ։ Այդ անջրպետը ոչ միայն գիտակցական մակարդակում էր, այլեւ գաղափարախոսական, վարքագծի եւ ընկալումների մեջ։ Արդյունքում ստեղծվեց մի վիճակ, երբ շատ արագ մոռացանք անցյալը՝ չունենալով հստակ պատկերացում, թե անկախությունից հետո ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց պատմաբանը։
1988—1990—ականների սկզբներին բավականին ինտենսիվ քննարկումներ էին ընթանում քաղաքական, մտավորական շրջանակներում, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում կառուցել։ Հայոց համազգային շարժումը 1988—ին կազմել էր ծրագիր, որտեղ խոսվում էր այն մասին, որ մենք հիմք ենք դնում երկարամյա անկախության պայքարին, բայց ընդամենը երկու տարի հետո մեծամասամբ իրականություն դարձավ այն ամենը, ինչ գրված էր։ Այդպիսով, շատ արագ հասնելով այդ նպատակներին՝ չկարողացանք քննարկում ծավալել, թե դրանից հետո ինչ պետք է լինի։ Ինչ խոսք, արցախյան հերոսամարտը ճշգրտումներ մտցրեց, բայց հասկանալի պատճառներով մեր ուշադրությունը շեղեց երկարաժամկետ խնդիրներից։ «Շատ հաճախ մեր ամբողջ մտավորական ռեսուրսը, հավաքական միտքը ծախսում ենք միջնաժամկետ խնդիրների լուծման համար, մոռանալով, որ մենք պետք է ավելի երկարաժամկետ ծրագրեր ունենանք»,–նշեց նա։ Վերջին շրջանում որպես ռազմավարական պլանավորման տարի խոսվում է 2040, նաեւ 2050 թվականների մասին։ Տեր—Մաթեւոսյանի համոզմամբ, այդ մտադրությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ են գործուն քայլեր, իսկ դրա համար պետք է ոչ թե մոռանալ, այլ սովորել անցյալի դասերից եւ ապագան կառուցել հենց այդ հիմքի վրա։
Մեր երկրում մի շարք կարեւոր ինստիտուտներ բարեփոխումների կարիք ունեն, դրանք են կրթական, դատական, պաշտպանական համակարգերը, որից էլ բխում են երեք առանցքային՝ ժողովրդագրության, անվտանգության եւ հայկականության, այն է՝ ինքության պահպանման խնդիրների լուծումները։
Մեր գերնպատակը պետք է լինի ժողովրդագրության խնդրի լուծումը, որը պայմանավորված է միայն ճշգրիտ եւ հիմնավորված բանաձեւի առկայությամբ։ «Երբ տեսնում ենք, թե ինչպիսի արագությամբ են զարգանում Հայաստանի հարեւան պետությունները, բացառությամբ Վրաստանի, հասկանում ենք, որ այստեղ հսկայական գործ կա անելու։ Եթե 1920—21թթ., երբ Հայաստանը խորհրդայնացվեց, բնակչությունը մոտ 800 հազար էր, խորհրդային տարիների ընթացքում մեր բնակչությունն աճեց 4.5 անգամ։ Թուրքիայի բնակչությունը 1927թ. 13 մլն էր, իսկ այսօր արդեն՝ 85 մլն»,–նկատեց զրուցակիցս։ Ժողովրդագրություն ասելով մենք պետք է հստակ գիտակցենք, որ այն անմիջականորեն կապ ունի մեր անվտանգության հետ։
Այս տարիներին անվտանգության հարցը գոնե ինստիտուցիոնալ մակարդակով լուծվել է, բայց դրանով հանդերձ տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում, որ 2—3 տարի առաջ եղածը արդիականացման կարիք է ունենում։ Անցած 28 տարիներին մեր պետականության մեջ անվտանգության բաղադրիչը մեծ դեր է կատարել, ինչը օբյեկտիվ հիմքեր ուներ, սակայն 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ գերկենտրոնացումը միայն անվտանգության վրա բերում է մի շարք այլ խնդիրների։ «Ժողովրդավարությունը, անվտանգությունն ու զարգացումը պետք է լինեն համահավասար բանաձեւեր։ Դրանք փոխլրացնող գործոններ են։ Միայն անվտանգության ապահովումը բավարար չէ երկրի զարգացման համար։ Չկա մի երկիր, որը դրա հիման վրա հաջողության հասնի։ Երկրի իրական առաջընթացն ապահովելու համար պետք է խնդիրներ լուծել զուգահեռ եւ բացառել մեկը մյուսի հաշվին լուծելու տարբերակը»,–ընդգծեց զրուցակիցս։
Հայկականության, հայապահպանության խնդիրը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ուղղակիորեն կապ ունի մեր ապագայի հետ։ Մեկ բանաձեւով հնարավոր չէ աշխատել հայկականության խնդիրների շուրջ, դրանք մի քանիսը պետք է լինեն՝ կապված այն բանի հետ, թե ինչպիսի լսարանի հետ գործ ունենք։ Այն, ինչ կարող է աշխատել մի համայնքում, մյուսում կարող է եւ չաշխատել։ Հետեւաբար պատմաբանն առաջարկում է մշակել տարաբնույթ մոտեցումներ հայապահպանության հարցերը լուծելու համար։ «Հաճախ թերագնահատում ենք Հայաստանի դերը համահայկական խնդիրների լուծման գործում։ Հաճախ սխալ ենք հասկանում նաեւ սփյուռքից եկող կարեւոր ուղերձները, մինչդեռ պատասխանատվությունը մեզ վրա պետք է վերցնենք՝ դառնալով այն փարոսը, որի շուրջ կկարողանանք կառուցել համահայկական օրակարգը։ Դա կարծես թե ստացվում է։ Հայաստանի ուղերձները պետք է լինեն հստակ եւ տեղ հասցվեն, ինչպես նաեւ աշխատանք կա անելու սփյուռքի համախմբման ուղղությամբ»,–ասաց Տեր—Մաթեւոսյանը։
Կարեւորագույն խնդիրներից է կրթությունը։ Պատմաբանի կարծիքով, մեզ դեռեւս չի հաջողվում դաստիարակել քաղաքացի, որը դպրոցական եւ բուհական կրթությունից հետո կգիտակցի իր դերը երկրի ապագայի կերտման գործում։ «Ինչ խոսք, 2018—ին մենք տեսանք նոր որակի երիտասարդություն, սակայն այդ խնդիրը դեռ առկա է։ Մեզ անհրաժեշտ է նախեւառաջ մտքի, մտածելակերպի հեղափոխություն։ Պետք է հասկանանք, որ անկախությունը հարատեւ աշխատանք է, այն փաստաթղթերով, գեղեցիկ ելույթներով չի պահվում, այն առաջին հերթին մտքի, վարքագծի, գաղափարների անկախությունն է»,–մեկնաբանեց Վ. Տեր—Մաթեւոսյանը։ Հետադարձ հայացք ուղղելով անցյալին, տեսնում ենք, որ 20—րդ դարի պատմությունը, այդ թվում՝ խորհրդային անցյալը, սեւ էջերով հանդերձ ուներ նաեւ դրական ազդեցություն. 1950—80—ական թվականները հայ ժողովրդի ծաղկուն շրջանն էր առնվազն վերջին մեկ հազարամյակի շրջանում։ «Այդ երեսուն տարիների ընթացքում մենք տեսանք վերակերտվող Հայաստան՝ ենթակառուցվածքների, քաղաքների, տնտեսության, գիտության զարգացում։ Դրա համար 20—րդ դարի պատմությունը վերակերտման անհրաժեշտություն ունի։ Այս ընթացքում մենք ստիպված եղանք երեք անգամ վերաշարադրել մեր պատմությունը, ինչն իր հետեւանքները թողեց պատմական մտքի, գաղափարախոսական ընկալումների վրա»,–հավելեց նա։
Անխուսափելի՞ էր արդյոք անկախության հռչակումը, թե՞ այն պայքարի եւ մեծագույն ջանքերի արդյունք էր։ Հաճախ կենտրոնանալով 1988–90 թվականների վրա, մոռանում ենք, որ 1988—ի զարթոնքը միայն կիզակետն էր, որը սկսել էր «եփվել» առնվազն 1960—ական թվականներից, երբ Հայաստանում վերելք ապրեց այլախոհությունը, ազգայնականությունը։ «1988 թվական մենք մուտք գործեցինք հասունացած՝ քաղաքականապես, սոցիալական խնդիրները եւ հասարակական հարաբերությունները հասկանալու առումով։ 1988—1991 թվականների իրադարձություններում հստակ կար ցեղասպանության թեմայի շարունակությունը, անցյալի հետ հիշողության կապը։ Շատ է խոսվում այսօր շրջակա միջավայրի պաշտպանության մասին, նկատենք, որ 1988 թվականի առաջին մեծ ցույցը նվիրված էր հենց շրջակա միջավայրի պաշտպանությանը»,–նկատեց պատմաբանը։

21-09-2019





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO