Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.01.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Սկսվում է ռուս-թուրքական պարեկությունը

Իսկ Ադրբեջանն էլ փորձում է սրել արցախյան խնդիրը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Արդեն գրել ենք, որ ամերիկյան կողմը զորքը Սիրիայից հանելուց հետո, ցանկություն ունի այն տեղակայել Վրաստանում, մասնավորապես Ջավախքում՝ նախկին ռուսական ռազմաբազայի տարածքում։ Նախորդ թողարկումում տարբեր կողմերից ներայացրել էինք հնարավոր ռազմա—քաղաքական ծավալումները մեր տարածաշրջանում, եթե պաշտոնական Թբիլիսին համաձայնություն տա ամերիկյան մտադրությանը։
Վրաստանի խորհրդարանի նախագահը հստակ պատասխան չէր տվել, բայց նշել էր, որ նման հարց դեռ չի քննարկվել, սակայն չէր էլ բացառել ամերիկյան զորքի տեղակայման հնարավորությունը Ախալքալաքում։ Հարեւան երկրի համար լավ առիթ է ստեղծվել, որ համաձայնության դեպքում զուգահեռ բանակցի Վրաստանին արագացված կերպով ՆԱՏՕ—ում անդամագրելու համար, ինչին վրացական կողմը ձգտում է վաղուց։
Բայց Մոսկվան նախանձախնդիր է նման հարցերում, եւ ամեն ինչ այնքան հեշտ ու արագ ընթացք չի կարող ունենալ։ Նախկինում գրել ենք նաեւ, որ Ջավախքը հայաբնակ է եւ ջավախցիները բազմաբնույթ թելերով կապված են Հայաստանի հետ, ինչը ենթադրում է, որ Վրաստանի վարչապետի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցը մեր երկիր նաեւ այս խնդրին կարող էր առնչվել։ Նախկինում էլ Ջավախքում տեղի ունեցող սոցիալական կամ այլ ընդվզումների դեպքում վրացական իշխանությունները միշտ էլ դիմել են մեր իշխանություններին՝ հարցերը համատեղ կարգավորելու նպատակով։
Պիտի կրկնենք, որ Ջավախքում կարող են սրվել ռուս—ամերիկյան հարաբերությունները, մի պարզ պատճառով, որ Կովկասում կա մեկ ոչ կովկասյան երկրի ռազմաբազա եւ, դա Ռուսաստանինն է, որ գտնվում է Հայաստանում, Գյումրի քաղաքում (Շիրակի մարզ, որը սահմանակից է Ջավախքին)։
Փաստորեն, ԱՄՆ—ն ի հակակշիռ ռուսական ռազմաբազայի, ունենում է երկուսը, առաջինը Թուրքիայում է, «Ինջիրլիք»—ն է, որ նաեւ ՆԱՏՕ—ի ռազմաբազան է, երկրորդը՝ կարող է լինել Վրաստանում։ Սա հաստատ միանշանակ չի ընկալվի Մոսկվայի կողմից։
Հավելենք նաեւ, որ Թուրքիան ՆԱՏՕ—ի անդամ է, Հայաստանը՝ ՀԱՊԿ—ի, իսկ Վրաստանն էլ ցանկություն ունի անդամագրվել ՆԱՏՕ—ին։ Կարո՞ղ ենք մտահոգվել։ Այո։ Առավել եւս, որ Ադրբեջանը պատրաստ է իր ՆԱՏՕ—ական մեծ եղբայր Թուրքիայի կողքին հայտնվել ամեն վայրկյան։
Չի բացառվում, որ ՌԴ զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ծառայության պետի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նաեւ այս հարցերը քննարկելու համար է։
Մենք նաեւ մեկ այլ տեսակետ էինք ներկայացրել, որ կարող է բոլորովին հակառակը տեղի ունենալ, որ ամերիկյան նոր ռազմաբազան Վրաստանում հնարավոր է տեղակայվում է տարածաշրջանը վերաձեւելու նպատակով։ Իսկ սա առնչվում է աշխարհի հերթական վերաբաժանման խնդրին, ինչը առնչվելու է ոչ միայն Մերձավոր Արեւելքի երկրներին, այլեւ Հայաստանին, Վրաստանին, Թուրքիային ու Ադրբեջանին։ Այս դեպքում ռուսական եւ ամերիկյան ռազմաբազաների առկայությունը մեզ հնարավորություն է տալիս ռազմատնտեսական քաղաքականությունը զուգահեռել արդեն գործող արտաքին փոխլրացնող քաղաքականության գծի հետ՝ Հայաստանի դիրքն ու դերակատարումն ավելի շահեկան դարձնելով։
Նշանակում է՝ Հայաստանը պիտի շարունակի ոչ միայն թուրք—ադրբեջանական համագործակցությանը հակակշռել իր արտաքին ուղին, այլեւ համադրելի ուղի որդեգրել Մերձավոր Արեւելքի հետագա ծավալումներին համահունչ արձագանքելու համար։
Իսկ այստեղ, ըստ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կնքված հուշագրի, ՌԴ ռազմական ոստիկանությունը օգնում է թուրք—սիրիական սահմանից 30 կմ խորության վրա գտնվող քրդական ինքնապաշտպանական ստորաբաժանումներն ու առկա զենքերը դուրս բերելու հարցում։ Պատերազմող կողմերի Հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ—մայոր Սերգեյ Ռոմանենկոն հստակեցրել է, որ ռուսները գործում են սիրիական տարածքում՝ թուրքական «խաղաղության ակունք» գործողության գոտուց դուրս։ Ապա ռուս—թուրքական համատեղ պարեկությունը կսկսվի 10 կմ խորության վրա՝ սահմանից դեպի արեւմուտք եւ արեւելք գործողությունների տարածքից, բացառությամբ Ղամիշլի քաղաքի։ Քրդական ստորաբաժանումները պետք է լքեն նաեւ Մանբիջ եւ Թալ Ռիֆատ քաղաքները։
Իսկ ամերիկյան կողմն ի սկզբանե, մինչեւ իր զորքերի դուրս բերումը Սիրիայից, հայտարարել էր, որ թողնելու է միայն 200 զինծառայող անվտանգության միջանցքը հսկելու համար։ Չնայած ԱՄՆ—ի նախագահ Թրամփը սպառնացել է Թուրքիայի դեմ լայնամասշտապ պատժամիջոցներ կիրառել, եթե վերջինը Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողությունները վերսկսի։ Անկարան էլ կրկին սպառնում է քրդերին՝ վերսկսել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում, եթե քրդական բոլոր կազմավորումները չթողնեն տարածքները սահմանի մոտ։ Անկարան բոլոր զինված խմբավորումներն անվանում է ահաբեկչական։
Վաշինգտոնը այսքան կտրուկ է արձագանքել Անկարայի դեմ, քանի որ քրդերի հայտարարած դավաճանության մեղադրանքները սասանել են ԱՄՆ—ի հեղինակությունը ոչ միայն քրդերի շրջանում։ Հիշեցնենք, որ Սիրիայի քրդերը ԱՄՆ—ի անդավաճան գործընկերն էին «Իսլամական պետության» դեմ իրականացված ամբողջ հակաահաբեկչական գործողության ընթացքում, մինչեւ վերջերս, երբ ամերիկյան զորքերը հեռացան Սիրիայի քրդական ինքնավարությունից։
Մենք եւս պիտի նախանձախնդիր լինենք մեր տարածաշրջանի զարգացումներին արագ ու հետեւողական արձագանքելու համար։ Օրերս Բաքվում կայացած Չմիավորման շարժման պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցել է նաեւ Ադրբեջանը։ Որպես գագաթնաժողովը հյուրընկալող եւ Շարժման ներկայիս նախագահող երկիր՝ եւս մեկ անգամ նախընտրեց չարաշահել իր անդամակցությունը Շարժմանը՝ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում առաջ մղելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խեղաթյուրող, ծայրահեղ կողմնակալ պնդումներ։ Նման քայլի Բաքուն արդեն դիմել էր Իսլամական համաժողովի եւ Թյուրքալեզու երկրների խորհրդի գագաթնաժողովներում։
Իհարկե, Հայաստանը պատասխանում է այդօրինակ խեղաթյուրումներին, սակայն, կարծում ենք՝ պետք է նախապես, որպես դիտորդ երկիր, այնուամենայնիվ, պատրաստված լիներ եւ ելույթի իրավունք չունենալու պատճառով թեկուզ համապատասխան փաստաթղթեր բաժաներ մասնակից երկրների պատասխանատուներին (թյուրքական ձեռագիրը նոր չէ, որ պետք է ճանաչենք)…
Հոկտեմբերի 29—31—ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնել է Մոնակո՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 36—րդ նախարարական համաժողովին։ Կարծում ենք՝ այստեղ արդեն մեր երկիրը պետք է պաշտոնապես պատասխան տա Ադրբեջանի նախկին բոլոր խեղաթյուրումներին եւ հստակ տեսակետ արտահայտի այս համաժողովի շուրջ 80 երկրի ներկայացուցիչներին։

30-10-2019





22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել
Խորհրդարանական քննարկումներ՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




22-01-2020
Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. ...


22-01-2020
Ինչպե՞ս է լուծվելու զրոյից վեց տարեկան երեխաների զբաղվածության հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նստաշրջանը։ ...



22-01-2020
Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի
Ինչ մոդելով է պետությունն աջակցելու ...

22-01-2020
Կոմունալ վճարները կտա պետությունը
Օրենքն ընդունված է, որոշումը կլինի ...

22-01-2020
Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ համառության, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO