Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ԶԱՆԱԶԱՆ


Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է

Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ համատեղ առաջնության անցկացումը

Թեպետ հայկական թիմերը ներգրավված չեն վոլեյբոլի եվրոպական ակումբային մրցաշարերում, այնուհանդերձ, մեր երկիրը պարբերաբար ներկայացված է լինում այդ մրցումներում։ Ճիշտ է՝ նման հանդիպումներ սպասարկելու իրավունք ունեցող իր միակ մրցավարով, որն օրեր առաջ վերադարձավ հերթական խաղից։ Այդ առումով Նարեկ Շիրինյանը, կարելի է ասել, հայրենի վոլեյբոլի արտակարգ եւ լիազոր ներկայացուցիչն է միջազգային ասպարեզում։ Նրա հետ մեր զրույցը ծավալվեց մասնագիտական գործունեության որոշ մանրամասների եւ ընդհանուր բնույթի հարցերի շուրջ։
—Ո՞ր թիմերի հանդիպմանն էիք նշանակված այս անգամ։
—Դա եվրոպական ակումբային վոլեյբոլում նշանակությամբ երկրորդ մրցաշարի՝ Չելենջ գավաթի հանդիպումն էր հունգարական «Ֆինո Կապոշվար» եւ ավստրիական «Ռիդ» ակումբների միջեւ, որն ավարտվեց առաջինների հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Ես երկրորդ մրցավարն էի, իսկ առաջինը վրացի Ստեֆանե Տակայիշվիլին էր։ Բավականին դիտարժան մրցավեճ էր, որը նաեւ աննախադեպ էր այն առումով, որ առաջին անգամ հայ եւ վրացի մրցավարները միասին վարեցին եվրոպական ակումբային մրցաշարի հանդիպում։ Եղել էր դեպք, երբ ես գլխավոր մրցավար էի, իսկ խաղի տեսուչը Վրաստանից էր, բայց այդ երկրի ներկայացուցչի հետ առաջին անգամ հանդիպում սպասարկեցինք։ Այս հանդիպումը կհիշեմ նաեւ այն պատճառով, որ վերջինն էր Տակայիշվիլու միջազգային մրցավարական կարիերայում, քանզի նա տարիքային սահմանափակման պատճառով ավարտեց մասնագիտական գործունեությունը։
—Դա բա՞րդ խաղ էր մրցավարության տեսանկյունից։
—Որեւէ խնդիր չծագեց, ամեն ինչ հարթ անցավ։ Երկու թիմերի ներկայացուցիչներն էլ մեզ շնորհակալություն հայտնեցին աշխատանքի համար՝ այն գնահատելով առավելագույն՝ 100 միավորով։ Անկեղծ ասած՝ ինձ համար էլ առանձնակի բարդություն չի առաջանում նման մակարդակի խաղեր սպասարկելիս, քանի որ 3—4 տարվա աշխատանքային փորձն արդեն զգացնել է տալիս։ Տրիբունաների ճնշում նույնպես չզգացինք, քանզի 3 հազար հանդիսական տեղավորող մարզադահլիճում ներկա էր շուրջ 600 երկրպագու։
—Սա Ձեր մրցավարությամբ թվով ո՞ր միջազգային հանդիպումն էր այս տարի։
—Հինգերորդը։ Բայց կա մի նրբություն. մեր մարզաձեւում միջազգային մրցաշրջանը սկսվում է հոկտեմբերից։ Այդ առումով մրցաշրջանի առաջին խաղն էր։ Ակումբային խաղերից բացի, սպասարկել եմ նաեւ հավաքականների մակարդակով հանդիպումներ՝ մինչեւ 18 տարեկան աղջիկների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլի շրջանակներում։ Ի դեպ, այդ մրցաշարում եղավ մի զավեշտալի պահ, երբ ասուլիսում պարզվեց, որ Բելառուսի հավաքականի մարզիչը չի տիրապետում անգլերենին, եւ ես թարգմանչի դեր ստանձնեցի լրագրողների հետ նրա շփման ընթացքում, ինչը նկատելիորեն բարձրացրեց ներկաների տրամադրությունը։ Նրանց համար անսովոր էր, որ մրցավարը թարգմանի այլ երկրի հավաքականի մարզչի խոսքը։ Նաեւ եղել եմ «Ոսկե լիգա» մրցաշարում (այն համարժեք է ֆուտբոլի Ազգերի լիգային) Ավստրիայի եւ Ֆրանսիայի կանանց ազգային հավաքականների գլխավոր մրցավարը։
—Արդեն ստացե՞լ եք հաջորդ նշանակումը։
—Այո՛, դեկտեմբերի 19—ին Իսրայելում վարելու եմ կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումը տեղի «ԿՖԱՐ ՍԱԲԱ» եւ հունական ակումբի մասնակցությամբ։ Վերջինս դեռ չի որոշվել, եւ այդ պատճառով էլ չեմ նշում անվանումը։
—Սպասարկո՞ւմ եք, արդյոք, հայաստանյան նշանակության խաղեր եւ ի՞նչ կարող եք ասել մեր երկրում մարզաձեւի ներկայիս վիճակի մասին։
—Լավատեսության առանձնակի հիմքեր տակավին չկան։ Համենայնդեպս, առաջընթաց չեմ տեսնում։ Հինգ թիմերի մասնակցությամբ առաջնությամբ դժվար է զարգացում ապահովել։ Եվ այդ տխուր վիճակն ակնառու դրսեւորվեց այս տարի տեղի ունեցած Համահայկական խաղերում։ Վոլեյբոլի մրցումներն այլեւս նախկինի պես գրավիչ չէին։ Եվ ինչի մասին է խոսքը, երբ որոշ թիմեր խոստովանում էին, որ եկել են ժամանակ անցկացնելու եւ մրցաշարային նպատակներ չեն հետապնդում։ Այդ խաղերի կիսաեզրափակիչում հաշվարկից դուրս մասնակցած Վրաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականն առանց դժվարության հաղթեց Հայաստանի նորընծա չեմպիոն Արցախի թիմին։ Հայրենի վոլեյբոլի տխուր վիճակը, իհարկե, պայմանավորված է տարբեր գործոններով։ Նախ՝ բավարար չէ ազգային առաջնությունը երկու փուլով անցկացնելը։ Մյուս կողմից՝ թիմերը ֆինանսապես ի վիճակի չեն ավելի շատ խաղեր անցկացնել։ Տեսեք, երկրի ամենախոշոր քաղաքում՝ Երեւանում, չունենք միջազգային չափանիշներին համապատասխանող վոլեյբոլի մարզադահլիճ, էլ չեմ խոսում մարզասրահի մասին։ Կան նաեւ այլ խնդիրներ՝ այդ թվում մրցավարական։ Մեր ֆեդերացիայի հնարավորություններն առայժմ սահմանափակվում են ժամանակ առ ժամանակ մարզադպրոցներին գույք տրամադրելով։ Բայց միայն այդքանով անհնար է վոլեյբոլի լուրջ զարգացում ակնկալել։ Մի ժամանակ այդպիսի վիճակում էր նաեւ մեր բասկետբոլը, բայց այդ մարզաձեւի ներկայացուցիչները գտան վիճակը շտկելու եւ աշխուժացնելու տարբերակներ։ Մեր դեպքում բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ համատեղ առաջնության անցկացումը։
—Նման տարբերակ քննարկվո՞ւմ է։
—Ոչ, դա պարզապես իմ կարծիքն է։ Սակայն Վրաստանում այդ թեմայով մասնավոր զրույց եմ ունեցել նրանց ֆեդերացիայի նախագահ Իրակլի Չաչուայի հետ, որը համամիտ էր ինձ հետ։ Տեսեք, հիմա Վրաստանն ունի միջազգային չափանիշներով բավականին մարտունակ կանանց եւ տղամարդկանց հավաքականներ, բայց չունի միջազգային կարգի մրցավարներ։ Իսկ Հայաստանում պատկերը հակառակն է։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

13-11-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO