Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայոց գրականության երկու դարը եւ իր մեկնաբանը

Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ցանկությունների ցանկությունն էր՝ գրականագիտությունը տեսնել որպես գիտություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Երբ ավարտեցի ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի «Հայոց գրականության երկու դարը» հոդվածների ժողովածուի չորրորդ գրքի ընթերցումը, իմ հարյուրավոր նշումների մեջ չգտա մի տող, համառոտ պարբերությամբ շարադրված մի միտք, դույզն-ինչ տանելի նախադասություն, որ այնպես դիպուկ բնութագրեր հեղինակին, ինչպես նրա իսկ հարցազրույցներից մեկի տողերը։ Եվ եթե ապավինում եմ ստորեւ մեջբերվող հենց այդ տողերին, ակամա հայտնվում եմ Պարույր Սեւակի վիճակում, երբ շուրջ 50 տարի առաջ գրախոսելով նույն հեղինակի «Հայկական ռոմանտիզմ» աշխատությունը՝ խոստովանում էր. «... Ինձ համար մեղք էր վերաշարադրել Սարինյանի դիպուկ ձեւակերպումները, կուռ բանաձեւումները եւ լայնարձակ մտորումների մղող այն դիտումները, որոնք ընդամենը մի քանի էջի վրա են սեղմված այնպես, ինչպես «սատանան՝ շշի մեջ»»։
Իրավիճակի նմանությունը պարտադրեց միեւնույն հակազդեցությունը, եւ ես անգամ չփորձեցի խուսափել Պ. Սեւակի գրախոսականի՝ «Հայկական ռոմանտիզմը եւ իր մեկնաբանը» վերնագրային համաբանությունից։ «Պարզապես իմ էությունը մշտապես երկփեղկված է եղել ներքին հակասականությամբ, մի անհասկանալի խզումով ներքին աշխարհի եւ արտաքին աշխարհի միջեւ,–գրում է Սարինյանը։–Արտաքին աշխարհը երբեք չի գոհացրել. իմ մեջ մշտապես արթուն է պահել ինչ—որ ընդվզում, ինչ—որ անբավականության զգացում։ Եվ դա իմ մեջ ձեւավորել է չհասկացված անհատի բարդույթը»։ Հաջորդող տողերում գրականության պատմաբանը փորձում է տալ «չհասկացված անհատի» բնութագիրը. «Ես հաշտ չեմ եղել իրականության հետ, եւ հակասականությունը իմ մեջ կազմավորել է բնական հոռետեսություն, անհատապաշտություն ու, այսպես ասած, «միայնակ գայլի» կենսակերպ։ Այստեղ է իմ անհատականությունը։ Հենց այս արժեքներն էլ ամրակայել են իմ դիմադրողականությունը, խթանել ստեղծագործելու իմ ներքին մղումները, լարել իմ կամքը նպատակի իրականացման»։
«Անհատապաշտություն», «հոռետեսություն», «միայնակ գայլի կենսակերպ» ինքնաորակումները չափազանց արտառոց չե՞ն անառարկելիորեն կոլեկտիվապաշտ, անվերապահորեն լավատես, ընդհանուր հոտում մակաղած խորհրդային մարդու իրողության ֆոնին, երբ եթե հնարավոր էր անհատապաշտություն, ապա միայն «Ստալին» անունով, հոռետեսները վաղուց գուլագներում էին, իսկ միայնակ գայլի կենսակերպով ապրողների կարելի էր հանդիպել Ջեկ Լոնդոնի եւ Հերման Հեսսեի վեպերում։ Սակայն մեջբերվող հատվածի շարունակության մեջ Սարինյանը ավելի քան անողոք է սեփական ինքնագնահատության հարցում. «Եվ ես ստեղծեցի իմը։ Ստեղծեցի միայնակ, պայքարով ու դարձա փաստ, համառ եւ անդիմադրելի, եւ իմ հաղթանակը կատարյալ էր։ Բայց դա տառապանքի ուղի էր, արտաքուստ տրամաբանված, ներքուստ աններդաշնակ, եւ երբ ետադարձ հայացքով նայում եմ անցյալին, ոչ մի կերպ չեմ կարողանում միացնել նրա օղակները, եւ ինձ թվում է, թե ես չեմ գտել այն, ինչ որոնել եմ եւ կորցրել եմ ավելին, քան գտել եմ»։
Սակայն մեջբերված հատվածներում բարձրացված հարցը ամենեւին էլ այն չէ, թե այդ բնութագրումները ճշմարիտ են, թե՝ ոչ, այլ ինքնախոստովանության այն կերպը, որով ուրվագծվում է գրականագետի մի կերպար, որ հազվագյուտ երեւույթ է մեր ողջ գրականագիտության պատմության մեջ, քանզի ընդունված է կարծել, թե գրականագետը սոսկ անդեմ պատմագիրն է մի արարչության, որ գրականություն է կոչվում, եւ ապարդյուն ոգեհարց—միջնորդը՝ հանրության առջեւ։ Այսինքն՝ մասնագիտության ակնհայտ թերագնահատության մի ընթացք, որ ժամանակակից հայ գրական համակարգը հանգեցրել է մի իրողության, որտեղ ոչ միայն գրականագիտությունն է դադարել արժեք լինելուց, այլեւ գրականությունը։
Սարինյան գրականագետի ողջ գործունեությունը մշտապես ուղղված է եղել հենց գրականագիտության՝ որպես մասնագիտության կարգավիճակի բարձրացմանը, իսկապես ռոմանտիկական ապարդյուն մի ջանք, ընդհանուր հոսանքին հակառակ գործողություն, իր արտահայտությամբ՝ «տառապանքի ուղի», քանզի իրերի «բնական» զարգացումը միանգամայն այլ տրամաբանություն է ենթադրում, քան կարող է Սարինյանի «բնական հոռետեսությունը» կանխատեսել։ Սա նույնպես կարելի է վերագրել գրականագետի ռոմանտիզմին, որովհետեւ բարձրացնել գրականագիտության կարգավիճակը մի ժամանակաշրջանում, երբ ավելի ու ավելի է թուլանում ուսումնասիրվող օբյեկտի՝ գրականության՝ որպես մարդկային գեղագիտական գործունեության դաշտի ազդեցությունը, նույնն է, թե գրականագիտությունը հայտարարել բացարձակ ինքնաբավ գիտաճյուղ՝ առանց հաշվի առնելու հետազոտվող առարկայի ներկայությունը կամ ներկայությամբ հանդերձ՝ զրոյականի ձգտող գործունեության ոլորտը։ Առերեւույթ պարագան նույնն է թվում նաեւ գրականության մեջ՝ գրականության տեսություն եւ քննադատություն զուգահեռներով, սակայն զարգացման դիալեկտիկական օրենքի միանգամայն տարբեր հետեւողականությամբ։
Գրականության տեսությունը հետեւությունների եւ եզրահանգումների հանրագումար է, ինչ չի կարելի պնդել, ասենք, նույն տեսական ֆիզիկայի մասին, որը մշտապես թելադրողական նշանակություն ունի։ Մինչդեռ գրականության պատմության մեջ միայն մեկ անգամ է համանման վիճակ ստեղծվել, երբ տեսությունը կանխորոշել է գրականության զարգացման ընթացքը՝ Բուալոյի «Քերթողական արվեստը» չափածո տրակտատի հայտնությունը։ Այնպես որ, գրականագիտության կարգավիճակը բարձրացնելու սարինյանական ձգտումը, եթե անգամ տեսականորեն նվազագույն կարելիություն ունի, բնավ անհնարին չէ, եթե այն չի վերածվում գրականությունը զավեշտական մատչելիության տանելու գաղափարախոսական գործիքի եւ ծառայում է գրականությանը, ոչ թե առանձին գրողների համբավի հաստատմանը։ Իսկ Սարինյանը մեկ անգամ չէ, որ մոտ է եղել գրականություն սահմանելու ու կանխատեսելու ճշմարիտ մեթոդին եւ գրականությունը համարժեք ընթերցելու գրականագիտական արվեստին։ Ահա թե ինչու նրա գեղագիտական ու իմացաբանական հնարավորությունները ժամանակի ու տարածության լայն շառավիղ չեն գծում... «Վերջին տարիների պոեզիայի բնագավառում կատարվող էական տեղաշարժերից մեկն այն է, որ պատմական ստուգության ենթարկեց բանաստեղծական մի սերնդի ստեղծագործական ճանապարհի փորձը... Այդ դիֆերենցիացիայի արդյունքն առայժմ այն է, որ պոեզիայի զարգացման ուղեգծերը հանձնվեցին Համո Սահյանին եւ Պարույր Սեւակին»,–տասնամյակներ առաջ գրել է Սարինյանը (1968)։
Առայժմ նույնությամբ ձգվող դպրոցական գրականագիտության դիֆերամբների ֆոնին դժվար է առանձնացնել եւս այդպիսի մեկ քննադատի, որ այդպիսի ճշգրտությամբ կարողանար ընթերցել եւ կանխատեսել ավելի քան կես դար ստեղծվող գրականության զարգացման ընթացքը եւ հայտնաբերել օրինաչափությունների մի պարագիծ, որում հեշտորեն կարելի է տեղավորել անգամ ամենատարբեր գեղագիտական ըմբռնումներ ունեցող գրողների։ Կանխատեսելու այս ունակությունը Սարինյան գրականագետի ամենաուժեղ կողմն է։
Սարինյանը գրականության պատմության անմրցելի տեսաբան է, մեթոդի եւ մեթոդաբանության անդադար ջատագովը։ Տերյանի նման նա կարող է կրկնել՝ որտեղ չկա մեթոդ, չկա եւ գիտություն։ Գրականագիտական գործունեության ընթացքում Ս. Սարինյանը բազմաթիվ գաղափարներ է հղացել, որոնցից շատերը լավագույնս կիրառել է իր աշխատություններում։ Դրանց մի մասը մնացել է տողատակերում, առանձին հոդվածների մեջ եւ զարգացում չի ունեցել։ Վերջին 25—30 տարում Սարինյանի մտահղացումների շարքում առանձնանում է մեկը. խոսքը գրականության փիլիսոփայության մասին է։
Նախապես ասեմ, որ հասկանալի է փիլիսոփայությանը գերապատվություն տալու Սարինյանի ձգտումը. հանել հայ գրականագիտությունը սեփական դափնիներով փառավորված հարյուրամյա թմբիրից, գոնե փոքր—ինչ ընդարձակել հորիզոնը, մեծացնել տեսադաշտը, գրականության հիմնախնդիրների լուծումը ընդլայնել եւ գնահատության ու վերաբերմունքի ոլորտից տեղափոխել վերլուծության ոլորտ։ Այս իմաստով փիլիսոփայությունն, իրոք, անփոխարինելի է։ Սակայն, առաջ ընկնելով, մոռացա նշել եւս մի կարեւոր հանգամանք, որ դարձյալ վերաբերում է հայ գրականագիտության մեթոդաբանությանը։ Ինչո՞ւ է այն վերանվանվում կուլտուր—պատմական, եթե անցած հարյուրամյակում առնվազն յոթանասուն տարի հայտնի էր մարքսիստական անունով, երբ յուրաքանչյուր աշխատության ներածականում, էլ չենք խոսում՝ յուրաքանչյուր գիտադրույթի սեղմագրում պարտադիր հիշատակվում էր վերլուծության մարքսիստական մեթոդը։
Անշուշտ, սա չեմ հնչեցնում որպես մեղադրանք։ Ինչո՞ւմ եւ ո՞ւմ մեղադրես, երբ իրականում մեղք չկա, որովհետեւ ինձ համար գոնե պարզ է, որ կեղծիքը ոչ թե այն էր, որ գրականագիտական աշխատությունների պարտադիր պայմանը եղել է մարքսիստական լինելը, եւ հետազոտողները այլընտրանք չեն ունեցել, այլ ճիշտ հակառակը՝ այդ աշխատությունների ճնշող մեծամասնությունը հեռավոր իսկ առնչություն չի ունեցել մարքսիստական մեթոդաբանության հետ։ Այս ճողվածքի եւ հակասականության նախադրյալի վրա էլ գոյատեւում էր խորհրդային գրականագիտության խարխուլ մակույկը՝ ունենալով սոսկ գաղափարախոսություն եւ ոչ՝ մեթոդ։ Այդ պատճառով ինչ—որ տեղ արդարացված է «մարքսիստական գրականագիտության» կուլտուր—պատմական սարինյանական վերանվանումը։ Նույն դիտակետից էլ հասկանալի են դառնում գրականագետի, իր բառերով՝ «ներքին եւ արտաքին աշխարհի միջեւ անհասկանալի խզումը» եւ հակասականությունը, ինչպես նաեւ «արտաքուստ տրամաբանված, ներքուստ աններդաշնակ» լինելու անկեղծ խոստովանության դրդապատճառը։
Մի բան, որ Սարինյանի ցանկությունների ցանկությունն է եղել ողջ գործունեության ընթացքում՝ գրականագիտությունը տեսնել որպես գիտություն։ Սրանով նույնպես Սարինյանը շահեկանորեն առանձնանում է հայ գրականագետների այն ստվար բանակից, որոնք գրականագիտությունը շարունակում են տեսնել առանց բառի վերջին բաղադրիչի։

15-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO