Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանում առկա բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը, որին մասնակցել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լինն Թրեյսին, ՀԱԱՊ—ի տնօրենների խորհուրդը եւ ավելի քան 100 անդամ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության եւ միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Իր խոսքում վարչապետը նշել է, որ Հայաստանում իրականացված քաղաքական հեղափոխությունից հետո իր գլխավորած կառավարությունը գործունեության առաջին օրերից հռչակել է տնտեսական հեղափոխություն իրականացնելու օրակարգը ու հավելել, որ այդ ճանապարհով գնալու համար առանձնացվել է երեք հիմնական ուղղություն։
«Առաջինը՝ կոռուպցիայի դեմ պայքարը, երկրորդը՝ մենաշնորհների վերացումը, երրորդը՝ ստվերային տնտեսության դեմ պայքարը։ Մեր առաջին շերտի գործողություններն ուղղված են եղել հենց սրան։ Այս մոտեցումն արդարացրել է իրեն եւ ցույց է տվել իր արդյունավետությունը, որովհետեւ այս տարի մենք սպասում ենք 7 տոկոսին մոտ տնտեսական աճ։ Ընդ որում, այդ տնտեսական աճը սպասում ենք՝ ունենալով տնտեսության մեջ էական եւ շոշափելի փոփոխություններ, որոնց հիմնական մասը վերաբերվում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած տեսլականին։ Իհարկե մենք հասկանում ենք, որ այս երեք գործիքներն ունեն որոշակի պոտենցիալ, եւ այն հավերժ չէ։ Նկատի ունեմ ստվերի դեմ պայքարը, կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհի դեմ պայքարը. դրանք, բնականաբար, պետք է լինեն շարունակական գործողություն, բայց իրենք իրենցով տնտեսական աճը, աշխուժությունը խթանելու մի պաշար ունեն, եւ այդ պաշարն ինչ—որ մի պահի պետք է սպառվի»,–նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը պետք է նոր գործիքակազմ կիրառի հետագա տնտեսական աճը եւ ներդրումները խթանելու ուղղությամբ։
Այս առումով, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը 2020 թվական մուտք է գործում նոր՝ հավելյալ գործիքակազմով, որի մեջ գործադիրի ղեկավարն առանձնացրել է հատկապես հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք իրենց ամենատեսանելի հատվածներով արտահայտում են կառավարության պատկերացումը Հայաստանի տնտեսության ապագայի եւ զարգացման ուղղությունների վերաբերյալ։
«Դրանցից առաջինը համահարթ եկամտահարկի ներդրումն է, որը որոշակի քննադատությունների է արժանանում, բայց այդ քննադատությունը գաղափարական բնույթի է։ Եվ ուզում եմ ասել, որ օրենսդրական փոփոխությունն արտահայտում է տնտեսության զարգացման ուղղությունների մասին մեր պատկերացումը, ու մենք ցանկանում ենք խթանել այն ուղղությունները, որոնք կարելի է անվանել բարձր աշխատավարձով տնտեսության ոլորտներ։
Մենք գիտենք, որ բարձր աշխատավարձերի համար էականորեն իջեցվում է եկամտային հարկը, եւ այդ ուղղությունը շարունակելու ենք։ Հունվարի 1—ից ներդրվելու է 23 տոկոս համահարթ եկամտահարկ, եւ այդ պրոցեսը կշարունակվի։ Առաջիկա տարիներին մենք կունենանք 20 տոկոս համահարթ եկամտահարկ։ Որոշակի իջեցում է նախատեսվում նաեւ շահութահարկի գծով։ Եվ որ նույնպես կարեւոր է, մենք միկրոբիզնեսն ազատում ենք հարկերից։
Սա ցույց է տալիս մեր գործունեության երկու հիմնական ուղղություն. առաջինը՝ խթանել տեխնոլոգիական ոլորտի ներդրումները ՀՀ—ում, եւ այդ ուղղությամբ երկրի գրավչությունը բարձրացնել։ Զուգահեռ նաեւ գործում է ստարտափերի մասին հայտնի օրենքը, որի պայմանները մենք բարելավել ենք։ Մյուս կողմից, որպես աղքատության հաղթահարման գործիք, միկրոբիզնեսն ընդհանրապես ազատում ենք հարկերից, որովհետեւ մեր պատկերացումը շարունակում է մնալ նույնը, որ աղքատության հաղթահարման այլ ճանապարհ, քան աշխատանքն է, գոյություն չունի։ Հետեւաբար, եթե մենք որեւէ քաղաքացու ուզում ենք օգնել աղքատության հաղթահարման գործում՝ պետք է աշխատատեղեր ստեղծենք»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունն այս ուղղությամբ որոշակի ծրագրեր է իրականացնում, եւ սոցիալական բլոկի քաղաքականությունը նույնպես միտված է աշխատանքի խրախուսմանը։ Նիկոլ Փաշինյանն ավելորդ չի համարել հիշատակել ԱԱՀ դեբետների վերադարձման մասին օրենքի նախագիծը, որն արդեն ընդունված է եւ պրոցեսը սկսվել է։ Կառավարությունը պատրաստվում է ԱԱՀ 45—56 մլրդ պարտք վերադարձնել տնտեսավարողներին։
«Ըստ որում, խոսքը ժամկետանց պարտքերի մասին է, բայց ԱԱՀ վերադարձի ցուցանիշը 2017թ.—ի համեմատ 2019—ի 10 ամիսների կտրվածքով արդեն կրկնապատկել ենք։ Այսինքն, եթե 2017 թ. կտրվածքով վերադարձվել է 54 մլրդ դրամի ԱԱՀ, ապա այս տարվա 10 ամիսների կտրվածքով վերադարձվել է մոտ 114 մլրդ դրամ։ Սրանք այն գումարներն են, որոնք անարդարացիորեն կամ օրենսդրական կարգավորումների բերումով, դուրս էին գրվել տնտեսական շրջանառությունից։ Եվ հիմա մենք այդ գումարները վերադարձնում ենք տնտեսությանը՝ հույս ունենալով, որ դրանք կվերաներդրվեն տնտեսության մեջ։ Իհարկե, այստեղ մենք ռեպրեսիվ կամ վարչական լծակներ չունենք, որպեսզի պարտադրենք ներդրումներ անել Հայաստանի Հանրապետությունում։ Բայց մենք այս կոչը հղել ենք ԱԱՀ դեբետի մնացորդները հետ ստացող ընկերություններին՝ կոչ անելով, որ ըստ էության իրենց ընկալումներով դրանք կորսված գումարներ էին եւ ոչ ոք լուրջ չեր կարող վերաբերվել, որ դրանք կարող էր հետ ստանալ։ Եվ ահա մենք կոչ ենք անում, որպեսզի դրանք վերաներդրվեն Հայաստանի Հանրապետությում։ Իհարկե, կլինեն ընկերություններ, որ այս կոչին կարձագանքեն եւ բոլոր այդ ընկերություններին մենք կընկալենք որպես գործընկեր ու կողջունենք այդ գործընկերային վարվելակերպը»,–նշել է վարչապետը։
Անդրադառնալով ՀՀ—ում առկա ներդրումային միջավայրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չի կարող ասել, թե կառավարությունը հասել է իդեալական վիճակի եւ ավելացրել, որ այս ոլորտում ունենք հայտնի եւ լատենտ խնդիրներ, որոնք գտնվում են գործադիրի ուշադրության կենտրոնում։
Վարչապետի խոսքով՝ ինստիտուցիոնալ առումով տնտեսության զարգացման համար ամենակարեւոր գործոններից եւ կամ այս պահին ամենամեծ խոչընդոտներից մեկը արժեթղթերի շուկայի չզարգացած լինելն է։ «Սա խնդիրներ է ստեղծում ե՛ւ ընկերությունների, ե՛ւ քաղաքացիների համար, որովհետեւ քաղաքացիներն իրենց հնարավորությունները ներդնելու այլընտրանք չեն ունենում, բացի բանկային համակարգից, իսկ ընկերությունները նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու այլընտրանք չեն ունենում կրկին բացի բանկային համակարգից։ Ցավոք, մենք չենք կարող պարծենալ, որ մեր բանկային համակարգում տոկոսները շատ ցածր են, բայց պետք է արձանագրենք, որ բանկային համակարգում տոկոսադրույքների նվազման հստակ գործընթաց է տեղի ունենում։ Պետք է նաեւ գոհունակությամբ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում կան ընկերություններ, որոնք չեն սպասում արժեթղթերի շուկայի զարգացմանը եւ իրենք արդեն նախաձեռնություն են ցուցաբերում, արժեթղթեր են թողարկում եւ հնարավորություն են ունենում ու օգնում են խթանել այս դաշտի առավել զարգացումը»,—ասել է վարչապետը։
Խոսելով օտարերկրյա ներդրումների մասին՝ կառավարության ղեկավարն ասել է, որ այստեղ էլ ունենք խնդիրներ եւ իրավիճակը գնահատելու կոնկրետ չափանիշ։ «Առկա է մի գործիք, որը հասանելի է տնտեսական գործունեությամբ զբաղվող միջազգային հանրությանը։ Ես նկատի ունեմ եվրոբոնդերի թողարկումը, որն առանձնահատուկ էր նրանով, որ Հայաստանի համար ռեկորդային ցածր տոկոսադրույքով տեղաբաշխվեց եւ Հայաստանի համար ռեկորդային բարձր պահանջարկ ուներ։ Մենք մտադիր ենք վերաֆինանսավորել 500 մլն դոլարի պարտքը, բայց պահանջարկը շուկայում գերազանցում էր 2 մլրդ դոլարը։ Եվ այստեղ մենք գալիս եւ հանգում ենք մեր հաջորդ տնտեսական զարգացման համար ամենակարեւոր խնդիրներից մեկի լուծմանը։ Խոսքը պետության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի մասին է։ Գիտեք, որ Հայաստանում կապիտալ ծախսերի իրականացումը միշտ ուղեկցվել է տարբեր կարգի ինստիտուցիոնալ խնդիրներով։ 2018 թ. իրադարձություններից հետո այդ խնդիրը խտացել է եւս մի բաղադրիչով. դա կոռուպցիայի դեմ պայքարի բաղադրիչն է, ինչը մեզ թույլ չի տվել, որպեսզի մենք կապիտալ ծախսերի մասով կատարենք կամ գերակատարենք մեր ծրագրերը»,–նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը խիստ է անցկացվող մրցույթների նկատմանբ եւ ամեն ինչ անում է, որպեսզի նախկինում եղած վատ ավանդույթները կրկնվեն։
«Ի՞նչ կապ ունի սա եվրոբոնդերի հետ. մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է իրականացնել մեգանախագծեր, որոնք լուրջ խթան կհանդիսանան տնտեսության համար։ Այս առումով, կարեւոր է կողմնորոշվել այդ նախագծերի հարցում, ճշգրիտ որոշումներ կայացնել, թե ինչպիսի նախագծերն առավելագույնը կխթանեն երկրի տնտեսությունը։ Մենք տեսնում ենք նաեւ, որ ունենք բավականին մատչելի, այդ մեգանախագծերի ֆինանսավորման պոտենցիալ, ինչը նոր եվրոբոնդերի հնարավոր թողարկումն է։ Այդ հարցն իհարկե պետք է քննարկել եւ կողմնորոշվել կոնկրետ նախագծերի իրականացման ուղղությամբ։
Իհարկե, լավ լուր է նաեւ այն, որ կառավարությունը Հայաստանի ներքին շուկայից նույնպես միջոցներ ներգրավվելու մեծ հնարավորություններ ունի եւ ներքին ռեսուրսները նույնպես կարող են կիրառվել այս նպատակի իրագործման համար։
Ամենակարեւորն այն է, որ Հայաստանում առկա է, շարունակում է պահպանվել բարձր տնտեսական տրամադրությունը, որը մեզ հույս է տալիս, որ մենք 2020—ին կմեծացնենք տնտեսական աճի մեր տեմպերը։ Այս առումով, ուզում եմ արձանագրել, որ միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունները վերագնահատել են մեր երկրի առաջիկա տարիների տնտեսական աճի կանխատեսումները եւ բոլորն աճը գնահատել են ավելի բարձր, քան նախկինում։ Մեզ մնում է այս ֆոնին լուծել օրենսդրական, կառուցակարգային, կառավարության արձագանքների արագության եւ արդյունավետության խնդիրներ։ Կարող ենք արձանագրել, որ այն դաշտը, որի վրա պետք է կառուցվի նոր տնտեսական հարաբերությունը՝ պատրաստ է»,–ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի անդամ բոլոր այն ընկերություններին, գործարարներին, որոնք մեր երկրում արդյունք են ստեղծում, հարկեր են վճարում եւ նպաստում Հայաստանի տնտեսական զարգացմանը։
«Առաջին օրերից մեր կառավարության խնդիրներից մեկն է եղել գործարար հասկացության կերպարը, ընկալումը, իմիջը փոխելը։ Եվ կարծում եմ՝ այդ առումով նույնպես ՀՀ—ում էական փոփոխություններ կան եւ գործարարն ամեն օրվա հետ նոր իմիջ, նոր համարում է ձեռք բերում, մանավանդ այն համատեքստում, երբ տեսնում ենք, որ պետական բյուջեի եկամուտներն աճում են։ Դրանք աճում են այն բանի շնորհիվ, որ կառավարությունը պայքարում է ստվերի դեմ, տնտեսությունը խթանող որոշակի գործիքներ է կիրառում։ Բայց, անկախ ամեն ինչից, այդ հարկերը հավաքվում են առաջին հերթին նրա արդյունքում, որ կան ընկերություններ, գործարարներ, մարդիկ, ովքեր ստեղծում են ավելացված արժեք եւ օրենքի առաջ հստակ, պարտաճանաչ կատարում են իրենց պարտականությունը։
Կարեւոր է, որ մեր հանրությունն այս պատճառահետեւանքային կապը վիզուալ տեսնի, դա է այն ճանապարը, որ մեր երկրում գործարարի իմիջը կփոխվի, որովհետեւ առանց գործարարության խթանման, առանց բիզնեսի նկատմամբ նոր վերաբերմունքի՝ այն, ինչ ուզում ենք անել՝ հնարավոր չի լինի իրականացնել։ Մանավանդ, որ անցել են այն ժամանակները, երբ տնտեսությունը կառուցվում էր մարդկանց այս կամ այն իրավունքների շահագործման վրա։ Ժամանակակից, ամենազարգացած ընկերությունները նրանք են, ովքեր սոցիալական պատասախանատվության երբեմն աննկարագրելի չափաբաժին են ներդնում իրենց գործունեության մեջ»,–նկատել է վարչապետ Փաշինյանը։
Այնուհետեւ կառավարության ղեկավարը պատասխանել է ՀԱԱՊ—ի գործարար համայնքին հետաքրքրող տնտեսությանը, կրթությանը, գիտությանը, առողջապահությանը, զբոսաշրջությանը, հարկային վարչարարությանն ու բարեփոխումներին վերաբերող հարցերին։

15-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO