Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում

Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ է, որ թուրք—սիրիական հակամարտությունը, անգամ զինադադարի փուլում գտնվելով, շարունակում է ազդել տարածաշրջանի մյուս հակամարտությունների վրա, ինչի մասին նշել ենք մեր հրապարակումներում։
Այդ հակամարտություններից երկուսում պարբերաբար սրացումներ եղել են դեռ մինչեւ հոկտեմբերին տեղի ունեցած թուրք—սիրիական ռազմական ընդհարումը, սակայն դրանք կարող են ծավալվել՝ հրահրվելով մեկ կետից ու մեկ նպատակի համար, այն է՝ տարածաշրջանի նոր աշխարհա—քաղաքական քարտեզի կյանքի կոչելը, որը սկիզբ կդառնա աշխարհի հերթական վերաձեւման համար։ Այս մասին եւս խոսել ենք։
Այդ երկու սրացումները մերթ ընդ մերթ տեղի են ունենում հայ—ադրբեջանական եւ իսրայելա—պաղեստինյան հակամարտություններում, որոնց լուծումը այս իրավիճակում դեռ տեսանելի չէ, պարզապես գերտերությունների միջնորդությամբ ու նաեւ միջամտությամբ հարաբերականորեն սառեցված են։
Անկարան եւ Բաքուն պետք է հասկանան, որ Արցախի հարցում հայության բացարձակ մեծամասնությունը ՀՀ—ում, ԱՀ—ում եւ սփյուռքում միակամ է եւ վճռական։ Այս նույն վճռականությամբ էլ, արդեն ասել ենք, սպասենք ռուս—թուրքական բարձր մակարդակի հանդիպման արդյունքներին Մոսկվայում, ինչը կնախանշի ինչպես ԱՄՆ—ի, ԵՄ—ի եւ ՌԴ—ի, այնպես էլ Թուրքիայի, Ադրբեջանի, մերձավորարեւելյան երկրների եւ, իհարկե, Հայաստանի հետագա քայլերը։
Տեղեկացրել ենք Իսրայելի ու Պաղեստինի վերջին ընդհարման մասին, երբ կողմերը հրթիռակոծեցին միմյանց տարածքներ, նաեւ Իսրայելի կողմից թռչող անտեսանելի սարք հրթիռակոծվեց Սիրիայի տարածքում։ Այստեղ իրավիճակը սրվել էր վերստին, երբ իսրայելական կողմը իր պետության մայրաքաղաքը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխեց, որը ոչ միայն Պաղեստինի, այլեւ արաբական երկրների կողմից խիստ բացասաբար ընդունվեց։ ԱՄՆ—ն առաջինը եղավ, որ իր դեսպանատունը տեղափոխեց Երուսաղեմ, ապա հետեւեցին մի շարք այլ երկրներ, հատկապես որ Իսրայելն առաջարկել էր իր միջոցներով կառուցել այն երկրների դեսպանատները, որոնք Թել Ավիվից կտեղափոխվեն։
Այնուհետեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ Սպիտակ տունը հրաժարվում է նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հայտարարությունից, ըստ որի՝ Արեւմտյան ափում եւ Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի բնակարանաշինական գործունեությունը համարվում էր միջազգային իրավունքի խախտում։ Ամերիկյան կողմը, փաստորեն, համաձայնել է մեկ այլ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դիրքորոշման հետ, որը վերահաստատել է գործող նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, թե 2016թ. դեկտեմբերին ԱՄՆ վարչակազմը, ի դեմս պետքարտուղար Ջոն Քերիի, փոխել է տասնամյակներ շարունակ երկու կուսակցությունների (հանրապետականների ու դեմոկրատների) կողմից աջակցություն ունեցող զգուշավոր մոտեցումը։
Միաժամանակ նշվել է, որ ԱՄՆ—ի կողմից իսրայելական բնակավայրերի ճանաչումը չի ազդում Պաղեստինի հետ սահմանի կարգավիճակի վրա։ Սահմանները պետք է որոշվեն կողմերի բանակցությունների միջոցով, բայց չգիտես ինչու՝ Մայք Պոմպեոն վստահություն է հայտնել, որ բազմամյա հակամարտության կարգավորումը մոտենում է։ Իսկ թե ինչ լուծում կլինի, այդ մասին՝ ոչ մի խոսք։
Այս հարցը մեզ շատ է հուզում, քանի որ հայ—ադրբեջանական ներկայիս սահմանները (հին սահմանների մասին էլ դեռ չենք խոսում) խախտված են հօգուտ Ադրբեջանի. Արցախի Սահմանադրությամբ նշված սահմանները ներառում են Շահումյանի շրջանն ու այլ տարածքներ, որոնք բռնազավթված են Ադրբեջանի կողմից։ Իհարկե, չպետք է մոռանանք, որ Հայաստանի Հանրապետության տարածքի մի հատված եւս զավթել են՝ Արծվաշենը։
Մտահոգիչ է այն իրողությունը, որ ցայսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միջազգայնորեն կարգավորող ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունները յուրաքանչյուր բախումից ու սադրանքից հետո երբեք մեղավոր կողմին չեն սաստում, միշտ դրվում է հավասարության նշան սադրիչ Ադրբեջանի եւ սադրանքին պատասխանած կողմ Հայաստանի միջեւ։ Թերեւս, մեկ անգամ կարելի է հիշել, որ այս 10—15 տարվա ընթացքում ԵԱՀԿ ՄԽ—ն զգուշացրել եւ կարգի հրավիրելու կոչով դիմել է Բաքվին իր հերթական հայտարարությունում։ Ցավոք, նման կեցվածք է որդեգրել նաեւ ՀԱՊԿ—ն, որի անդամ երկրները Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցներն են, սակայն այդ երկրների մի մասը նաեւ համաթուրքական դաշինքի անդամ են, որտեղ սերտորեն համագործակցում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։
Ահա թե որտեղից է բխում մեր մտահոգությունը։ Եվ եթե իսրայելա—պաղեստինյան հակամարտության օրինակով եւ իրադարձությունների զարգացմամբ պետք է նշվի, թե «բազմամյա հակամարտության կարգավորումը մոտենում է», ապա մեր մտահոգիչ հարցադրումը պետք է հավելյալ պարզաբանման արժանանա ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագահ երկրների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) կողմից։
Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, թե Պաղեստինը ինչ պայմաններում կգնա խնդրի վերջնական կարգավորմանը, այն էլ ամերիկյան լուծմամբ։ Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի գլխավոր քարտուղար Սայիբ Արիկատը դատապարտել է Հորդանան գետի Արեւմտյան ափի հրեական բնակավայրերի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը եւ մեղադրել է Վաշինգտոնին, որտեղից «մարտահրավեր է նետվել միջազգային իրավունքին՝ փորձելով խարխլել դրա հիմքերն ու փոխարինել միջազգային իրավունքը ջունգլիների օրենքներով»։ Եվ ինչպես Պաղեստինը, այնպես էլ արաբական մի շարք երկրներ կոչ են արել միջազգային հանրությանը միջոցառումներ ընդունել եւ պատասխանատվության ենթարկել ԱՄՆ վարչակազմին։
Այնպես որ, հայ—ադրբեջանական եւ իսրայելա—պաղեստինյան հակամարտությունները կարող են լուծում ստանալ (չբավարարված կողմերը ստիպված անորոշ ժամանակով կլռեն), թերեւս, այն դեպքում, երբ, ինչպես վերեւում նշեցինք, տարածաշրջանում առկա հակամարտությունները միաժամանակ սրվեն (նաեւ թուրք—սիրիականը. թուրք—քրդականը, արաբա—իրանականը, անգամ միջկրոնական (շիա—սունի) բախումները)։ Եվ տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական քարտեզ հայտնվի, որոշ երկրներ կազմաքանդվեն, որոշները վերաձեւվեն, որն էլ սկիզբ կդառնա արդեն աշխարհի հերթական վերաձեւման համար։ Այս մասին եւս խոսել ենք, խոսում են նաեւ միջազգային լրատվամիջոցները, շատերը Մերձավոր Արեւելքի իրադարձությունները համարում են 3—րդ համաշխարհային պատերազմի ընթացքը՝ նշելով, որ տասնյակ երկրներ են ներգրավված տարածաշրջանում առկա հակամարտությոնների մեջ, ինչը համաշխարհային բնույթ է տալիս այս տեղային պատերազմներին։ Նշվում է նաեւ, որ այսօր բացառվում է մեծածավալ եւ ռազմական ամբողջ հզորության կիրառմամբ պատերազմը, քանի որ բոլորն են հասկանում դրա անվերահսկելի ու վտանգավոր հեռանկարը։ Ուստի համարում են, որ արդեն ընթանում է նոր համաշխարհայինը, ինչը կավարտվի համաշխարհային բեւեռների համապատասխան փաստաթղթի ստորագրմամբ, եւ կազդարարվի նոր աշխարհակարգի մասին։
Եվ մեկ անգամ էլ կարեւորում ենք, որ մեր պետությունը, աշխարհասփյուռ հայությունը զգոն լինեն եւ համատեղ քայլերով ապահովեն մեր ներկայությունը այս ծավալումների ընթացքում այնպես, որ վերաձեւման—վերաբաժանման բոլոր տարբերակներում Հայաստանը կարողանա ստանձնել կարեւոր դեր եւ միջազգային պարտավորություններ՝ այս անգամ էլ համաշխարհային զարգացումներից դուրս չմնալու առումով։ Հայաստանի Հանրապետությունն այլեւս 100 տարի առաջվա պետությունը չէ՝ Առաջին աշխարհամարտից եւ ցեղասպանությունից թուլացած, ավելի հզոր է, կազմակերպված եւ ունի նաեւ կայացած բանակ, որը անհրաժեշտության դեպքում կարող է իր առջեւ դրված առաջադրանքները լուծել, առավել եւս, եթե այդ առաջադրանքները պետք է լուծել միեւնույն նպատակին գնացող դաշնակիցների հետ միասին։
Նշենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացի հետագա ծավալումը եւս ի հայտ կբերի մեր իրական դաշնակիցներին եւ վեր կհանի հայկական գործոնի նշանակությունն ու Հայաստանի հետագա քաղաքականությունը։

20-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO