Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով

Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Հայկական ԱԷԿ-ը մտադիր է իրականացնել աշխատած միջուկային վառելիքի (ԱՄՎ) կառավարման ի՛ր ծրագիրը. այս մասին նախորդիվ արդեն խոսել ենք։ Տեղեկացրել ենք նաեւ, որ կառավարությանը ենթակա միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ կոմիտեն 2000թ. ՀԱԷԿ-ին տվել է համապատասխան՝ չոր պահեստարանի շահագործման լիցենզիա 20 տարի ժամկետով, եւ արդեն հաջորդ տարի լրանում է դրա գործողության ժամկետը։
Ի՞նչ է լինելու հաջորդ տարի։ Պարզվում է՝ այդ լիցենզիան երկարաձգվելու է եւս 30 տարով։ Ինչու՞ է այսպես արվել։
Աշոտ Մարտիրոսյանը պարզաբանեց, որ լիցենզիան, ճիշտ է, 20 տարով է տրվել, բայց նմանատիպ չոր պահեստարանները նախապես հաշվարկված են եղել 50 տարվա համար։ Բանն այն է, որ մեր պահեստարանը ամերիկյան նախագիծ է, որ ֆրանսիական «Ֆրամատոմը» հարմարեցրել է, այսպես ասենք, մեր ատոմակայանի վառելիքի համար։ ԱՄՆ—ում այն NUHOMS—24 տիպի պահեստարան է, մերը NUHOMS—56 է (կրկնում ենք՝ հաշվարկված հենց ՋՋԷՌ տիպի ատոմակայանի վառելիքի համար)։ «Եվ մենք այս՝ նախապես 50 տարվա համար հաշվարկված տիպային պահեստարանների մասով շահագործման լիցենզիան 20 տարով ենք տվել,–ասաց միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը,–որպեսզի 20 տարի հետո ամփոփիչ հաշվետվություն ներկայացնեն վառելիքի վիճակի մասին, որ գտնվում է չոր պահեստարանում։ 30 տարով եւս կերկարացվի լիցենզիայի ժամկետը, բայց ոչ միանգամից, այլ 20 տարի եւ 10 տարի ժամանակահատվածներով, որ դարձյալ միջանկյալ հաշվետվություններ ունենանք»։
Ի դեպ, որպեսզի թյուրիմացություն չլինի ու չմտածենք, որ 20 տարի շարունակ հաշվետվություն չի լինում, Աշոտ Մարտիրոսյանը ընդգծեց. «Եռամսյակային լինում է»։ Եվ շարունակեց. «Բայց հիմա անվտանգության վերլուծության հաշվետվություն պետք է ներկայացնեն, որի հիմամբ էլ կտանք լիցենզիան։ Որպեսզի նաեւ հասկանանք՝ ինչ վիճակ է»։
Ու համապատկերում անհրաժեշտ տեղեկություն հաղորդենք։ Կոմիտեն հետեւում է ԱՄՆ—ում նմանատիպ չոր պահեստարանների անվտանգության վիճակին։ Պարզվում է՝ այստեղ կարողացել են հանել վառելիքը, ուսումնասիրել վիճակը 20 տարի պահելուց հետո եւ դրա հիման վրա եզրակացրել են, որ ոչ միայն 50, այլ մինչեւ 70 տարի նախագծային ռեսուրս ունի այդ չոր պահեստարանը։ Այն պահեստարանը, որի տիպով է կառուցված մերը։
Եվ լիցենզիան էլ է տրվելու ԱՄՆ օրինակով՝ փուլ առ փուլ՝ ամեն անգամ անվտանգության հաշվետվությունը ստուգելուց հետո։
Հիշեցնենք, որ նախկինում՝ մինչեւ 1990թ., Ռուսաստանն էր տանում ԱՄՎ—ն, սակայն ՀՀ շրջափակումը, ապա եւ ԽՍՀՄ փլուզումը նման փոխադրումները դարձրեցին տեխնիկապես անհնար։ Այսօր կա՞ ԱՄՎ—ի՝ Ռուսաստանի տարածք դուրսբերման հեռանկար։ Մեր հարցին ի պատասխան՝ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը պարզաբանեց, որ խնդիրը քաղաքական բնույթ ունի։
Բանն այն է, որ ԱՄՎ—ն կարելի է արտահանել բացառապես երկաթուղով։ Կարիք չկա բացատրելու, թե Ադրբեջանի տարածքով տանելու հավանականությունն ինչու է զրոյական։ Իսկ Վրաստանի տարածքով էլ այս պահին անհնար է՝ Աբխազիայում առկա խնդիրներով պայմանավորված։ Գիտենք, որ հիմա քննարկումներ են ընթանում ԱԳ նախարարությունների մակարդակով, բայց ոչ թե Հայաստանի ու Վրաստանի միջեւ, այլ՝ Վրաստանի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի մակարդակով (Շեյցարիան որպես միջնորդ)։
Իսկ թե ինչու միայն երկաթուղով, պատասխանը հստակ է։ «Երկաթուղով էր արվում, որովհետեւ հատուկ վագոններ են դրանք, որոնք ունեն հովացման համակարգեր, եւ վառելիքը առանց գերտաքանալու տեղափոխվում էր վերամշակման»,–նշվեց Ա. Մարտիրոսյանը։
Ասել է թե՝ մնացել ենք խնդրի քաղաքական լուծման հույսի՞ն։ Պարզվում է՝ ոչ մի բանի հույսին էլ չենք մնացել։ Ընդամենը ոլորտում պետք է մեր քայլերը գերհստակ ու գերճիշտ անենք։ Ինչը եւ արվում է։ Ըստ Աշոտ Մարտիրոսյանի, եթե ամեն ինչ արվի տեխնիկական անվտանգության պահանջներին համապատասխան, իսկ դա այդպես էլ կա, ապա ոչ մի խնդիր չի ծագի. «Դա պասիվ սիստեմ է, եւ չի պահանջում հատուկ շահագործում։ Այնպես է նախագծված, որ բնական ճանապարհով հովանում է եւ լրացուցիչ ոչ մի ակտիվ քայլեր չի պահանջում շահագործողի կողմից»։
Մեկ ճշտում. իսկ մենք պահեստարանում տեղ ունե՞նք՝ մինչեւ նորի կառուցումը։ «Այո, այո, ոչ մի խնդիր (ներկայումս պահեստարանը լցված է ընդամենը 20 տոկոսով,—Ա.Մ.)։ Երկուսը կա, 3—րդն էլ կկառուցվի մինչեւ 2023 թվականը, իսկ հետո արդեն կտեսնենք՝ այս նույն տիպը կշարունակվի՞, թե՞ հնարավոր է այլ տիպի պահեստարանի կառուցում»,—ամփոփեց Աշոտ Մարտիրոսյանը։
Իբրեւ վերջաբան՝ հավելենք. որպեսզի ավելի հասկանալի դառնա պահեստարանների կարեւորությունը, նշենք, որ դրանք անհրաժեշտ են լինում նույնիսկ այն ժամանակ, երբ էներգաբլոկները շահագործումից հանվում են։ Մի առիթով ասել եմ, որ էներգաբլոկը շահագործումից հանելը մեկ օրվա բան չէ, արտադրամաս չէ, սովորական շենք—շինություն չէ, որ դուռը կողպես—գնաս, զուգահեռ նորն էլ մեկ օրում չեն կառուցում, այսինքն՝ հինը շահագործումից հանելն ու նորը կառուցելը նախապես տարիների աշխատանք են պահանջում ու փոխկապակցված հարցեր ունեն։ Իսկ մեր պարագայում՝ կարեւոր են կրկնակի, երբ գործողի շահագործման ժամկետը երկարացնում ենք, զուգահեռ հայտարարում, որ Հայաստանը միջուկային էներգետիկայից չի հրաժարվելու։ Ճիշտ է, պարբերաբար արտաքին հատվածից անուղղակի, երբեմն էլ՝ նույնիսկ ուղղակի ճնշումներ լինում են, բայց փորձը ցույց է տվել, որ երբ Հայաստանը այս ոլորտում ամուր դիրքորոշումը չի փոխում, ճնշումներն էլ են դադարում...
Դեռ 9 տարի առաջ գործադիրը արձանագրային որոշմամբ հավանության էր արժանացրել ՀՀ—ում ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգը։ 2017թ. հավանության արժանացավ արդեն անվտանգ կառավարման ռազմավարությունը։ Այժմ էլ հաստատված է նաեւ մինչեւ 2026թ. միջոցառումների ծրագիրը։
Զուգահեռ՝ ԱԷՄԳ—ի ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման համընդհանուր սկզբունքները կիրառելի են բոլոր պետությունների համար եւ վերաբերվում են բոլոր տեսակի ռադիոակտիվ թափոններին ու ԱՄՎ—ին՝ անկախ դրանց բնույթից։ ՀՀ—ն լինելով ԱԷՄԳ—ի անդամ՝ պարտավորություն է ստանձնել ապահովել ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը։ Տեղեկացնենք, որ ըստ այդմ էլ ռադիոակտիվ թափոնների եւ ԱՄՎ—ի կառավարման բնագավառում ՀՀ քաղաքականությունը պետք է ապահովի ռադիոակտիվ թափոնների ու ԱՄՎ—ի կառավարման համապատասխանությունը ԱԷՄԳ—ի անվտանգության ստանդարտներով սահմանվող հետեւյալ հիմնարար սկզբունքներին. վնաս չհասցվի մարդկանց առողջությանը, վնաս չհասցվի շրջակա միջավայրին, ներառյալ բնական պաշարներին, ապագա սերունդների վրա ռադիոակտիվ թափոնների կանխատեսելի ազդեցությունն առնվազն չգերազանցի ներկա սերնդի վրա այդ ազդեցության ընդունելի մակարդակները, ապագա սերունդների վրա չդրվի չարդարացված լրացուցիչ բեռ։

20-11-2019





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO