Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ԼՂՀ


Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...

Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ Իրանի միջեւ

Սա Հայաստան է եւ վերջ…
Լեոնիդ Ազգալդյան

Արցախ աշխարհի Դիզակի մելիքությունը հարեւան Իրանին կապող ճանապարհին՝ Արաքսի վրա, դարեր շարունակ կանգուն է եղել Խուդափերինի (պարսկերենից՝ նշանակում է Աստվածաստեղծ) կամուրջը, որն ունեցել է 11 թռիչք, 130 մ երկարություն, 6 մ լայնություն, ջրի մակարդակից բարձր է 12 մ։ Արաբական եւ պարսկական աղբյուրներում կամուրջը վկայված է Հուդաֆերին, Խուդափերին անուններով։
Հայկական պատմագրության մեջ մինչեւ Ղարաբաղի խամսայությունների ձեւավորումը կամուրջը կոչվել է Քարավազ, որ բնիկ բառ է՝ կազմված քար+ա+վազ (վազող) արմատներից՝ «քարերի վրայով վազող, մագլցող, ցատկոտող» իմաստներով։ Կարծում ենք, տեղանքը Քարավազ է կոչվել մինչեւ կամուրջների կառուցումը, քանի որ, ինչպես նշվում է, կամուրջների թռիչքները նստած են բնական քարերի վրա. «հիմնարկուած է բնական վէմ քարերի վերայ», այսինքն՝ Քարավազ է կոչվել ոչ թե կամուրջների, այլ գետում եղած վեմ քարերի համար, որոնց վրայով հնարավոր է եղել անցնելը («վազել»). այսօր էլ հայերենի բարբառներում քարավազ են կոչվում գետի այն մասերը, որ գետի լայնությամբ առկա քարերով անցնելը հնարավոր է լինում։ Մշո բարբառի Ալաշկերտի խոսվածքում նույնպես կա «քարվազ» տերմինը։
Մանկությանս տարիներին մեր Գեղհովիտ (Գեղարքունիքի մարզ, Մարտունու շրջան) գյուղով անցնող գետի եւ մոտակա Արգիճիի սահանք տեղերում «քարվազներ» էինք կառուցում եւ ցատկելով քարերի վրայով, անցնում մյուս ափը։ Այժմ կամրջից ոչ հեռու մեծ ջրամբար է կառուցվել։ Մայր Արաքսն այս մասում հոսում է բլրակներով սեղմված կիրճով։ Կամուրջներ չհանդուրժող գետն այստեղ եւս կարողացել է կործանել, ըստ որոշ տեղեկությունների, դեռեւս 5—7—րդ դարում կառուցված 11 թաղերից (ըստ Սամվել Կարապետյանի «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքի. Երեւան, 1999թ., էջ՝ 242, այլ աղբյուրների։ Որոշ հեղինակներ նշում են թաղերի տարբեր թվեր՝ 9, 12) կազմված սրբատաշ ու կոփածո քարով, կրաշաղախով կերտված կամուրջը։ Այն տարբեր ժամանակներում վերակառուցվել է եւ ծառայել մարդուն։ Նշված կամրջից մոտ 800 մ ներքեւ ավելի ուշ՝ 17—րդ դարում, կառուցվել է 15 թաղերից կազմված, մոտ 150 մ երկարությամբ եւ 7 մ լայնությամբ մեկ այլ կամուրջ, որի համար որպես շինաքար օգտագործվել են ավելի փոքր չափերի քարեր եւ թրծված աղյուս։
Ծովի մակերեւույթից մոտ 250 մ բարձրությամբ տարածքում ձմեռը շատ կարճ է տեւում, եւ այստեղ մայիսի վերջին խոտն ամբողջությամբ չորանում եւ դեղնում է։ Բնական է՝ տարածքը հարմար է երթեւեկության համար, եւ այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ Իրանի միջեւ։ Իրանի Ղարադաղ լեռների այս մասի լեռնանցքը կոչվել է ԴՐՈՒՆՔ ՀԱՅՈՑ։ Գտնվում է Իրանի այժմյան Ահար (Ագար) բնակավայրից հյուսիս՝ Արաքսի աջ ափին։ Ավելի վաղ այն եղել է Մեծ Հայքի Վասպուրական աշխարհում, այս մասին հիշատակում է նաեւ Ստրաբոնը։ XIII դ. պարսիկ աշխարհագիր Զաքարիա (Համդալահ) Ղազվինին ԴՐՈՒՆՔ ՀԱՅՈՑ—ը կոչել է «Արմինիյան անցք»։ Այս լեռնանցքով է անցել Պարսկաստանից Խուդափերինի կամրջով եւ Երասխի ձախ ափին գտնվող Սյունիքի Նակորզան քաղաքը տանող առեւտրական ճանապարհը։
2016 թ. ամռանը Արցախի հանրային հեռուստատեսության «Մեր երկիրը» հաղորդաշարի հեղինակ, այժմ՝ Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի, օպերատոր Բենիամին Ղարախանյանի հետ հնարավորություն ունեցանք այցելել այստեղ, տեսնել կամուրջները, կատարել նկարահանումներ։ Տեղ հասնելուն մեզ աջակցեցին մեր եւ Իրանի սահմանապահները։ Ոլորապտույտ ճանապարհը երկար չէր, եւ շուտով գետի ափին ենք՝ Խուդափերինի վերին կամրջի մոտ։ Արդեն կառուցված ջրամբարում պղտոր Արաքսը մաքրվում է, զուլալ ու վճիտ ջուրը թափվում է ցած ու կոհակ—կոհակ շարունակում ճանապարհը՝ անցնելով թաղակապ կամրջի պահպանված 4 կամարների միջով ու հասնում ներքին կամրջին, որը կանգուն է, եւ այսօր էլ հնարավոր է անցնել նրանով, բայց մյուս ափն… Իրանն է։
Մակար Բարխուդարյանն «Արցախ» գրքում անդրադառնալով Խուդափերինին՝ գրում է. «Ամբողջ հինգ մղոն է Ջաբրայէլից մինչեւ կամուրջս, որ շինուած է Երասխ գետի վերայ։ Գետս, որ ընկած է Դիռի երկու սարերի մէջ, հետզհետէ դարերի ընթացքում կտրած է ապառաժ սայլ քարերը եւ խորացրած ու սեղմած իւր յատակը։ Երկու կամուրջ կայ այստեղ—Վերին եւ Ներքին։ Խիստ հնաշէն եւ համակ սրբատաշ քարով շինուած է Վերին կամուրջն, որ ունի ինն աչք, որոց ոտքերն հաստատուած են բնութենաստեղծ վէմ քարերի վերայ։ Աչքերի կամարներից կանգուն են չորսն եւ քանդուած՝ հինգն։ Իսկ վարի կամուրջ հիմնարկուած է նոյնպես բնական վէմ քարերի վերայ, որ ունի տասնեւհինգ աչք, որոց ոտքերն շինուած են քարով եւ թաղերն թրծեալ աղիւսով եւ կրաշաղախ ցեխով։ Վերջին կամրջիս ձախ կողմի դրան կանգնած են Ռուսաց սահմանապահ զինուորականներ, իսկ աջ կողմում՝ Պարսից սահմանապահներն, քանզի գետս է երկու տէրությանցս այժմեան սահմանագլուխն։ Խուդափիրին կամրջի հիւսիսային հանդէպ է Դիռի սարն, որի վերայ կայ աւերակ գիւղատեղի, հանգստարան եւ եկեղեցի, որ այժմ ուխտատեղի արած են մահմետականք եւ կոչում են Մազան—նանէ։ Շրջապարիսպ ունեցած է եկեղեցիս, բայց այժմ աւերուած է։ Ասում են, թէ Հին—Թաղլարի ժողովուրդն տեղափոխուած է աւերակ գիւղիցս» (Մակար Բարխուդարյան, «Արցախ», Բագու,1895թ, վերահրատարակված՝ Ստեփանակերտ, 1995թ. եւ Երեւան, 1996 թ., էջ 41)։
Ղեւոնդ Ալիշանը նույնպես անդրադարձել է պատմական այս կամրջին՝ գրելով. «Խյուտաֆերիյնի մոտ (այս գյուղն այժմ ավերակ է), Առանի եւ Ատրպատականի միջեւ կա անվանի մի կամուրջ՝ 12 հաստկառույց կամարներով, որոնցից երեքը քանդել է Ղարաբաղի Իբրահիմ խանը, որոնք հետո նորոգել են ռուսները։ Կամրջի մոտ են Առաքելիս հայոց գյուղն ու մաքրատունը։ Կամուրջի հզոր կառուցվածքը եւ նրա վրայով պատվական քարավանների անցնելը կամուրջին շնորհել են պարսից այդ անունը, որ նշանակում է Աստվածաստեղծ» (Ղեւոնդ Ալիշան, «Արցախ», Երեւան, 1993 թ., էջ 121)։
Հայ մատենագրության մեջ Քարավազին կամ Խուդափերինին առաջիններից անդրադարձել է 13—րդ դարի պատմիչ, հոգեւորական Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում։ «Հայր Գյուտի եւ Քրիստոսասերի համառոտ պատմությունը եւ Երասխի ափի վանքի կառուցումը» ԻԱ գլխում գրում է. «Եվ երիտասարդին զորախմբից Եվստաթեւի նման բաժանելով՝ եկավ, բերեց մինչեւ Երասխի եզրը, Քարավազ կոչված տեղը, որը ջուրը երեք մասի է բաժանում» (Երեւան, 1986 թ., էջ 115)։ Ս. Օրբելյանի նշած Քարավազի՝ Սեւսարի շրջակայքում կառուցված եւ «երկրորդ Երուսաղեմ» կոչված սրբավայրի մասին բանավոր հիշատակություններ գրեթե չեն պահպանվել։ Ադրբեջանական բանահյուսության մեջ, սակայն, պահպանվել է մի ասույթ («Քամար գոշմար»՝ «Վազող կամար») այստեղի սրբի զորության մասին, որի քարերը տեղափոխելու եւ Արաքսը նետելու պատճառով սուրբը պատժել է։ Ահա Ս. Օրբելյանը նույն պատմության մասին վկայում է. «Ապա Բարգուշատում մեռնում են Վաչագան եւ Աբկ Աբաս թագավորները։ Եվ Վռամշապուհի (Պարսից թագավոր) թուռն այդ լսելով բազմաթիվ զորքով գալիս ու առավոտյան հանկարծակի մտնում է վանքը, կոտորում կրոնավորներին։ Ավագագույններին կապում են, եկեղեցին քանդում, հիմնահատակ կործանում, քարն էլ թափում են գետը» (Ս. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 118)։
Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպում նույնպես հիշատակվում է այս պատմական կամրջի մասին։ 1730 թ. Մեղրիից վերադառնալով, որտեղ հերթական հաղթանակն էր տարել թուրքերի դեմ, Մխիթարը կանգ է առնում Խնձորեսկում, մելիք Բարխուդարի ապարանքում, որտեղ էլ դավադրաբար սպանվում է նույն մելիք Բարխուդարի որդու՝ Միհրանի եւ մի քանի դավաճանների կողմից։ Գլխատելով Մխիթարի դիակը, դավաճանները սլանում են Թավրիզ, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Աբդուլլահ փաշան (գրավել էր գրեթե ամբողջ Պարսկաստանը)։ Դավաճանների հետեւից Թավրիզ է գնում նաեւ Գոհարը՝ Մելիք Բարխուդարի դուստրը՝ փրկելու սիրած տղամարդու գլուխը խայտառակությունից (Աբդուլլահը շատ մեծ գլխագին էր նշանակել Մխիթարի գլխի համար)։
Աբդուլլահը, հարգելով Գոհարի զգացմունքը եւ քաջությունը, նրան է հանձնում Մխիթարի գլուխը եւ դավաճաններին։ Գոհարը վերադարձի ճանապարհին, Արաքսի Խուդափերին կամրջին մի–մի ծանր քար է կապել տալիս դավաճան եղբոր եւ մյուս դավաճանների վզներից եւ գցում գետը։ Մխիթարի մարմինը թաղված է Խնձորեսկում, նրանից քիչ հեռու գտնվում է Գոհարի գերեզմանը։ Հետաքրքիր է Հովհ. Շիրազի հետեւյալ տողը «Սիամանթո եւ Խաջեզարե» պոեմից. «Հասավ—անցավ մայր Արաքսն էլ՝ Խուդափերին կամուրջով…»։ Այսօր ընդամենը հուշարձան է պատմական կամուրջը, որը, չնայած ավերված վիճակում, հրաշալի է ու գեղեցիկ՝ կապուտակ ջրերի մեջ։ Ներքին կամուրջը, որ կանգուն է ամբողջությամբ, գրեթե չի գործածվում։ Մոշի եւ այլ մացառների թփերը փակել են կամուրջ տանող ճանապարհը։ Մոտակա գյուղն էլ է ավերակ։ Հեռվից ենք կարողանում նկարահանել։ Այնուամենայնիվ՝ զգացվում է, որ ժամանակին այն եղել է կարեւոր կամուրջ։
Ինչպես գրում են Ալիշանը, Մակար Բարխուդարյանը, Րաֆֆին, Առաքել Դավրիժեցին եւ շատերը՝ 18—20—րդ դարերում տարածքում եղել են Հայոց ավերակ բնակավայրեր ու եկեղեցիներ։ Խորհրդային տարիներին, երբ տարածքում՝ Ադրբեջանի կազմում, ստեղծվում է Ջաբրաիլի շրջանը՝ հայոց բնակավայրերի տեղում, նշված եկեղեցիներն ամբողջովին ավերվում են, հետքերը չեն պահպանվել։ Ավարտելով մեր աշխատանքը՝ հրաժեշտ տվեցինք Արաքսին ու նրա երկու ափերն իրար կապող կամուրջներին՝ հավատով, որ մոտ ժամանակներս ավերակներից նորից կհառնեն հնադարյան մեր շեները։ Այդ են վկայում Հադրութի շրջանի Առաջամուղը, Արաքսավանը, Մեխակավանը, Քաշաթաղի շրջանի Միջնավանը, Կովսականը, Աղաձորն ու Իշխանաձորը եւ այլն։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

20-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO