Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Լեւոն Շանթ-150

«Վայելքներու վայելքն է աշխատանքը»

Լեւոն Շանթի այս խոսքը նրա կենսափիլիսոփայության ամենաստույգ բնութագրումն է, լավագույն բացատրությունը լայնածավալ եւ պատկառազդու արարչագործական կարողության բազում ասպարեզներում՝ քնարերգու, թատերագիր, վիպասան, բանասեր-գիտնական։ Պատասխանելով սեփական հարցին, թե մարդիկ առհասարակ ինչու են գրում, Շանթը նշում է «այն պարզ իրողությունը, որ լեցված հոգին ներքին, բնական պահանջ ունի թափվելու, հոսելու, զեղումի», ապա հավելում «հրապույր ունեցող դրդիչներ», առաջին հերթին՝ ստեղծագործական աշխատանքից հաճույքը, «երբ մանավանդ ներքին հոգեկան առատութենե ինքնաբուխ կհոսի». «Ինչքան խո՜ր ու լա՜յն կարողանա, ինչքան բա՜րձր հաջողի, այնքան ալ մեծ կըլլա ավելի խոր թռիչքներու պահանջը, ավելի նոր ու ավելի համարձակ ձեռնարկներու ձգտումը։ Գրելը, հորինելը, ստեղծագործելը կդառնա իր գործն ու արվեստը, կյանքի իմաստ ու ոգեւորություն»։
Եթե կրկնենք հարցը, այս անգամ՝ թե ինչու ենք կարդում Լեւոն Շանթ, ապա պատասխանն աներկբա է՝ իմաստալից կյանք ապրած խանդավառ ստեղծագործողի ժառանգությունը մեզ սովորեցնում է ոգեղեն կյանքով ապրելու գաղտնիքը, մղում է խոր մտորումների, դառնում է վեհ եւ վեհացնող հույզերի աղբյուր։
Կողմ լինելով մարդկանց համակեցության ժողովրդավարական կառավարմանը՝ Լեւոն Շանթը միաժամանակ խիստ դեմ է եղել կոպիտ հավասարարությանը, անհատների եւ ժողովուրդների միջեւ էական տարբերությունների անտեսմանը։ Նրա համոզմամբ՝ քաղաքակրթության զարգացումը նաեւ անհատի «ես»—ի առավել զարգացումն է, անհատական ձիրքերի ծաղկումը, սեփական ինքնության գիտակցման խորացումը։ Թերատ կրթությամբ, զարգացման ցածր մակարդակի մարդիկ եւ հանրույթները շատ ավելի ընդհանրություն ունեն, նման են միմյանց, այնինչ զարգացումը նպաստում է տարբերակման խորացմանը. «Ինչքան ավելի զարգացած է մարդը, կրթություն ստացած, կարդացած, մտածած, ինչքան հարստացած է իր հոգին բազմակողմանի շփումներով, փորձառությամբ, լայն տեղյակությամբ ու նուրբ զգայություններով, ինչքան շատ է ապրած, կրած, աշխատած ու ստեղծած, ինչքան շատ են մարզված իր այս կամ այն ընդունակությունները, այնքան ավելի շեշտված եւ ուժեղ են իր մեջ իր անհատական առանձնահատկությունները։ Ի՛ր ճաշակը, ի՛ր սերերը, ի՛ր կարծիքները, ի՛ր դատումը, ի՛ր վճիռը, ի՛ր ըրածը, ի՛ր ըսածը, ի՛ր ձգտածը, ամեն ինչ իր վրա կկրե իր ինքնության կնիքը, եւ իր մեջ ամենեն ավելի իր գնահատած բանը իր ես—ի անկախությունն է»։
Այստեղից ոմանք եզրակացնում են Շանթին բնորոշ անհատապաշտության մասին, թեպետ այդ փիլիսոփայության հիմնավորումը տրամաբանորեն պիտի ավարտվեր «մաքառող միայնակի», անհատի եւ հանրության բեւեռացման, կենսական գոյության պայքարում ուժապաշտության եւ սոցիալ—դարվինականության այլ դրույթների հիմնավորմամբ։ Շանթի գեղարվեստական գործերում, իհարկե, շատ են անդուլ մաքառող հզոր անհատները, իշխանության համար անզիջում պայքարի նկարագրությունները, հանրային կարծիքի քարացած պատկերացումների դեմ ընդվզող կերպարները, այդուհանդերձ, նրա փիլիսոփայությունը կարող ենք հակիրճ բնութագրել որպես ոչ թե միայնակ հերոսի, այլ ազգային հավաքականության փիլիսոփայություն։
Անհատի եւ հանրության փոխադարձ կապի պարզաբանումը Շանթը սկսում է մի տպավորիչ համեմատությամբ, թե «անհատը, իր ազգեն կտրված, նույնն է, ինչ բառը նախադասութեն դուրս»։ Առանձնացվում է երկու պահ. նախ՝ անհատը լիարժեք անձ է դառնում վճռորոշ երեք գործոնների՝ ընտանիքի, դպրոցի ու միջավայրի շնորհիվ, ուստի եւ անհերքելի ճշմարտություն է անհատական տաղանդի հանրային եւ ազգամշակութային պատճառակցումը, ապա՝ ինչ բարձունքների էլ հասնի անհատը, նրա ինքնագնահատականի հիմքում հարազատ միջավայրից դրվատանքի ակնկալիքն է. «Եվ ինչպես որ անհատի մը ֆիզիքական ու հոգեկան ուժերը իր ժողովուրդեն է, որ կբխին, այնպես ալ այս աշխարհիս երեսին անհատի մը մեծագույն մխիթարությունն ու հպարտությունը կբխին նույն ժողովուրդին եւ նույն ժողովրդի քաղաքակրթությանը ծառայած ըլլալու գիտակցութենեն»։
Անհատն էլ է հակադարձ ազդեցություն թողնում միջավայրի վրա. Շանթը գեղեցիկ է բնորոշում, թե ամեն մեկիս հատուկ «հոգեկան—անհատական ճառագայթումը» գունավորում է մեր անմիջական շրջապատը, դրսեւորվում մեր հանրային վարքագծի մեջ. «Մեր այդ ներքինը կազդե նաեւ ու գույն կուտա մեր ունեցած դիրքին, մեր աշխատանքին ու մեր տնտեսական վիճակին. ինչպես եւ ինքը կազդվի այդ բոլորեն եւ մեր ամբողջ շրջապատեն»։
Այս տեսական կառույցի շրջանակներում Լեւոն Շանթը իր տարբերակն է առաջարկում մարդու կյանքի իմաստի փիլիսոփայական հինավուրց հարցի լուծման։ Իհարկե, կյանքը վաղանցիկ է. ամենահզոր կամ արժանավոր անհատն իսկ, թեկուզ մեծամեծ առաքինությունների եւ արարումների տեր, անխուսափելիորեն անցյալ է դառնում։ Եվ ուրեմն որքա՛ն ունայն է կյանքը. զուր չէ, որ հազարավոր տողեր են գրվել «ունայնություն ունայնությանց» վհատեցնող արձանագրումով։ Շանթն էլ է ասում՝ ամեն մեկիս կյանքը վառվում ու անցնում է՝ մոխիր թողնելով։ Բայց նրա լուծումը բնավ էլ հոռետեսական չէ՝ անհատի կյանքն ու գործը իմաստալից են, քանի որ ընդհանուրի մասն են. «Մեծ ու բարդ ամբողջության մը պատկանելու զգացումը եւ այդ ամբողջության թափած հարատեւ ճիգերուն ու ջանքերուն համար վառված ըլլալու գիտակցությունն է, որ ավելի խոր իմաստ ու տեւականություն կուտա մեր կատարած աշխատանքին, որով եւ ավելի արժեք ու տեւականություն՝ մեր անհատական կյանքին»։
Արդ, պատահական չէ անհատի ինքնակատարելագործման դիտարկումը աշխատանքի անձնային—հոգեբանական կողմի մասին Շանթի հայեցակարգի շրջանակներում։ Գրեթե անտեսվող այդ կողմը, գրում է նա, անվանում ենք «հակում, կոչում, սեր, ոգեւորություն որոշ գործի մը համար, անհատական շնորհք ու հարմարություն այս ու այն աշխատանքին համար»։ Նկատենք, որ սակավ հեղինակներ են Շանթի պես ըմբռնել աշխատանքի մարդկային իմաստը. «Սիրով կատարված գործ մը, սիրված աշխատանք մը աշխատանք ըլլալե ավելի հաճույք մըն է, ժամանց մը, զվարճություն մը, կյանքի ուրախություն մը, գուցե կյանքի ամենեն խոր ու տեւական ուրախությունը»։
Հարկադրանքն է աշխատանքը դարձնում ծանր, անցանկալի զբաղմունք։ Սա Շանթին հայտնի է, բայց նաեւ պնդում է, որ «աշխատանքի ազատագրումը»՝ ժամանակին ամենատարածված քաղաքական այդ կարգախոսի իմաստը, ինքնին ութժամյա աշխատանքային օրվա հաստատումը չէ։ Միտքը պարզաբանելիս Շանթը փաստորեն արձանագրում է «աշխատանքից օտարման» երեւույթը (թեպետ նման հասկացություն չի գործածում). աշխատանքը մարդու համար լինում է ձանձրալի, տառապանք, «ծանրություն ու սեւություն», քանի որ եւ քանի դեռ իրենը չի աշխատանքի արդյունքը, ինքը չի կառավարում սեփական գործունեությունը. դա սոսկ ապրուստի միջոց է, հարկադրված զբաղմունք։ Բայց եթե մարդն է իր աշխատանքի տերը, ինքն է նպատակադրման ինքնուրույն սուբյեկտը, աշխատանքի հոգեբանական ընկալումը եւ անհատի վարքագիծն արդեն այլափոխվում են. «Ձեր ութժամյա բոլոր պահանջներուն հակառակ, կաշխատի տասը ժամ եւ ավելի եւ կընդհատե ակամա, որովհետեւ կաշխատի ի՛ր գործին համար, ի՛ր նպատակներուն ու ծրագիրներուն համար, ի՛ր հառաջադիմությանը համար, իր կարողությունները գործադրելու պետքին ու հաճույքին համար, «գործի սիրուն համար», ինչպես որ կըսենք»։
Այդ դիրքորոշումն արդեն հուշում է, թե Շանթն ինչու է անվերապահորեն դեմ հավասարարական բաշխման փիլիսոփայությանը եւ սոցիալիզմի տնտեսական քաղաքականությանը. «Արդ՝ հանուն ի՞նչ սկզբունքի եւ ի՞նչ արդարության պիտի խլենք ջանասեր եւ ընդունակ աշխատավորին ձեռքեն իր աշխատանքին արդյունքը ու պիտի տանք նվազ աշխատողին կամ չաշխատողին. այս տեսակետեն դիտած համայնատիրությունը կամ ստացվածքի հավասարություն, ինչ ձեւի տակ ալ կուզե ըլլա, կնշանակե ծույլերու ու գեշ աշխատողներու թագավորություն»։
«Վայելքներու վայելքն է աշխատանքը», կրկնում է Լեւոն Շանթը, բայց եւ ցավով արձանագրում, որ մարդկությունն ապրում է տակավին «տաժանակիր աշխատանքի դարում», եւ որ իրականում շահամոլությունը, ագահությունը, «աքացելու ու իրար ձեռքե խլելու սպորտն» են գերիշխում։
Եվ ահա նա հույս եւ վստահություն է հայտնում, թե «վաղվան մարդկությունը» պակաս ենթարկված կլինի հափշտակելու եւ տիրելու մոլուցքին, ուստի եւ հակված կլինի դեպի նուրբ ու ազնիվ վայելքները. «Ապագայի մարդը, այսինքն՝ մեզմե ավելի մարդկային մարդը զարմանքով ու ապշությամբ ուսումնասիրե պիտի օր մը մեր արդի այս խելագար, հիվանդ ու անսանձ կիրքը, այս ամեն բան խլելու, ամենքեն հափշտակելու, ամենքը ոտքի տակ տալու, ամենուն զարնելու եւ ամեն ինչ իր ձեռքին մեջ հավաքելու արդի դիվային մոլուցքը։ Մինչդեռ ինչքա՜ն, ինչքա՜ն քիչ բան է հարկավոր ե՛ւ կուշտ ըլլալու, ե՛ւ առողջ, ե՛ւ հանգիստ ունենալու, ե՛ւ հոգեկան թռիչք, ե՛ւ ազատություն, ե՛ւ վայելք, եւ ամենուն համար, ամենուն»։
Անձի ինքնակատարելագործման մասին Լեւոն Շանթի դատողությունները, անտարակույս, համամարդկային արժեք ունեն եւ արդիական են։ Թե շատ ենք հեռու ապագայի մարդու մասին նրա պատկերացումից, բայց համաձայնենք, որ Շանթը ստույգ ուրվագծել է ցանկալի պատկերը, որն իրականություն կարող է դառնալ, եթե նախապես լինի մեր հոգում ու մտքում։
Ավելին, անձի ինքնակերտման եւ ինքնակատարելագործման փիլիսոփայությունը բնավ էլ վերացական մի կառույց չէ, այլ գործնական ուղեցույց, «ինքն իրեն ստեղծող» մարդու համար մեզ հայտնի տարատեսակ պատգամներից ու վարքականոններից, թերեւս, լավագույնը. «Խոր հավատք պետք է ունենաս, որ դուն մեծ արժեք մըն ես միշտ ե՛ւ կյանքի համար, ե՛ւ հանրության համար, ե՛ւ քուկիններուդ համար, ե՛ւ քեզի համար, ինչքան ալ կուզե լեցուն ըլլա աշխարհը ե՛ւ քեզմե բարձրերով, ե՛ւ քեզմե ցածրերով։ Ամեն մարդ ալ իր տեղը ունի եւ իր դերը։ Այսպես կմտածե առողջ հոգին, որ բնավ հուսահատիլ չգիտեր»։
Ահավասիկ ա՛յս կերպ է Լեւոն Շանթը տասնամյակների հեռվից առողջ հոգի, ինքնահարգանք, հույս ու հավատ ներշնչում իր ազգակիցներին, առաջարկում ապրելակերպի եւ գործելակերպի համապիտանի կանոններ։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր

03-12-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO