Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ԱՇԽԱՐՀ


Ռուս-ամերիկյան ճգնաժամը կվերաճի՞ սովետաամերիկյան սառը պատերազմի

Եվրոպան չի սրում հարաբերությունները Մոսկվայի հետ եւ չեզոք դիրքում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Վերջին ամիսներին հետզհետե ավելի են սրվում ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչը, իհարկե, դառնում է մտահոգիչ։ Ի վերջո, այս հարաբերություններից են կախված նաեւ համաշխարհային ռազմա-քաղաքական եւ տնտեսաքաղաքական կարգավորումներն ու ճգնաժամերը այս կամ այն տարածաշրջանում։ Իսկ մենք՝ հայերս, մեզ անհանգստացնող հակամարտություն ունենք, որը կարող է նաեւ լրացուցիչ ծավալումների հանգեցնել, եթե վերսկսվի արցախյան նոր պատերազմ։
Իհարկե, ռուս—ամերիկյան հարաբերություններն ընթանում են բացառապես տնտեսա—քաղաքական ուղղությամբ, սակայն միմյանց նկատմամբ մերթ ընդ մերթ արվող հայտարարությունները վկայում են, որ այսպես շարունակվելու դեպքում այն կարող է նաեւ ռազմա—քաղաքական ուղղություն ստանալ։
Պարզ է, որ սա չի կարելի համեմատել արդեն պատմության գիրկն անցած ԽՍՀՄ—ԱՄՆ հակամարտության հետ, երբ «սառը պատերազմ» ասվածն աշխարհը բաժանել էր երկու հակամարտ կողմերի, երբ նաեւ միջուկային պատերազմի վտանգ առաջացավ այս երկրների միջեւ։ Բայց, հուրախություն մարդկության, ամեն բան առանց միջուկային հարվածների ավարտվեց։ Ռուս—ամերիկյան ճգնաժամը դեռ նման վտանգներ չի պարունակում, չնայած մեկ անգամ չէ, որ տարիներ առաջ ՌԴ Պետդումայի փոխխոսնակի պաշտոնը ստանձնած, ազգայնամոլական դրսեւորումներ ունեցող Վլադիրմիր Ժիրինովսկին հայտարարում էր, որ Ռուսաստանին պետք չէ սպառնալ, քանի որ Մոսկվան ինքը կարող է սպառնալ բոլորին՝ միջուկային հարվածներ հասցնելով… Սա կարելի էր նաեւ լուրջ չհամարել, քանի որ այս քաղաքական գործիչը կարող է ամիսը մեկ փոխել իր քաղաքական կողմնորոշումը (մենք գոնե լավ գիտենք, թե ինչպես էր մի ամիս հայկական շահերից խոսում, մեկ այլ ամիս՝ ադրբեջանական կամ թուրքական շահերից)։ Բայց երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է իր հեռուստատեսային մի քանի ժամանոց հարց ու պատասխանի ժամանակ բացահայտորեն ի լուր աշխարհի հայտարարում, թե երբ զգա, որ Ռուսաստան այլեւս չի լինելու,  այս մոլորակի գոյությունը այլեւս չի հետաքրքրի իրեն… ապա հասկանալի է, որ լուրջ վտանգ կա։
Կարելի է մտածել, որ սա պարզապես լուրջ նախազգուշացում է Վաշինգտոնին, որ փորձում է տնտեսական պատժամիջոցներով սասանել Ռուսաստանի Դաշնության ամրությունը, բայց պետք է մտածել հնարավոր ամենավատ ծավալման մասին եւ նախապես կանխել հենց դրա կյանքի կոչվելու հնարավորությունը։ Ի վերջո, այսօր ոչ անմիջական, այլ աշխարհի տարբեր տարածաշրջաններում ընթացող տեղային բախումների մեջ առկա են ե՛ւ Սպիտակ տունը, ե՛ւ Կրեմլը։ Իսկ տեղային բախումների հետեւանքները, միեւնույն է, ծանր կլինեն ինչպես երկու կողմերի, այնպես էլ երրորդ կողմ շատ երկրների համար այս կամ այն տարածաշրջանում։
Չի բացառվում, որ սրացումները կարող են առնչվել նաեւ Վլադիրմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի անձնական պատկերացումների հետ։
Խոսքս այն մասին է, որ հեռանալով պետական բարձրագույն պաշտոնից՝ այս երկու գործիչները կփորձեն իրենց փոխարինողների համար ուժեղ դիրքեր ստանձնած ՌԴ եւ ԱՄՆ թողնել։ ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վալենտին Յումաշեւը ենթադրում է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հեռանալ պաշտոնից 2024թ.։ «Ես կարծում եմ, որ եթե այսօր հարցնեք նախագահից, նա 99 տոկոս վստահությամբ կասի, որ 2024—ին կհեռանա պաշտոնից»,–«Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ ասել է նա Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում։ Ապա մանրամասնել է. «Երբ նախագահը 1999թ. դեկտեմբերի 31—ին եկավ իշխանության, նախապես չէր ծրագրել այդքան երկար մնալ, վստահ էր, որ կմնա մեկ ժամկետ, իսկ եթե երկու, ապա աշխարհում կլինի ամենաերջանիկ մարդը, որ երկու ժամկետ ղեկավարելուց հետո վերջապես կհանգստանա, ինչպես եւ ուզում է…»։
Իսկ Դոնալդ Թրամփը կարող է լինել երկրի չորրորդ նախագահը, որին իմփիչմենտի է ենթարկում Կոնգրեսի ստորին պալատը։ Նրան պաշտոնանկ անելու եւ պաշտոնից ազատելու կողմնակիցների թիվը սկսել է աճել։ Այսօր այն 50 տոկոսի է վերաճել։ ԱՄՆ նախագահը մինչ այս էլ աչքի էր ընկնում կտրուկ հայտարարություններով ու քայլերով, անգամ իրեն ազգայնական գործիչ էր հռչակել, իսկ այսօր անվստահություն ստանալու շեմին կարող է մտածել կտրուկ քայլերի մասին, քանի որ պատրաստվում է մասնակցել ընտրություններին եւ կրկին հայտնվել ԱՄՆ նախագայի պաշտոնում։ Դոնալդ Թրամփի դեմ ընթացող իմպիչմենտի համապատկերին ծավալուն, գրեթե 500 էջանոց նոր զեկույցը հրապարակել է արդարադատության քարտուղարության գլխավոր տեսուչը։ Քննության պատճառ էին դարձել բյուրոյի կողմից 2016թ. Թրամփի նախընտրական արշավի ժամանակ իրականացված մի շարք օպերատիվ գործողություններ, որոնք նախագահն անվանում էր նախընտրական քաղաքական հետապնդում։
Ինչեւէ, չխորանալով մանրամասների մեջ՝ վերահաստատենք, որ ինչպես ՌԴ, այնպես էլ ԱՄՆ նախագահների հաջորդ վերընտրության հարցը այլեւս կասկածելի է, եւ նրանք իրենց հաջորդին պետք է թողնեն աշխարհի ուժեղագույն երկիրը։ Իսկ ուժեղը մեկն է լինում։ Եվ այստեղ է, որ վերեւում նշված վտանգները կարող են ի հայտ գալ շատ անսպասելի, ու աշխարհը հիշի ԽՍՀՄ—ԱՄՆ միջուկային հնարավոր պատերազմի մասին։ Եթե ռուս—ամերիկյանը եւս ավարտվի «սառը պատերազմ» հայտարարելով, ապա սա կլինի չարյաց փոքրագույնը, բայց հաստատ կվնասի համաշխարհային քաղաքականության՝ դրական գործելու ուղղությունը։
Հայաստանի դեպքում կասենք, որ մեր երկրի արտաքին փոխլրացնող քաղաքականությունը եւս կհանդիպի կոշտ արգելքների, գուցե նորից առաջ գա «կամ, կամ—ի» ու «եւ, եւ—ի» ընտրության հարցը, որն այսօր հաջողությամբ ընթանում է «եւ, եւ—ի» նախընտրելի տարբերակով, որը տարածաշրջանում ավելի մեծ հնարավորություններ է բացել հայկական շահերի միջազգայնացման համար։ ՀՀ—ն հաջողությամբ է համագործակցում ԵԱՏՄ—ի եւ ԵՄ—ի, ՀԱՊԿ—ի եւ ՆԱՏՕ—ի հետ, սակայն ռուս—ամերիկյան հակամարտության վատթարացումը հաստատ լրջորեն կխոչընդոտի այս հնարավորությունների շարունակականությանը։
Ավելին, հայ—չինական եւ հայ—իրանական հարաբերությունները եւս կտուժեն։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Համաշխարհային բանկը պետք է դադարեցնի Չինաստանին վարկ տալ։ «Ինչո՞ւ է Համաշխարհային բանկը գումարային միջոցներ հատկացնում Չինաստանին։ Մի՞թե դա հնարավոր է։ Չինաստանը շատ փող ունի, իսկ եթե ոչ, նրանք դա ստեղծում են։ Դադարեցրեք»,–ասել է ԱՄՆ նախագահը, ապա հավելել, որ Չինաստանն ու ԱՄՆ—ն ավելի քան մեկ տարի գտնվում են «առեւտրային պատերազմի» մեջ, իսկ առեւտրային վեճը բացասաբար է անդրադառնում ընդհանուր տնտեսական աճի վրա։
Լարված են նաեւ իրանա—ամերիկյան հարաբերությունները, անգամ չի բացառվում ռազմական բախումը, որին ձգտում է նաեւ Իսրայելը, որն իր հարվածային ռազմատեխնիկան տեղադրել է Ադրբեջանում։ Իրանական կողմը եւս ռազմագոչ հայտարարություններ է անում, սակայն օրերս ԱՄՆ—ն ու Իրանը գերիներ են փոխանակել՝ այն համարելով հաշտության գնալու նշան։ Գերիների փոխանակությունն արվել է Շվեյցարիայի հովանու ներքո։ ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, թե իրենք պատրաստ են ԱՄՆ—ի հետ գերիների լիակատար փոխանակություն իրականացնել, եւ «գնդակն այժմ ԱՄՆ—ի դաշտում է»։
Հուսանք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԱՄՆ երեկվա այցը կփարատի մեր մտահոգությունները, եւ խաղաղ բանակցությունները կդառնան հարաբերությունների կարգավորման երաշխիք։
Անգամ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն է դիմել Մոսկվային ու Վաշինգտոնին, որ երկուստեք պետք է անեն հնարավորը, որպեսզի «թույլ չտան նոր սառը պատերազմ, որը կարող է հասնել տաք աստիճանի եւ հանգեցնել ամբողջ քաղաքակրթության կործանմանը»։
ԽՍՀՄ նախկին նախագահի (ով նաեւ ԽՍՀՄ կազմաքանդման գլխավոր դերակատարն է) խոսքով՝ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունից հրաժարվելը մեծ սխալ կլինի, քանի որ նման գործողությունների իրական նպատակը պետք է լինի հրաժարումը միջուկային զենքից։ Բայց, ինչպես նաեւ մենք ենք նկատում, այժմ Կրեմլն ու Սպիտակ տունը այդ նպատակի իրականացումից հեռու են, քանի որ չկա փոխվստահություն։ Ավելին՝ ինչպես նախկին խորհրդային ղեկավարն է նկատել, «հիմա երկու երկրի հարաբերություններն ավելի վատ են, քան երբեւէ եղել են սառը պատերազմի ավարտից հետո»։
Այս համապատկերում մտահոգիչ է նաեւ ԵՄ-ԱՄՆ արտաքին քաղաքական հարցերում հարաբերությունների լարումը եւ ՆԱՏՕ-ի ներքին լարվածության աճը։ Այս խնդիրներին եւս կանդրադառնանք։

11-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO