Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Միքայել Նալբանդյան-190

«Լուսավորության տաճարը պիտի կառուցանվի ամբողջ ազգի ձեռքով»

«Ազգության հրապարակախոս». Միքայել Նալբանդյանին առավելագույնս հակիրճ եւ ստույգ է բնութագրել ականավոր գրականագետ Արսեն Տերտերյանը։ Հավելենք՝ անկեղծ ու անվախ հրապարակախոս, ազգային կյանքի իրողությունների եւ դրա տեսական արտացոլումների անաչառ վերլուծաբան ու անկաշառ քննադատ, հայոց քաղաքական, տնտեսական, հոգեւոր եւ բարոյական վերածննդի ուղիների գիտակ ու ջատագով։ Եվ բացարձակ ճշմարտություն է այն ինքնաբնութագրումը, երբ վիճաբանական խոսքի պաթոսի ազդեցությամբ Միք. Նալբանդյանը հարկադրված է եղել ասելու, թե «ազգի վնասը եւ օգուտը ավելի մեծ կշիռ ունի մեր աչքումը, քան մեր անձնականը», եւ որ «Ճշմարիտ եւ անխարդախ սիրով սիրելով մեր ազգը»՝ իր առաքելությունն ու պարտքն է համարում «ճշմարտության դրոշակը բարձրացնելը», հանդես գալու որպես «պաշտոնյա ճշմարտության» ընդդեմ անարդարությունների, կեղծիքի, նախանձի, բանսարկությունների, խավարամոլության, հայոց առաջընթացը խաթարող մյուս երեւույթների։
Հայ շատ հեղինակների պես Միք. Նալբանդյանը դառնությամբ արձանագրել է հայոց անմիաբանության հանգամանքը՝ դրա պատճառը համարելով անհատապաշտության պառակտիչ ոգին. «Մեր ազգի անդամքը ամենեքյան համարում են յուրյանց անձը մասնավոր, ազգը դարձել է մի վերացականություն. եւ այդ է պատճառը, որ ազգի հառաջադիմության սայլը ընկած մնում է ճանապարհի վերա, որովհետեւ ամենայն մարդ, մասնավոր համարելով յուրյան, սիրտ չունի մոտենալ եւ ձգել տանել սայլը.... Ահա մեր ցավը, մեր խոցը, մեր վիշտը»։
Հայ ժողովրդի պատմության մեջ սա դարեդար կրկնվող արձանագրություն է, իհարկե, բայց կսխալվենք, եթե Միք. Նալբանդյանին աճապարանոք դասենք «հայոց ողբի» հեղինակների շարքը։ Բնավ այդպես չէ։ Գիտակցելով հանդերձ հայոց անմիաբանության խորքային պատճառները, հանգամանորեն քննարկելով դրանց քաղաքական, տնտեսական, բարոյական, հոգեբանական եւ մյուս կողմերը՝ նա միանգամայն վստահ է ազգային զգացումի՝ «ձգտողության» անհաղթահարելի ուժի մեջ, եւ դա շարադրում է տպավորիչ համեմատությամբ. «Չէ կարելի լինել կատարյալ քրիստոնյա, բայց մարդու պարտականությունն է միշտ վազել դեպի այդ գաղափարը։ Ազգին անհրաժեշտ է ինքնուրույն գործականություն, եւ ազգի բարոյական հաղթությունը կատարվում է ամբողջ ազգի ձեռքով»։
Ազգովի միաբանվելու կոչը ինքնին վերացական է, ամուլ ցանկություն, քանի դեռ չի որոշակիացվում՝ միաբանություն հանուն ինչի՞։ Միք. Նալբանդյանի պատասխանը հստակ է, ինչի շնորհիվ կուռ եւ հետեւողական է նրա հայեցակարգը՝ միաբանություն հանուն համազգային լուսավորության, լուսավորյալ ազգ դառնալու նպատակի։ Ահա թե ինչու միաբանության ապահովումը նրա համար ոչ թե մտացածին հարցադրում է, այլ գործնական լուծում պահանջող գերագույն խնդիր։
Եվ դա «համազգային» է ոչ միայն որպես նպատակ, այլեւ գործողության կառուցակարգ. Նալբանդյանը նկատի ունի ժողովրդի եւ մտավորականների՝ «բանագետ մարդկանց», համագործակցության անհրաժեշտությունը։ Դա պարզորոշ ձեւակերպված է հայերեն հրապարակումները ժողովրդի լայն շերտերին հնարավորինս ըմբռնելի, մատչելի դարձնելու հիմնախնդրի հիմնավորումներում։ Համազգային կրթությունը պիտի լինի կողմերի կամքի եւ հոգու ագուցման արգասիք. քանզի «հեղինակն առանց ժողովրդեան եւ ժողովուրդն առանց հեղինակի չզօրեն ինչ առնել, այլ միացեալ ի կամս եւ հոգի բազում ինչ ի լուսաւորութիւն համազգեաց»։
Միեւնույն ժամանակ, Միք. Նալբանդյանը դեմ է եղել ազգը գիտուն եւ տգետ «բաժինների» տրոհելուն, որից բխում է ազգը սոսկ իր մտավորականության հետ նույնացնող մերիտոկրատական պատրանքը։ Այդ երկու կողմի միջեւ, ինչպես, օրինակ, հեղինակի եւ ընթերցողի, կա հարակցություն, որով ապահովվում է թե՛ ազգային ընդհանրության զգացումը եւ թե՛ համազգային զորության աճը։ Կարծեք խաղարկելով «Ասողին լսող է պետք» ասացվածքը՝ Նալբանդյանը ուշագրավ դատողություններ է անում կողմերի ներքին կապի, յուրատեսակ դիալեկտիկայի մասին։ Կամոքն նախախնամության՝ մարդկանց մի մասն օժտված է սովորեցնելու, կրթելու, «հասկացնելու» կարողությամբ, մյուսները՝ «ականջ դնելու եւ հասկանալու»։ Բայց վերջիններս բնավ էլ կրավորական դերակատար չեն. «....Ազգի ականջ դնող բաժինը մի սպիտակ թուղթ չէ, որ չգիտեր եւ չէր կարող դատել, թե ինչ են գրում յուր վերա։ Ականջ դնողը շատ բան տալիս է հասկացնողին. նա շատ անգամ ոգեւորում է սորան։ Ե՛վ խոսողը, ե՛ւ լսողը կատարում են մի հասարակաց գործ, մինը՝ խելացի կերպով տալով, իսկ մյուսը՝ խելացի կերպով ընդունելով. նորանց կապում է մի հասարակաց գաղափար, որ դուրս գալով մինից մտանում է մյուսի մեջ եւ հավասարեցնում բնական անհարթությունը»։ Ավելին՝ երկու կողմերը միմյանց փոխհարստացնում են եւ այդկերպ տեղերը փոխանակում՝ նպաստելով ազգանպաստ խնդիրների միահամուռ լուծմանը։ «Խելացի լսողը, երբ որ զարթել էր նորա մեջ խելացի խոսելու շնորհը, դառնում է հասկացնող։ Այսպես, մտքերի անխափան փոխադարձից՝ տալուց եւ ընդունելուց, կանգնում է ազգի ընդհանուր բարոյական հաղթությունը»։
Նույնաբնույթ սխալ եւ մերժելի երեւույթ է համարվում ազգը մեծահարուստների կամ նշանավորների հետ նույնացնելը՝ պառակտման եւս մի հիմքի գոյությունը։ Իհարկե, այդ մարդիկ առանձնանում են հասարակ ժողովրդից, բայց վերստին չպետք է անտեսել կողմերի խորքային կապը. «Մասնավոր անձինք բարձրանալով նորա միջից՝ յուրյանց մասնավոր գործունեությամբ, մասնավոր գիտակցությամբ կարող են շատ կողմից ծառայել լուսավորության մեծ գործին եւ մարդկության հառաջադիմությանը, բայց այն ժամանակ միայն կարող են նոքա մի բան հառաջացնել, եթե արմատանան հասարակ ժողովրդի մեջ, եթե նոցա անձնավորության եւ հասարակ ժողովրդի մեջ լինի մի անընդհատ եւ կենդանի կապակցություն, այլեւ միմյանց հասկանալ»։ Ավելին, այստեղ եւս Նալբանդյանը տեսնում է հետադարձ պատճառակցումը. «Ազգի մեջ երեւեցած մեծատունների, իշխանավորների բարօրությունքը չեն կարող ասվիլ ազգային երջանկություն, եթե մասնակից չէ դորան հասարակ ժողովուրդը»։
«Ճշմարտությունը մի մարդու սեփականություն չէ»՝ քանիցս կրկնում է Միք. Նալբանդյանը՝ որպես խղճի եւ խոսքի ազատության ապահովման պարտադիր պայման։ Հետեւաբար՝ ճշմարտության որոնումը նույնպես ոչ մեկի մենաշնորհը չէ, եւ ամեն ոք ճշմարտության որոնման իր կերպն ունի, ուստի եւ՝ ճշմարտության իր ըմբռնումը։ Կարծիքների զանազանությունը ներառում է ամեն ինչ՝ ստույգ իմացությունից եւ ազնիվ մտքից մինչեւ բարեխիղճ մոլորություն եւ միտումնավոր կեղծիք։ Ահա թե ինչու գրեթե ամեն հարցի շուրջ մարդկանց միջեւ լինում են տարաձայնություններ, բախումներ, վիճաբանություններ, որոնք Միք. Նալբանդյանը բնութագրում է որպես «մտավորական պատերազմ»՝ հատկապես շեշտելով, որ այս տեսակի պատերազմի մեջ ոչ թե սրերն են իրար բախվում, ոչ թե կոպիտ ուժ է գործադրվում, այլ խոսքը, դրանում ամփոփված «միտքը եւ փիլիսոփայությունը»։ Ընդհանուր այս դատողությունը մասնավորեցվում է հայերի համար. նման պատերազմը մեզ էլ է բնորոշ, եւ դա միանգամայն բնականոն երեւույթ է. անբնական, «օտարոտի բան» կլիներ պահանջել, որ բոլորս անխտիր մի կարծիքի լինենք։ Ավելին՝ հակառակ տեսակետների «բռնապետական կամակորությամբ», այսինքն՝ լոկ պարտադրված միավորությունը նույնիսկ վնասակար համազգային շահերի, իրական միաբանություն ապահովելու համար. «Պատերազմը հետեւանք է շարժողության, իսկ շարժողությունը կյանք է։ Երբ երկու հակառակող բաժինները, ամենեւին ազատությամբ, համաձայնել էին յուրյանց կարծիքների մեջ, այն ժամանակ կհաշտվին եւ կմոտենան միմյանց. առանց կարծիքների հիմնավոր համաձայնության սուտ է ամենայն հաշտություն եւ միավորություն, թեեւ լրագրերի մեջ եւս հրապարակեիր, թե թագավորել էր մեծ խաղաղություն»։
Այս լույսով՝ հեղինակը մերժում է «սուտ խաղաղասիրությունը», քանի որ դրա հիմքում տեսնում է հարկադրանքի որեւէ տեսակ, եւ օրհնաբեր է հռչակում «մտավորական պատերազմը», մաղթում է, որ այն լինի «հզոր, անխնա, ազնիվ եւ բարեխիղճ». դա է, վերջիվերջո, խավարից դեպի լույս տանող ճանապարհը։ Լուսավորության վրա պիտի խարսխվի ազգի միաբանությունը. ավելին՝ «լուսավորության տաճարը պիտի կառուցանվի ամբողջ ազգի ձեռքով»։
Մտքերի եւ կարծիքների ազատ ու ազգաշահ բախումը մեկն է այն պայմաններից, որ ենթադրում է լուսավորության «մեծ ու հոյակապ խնդիրը»։ Հակիրճ նշենք մյուսները, որ, ըստ Նալբանդյանի, պարտավոր են ապահովել «ազգի կարողքը եւ ուսումնականքը». ազգային դպրոց, հայ երեխաներին՝ բացառապես հայկական կրթություն, ներազգային բռնության բացառում, ազգային գիտակցություն, ազգային սթափ ինքնագնահատական, միջանձնային հանդուրժողականություն, բռնակալության կանխման սահմանադրական երաշխիքներ, իրավունքների եւ արտոնությունների հավասարություն, փոխադարձ հարգանք, ավանդական արժեքներին խարսխված ընտանիք, հայոց լեզվի եւ մշակույթի զտում օտարամուտ տարրերից, բոլորի համար տնտեսական ապահովություն, իսկ ամենակարեւորը, այս «ընդհանուր լուսավորության» հիմքերի հիմքը՝ ամեն մեկի հարատեւ կրթությունը եւ ինքնազարգացումը, այսինքն՝ այն, ինչը ներկայումս բնորոշում ենք որպես «մարդկային կապիտալ»։
Որպեսզի ընթերցողին չթվա, թե անհիմն արդիականացվում է 160 տարի առաջ ասված միտքը, հասկանանք Միք. Նալբանդյանի պատասխանը իր իսկ «Ի՛նչ ասել է լուսավորություն» հարցին։ Միայն գիտելիք ձեռք բերելը լուսավորություն չէ. «Մի՞թե կարելի է լուսավոր ասել այն մարդուն, որ յուր գլուխը լցրել էր միմիայն տեղեկութեններով»։ Եթե բավարարվենք այսպիսի կրթությամբ, ապա մենք, Նալբանդյանի դիպուկ համեմատությամբ, իրոք կնմանվենք «գրքերով լցած պահարանի»։ Ահա թե ինչու շիտակ լուսավորության նպատակադրումը սոսկ գիտելիք ստանալուց ավելի հեռուն պիտի գնա՝ ինքնուրույն մտածելակերպի եւ «ստեղծագործական զորության» ձեւավորում. «Հարկավոր է, որ այդ ստանալուց եւ սեփականելուց նույնիսկ մարդու մեջ կատարվի մի հեղափոխություն՝ վերածնելություն. նորան անհրաժեշտ, հարկավոր է սեփական գործունեություն, ընդունող, գնահատող եւ իշխող այդ գիտութենների վերա, հարկավոր է մտքի արարչական, ստեղծագործական զորություն, հարկավոր է, որ այդ տեղեկությունքը դրվեին ոչ որպես սերմեր ավազի վերա, այլ շարժողություն պատճառեին հողի մեջ եւ պտուղ տային»։
Հայ մեծանուն գրող, փիլիսոփա, հրապարակախոս Միքայել Նալբանդյանի դատողությունների այս հակիրճ քննարկումը, թերեւս, բավարար է՝ հասկանալու, թե որքան արդիական է նրա տեսական ժառանգությունը։ «Համազգային լուսավորության» նալբանդյանական հայեցակարգի որոշ տարրեր, անտարակույս, իրողություն են ժամանակակից Հայաստանում, սակայն պակաս չեն նաեւ ազգային միաբանությանը խոչընդոտող եւ համազգային առաջընթացը խաթարող երեւույթները։ Ահա թե ինչու «ճշմարտության պաշտոնյան» իր իմաստուն խորհուրդներով եւ զգաստացնող նկատառումներով մշտապես ուղեկցելու է մեզ հայոց աննահանջ լուսավորության ճանապարհին։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

12-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO