Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հավատարիմ մտավորական-գիտնականի կոչմանը

Համաշխարհային ազդեցիկ մտավորականությունն արձագանքել է հայկական ջարդերին

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«The New York Times» թերթի 1990 թ. հուլիսի 27-ի համարում լույս է տեսնում միջազգային հանրությանն ուղղված համաշխարհային հեղինակություն ունեցող մի քանի տասնյակ գիտնականների բաց նամակը, որը բարձրաձայնում էր Խորհրդային Ադրբեջանում 1980-ականների վերջից սկսված հայկական ջարդերի մասին։ «Դարաշրջանը, որ մենք բոլորս ավարտված էինք համարում, ջարդերի դարաշրջանը վերստին երեւան եկավ։ Այս տարի Ադրբեջանի հայկական համայնքը դարձյալ կանխամտածված հրեշավոր եւ անհանդուրժելի կոտորածների զոհը դարձավ։ Իբրեւ գիտնականներ, գրողներ, քաղաքական առաջնորդներ եւ արվեստագետներ՝ մենք կամենում ենք ամենից առաջ մեր խորին վրդովմունքը հայտնել այսպիսի վայրագ գործողությունների առնչությամբ, որոնք մեր համոզմամբ՝ մարդկության անցյալին էին պատկանում։ Սույն հայտարարությունը մենք ավելին ենք համարում, քան հետին թվով դատապարտում։ Մենք ուզում ենք նախազգուշացնել միջազգային հանրությանն այն շարունակական վտանգի մասին, որ ռասիզմը ներկայացնում է մարդկության ապագայի համար»,–գրված է բաց նամակում, որը ստորագրել են այնպիսի ականավոր մտավորականներ, ինչպիսիք են Յուրգեն Հաբերմասը, Հանս—Գեորգ Գադամերը, Ժակ Դերիդան, Ժան—Ֆրանսուա Լիոտարը, Էմմանուել Լեւինասը, Իսայահ Բեռլինը, Պոլ Ռիկյորը, Չարլզ Թեյլորը եւ այլք։ Այն Ֆրանսիայի Հելսինկյան համաձայնագրի դիտորդական հանձնախմբի եւ Փարիզում փիլիսոփայության միջազգային քոլեջի համատեղ նախաձեռնությունն էր։
Ամերիկյան օրաթերթում հրապարակված պատմական—քաղաքական առումով այս ուշագրավ նամակը գրեթե դուրս է մնացել 1990—ականների Հայաստանի քաղաքական եւ հանրային դիսկուրսից։ ԱԺ պատգամավոր, պատմաբան Նարեկ Մկրտչյանը եւ պատմաբան Գեւորգ Ճաղարյանը անդրադարձել են նամակին «Աշխարհահռչակ գիտնականների աննախադեպ արձագանքը Ադրբեջանում 1980—ականների վերջերին–1990—ականների սկզբներին տեղի ունեցած հայկական ջարդերին» համատեղ հոդվածում, որը լույս է տեսել «Վէմ» համահայկական հանդեսում (2019 թ. ապրիլ—հունիս)։
Նարեկ Մկրտչյանի համոզմամբ՝ պարտադիր չէ այս թեմային անդրադառնալ միայն հիշատակի օրերին, այլ կատարվածի մասին պետք է բարձրաձայնել ամբողջ տարվա ընթացքում։ Առավել եւս կարեւոր է օգտագործել այն հանգամանքը, երբ հայկական ջարդերի եւ Ադրբեջանի հայատյացության մասին են խոսում օտարազգի հեղինակավոր անհատներ։ «Խորհրդային Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանն առնչվող հարցերը թեեւ դուրս էին նամակը ստորագրած մտավորականների մեծ մասի գիտական հետաքրքրությունների շրջանակներից, սակայն մասնագիտական սահմանների խախտումը հօգուտ համընդհանուրի հույժ կարեւոր է մտավորականի կայացման գործում. այստեղ է, որ ասպարեզ է գալիս ունիվերսալ կամ համամարդկային մտավորականը»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց պատմաբանը։
Նամակը, որում զգոնության կոչ է արվում միջազգային հանրությանը՝ չեզոքացնելու հնարավոր նոր ցեղասպանության հեռանկարը, ընդգծում է այն ստորագրած մտավորականների՝ համամարդկային արժեքներ կրելու հանձնառությունը։ «Կան պահեր, երբ մենք պետք է բարոյական պարտավորություն ստանձնենք վտանգի մեջ հայտնված մարդկանց օգնելու համար։ Մեր պարտքի զգացումն այսօր մեզ ստիպում է դիմել միջազգային հանրությանն ու հասարակական կարծիքին»,–գրել են հայտնի մտավորականները բաց նամակում՝ պահանջելով խորհրդային իշխանություններից եւ միջազգային հանրությունից աներկբայորեն դատապարտել հակահայկական ջարդերը եւ հատկապես ռասիստական գաղափարախոսությունը։ Նամակի հեղինակների համար ակնհայտ էր նաեւ, որ ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված հայկական ջարդերի նպատակն էր Արցախի հիմնախնդրի լուծումը հօգուտ իրենց. «Պետք է պարզ լինի, որ հայերի բռնի տեղահանությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծում չէ, որն ըստ էության մարդու իրավունքների հիմնախնդիր է։ Պետությունների միջազգային հանրությունն իրավունքի գերակայության հիմամբ պետք է ապացուցի մարդու իրավունքներին իր հավատարմության իսկությունը՝ նպատակավ այն երաշխիքի, որ մեղսակցությանը սահմանակցող անտարբերության եւ լռության պատճառով մեկ այլ ցեղասպանություն տեղի չի ունենա»։
Կարեւորելով հանդերձ հայտնի մտավորականների արձագանքը Ադրբեջանի ռասիստական քաղաքականությանը՝ բնականաբար, օրինաչափ հարց է ծագում, թե միջազգային հանրությունն ուշադրությա՞ն է առնում, արդյոք, այն մտավորականի ուղերձը, որն անվանի փիլիսոփա կամ մեծանուն բժիշկ է, բայց խոսում է մի բանից, որի վերաբերյալ նրա գիտելիքները հեռու են մասնագիտական լինելուց։ Դրա պատասխանը տվել է գիտնական Ֆրենսիս Ռուանեն՝ ընդգծելով, որ կարեւորը մտավորականի ով լինելն է, նրա հեղինակությունը եւ ոչ նրա զուտ մասնագիտական գիտելիքները։ Հարկավ այս ձեւակերպումը եւս միանշանակ լինել չի կարող, քանի որ դեմ կառնենք հարակարծության (պարադոքս), եթե առաջնորդվենք, օրինակ, ճանաչելիության եւ հեղինակության ցուցիչով։ Զորօրինակ՝ քանի՞ վայրկյան կդիմանա մտավորականի ով լինելու վերաբերյալ Ռուանեի հայեցակետը, եթե համադրենք մի կողմից՝ հայկական ջարդերը դատապարտող մտավորականներից միայն Յուրգեն Հաբերմասի, Ժակ Դերիդայի, Ժան—Ֆրանսուա Լիոտարի, Էմանուել Լեվինասի եւ Հանս—Գեորգ Գադամերի միջազգային հեղինակությունը, իսկ մյուս կողմից՝ միջազգային հանրության անտարբերությունը, ինչն էլ, ի վերջո, հանգեցրեց արյունալի պատերազմի։
Չնայած իրողությունն այնպիսին է, որ բախվում ենք «զորեղ մտավորականների» անզորությանը, այդուհանդերձ, այս ամենի հետ մեկտեղ հարկ է արձանագրել, որ այդ մտավորականները չեն ուրացել համամարդկային լինելու իրենց հանձնառությունը, անտարբեր չեն մնացել ուրիշի ցավին եւ անգամ ավելին՝ փորձել են կանխել մարդկության պատմության սոսկալի երեւույթներից մեկի՝ ցեղասպանության հեռանկարը։
Ըստ էության՝ նամակը ստորագրած մտավորականների կոչը՝ ապահովել հայերի պաշտպանությունն ու անվտանգությունը Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ Լեռնային Ղարաբաղում, ԽՍՀՄ իշխանություններից եւ միջազգային հանրությունից անտարբերությունը հաղթահարելու պահանջ էր։ Ադրբեջանական ուժերի կողմից հայերի իրավունքների ոտնահարումն ու ԽՍՀՄ իշխանությունների անտարբերությունը Հոլոքոստի ժամանակ ապրած անզորության զգացումի հետ համեմատելով՝ մտավորականները փորձում էին կանխել մարդկության դեմ նոր ոճրի հնարավոր սցենարը։ Անշուշտ, մեծ է համամարդկային արժեքներ կրող մտավորականների դերը բնաջնջման սպառնալիքի ներքո հայտնված ժողովուրդներին կամ ազգերին միջազգային հանրության ուշադրության կիզակետում պահելու առումով։ Սակայն եթե մարդկության դեմ ոճրագործությունները դատապարտող մտավորականների ձայնն այնքան լսելի եւ զորեղ լիներ՝ կանխելու համար եղերական դեպքերը, ապա Հայոց ցեղասպանությունից հետո տեղի չէին ունենա հրեաների, իսկ հրեաներից հետո՝ Ռուանդայի թութսիների եւ այլ ցեղասպանություններ։
Մկրտչյանի եւ Ճաղարյանի դիտարկմամբ՝ այն դրույթը, թե ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ են նախեւառաջ հետագա ցեղասպանությունների առաջն առնելու համար, կարծես խոցելի է։ Այս հարցերն այլ մոտեցմամբ է քննարկում 20—րդ դարի ականավոր մարքսիստ մտածողներից Անտոնիո Գրամշին, որը հանրույթի մեկուսության եւ անտարբերության հաղթահարումը տեսնում է վերջինիս՝ «մարդկության շրջանակում» ներառվելու միջոցով։ Հետաքրքրական է, որ Գրամշիի ելակետը 1915 թ. Հայոց ցեղասպանության նկատմամբ անտարբերության փաստն էր, որի մասին հանրաձայնելու նպատակով ընդամենը մեկ տարի անց՝ 1916 թ., թուրինյան «Ժողովրդի ճիչը» թերթում նա հրատարակել էր իր «Հայաստան» հոդվածը։ Անզորության կանխազգացումը, որ ունեին 1990 թ. «Նյու Յորք Թայմս»—ում լույս տեսած նամակը ստորագրած մտավորականները, կարծես Գրամշին ապրած լիներ դեռեւս 1916 թ. իր այդ հոդվածը գրելիս։ Առաջինում կարդում ենք՝ «[…] Չարագուշակ է, որ նացիստական համակենտրոնացման ճամբարներում հրեա ժողովրդի ցեղասպանությունից կես դար, իսկ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից քառասուն տարի անց մենք նույն անզորությունն ենք վերապրում մարդու իրավունքների այսօրինակ զարհուրելի ոտնահարմանը դեմ առնելիս»։ Իսկ երկրորդում՝ «[...] Երբ լսեցինք, որ թուրքերը հարյուր հազարավոր հայերի ենթարկել են զանգվածային կոտորածների, զգացի՞նք մարմնի նույն ծակող սուր ցավը, որը մենք զգում էինք ամեն անգամ, երբ ականատես էինք լինում խոշտանգված դժբախտ մարմինների եւ որն ուժգնորեն զգացինք անմիջապես գերմանացիների՝ Բելգիա ներխուժումից հետո»։
Պատմաբանները նշում են, որ ըստ էության, երկուսի պարագայում էլ մտավորականությունը բարձրաձայնում է համամարդկային արժեքների ոտնահարման անթույլատրելիության մասին։ Սակայն, ցավոք, պետությունների աշխարհաքաղաքական շահերը կամ ամբողջատիրական վարչակարգերի անողոք քաղաքականությունը խլացնում են մտավորականության բողոքի ձայնն ու զգոնության կոչը։ «Հայաստան» հոդվածում Գրամշին գրում է. «Միշտ էլ այդպես է։ Որպեսզի իրադարձությունը հետաքրքրի մեզ, հուզի, դառնա մեր ներքին կյանքի մի մասը, անհրաժեշտ է, որ այն տեղի ունենա մեր շուրջ, մարդկանց մերձակայքում, որոնց մենք հաճախ տեսնում եւ լսում ենք, եւ որոնք գտնվում են մեր մարդկության շրջանակում։ [...] Թուրքիային, որ կապված էր եվրոպական բոլոր ազգերի հետ, հնարավոր կլիներ հարկադրել՝ դադարեցնելու այն ժողովրդի խոշտանգումները, որի բաղձանքն ավելին չէր, քան խաղաղությամբ ապրելը։ Երբեւէ չարվեց ոչինչ կամ գրեթե ոչինչ։ [...] Հայերը պետք է ճանաչելի դարձնեն Հայաստանը, կենդանի դարձնեն նրանց մտքի մեջ, որոնք նրան անգիտանում են, նրա մասին ոչինչ չգիտեն եւ չեն համակրում նրան։ Թուրինում ինչ—որ բան տեղի է ունենում. մի քանի ամիս է, ինչ հրատարակվում է «Հայաստան» կոչվող մի ամսագիր, որը լուրջ մտադրություններով եւ շնորհիվ բազում համագործակցությունների բարձրաձայնում է, թե ինչ է իրենից ներկայացնում հայ ժողովուրդը, ինչ է ուզում եւ ինչ է դառնալու»։
«Հարյուրամյա այս հոդվածից հետո, երբ կարդում ենք 1990 թ. «Նյու Յորք Թայմս»—ում հրապարակված նամակը, իտալացի մարքսիստի մտորումները մարգարեական են թվում,–նկատում է պատգամավորը, ապա շարունակում.–Գրամշին ցանկանում էր պաշտպանել ոչ միայն հայ ժողովրդի ապրելու իրավունքը, այլեւ կանխարգելել ապագայում մարդկության դեմ հնարավոր հանցանքները՝ հաղթահարելով միջազգային անտարբերությունը, որը, նրա համոզմամբ, հնարավոր է, եթե տվյալ հանրույթը ներառվում է «մարդկության շրջանակում»։ Հանրույթի գոյությունը վտանգված է այնքանով, որքանով այն օտարված, հեռացված է «մարդկության շրջանակից»։ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերը, ինչպես նաեւ Արցախի շրջափակումը դատապարտող նամակը համամարդկային մտավորականների կողմից կարծես հայությանն ի շրջանս մարդկության վերադարձնելու ճիգ լիներ»։

15-01-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO