Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի

Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ է անում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին անդրադառնալիս առիթ ունեցել ենք գրելու, որ զարգացած շատ երկրներում սննդամթերքի ոլորտում համեմատաբար մեղմ հարկային քաղաքականություն է կիրառվում (խոսքը արտոնյալ դրույքաչափերի մասին է), որպեսզի հասարակության բոլոր շերտերի համար պարենամթերքի տնտեսական մատչելիության հնարավորինս բարձր մակարդակ ապահովվի։ Հիմա որպեսզի ե՛ւ այս մատչելիությունն ապահովվի, ե՛ւ արտահանման, ե՛ւ ագրոպարենային արտադրանքների ապրանքաշրջանության ծավալներն ավելանան, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշել է համապատասխան առաջարկով հանդես գալ եւ հարկային օրենսգրքում փոփոխություն ու լրացում կատարելու օրինագիծ է մշակել (կքննարկվի մինչեւ ամսվա վերջ)։
Խոսքն ավելացված արժեքի հարկի դրույքաչափի իջեցման մասին է։ Դիտարկվել են Լատվիայի եւ Ֆինլանդիայի փորձերը։
Ի՞նչ է առաջարկում մեր էկոնոմիկայի նախարարությունը, ո՞ր ապրանքախմբերի մասին է խոսքը, ինչքան են նվազեցնելու ԱԱՀ—ն. այս եւ այլ հարցերի պարզաբանումները «ՀՀ»—ն փորձեց ստանալ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության եւ ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գեւորգ Ղազարյանից։
Նախ՝ մի ճշտում, արդյո՞ք սպանդանոցներին կվերաբերի այս նորությունը (եթե այն հավանության արժանացնի կառավարությունը եւ հաստատի ԱԺ—ն)։ Ի պատասխան Գեւորգ Ղազարյանը հստակեցրեց, որ սպանդանոցներն ընդհանրապես ուզում են ազատել ԱԱՀ—ից, որպեսզի դրանք կայանան։
Եվ հետո՝ ԱԱՀ—ն նախատեսում են 20 տոկոսից 7—ի հասցնել։ «Ապրանքախմբերի ցանկը դեռ վերջնական չկա, բայց ԱԱՀ—ի իջեցումը ուզում ենք տարածել առաջին անհրաժեշտության ապրանքների վրա։ Խոսքն, օրինակ, հացամթերքին, ձկնամթերքին, մսամթերքին, բուսական յուղին է առնչվում»,–ասաց պարենային անվտանգության եւ ագրովերամշակման զարգացման վարչության պետը։
Պետբյուջեն չի՞ տուժի այս կտրուկ իջեցումից։
Հարցիս Գ. Ղազարյանը համառոտեց. «Որոշ չափով կտուժի, բայց կա այլ երկրների փորձը, որ երբ ԱԱՀ—ն նվազեցնում ես, շրջանառության ծավալն է մեծանում։ Հետոյի արդյունքի մասին էլ չմոռանանք. ապրանքն էժանանում է, ավելի շատ է իրացվում, եւ շրջանառության ծավալների մեծացման հաշվին բյուջեի մուտքերի նվազումը որոշ չափով փոխհատուցվում է»։
Հետաքրքիր է, իսկ այդ ԱԱՀ—ի նվազումը որոշակի ժամանակահատվածո՞վ թույլ կտրվի, թե՞ ընթացքը կորոշի անելիքները։ «Ընթացքը ցույց կտա,–հայտնեց Գ. Ղազարյանը,–եթե շատ արդյունավետ գործիք դարձավ, աշխատեց, գուցե երկար մնա»։ Այնուհետեւ շեշտեց. «Իհարկե, շատ երկար չի կարող մնալ, քանզի մենք էլ ենք հասկանում, որ ընդհանուր ոլորտում տարբեր մոտեցումները անհավասար պայմաններ են ստեղծում։ Բայց առաջին անհրաժեշտության զգայուն ապրանքների մասով ուզում ենք փորձել»։
Թյուրըմբռնումների տեղիք չտալու համար բանախոսը ճշգրտում մտցրեց. խոսքը թարմ գյուղմթերքին չէ, որ վերաբերում է, այլ վերամշակվածի մասով է։
Էկոնոմիկայի նախարարությունը մանրամասնում է. այս օրինագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ—ում գյուղատնտեսության ոլորտի մրցունակության, ներդրումային գրավչության եւ բնակչության համար պարենամթերքի տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ։ Լատվիայի փորձը ցույց է տալիս, որ սննդամթերքի որոշ տեսակների գծով ավելացված արժեքի հարկի դրույքաչափի իջեցումը (21 տոկոսից 12 տոկոս) հանգեցրել է նույն ապրանքների գների 5.5—5.6 տոկոս իջեցման եւ վաճառքների քանակի 3.1—3.3 տոկոս ավելացման։ Կարելի է ասել, որ ավելացված արժեքի հարկի գծով բյուջեի եկամուտների կորուստը մասնակիորեն փոխհատուցվել է իրացման քանակների ավելացման արդյունքում բյուջետային այլ մուտքերի (շահութահարկ, եկամտային հարկ) հաշվին։
Իսկ Ֆինլանդիայի դեպքում սննդամթերքի գծով ԱԱՀ—ի դրույքաչափի 5 տոկոսային կետով իջեցումը (17 տոկոսից 12 տոկոս) հանգեցրել է գների 2.5 տոկոս իջեցման։ Երկու դեպքում էլ նկատվում է գրեթե միանման միտում՝ սննդամթերքի գծով ավելացված արժեքի հարկի դրույքաչափի իջեցումը համապատասխան սննդատեսակների գների վրա ազդել է կիսով չափ։
«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում կիրառվող հարկային քաղաքականությունը հանգեցրել է այնպիսի վիճակի,–այսպես է հիմնավորում նախարարությունը,–երբ փոքր ու միջին տնտեսավարողները ակնհայտորեն թաքցնում են շրջանառության իրական ծավալները՝ շուկայում մրցունակ լինելու համար։ Որպես օրինակ կարող ենք դիտարկել տավարի մսի շուկան, որտեղ փոքր եւ միջին տնտեսավարողները թաքցնում են իրենց իրական շրջանառությունը, որպեսզի կարողանան գործունեություն ծավալել շրջանառության հարկի դաշտում։ Մեր դիտարկումներով, տավարի մսի վաճառքի ծավալների մեծ մասը բաժին է ընկնում հենց շրջանառության հարկի դաշտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին, որոնց առաջարկած գինը համեմատաբար ավելի ցածր է, քան խոշոր տնտեսավարողներինը՝ ինչպիսիք են սուպերմարկետները, որոնք գործունեություն են իրականացնում ընդհանուր հարկման դաշտում։ Առաջարկվող բարձր գների հիմնական պատճառը դրանցում ԱԱՀ—ի գումարի առկայությունն է»։
Իսկ տարբերակված հարկային դրույքաչափերի կիրառումը՝ հարկային բեռի թեթեւացմամբ, լրացուցիչ խթան կլինի ստվերային դաշտի կրճատման եւ հարկային մուտքերի ավելացման համար, որոնք գործող հարկային քաղաքականության պայմաններում մնում են ստվերում։ Նաեւ պետք է արձանագրել, որ, դարձյալ ըստ էկոնոմիկայի նախարարության, աճող հարկային դրույքաչափերը որոշակի կրիտիկական կետից հետո կարող են դառնալ անարդյունավետ հետագա հարկային եկամուտների մուտքի տեսանկյունից. «Եթե փորձենք մեկնաբանել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող հարկային քաղաքականության առկա վիճակը, ապա պետք է արձանագրել, որ առկա դրույքաչափերը չեն ապահովում հարկային եկամուտների արդյունավետ մակարդակ»։
Այս ամենից ելնելով՝ էկոնոմիկայի նախարարությունը եզրակացնում է, որ եթե գյուղատնտեսության ոլորտում ԱԱՀ—ի տարբերակված դրույքաչափի կիրառումը կարճ ժամանակահատվածում կարող է հանգեցնել հարկային մուտքերի որոշակի նվազման, ապա երկարաժամկետ հեռանկարում այն իր մուլտիպլիկատիվ էֆեկտով կնպաստի բյուջեի եկամուտների աճին։
Ու թեեւ գյուղոլորտում որոշակի արտոնություններ հենց գործող օրենսդրությամբ արդեն կան, այնուամենայնիվ, «դրանք բավարար չեն, որպեսզի տեղական արտադրողների համար ապահովեն մրցունակության այն մակարդակը, որը նրանց համար կապահովեր հավասար մեկնարկային հնարավորություններ ներկրողների հետ համեմատությամբ»։
Մի խոսքով, հաշվի առնելով մեր ագրարային ոլորտի առանձնահատկությունները եւ այս հատվածում ստեղծված վիճակը, ծառացած խնդիրների մասշտաբներն ու հրատապությունը, գյուղին պետական ակտիվ աջակցությունը կարեւորվում է։ Եվ երկրի պարենային անվտանգության տեսանկյունից դա շատ անհրաժեշտ է։ Էլ չենք խոսում գյուղերի զարգացման հույժ անհրաժեշտության մասին։

21-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO