Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը

Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները կանխելու համար ասեմ, որ խոսքը վատ կամ լավ գաղափարախոսության մասին չէ։ Մարքսիզմը ուսմունք է մնացյալ վարդապետությունների շարքում եւ իրավացիորեն տեղ է զբաղեցնում դրան հակադրվող նույնիսկ ամենակատաղի աջ հայացքների համակարգում։ Խոսքն ընդամենը դրան գերապատվություն տալու մասին է, որ ցանկացած պարագայում կարող էր վերածվել եւ իսկապես վերածվեց այնպիսի անհանդուրժողականության, որ դառնահամ պտուղները ճաշակում ենք մինչեւ օրս, որովհետեւ մտածողության, աշխարհայացքի, աշխարհը վերափոխելու տենդի մեջ այն մեթոդից վերաճեց կառավարման եղանակի եւ մեզ պարտադրեց այնպիսի մշակութային դիետա, որ գորգոնակերպ իր տարատեսակներով մեզ պահեց «չտեսության հովտի» կեռմաններում։
Հենց այսպիսի ենթակայության օրինակ է մեր վերջին 50 տարվա անցած ճանապարհը։ Հիսուն տարվա, հատկապես 60—70—ական թթ. հայ գրականությունը «մկրտվեց» Էռնեստ Հեմինգուեյի, Հայնրիխ Բյոլի գրական «ավազաններում»։ Դրա լավագույն օրինակը, թերեւս, Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունն է՝ ճիշտ է, մանրացած, տեղայնացած եւ քաղքենիացած, մի խոսքով՝ սովետահայացած։ Գրեթե միաժամանակ այն ֆոլկներացավ՝ ի դեմս Հրանտ Մաթեւոսյանի հզոր երակի։ 70—ականների վերջերին այն հանկարծորեն մարկեսացավ, որ իր ծաղկումն ապրեց՝ ի դեմս Լեւոն Խեչոյանի («Խնկի ծառեր»), եղան նաեւ այլեւայլ արտահայտություններ, ասենք, առանձին դեպքերում կաֆկայացավ, կամ միեւնույն թվականներին Աղասի Այվազյանի ստեղծագործությունը նոր հայտնության առջեւ կանգնեցրեց հայ ընթերցողին բորխեսացումով։ (Հեմինգուեյը, Ֆոլկները, Մարկեսը, Կաֆկան, Բորխեսը գրականության ճանաչելիության նշաններն են, պատկերի կառուցման եւ աշխարհի մասին պատկերացման նոր նախընտրություններ։ Ցավոք, արդեն մեկ հարյուրամյակ գրականության գնահատման բարձրագույն չափանիշ է դարձել մոդեռնիզմը, որից խուսափելը ցանկացած գրականության համար, կարծում եմ, անկարելի է)։
Եվ հիմա ունենք այն, ինչ ունենք. տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն (մշակութային իմաստով)։
Այնուամենայնիվ, դառնանք պաշտոնական ընթերցողին, որ այլ կերպ կոչվում է հայ գրականագիտություն։ Չտեսնել կամ չտեսնելու տալ վերջին հիսուն տարվա առաջընթացը նախորդ երեք տասնամյակի համեմատությամբ անկարելի է։ Սակայն այն, ինչ մենք անում ենք, մեծ վերապահությամբ կարելի է գրականագիտություն համարել։ Այն իր բոլոր լավագույն արտահայտություններով հիմնականում բանասիրություն է, ցածրակարգ, սակայն տարածվածությամբ գերիշխող՝ քննադատություն։ Ինչո՞ւ բանասիրություն եւ ինչո՞ւ գերիշխող քննադատություն եւ ոչ թե գրականագիտություն, իր բացատրություններն ունի. ավելի քան 1500—ամյա գրականության վիթխարի ժամանակահատված եւ այն ուսումնասիրման կոչված գիտության հարյուրապատիկ զիջող ինտելեկտուալ պոտենցիալ, եւ դա ոչ թե մտավոր ունակության բացակայության, այլ լոկ անհնարինության բերումով։ Ցավով պետք է արձանագրել, որ մինչեւ հիմա նույնիսկ չենք հասցրել գոնե գիտական պատշաճ հրապարակումով ապահովել անգամ մեր գրականության մեծերի ողջ ժառանգությունը, ուր մնաց՝ պատշաճ ուսումնասիրություն կատարել։ Աբեղյանի արածից հետո չունենք հայ հին եւ միջնադարյան գրականության պատմության որեւէ՝ գոնե Աբեղյանին չզիջող քննություն։ Վերջին քառասուն տարում ընդամենը կարողացել ենք հրատարակել հայ նոր գրականությանը նվիրված հինգ եւ քննադատության երկհատորյա աշխատանքները եւ նորագույն, սովետական շրջանին նվիրված երկու, դարձյալ մեծածավալ, սակայն արդեն անպետք հատորները։ Ահա թե ինչու բանասիրություն, որովհետեւ գրականագիտությունը, որքան էլ ջանան մեր գրագետները հասցնել 5—րդ դար, իրավամբ, եվրոպական չափանիշներով անգամ նոր գիտություն է՝ ոչ ավելի, քան հարյուրամյա կենսագրությամբ։
Իսկ ինչո՞ւ քննադատություն, սա, կարծում եմ, ինքնին պարզ է բոլորիս. քննադատությունը գաղափարախոսական գործիք—միջոց էր, որով կարգավորվում, գնահատվում եւ կանաչ ճանապարհ էր բացվում գրականության համար։ Քննադատություն, որ այնքան հետեւողականորեն էր արհամարհում տեքստը եւ այնքան ջանադրաբար էր աշխատում «ենթատեքստի» վրա, որ այդ շրջանի լավագույն գրողներն անգամ այնպես են զրկված «ենթատեքստից», որ տեքստն այլեւս անհնար է ընթերցել առանց այդ «կասկածելի միջնորդության»։ Այնուամենայնիվ, հայ գրականագիտությունը ամբողջ մակերեսով չեմ ուզում համահարթել։ Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ այն կարելի է ստորաբաժանել երկու տիպի. ակադեմիական եւ համալսարանական կամ բուհական։ Միանգամից ասեմ, որ առաջինում գերիշխում է գրականագիտությունը, երկրորդում՝ քննադատությունը։ Անշուշտ, այստեղ բացառություններ նույնպես կան. ասենք, Դավիթ Գասպարյանին դժվար է պատկերացնել ակադեմիական գրականագիտության համակարգում, Հենրիկ Էդոյանին կամ Սուրեն Զոլյանին ու Լեւոն Հակոբյանին՝ բուհականում։ Խոսքը ոչ թե արժեքի, այլ մտածողական տիպերի մասին է։ Համալսարանական քննադատությունը մինչեւ այսօր էլ չի կարող գլուխ հանել առանց «հայրենի եզերքի գրականության», «բանաստեղծության ազգային ոգի», «խոսքի շիկացում», «ազգային ակունքներ» տնայնագործական արտահայտությունների։ Սակայն, ի պատիվ այդ երկու՝ ե՛ւ ակադեմիական, ե՛ւ բուհական գրականագետների, հատկապես 50—60—ական թթ. սերնդի, նրանք գրականության հարցում իրենց նախասիրություններով հասան երեւելի բարձունքների՝ ի դեմս գրողների այն փաղանգի, որոնք, կենդանի թե հետմահու, առայսօր տերուտնօրեն են հայկական Պառնասում։ Նրանց հետեւած մի քանի սերունդ մինչեւ օրս էլ բարեհաճ վերաբերմունքի չեն արժանացել։ Այսինքն՝ գրականագետների այդ սերնդի թափած ջանքը միանգամայն արժանի հատուցում է ստացել։
Նորից դառնանք գրականությանը։ Վերջին հիսուն տարվա գրականության մեջ կարելի է առանձնացնել երեք ուղղություն.
ա. Հրանտ Մաթեւոսյանը եւ իր հետեւորդները (լավ իմաստով),
բ. Աղասի Այվազյան,
գ. Վարդգես Պետրոսյան եւ ուրիշներ։
Առաջինը, անկախ իր արմատներից (ներքին) եւ կապերից (արտաքին), մեր գրականության մեջ առաջնորդեց մի ուղղություն, որն արձանագրում է հայ նոր գրականության 150—ամյա պատմության ավարտը (Աբովյանից ի վեր). ասածս բազմաթիվ հիմնավորումներ ունի, սակայն նշեմ ընդամենը երկուսը. հայ մեծ լուսավորիչը գրականություն բերեց լեզվի եւ հերոսի խնդիրը, Մաթեւոսյանը մեր վերջին 150—ամյա լեզվի բարձրագույն արտահայտությունն է, որին հաջորդում է լեզվի մետաֆիզիկան՝ լեզու լեզվի մասին։ Մաթեւոսյանի ստեղծագործությունը «գյուղական արձակի» այդ սարքովի ուղղության մեջ տեսնելու ջատագովումը, ըստ ամենայնի, երեւութական է։ Գրականությունը որոշակի եւ կառավարելի հունի մեջ դնելու խորհրդային պատվերը, ճիշտ է, գրողին ճանաչում բերեց եւ ինչ—որ իմաստով ապահովեց նրա թիկունքը տեւական զանազան խարդավանքներից, սակայն «Գոմեշի» եւ «Աշնան արեւի» հեղինակի երկերի զուգադրությունը ռուսական «գյուղագրության» հետ վեր է հանում մի այլ իրողություն։ Ռուսական «գյուղագրությունը» «արմատների ճանաչման» խնդրադրությամբ (Բելով, Աստաֆեւ, Ռասպուտին), ի վերջո, խրվեց այդ մեծ գրականության համար հակացուցելի աղտեղության՝ նացիոնալիզմի մեջ, ինչը Մաթեւոսյանի դեպքում վերածվեց ֆարսի («Մեսրոպ»)։ Մեկ, սակայն սկզբունքային այս տարբերությունը Մաթեւոսյանին մինչեւ այսօր էլ դնում է երկակի վիճակի մեջ (այս մասին՝ մի ուրիշ առիթով)։
Շարունակելի

25-01-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO