Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ԼՂՀ


Հանրահավաքի մասնակիցները կրկին հրապարակում են

Փետրվարի 13—ին կայացավ արցախահայության առաջին խաղաղ «ընդվզումը»

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 տարի առաջ էր, երբ փետրվարի 13—ին փոթորկվեց Ստեփանակերտի կենտրոնական (այժմ՝ Վերածննդի) հրապարակը եւ Արցախի պետական համալսարանի, երաժշտական, գյուղատնտեսական քոլեջների դասախոսներն ու ուսանողությունը, մարզի մտավորականության ներկայացուցիչները՝ ժողովվելով այստեղ, առաջին մարդաշատ հանրահավաքը կազմակերպեցին՝ Արցախը մայր Հայաստանին միավորելու կարգախոսով, ազատության դրոշը պարզելով՝ ոգեշնչեցին եւ գոտեպնդեցին ժողովրդին։ Պահանջատիրական բազմամարդ հանրահավաքն ազատագրական շարժման նախերգանքը հանդիսացավ, որին միացան հազարավոր մարդիկ։ Նրանք այդ օրվանից չլքեցին հրապարակը, եւ ցուցարարների շարքերը հետզհետե ընդլայնվեցին։ Փետրվարի 20—ին, երբ պիտի կայանար ԼՂԻՄ մարզխորհրդի պատգամավորների արտահերթ նստաշրջանը, հրապարակում ավելի քան 70 հազար մարդ էր հավաքվել։
Հիշարժան օրվա կապակցությամբ երեկ արցախյան շարժման մի մեծ խումբ ակտիվիստներ, ավանդույթի համաձայն, դարձյալ Վերածննդի հրապարակում էին, տրիբունաների առաջ։ Այս անգամ, սակայն, նրանք ելույթներ չունեցան եւ հիշողություններով կիսվում էին իրար հետ, անցած օրերի մասին դրվագներ պատմում, ափսոսում, որ համարձակություն ու խիզախություն դրսեւորած ընկերներից ոմանք «մարել» են պայքարի տարիներին եւ այսօր իրենց հետ չեն։
«Յոթ տասնյակ տարիներ են պահանջվել, որպեսզի արցախահայությունն անցնի փորձությունների եւ խոչընդոտների միջով, ազատվի ստրուկի կարգավիճակից,–ասում է արցախյան շարժման ակտիվ մասնակից Արկադի Կարապետյանը։–Ազգերի ինքնորոշման գաղափարներով տոգորված դուրս եկանք հրապարակ ու մեր արդար պահանջը ներկայացրինք՝ ամենեւին էլ չպատկերացնելով, թե ինչպիսի զրկանքներ եւ անասելի տառապանքներ, կորուստներ ենք կրելու պայքարի ճանապարհին։ Անչափ թանկ գին վճարեցինք անկախության համար եւ այսօր շատ լավ գիտակցում ենք, որ արցախյան հիմնախնդիրը տակավին մնում է չլուծված։ Իսկ դա նշանակում է, որ մեր երազանքների, իղձերի համար պայքարը դեռ շարունակվում է, եւ այն պետք է հասցնել իր հանգրվանին»։
ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր Սլավիկ Առուշանյանն արցախյան գոյամարտի այն նվիրյալներից է, ում անվերապահորեն վստահում, հավատում էին թե՛ հասարակ շինականն ու մտավորականը, թե՛ պետական այրերը, քանզի նրա խոսքի եւ գործի մեջ երբեւէ հակասություն չի եղել։ Նա հիմա էլ էությամբ չի փոխվել, նույն սկզբունքային անձնավորությունն է, ով շարժման բոլոր փուլերում Բաքվի «սեւ ցուցակում» էր։ Հպարտանալով 80—90—ականների սերնդով, նա երիտասարդներին հորդորում է կրկնապատկել ուժերը եւ զորացնել հայրենիքը, միշտ լինել զգոն, «քանի դեռ հակառակորդը խաղաղության ձեռք չի մեկնում եւ մտադիր չէ ճանաչել Արցախի անկախությունը»։
Նրա խոսքով, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում կայացած առաջին հանրահավաքն իր տեսակի մեջ առաջին ծիծեռնակը դարձավ։ Ս. Առուշանյանը գտնում է, որ արցախյան շարժումը ավելի վաղ փուլ է ունեցել, որը 80—ական թվականների սկզբից դրսեւորվել է ընդհատակյա պայքարի ձեւով։ Այնուհետեւ համազգային զարթոնքի հետ կապված գործընթացների եւ իրադարձությունների կտրուկ զարգացումը ժողովրդին հնարավորություն ընձեռեց հրապարակայնորեն իրենց արդարացի պահանջը ներկայացնել Մոսկվային հասցեագրված նամակներով ու հեռագրերով, ստորագրահավաքներով, բազմամարդ խաղաղ ցույցերով ու հանրահավաքներով, որոնց, ի վերջո, հաջորդեց մարզային խորհրդի պատմական նստաշրջանը։
«Սկզբնական շրջանում շատերին թվում էր, թե ղարաբաղյան հարցը կարող է լուծվել քաղաքական պայքարի միջոցով՝ մոռանալով մեր պապերի այն իմաստուն խոսքը, թե հողը միայն արյամբ է ազատագրվում ու պահպանվում,– ասում է Ս. Առուշանյանը։– Հաշվի առնելով այն իրողությունը, թե ովքեր են մեր հարեւանները, նրանք խորհուրդ էին տալիս, որ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար միշտ պիտի պատրաստ լինել դիմակայելու թշնամուն ու արժանի հակահարված հասցնել։ Եվ շուտով ինքներս դրանում համոզվեցինք։ Իբրեւ մեր խաղաղ ցույցերի եւ հանրահավաքների «պատասխան», Ադրբեջանի իշխանությունները արցախահայության դեմ պատերազմ սանձազերծեցին՝ նպատակ ունենալով բռնի տեղահանել եւ սպանդի ենթարկել բնակչությանը։ Եվ, ինչպես տեսանք, ազերիների առաջին զոհը դարձավ Սումգայիթի հայ բնակչությունը»։
ԱՀ խորհրդարանի պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի կարծիքով, ազգային համախմբման շնորհիվ հնարավոր դարձավ հաղթահարել բոլոր դժվարությունները ու դիմակայել հակառակորդին, արցախահայությանը փրկել զանգվածային տեղահանումից եւ կոտորածներից. «Արցախը, Հայաստանն ու սփյուռքը դարձան կուռ միասնություն եւ համատեղեցին իրենց ուժերը զինված թշնամու դեմ, ինչը ամենալուրջ մարտահրավերը դարձավ համազգային պայքարում։ Քաղաքական նոր իրադարձությունների բերումով Արցախի ժողովուրդն ընտրեց սեփական պետականության ստեղծման ճանապարհը։ Սակայն, ինչպես ասում են, փետրվարի 13—ի եւ 20—ի դասերը զուր չանցան։ Արցախցիները դժվարագույն խնդիրները լուծելու կարողություն, հաստատակամություն եւ վճռականություն դրսեւորեցին։ Համայն հայության աջակցությամբ Արցախը հաղթանակով դուրս եկավ իրեն պարտադրված պատերազմից, նոր ուժ հավաքելով՝ պայքարելու քաղաքական ու դիվանագիտական հարթակներում»։
Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել են, որ պատրաստ են հարեւան երկրի հետ առկա խնդիրները քննարկել բանակցությունների սեղանի շուրջ։ Ցավոք, առայսօր Ադրբեջանի կողմից համարժեք արձագանք չկա։ Ուստի, հիմնախնդրի համապարփակ կարգավորման պատասխանատվությունը ծանրանում է նրանց խղճին, ովքեր 21—րդ դարի իրողությունները շփոթում են թատերաբեմից ընդմիշտ հեռացած Խորհրդային Միության պետական համակարգով ամրագրված դոգմաների հետ։
Ի դեպ, հիշարժան օրվա կապակցությամբ երեկ Բակո Սահակյանը շարժման մի խումբ ակտիվ մասնակիցների հյուրընկալել է նախագահական նստավայրում եւ արժեւորել նրանց վաստակը։
Ստեփանակերտ

14-02-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO