Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Աղդամում մեսխեթցի թուրքերը Ադրբեջանի ժողովրդական ճակատի դավադրության զոհն են

Փետրվարի 26-ին արցախցիները պետք է հիշատակեն այդ ոճիրի զոհերին

«ՀՀ»-ի հարցազրույցը քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հետ։

–Հայկական կողմն ի՞նչ ունի հակադարձելու այն պնդմանը, թե Արցախն անկախացել է Ադրբեջանի տարածքներում։
–Մենք մի կողմից գործ ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած այդ սկզբունքների հետ, մյուս կողմից՝ դրանցից բխող, իբրեւ թե Ադրբեջանին իրավաբանորեն պատկանող տարածքների հետ։ Ցավոք, երբեւիցե հնչեղություն չենք տվել այն բանին, որ որեւէ պետության միջազգային ճանաչումը չի նշանակում, որ նրա բոլոր տարածքներում նրա իշխանությունն օրինական է, եւ երկրորդ՝ դա բոլորովին չի նշանակում, թե ճանաչումը կարող է չեղարկել այդ տարածքների վերաբերյալ կնքված ու գործող միջազգային պայմանագրերը։ Եթե, ասենք, Ինդոնեզիան ճանաչել է մերօրյա Ադրբեջանը՝ Խորհրդային Միության սահմաններով, դա բնավ չի նշանակում, թե Ինդոնեզիան չեղարկել է Կարսի գործող պայմանագիրը։ Կարսի պայմանագիրը գործում է մինչ օրս, եւ Ադրբեջանի իշխանությունն այդ տարածքների վրա բխում է Կարսի պայմանագրից կամ դրա հետեւանքներից։ Օրինակ, Աբխազիայի դեպքում ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան ասացին, որ այդտեղ գործող միակ փաստաթուղթը Կարսի պայմանագիրն է։ Կարսի պայմանագիրը գործում է, եւ երկիրը ճանաչելու որեւէ քաղաքական ակտ, իրավական փաստաթղթերի մեջ ներառելի չէ։ Մեր կողմը կամ չգիտի, կամ ավելորդ վախ ունի միջնորդներից՝ այս բանն ասելու համար։ Ասելու, որ այո, դուք ճանաչել եք, բայց դա բնավ չի նշանակում, թե այդ տարածքներն օրինաբար են պատկանում նրանց, դա չի նշանակում, որ գործող պայմանագրերը ճանաչման ակտով չեղարկվում են։ Առավել եւս, որ Նախիջեւանի դեպքում Թուրքիան ու Ռուսաստանն արդեն բարձրաձայնել են Կարսի պայմանագրի գերակայությունն այն ժամանակ, երբ ղարաբաղյան կարգավորումն արդեն ԵԱՀԿ հովանու տակ են։
–Երեք սկզբունքի համադրումը հաջողվո՞ւմ է միջնորդ պետություններին։
–Ասում են՝ կարգավորման հիմքում դրված է երեք սկզբունք, մյուս կողմից բոլորն ասում են, որ խնդիրը քաղաքականացված է։ Այդպե՞ս է, արդյոք։ Պարզվում է՝ այո, հիմքում դրված են իրավական սկզբունքները, բայց խնդիրը քաղաքականացված է։ Ո՞րն է այդտեղ խորամանկությունը։ Բանն այն է, որ հայտարարելով տարածքային ամբողջականության սկզբունքը որպես խնդրի կարգավորման սկզբունք, այն չի կապվում Ադրբեջանի հետ։ Այդ սկզբունքի տեսանկյունից չի քննարկվում, թե այն սահմանները, որոնք Ադրբեջանն այսօր ունի, լեգիտիմ են, թե ոչ։ Նույնը վերաբերում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին։ Ժողովրդի ինքնորոշման սկզբունքը հայտարարվում է, բայց չի կապվում Ղարաբաղի, ոչ էլ Ադրբեջանի հետ։ Եթե կապվում է Արցախի հետ, ապա պետք է ասվի, որ նրա ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է 1918 թ.։ Ղարաբաղի բնակիչների ներկայացուցիչներն առաջինից իններորդ լիազոր համագումարներին հայտարարել են այդ մասին։ Միայն 7—րդն է կնքել ժամանակավոր պայմանագիր Ադրբեջանի հետ։ Նրանք հայտարարել են, որ ԼՂՀ—ն անկախ Հայաստանի մաս է։ Ինքնորոշվել են ամենալեգիտիմ ձեւով։ Ընդ որում, ինքնորոշվել են այն պահին, երբ Ադրբեջան պետություն չի եղել։ Դա ֆանտաստիկ փաստ է, որը չենք օգտագործում։ Երկրորդ անգամ ինքնորոշվել է 1920 թ., երբ Թուրքիայի կողմից հիմնված Ադրբեջանի դեմոկրատական կամ այսպես ասած՝ Մուսաֆաթական Ադրբեջանի կառավարությունը տապալվել է 11—րդ Կարմիր բանակի կողմից եւ հռչակել Ադրբեջանական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը։ Դրա նախօրեին էլ Արցախի լիազոր ներկայացուցիչների 9—րդ համագումարը հայտարարել է Արցախը Հայաստանի առաջին հանրապետության մաս, երբ նա որոշակի տարածք չի ունեցել։ Երկու անգամ այս պարագայում, իրենից բացի ոչ մեկին չպատկանող տարածքներում Ղարաբաղն հռչակել է իրեն ՀՀ անքակտելի մաս, առաջին դեպքում Ռուսական կայսրությունն արդեն չի եղել տարածաշրջանում, երկրորդում՝ Մուսաֆաթական Ադրբեջան չի եղել։
Երրորդ անգամ այդ ինքնորոշման ակտը տեղի է ունեցել 1991 թ.։ Խորհրդային Միությունը տրոհվել է եւ մերօրյա Ադրբեջանը հրաժարվել է լինել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը՝ վերականգնելով 1918—20 թթ. Դեմոկրատական Ադրբեջանի պետականությունը, որը պատմության թատերաբեմը լքել է առանց լեգիտիմ սահմանների, ո՛չ Ղարաբաղ է այնտեղ եղել, ո՛չ էլ Նախիջեւան։ Իսկ երբ նա խորհրդային կարգերի հաստատումը հռչակել է Խորհրդային Միության կողմից ագրեսիա՝ հրաժարվել է նաեւ Խորհրդային Ադրբեջանից։ Այստեղ ծագում է մի իրավիճակ, երբ մահացած է այն պետությունը, որին Խորհրդային Միությունը հանձնել էր Նախիջեւանը եւ Ղարաբաղը, բայց որոնք մինչ այդ ճանաչված են եղել որպես Հայաստանի մաս։ Մի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության մաս, մյուս դեպքում արդեն՝ Խորհրդային Հայաստանի մաս, 1921 թ. քաղբյուրոյի որոշումով։
Եթե 1918–1920 եւ 1991 թվականների ինքնորոշման ակտերի հետ չի կապվում խնդիրը, հենց դա էլ խնդրի քաղաքականացումն է։ Խնդիրը քաղաքականացվում է նաեւ Ադրբեջանի դեպքում, այս անգամ՝ հոգուտ Ադրբեջանի։ Չեն հարցնում, թե այս ադրբեջանական ժողվուրդը ե՞րբ է կողմնորոշվել։ 1918 թ. թուրքական կանոնավոր բանակը մտել է եւ հեռացրել Բաքվի օրինական իշխանություններին՝ տեղը կարգելով Մուսաֆաթին՝ առանց ինքնորոշման։ Ինքնորշման ակտով չի կայացել 1918 թ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը։ Ինքնորոշման ակտով չի կայացել 1920 թ. խորհրդային բանակի կողմից Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության ճանաչումը։ Ինքնորոշման ակտ չի եղել, ուղղակի բանակը մտել է ու հռչակել նոր պետություն։ Ինքնորոշման ակտ չի եղել երրորդ դեպքում։ Երբ Ղարաբաղի ժողովուրդը հավաքվել է սեպտեմբերի 2—ին բոլոր մակարդակների ժողպատգամավորներով, որպես ամբողջ ժողովրդի ներկայացուցիչ, եւ որոշել է անկախություն հռչակել, Ադրբեջանն այդպիսի բան չի արել։ Ադրբեջանի անկախության հանրաքվեն եղել է այն բանից հետո, երբ արդեն Արեւմուտքն ասել է, որ ճանաչելու է իրեն այդ սահմաններում։ Հետին թվով նրանց հանրաքվեն Ղարաբաղի անցկացրածի վրա ուժ բնավ չունի, հատկապես որ իրենց տարածքն էլ չէ։ Բայց չէր էլ կարող ունենալ, որովհետեւ Ադրբեջանն անկախության հանրաքվե էր հայտարարում՝ գիտենալով, որ ճանաչելու են նախկին սահմաններով։
Աշխարհում բոլոր լեգիտիմ սահմանները ձեւավորվում են ինքնորոշման ակտով։ Իսկ Ադրբեջանը ոչ մի անգամ չի ինքնորոշվել։ Նրանք ինքնորոշմամբ պետություն չեն ստեղծել երբեք։ Սխալ է մեր այն հայտարարությունը, թե մենք օրինաբար անջատվել ենք Ադրբեջանից։ Մենք այնտեղ չենք եղել, որ անջատվենք։ Ավելի ընդունելի է այն պնդումը, որ դուրս ենք եկել Խորհրդային Միության կազմից։ Մենք չէինք կարող դուրս գալ մի բանից, որտեղ չէինք։
–Ադրբեջանը բանակցությունների ընթացքում հաճախ է հնչեցնում Խոջալուի դեպքերի մասին, եւ ոչ միայն՝ բանակցություններում։ Ո՞րն է մեր պատասխանը։
–Ցեղասպանության փաստարկը բանակցությունների ընթացքում չենք տանում, նույնիսկ հռետորական ոճով։ Իրենք դա անում են մշտապես եւ երբ ասում են Խոջալուի մասին՝ միանգամից պետք է ասվի, որ դա իրենց կատարած գործն է։ Մենք ունենք հավաստի տվյալներ, որ դա Ադրբեջանի կատարած գործն է։ Մութալիբովն այդ վկայությունների փաթեթում միակը չէ, հարյուրավոր վկայություններ կան, որ իրենք են արել։ Ես կառաջարկեի, որ Արցախի երիտասարդները գնային եւ ծաղիկներ խոնարհեին զոհված թուրք–մեսխեթցիների հիշատակին՝ Աղդամի մերձակայքում։ Այն մեսխեթցիների, որոնք զոհ են գնացել Ադրբեջանի ժողովրդական ճակատի դավադրությանը, եւ պետք է աշխարհով մեկ սա հնչեցնել։ Ու հնչի, որ արցախցիները ծաղիկներ են խոնարհում Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից սպանդի ենթարկված մեսխեթցի թուրքերի հիշատակին։ Ասվում է Խոջալու, բայց այն եղել է Աղդամի շրջակայքում։ Այնտեղ մեսխեթցիներ են կոտորվել։ Խոջալուն պետք է վերցվի նրանցից եւ այն փոխարինվի Աղդամով։ Իսկ Մարաղայի դեպքը պետք է մշտապես բարձրացվի։
Շարունակելի
Հարցազրույցը վարեց Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

26-02-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO